Փետրվար 16, 2026
1164 դիտում

Լուիշ Ֆիգուն Երեւանում նշել է ֆուտբոլի Աշխարհի առաջնության ֆավորիտներին


Լուսանկարը` sempreinter.com


Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն աշխատանքային այցով գտնվում է Երեւանում՝ նա դարձել է Դիջիթեյն ընկերության դեսպանը:

Ֆուտբոլիստը պատասխանել է լրագրողների հարցերին ու անդրադարձել նաեւ նոյեմբերին Քաթարում մեկնարկող Աշխարհի առաջնությանը՝ խոսելով հավանական ֆավորիտների մասին:

«Առաջնությունում հաղթելու բավական լավ շանսեր ունեն Բրազիլիան, Արգենտինան, Իսպանիան ու Գերմանիան: Պորտուգալիայի ու Անգլիայի չեմպիոն դառնալու հավանականությունը մի քիչ ավելի ցածր եմ գնահատում: Ամեն դեպքում վերջին երկուսի համար շատ ավելի դժվար կլինի տիտղոսի հավակնել»,- նշել է նա:

Պորտուգալացին անդրադարձել է նաեւ Լեո Մեսսիին ու Քրիշտիանու Ռոնալդուին, որոնք երկար տարիներ «Բարսելոնա»-ում եւ «Ռեալ»-ում խաղալուց եւ անհավանական նվաճումների հասնելուց հետո տեղափոխվել են ՊՍԺ եւ «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Չեմ կարծում, որ նրանց ժամանակ է պետք իրենց ակումբներում հարմարվելու համար: Բայց նրանց խաղամակարդակի փոփոխությունը կարող է կապված լինել որոշակի տարիքի հետ: Չես կարող 35 տարեկանում խաղալ նույն կերպ, ինչպես ստացվում էր օրինակ 28-ում: Եվ այդ ամենը նորմալ է սպորտի համար, այդպիսին է կյանքը, մարդու մարմինը փոփոխության է ենթարկվում ժամանակի ընթացքում»,-շեշտել է Ֆիգուն:

Այդ երկու ֆուտբոլիստները, նրա կարծիքով, վերջին 10-12 տարիների ընթացքում լավագույնն են եղել Աշխարհում, հանդես են եկել ուժեղագույն թիմերում ու մեծ նվաճումների հասել՝ ստիպելով բոլորին վայելել իրենց խաղը:

Մեր ընտրանին