Փետրվար 23, 2024
exclusive
61803 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Կարեն Մարգարյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտում նոր անունների պակաս Հայաստանը չի ունենում: Ամեն տարի մեր պատանեկան ու երիտասարդական թիմերը հաջող մասնակցություն են ունենում տարբեր առաջնություններում:

Բացառություն չէ նաեւ Կարեն Մարգարյանը, որին այս անգամ սիրով ներկայացնում ենք մեր «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում:

Մարզաձեւը՝ ծանրամարտ

Հանդես է գալիս՝  77 կգ քաշային կարգում

Տարիքը՝ 15

Բնակավայրը՝  Գեղակերտ

Սովորում է՝  Գեղակերտի դպրոցի 10-րդ դասարանում

Սիրած առարկա՝ ֆիզիկա եւ ֆիզկուլտուրա

Նվաճումները՝ Հայաստանի կրկնակի չեմպիոն, 2015 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, 2016-ի ԵԱ-ի ոսկե մեդալակիր

Ազատ ժամանակ՝ սիրում է ֆուտբոլ խաղալ

Մարզական կերպարը՝ Յուրի Վարդանյան եւ Յուրի Սարգսյան

Նպատակը՝ մասնակցել 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեպի ծանրամարտ. Դեռ շատ փոքր էի, երբ սկսեցի հետաքրքրվել ծանրամարտով: Անընդհատ գնում էի մարզումներ նայելու, մարզիչներին խնդրում էի, որ ես էլ պարապեմ, բայց ասում էին դեռ փոքր եմ:

Շատ լավ եմ հիշում առաջին օրը, երբ մտա դահլիճ: Մարզիչս ասաց, որ ձգումներ անեմ կախված դիրքում: Ես չաղլիկ երեխա էի ու միայն մեկ անգամ կարողացա անել (հիմա ձգումներիս թիվը հասցրել եմ 20-ի): Հաջորդ օրը կրկին գնացի, այդպես սկսեցի պարապել:

Առաջին հաջողությունը. Առաջին մրցումս եղավ 2013 թվականի օգոստոսին: Սեւան մարզական միությունը մրցաշար էր կազմակերպել, ես էլ մասնակցեցի ու գրավեցի 3-րդ տեղը: Այդ ժամանակ զուտ մրցումային պրոցեսին դեռ լիովին պատրաստ չէի, բայց էլի ուրախ էի, որ բրոնզե մեդալ նվաճեցի: Հետո, երբ սկսեցի շատ մրցաշարերում հանդես գալ, հարթակ բարձրանալու վախը հաղթահարեցի, անհանգստությունն անհետացավ: 

Ապա աստճանաբար սկսեցի առաջ շարժվել, մասնակցեցի ու հաղթեցի Հայաստանի առաջնություններում, հետո Եվրոպայի պատանեկան առաջնությունում դարձա արծաթե մեդալակիր, իսկ անցած տարի կարողացա դառնալ ԵԱ-ի չեմպիոն:
Չգիտեմ ինչու, բայց ես միշտ սիրել եմ ծանրամարտը ու զգացել եմ, որ այն իմն է: Երբ սկսեցի նաեւ մեդալներ նվաճել, համոզվեցի, որ պետք է ավելի շատ պարապեմ ու ձգտեմ ավելիին:

Դպրոցն ու սպորտը. Հիմա ես դեռ հանրակրթական դպրոցում եմ սովորում: Մարզումներս դասերի հետ համատեղելն այդքան էլ դժվար չէ, բայց ուսուցիչները հաճախ աչք են փակում իմ բացակայությունների վրա: Դպրոցում չեմ առանձնանում, բոլորի պես ես էլ սովորական աշակերտ եմ: Եթե ես Եվրոպայի առաջնության հաղթող եմ, չի նշանակում, որ պետք է ուշադրության կենտրոնում լինեմ: Չեմպիոն լինելը ոչինչ չի նշանակում, կյանքում պետք է մարդ լինել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաջողության հասնելու գրավականը. Միայն ֆիզիկապես պատրաստ լինելով չես կարող հաղթանակներ գրանցել: Հոգեպես պետք է կոտրես ծանրաձողը, որպեսզի այն ենթարկվի քեզ: Հաջողություններ գրանցում ես անընդհատ մարզվելով, սխալներդ ուղղելով ու մարզչիդ լսելով: Մարզիչս շատ մեծ դերակատարում ունի իմ կյանքում, նա ինձ համար երկրորդ հայր է: Ընդհանրապես, մարզիչը պետք է հասկանա իր սանին, լավ ճանաչի նրան, որպեսզի միասին կարողանան ճիշտ ուղղությամբ շարժվել:

Սխալները գիտակցելը. Լինում են օրեր, երբ դժգոհ եմ մնում ինձնից, չեմ կարողանում լիարժեք մարզվել: Տուն եմ գնում ու փորձում հասկանալ, թե ինչը չստացվեց, ինչու չկարողացա ինձ լավ դրսեւորել: Պետք է բոլոր հարցերի պատասխաններն ունենալ, որ հաջորդ անգամ նույն սխալները չանես: Իսկ ընդհանրապես մարզադահլիճից ինձ հետ տանում եմ բարձրացրած կիլոգրամներս, մեծ ջերմություն ու կրկին այնտեղ վերադառնալու ցանկություն:

Ռեկորդները. Անցած տարի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ նվաճեցի: Հավաքի ժամանակ պոկում վարժությունում մի անգամ 130 կգ բարձացրել էի: Առաջնության ժամանակ եւս կարողացա այդ նույն արդյունքը գրանցել ու սահմանեցի Եվրոպայի ռեկորդ: Այդ նույն օրը ռեկորդ սահմանեցի նաեւ հրում վարժությունում՝ 150 կգ: Սա մեծ պատիվ է, ամեն մարդ չի կարող նման քաշ բարձրացնել ու ռեկորդակիր դառնալ:

Միշտ առաջ շարժվելու ցանկությունը. Չեմ կարող բացատրել, թե ինչ է զգում մարզիկը, երբ հաղթող է դառնում: Գոնե մեկ անգամ պետք է լավագույնը լինես, որպեսզի իմանաս, թե ինչ է դա: Թեկուզ փոքր հաջողությունն ինձ ավելիին ձգտելու ցանկություն է տալիս: Երբեք չեմ բավարարվում ունեցածով, միշտ փորձում եմ առաջ շարժվել ու հասնել նպատակներիս:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեպի նոր նվաճումներ. Մի քանի օր առաջ մասնակցեցի Հայաստանի պատանիների առաջնությանն ու դարձա չեմպիոն: Ցավոք, ուսի վնասվածքից դեռ լավ չէի ապաքինվել ու հրում վարժությունում իմ հնարավորություններից ցածր հանդես եկա: Հիմա ընդգրկվել եմ թիմի կազմում ու հավաքների եմ մասնակցում: Եթե ինձ լավ դրսեւորեմ, ապա կմեկնեմ Աշխարհի առաջնություն: Մյուս տարի էլ պատանիների Օլիմպիադան է լինելու, ձգտելու եմ մասնակցել դրան ու, նախընտրելի է, ոսկի մեդալով վերադառնալ:

Կարեն Մարգարյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի ու Սուրեն Ստեփանյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին