Հուլիս 17, 2025
9205 դիտում

Ռուբեն Հայրապետյան. Ալբանիայի դեմ խաղում դավաճանություն է եղել


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հանդիպել է մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

ՀՖՖ նախագահն ամփոփել է հավաքականի ելույթներն ու խոսել թիմում առկա խնդիրների մասին:


Նա նշել է, որ ազգային ընտրանին խայտառակ վատ է ելույթ ունեցել: Ալբանիայի դեմ ընտրական վերջին խաղից հետո, Հայրապետյանի վկայությամբ, անգամ պատրաստ է եղել հրաժարական տալ:


«Ինձնից շատ ոչ ոք չի ցավել այդ անհաջողությունների համար: Միշտ իմ աշխատանքը մեծ նվիրվածությամբ ու ազնվությամբ եմ կատարել, ես չէի կարող այդքան մեծ դժվարությամբ ստեղծածը թողնել»,- ասել է Հայրապետյանը:


Նրա համար հատկապես ցավալի է, որ այդ խաղում Հայաստանը պարտություն է կրել, ու հայերի կողմից խաղը վաճառելու հետ կապված խոսակցություններ են եղել.


«Պետք է կարգի բերել հավաքականն ու վերացնել դավաճանությունը: Ալբանիայի դեմ խաղը մեծ ձախողում ու դժբախտություն էր մեզ համար: Մինչեւ մեղավորներին չհանենք ջրի երես, ոչնչի չենք հասնի»:


ՀՖՖ նախագահի խոսքով, հավաքականում 2-3 նվիրյալ ֆուտբոլիստներ կան, որոնք միշտ պատրաստ են խաղալ մեծ էնտուզիազմով, բայց ֆուտբոլում կարեւոր են բոլոր 11-ն էլ: Նա նշել է, որ մյուսները պարզապես քայլում են խաղադաշտում, չեն ցանկանում խաղալ: «Նախորդ ընտրական մրցաշարում ինչեր էին անում մեր ֆուտբոլիստները: Իսկ այս անգամ Պորտուգալիայի դեմ խաղում Կարլեն Մկրտչյանը պարզապես ոտքից բռնեց ու ընկավ, նա ոչ մի վնասվածք էլ չուներ, պարզապես փախավ: Ֆրանսիայի դեմ խաղում Ռոբերտ Արզումանյանն ու Յուրա Մովսիսյանը չէին ցանկանում խաղալ: Ես Սարգիս Հովսեփյանին խորհուրդ տվեցի նաեւ Ալբանիայի դեմ չօգտագործել նրանց, գուցե, այդպես ավելի լավ կլիներ»,-ընդգծել է նա:


Հայրապետյանն ասել է նաեւ, որ ֆուտբոլիստները մեծամտացել են: Նրանք միլիոնանոց պայմանագրեր են կնքել իրենց ակումբների հետ, թանկարժեք մեքենաներ գնել, բայց տեղ են գտել պահեստայինների նստարանին ու դրանով բավարարվում են՝ համարելով, որ հասել են իրենց գագաթնակետին, իսկ ավելին անելու ձգտում չունեն: Ըստ նրա՝ ազգային թիմում անփոխարինելի ֆուտբոլիստ չպետք է լինի, երբ այս հարցը լուծվի, ամեն ինչ իր տեղը կընկնի:


Հայրապետյանը փաստում է, որ ազգային հավաքականում խնդիրները բազմաթիվ են ու միայն դրանք լուծելուց հետո հնարավոր կլինի հաջողությունների մասին խոսել: Նա նշում է, որ ֆեդերացիան էլ է բացթողումներ ու թերացումներ ունեցել, սակայն դրաք հայհոյանքների ու վիրավորանքների պատճառ չպետք է դառնան.


«Երբ  հավաքականը լավ էր խաղում, ողջ ազգի սեփականությունն էր դարձել, ու ես դրա համար անչափ ուրախ էի: Սակայն, երբ սկսվեցին անհաջողությունները, միայն ինձ ու ֆեդերացիային են մեղադրում: Ես համամիտ եմ բոլոր երկրպագուների հետ, իսկապես, շատ վատ ենք խաղացել: Միասին պետք է ելքեր գտնենք այս իրավիճակից դուրս գալու համար»:


Նա նշել է, որ մոտ ժամանակներս կհայտարարվի նոր գլխավոր մարզչի անունը, որն, ամենայն հավանականությամբ, տեղացի մասնագետ կլինի: Հայրապետյանը դասեր է քաղել արտասահմանցի մասնագետների հետ աշխատանքից ու գտնում է, որ նրանք խարխլում են թիմի կարգապահությունը, որը հետագայում վերականգնելու համար երկար ժամանակ է պահանջվում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին