Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոստովանել է, որ Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ, ազգությամբ թուրք Մուրատ Յակինն իրեն Ցեղասպանության 100-ամյակի օրը հեռացրել է գլխավոր թիմից:
«Դա շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Ես չեմ ցանկանում հանդես գալ մի մարզչի գլխավորությամբ, որն ինձ այդպես է վերաբերվում ու չի ցանկանում, որ ես մարզվեմ ու խաղամ: Մի տարի տքնաջանորեն մարզվել եմ ու վերականգնվել, օրերն եմ հաշվել, թե երբ եմ խաղադաշտ վերադառնալու, սակայն դա ինձ թույլ չեն տալիս անել»,- eurosport.ru-ին ասել է Օզբիլիսը:
Նա նշել է, որ չի հավակնում միանգամից հանդես գալ «Սպարտակի» հիմնական կազմում, սակայն շատ է ցանկանում մարզվել թիմի հետ:
Կիսապաշտպանը չի խոսել Յակինի մասին որպես մարզիչ, քանի որ նրա գլխավորությամբ հանդես չի եկել, սակայն կարծում է, որ աշխատանքին այդպիսի վերաբերմունքով ու ստեղծած մթնոլորտով հնարավոր չէ արդյունքի հասնել:
«Շատ ֆուտբոլիստներ չեն հասկանում, թե թիմում ինչ է կատարվում: Նրանք չեն հավատում կատարվածին: Երբ ինձ 2-րդ թիմ ուղարկեցին, նրանք չէին կարողանում հասկանալ դա: Ցանկանում են պատճառն իմանալ, սակայն ես պատասխան չունեմ: Գուցե դա տեղի է ունենում, որովհետեւ ես հայ եմ, իսկ մարզիչը՝ թուրք: Ի՞նչ կարող է ասել այս մասին Յուրա Մովսիսյանը, որը վերջին մրցաշրջաններում 15-ից քիչ գնդակ չի խփել, իսկ հիմա անընդհատ մնում է պահեստայինների նստարանին: Ինչպե՞ս կարող է լավագույն ռմբարկուն վերածվել պահեստայինի»,- ընդգծել է Օզբիլիսը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: