Նոյեմբեր 20, 2024
1490 դիտում

Ֆիգուն՝ «Բարսելոնա»-ից հեռանալու, Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլը զարգացնելու մասին


Լուսանկարը` UEFA


2018 թվականին Լեգենդների ֆուտբոլային խաղին մասնակցելուց հետո Լուիշ Ֆիգուն նորից Հայաստանում է:

Պորտուգալիայի հավաքականի ու Ոսկե գնդակի հաղթող կիսապաշտպանի այս անգամվա այցը աշխատանքային է, նա դարձել է Դիջիթեյն ընկերության բրենդ ամբասադորը:


Ֆիգուն մի քանի կարեւոր ֆուտբոլային հարցերի է անդրադարձել, որոնցից առանձացրել ենք հետեւյալը.

«Կարիերայիս որոշակի հատուկ պահերն առանձնացնելը դժվար է ինձ համար: Փոքր տղա էի ու շատ էի սիրում ֆուտբոլ խաղալ, երազում էի լավ ֆուտբոլիստ դառնալու մասին, բայց անգամ պատկերացնել չէի կարող, որ նման մակարդակի կկարողանամ հասնել:

Ֆուտբոլում ու կյանքում ամեն ինչ մարդկանցից է կախված, թիմային հաջողության հասնելն էլ առավել կարեւոր է: Առաջին տեղում միշտ նվիրումն է, ավելիին ձգտելու ցանկությունն ու բարձունքում հայտնվելը: Թիմում չափազանց կարեւոր է նաեւ պատասխանատվություն ունենալը:

Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել հանդես գալ լավագույն ակումբներում եւ ուժեղ թիմակիցներ ունենալ: Լավագույնների կողքին եմ ելույթ ունեցել՝ Ռոնալդոյի, Պեպ Գվարդիոլայի, որոնք այն պահին անգերազանցելի էին, շատերի անունները կարող եմ նշել: Բայց թիմում բոլորն են կարեւոր՝ պաշտպանից մինչեւ հարձակվող:

Ինձ բախտ չի վիճակվել հանդես գալ Անգլիայում, բայց եթե ստացվեր, շատ կուզեի խաղալ «Լիվերպուլ»-ում, որն այնքան լավ հանդիպումներ էր անցկացնում, երբ փոքր տղա էի ու տպավորել է ինձ:


Ֆուտբոլի մասին կողքից խոսելը շատ ավելի հեշտ է, քան խաղալը: Իհարկե, հիմա այն որոշակի փոփոխությունների է ենթարկվել, որովհետեւ կյանքն ու տեխնոլոգիաներն են արդեն ուրիշ: Տարբերություն կա հիմնականում մարզումների առումով, հիմա ֆուտբոլիստների համար ինֆորմացիան ավելի հասանելի է, մարզագույքն էլ լրիվ ուրիշ: Ես այլ մարզակոշիկներով եմ հանդես եկել, քան ներկայիս խաղացողները: Բայց էմոցիաների ու հույզերի առումով ֆուտբոլում ոչինչ էլ չի փոխվել:

Օրեր առաջ Netflix-ը ցուցադրեց իմ մասին նկարահանած «Ֆիգուի գործը. Տրանսֆեր, որը փոխեց ֆուտբոլը» ֆիլմը: Նախկինում երբեք այդ մասին չէի խոսել ու անդրադարձել կատալոնական ակումբից «Ռեալ» տեղափոխության մասին: Բայց ուզում էի, որ մարդիկ ու դուստրերս իմանան, թե իրականում ամեն ինչ ինչպես է տեղի ունեցել: 22 տարի անց բոլորը ծանոթացան իրական պատմությունը:

Եթե մնայի «Բարսելոնա»-ում, գուցե, որոշակի նվաճումների հասնեի, բայց ամեն դեպքում հեռանալը ճիշտ էր ու մի քայլ առաջ իմ կարիերայում: Տեղափոխվում էի առանց իմանալու, թե նոր տեղում ինչպես կհարմարվեմ, մարտահրավեր էր ինձ համար, որը շատ էր պետք առաջ շարժվելու տեսանկյունից: Նման բաներն են մեզ զգոն ու սթափ պահում կյանքում, հիմա գիտեմ, որ արժեր այդ ամենի միջով անցնել, որովհետեւ Մադրիդում նոր հաջողությունների հասա:

Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին, այն Իտալիայի լավագույն ակումբներից մեկն է: Միշտ կարեւոր է, որ հայ ֆուտբոլիստները ձգտեն ավելիին ու հայտնվեն ուժեղ առաջնություններում: Դա, միանշանակ, կօգնի նաեւ Հայաստանի հավաքականին: Բացի այդ էլ նրանք միշտ օրինակ են երեխաների համար ու օգնում են ավելի շատ սիրել ֆուտբոլը: Ինքս էլ փոքր տարիքում շատ կուռքեր եմ ունեցել, որոնց փորձել եմ նմանվել:

Ցավոք, հայկական ֆուտբոլի մասին շատ տեղեկություն չունեմ, խաղերին չեմ հետեւում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Բայց իմ փորձից ելնելով կասեմ, թե ինչ է պետք անել, որ հնարավոր լինի հաջողության հասնել: Ցանկացած ձեռքբերում կատարած աշխատանքից ու տաղանդից է կախված: Պետք է լավ առաջնություն ունենալ ու այնպես անել, որ խաղացողները ձեռք բերածով չբավարարվեն»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին