Ամառային արձակուրդներն ավարտվում են եւ օգոստոսի 1-ից ակումբները սկսում են իրենց ընթացքն Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում։ Առաջնության մասնակից թիմերն ունեն տարբեր նպատակներ եւ միջոցներ, որոնց համապատասխան էլ անցկացրել են նախապատրաստական աշխատանքը։
«Նոա»-ն սեփական հեգեմոնության ճանապարհին

Լուսանկարը` FC Noah
«Նոա»-ի նախորդ մրցաշրջանում գրանցած հաջողությունը հստակորեն ցույց տվեց, որ ակումբը որդեգրել է արդյունավետ քաղաքականություն՝ խոշոր ներդրումներ եւ տարբերություն ապահովող ֆուտբոլիստներ այստեղ եւ հիմա։ Գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հեռացումը, թերեւս, այդքան էլ չէր մտնում ակումբի ծրագրերի մեջ, բայց հիմա ամեն բան ընթանում է իր հունով։ Ամառային տարնսֆերային պատուհանի ընթացքում թիմի շարքերը համալրեցին մի շարք ուժեղ ֆուտբոլիստներ՝ Տակուտո Օշիմա, Էրիկ Բոակյե, Հովհաննես Հարությունյան եւ այլք։ Ակումբը կարողացավ երկարաձգել պայմանագրերը թիմի առաջատարների հետ։ Թիմն անցկացրեց լիարժեք ամառային հավաք Ավստրիայում նորանշանակ մարզիչ Սանդրո Պերկովիչի ղեկավարությամբ, ով հասցրել է ծանոթանալ իր ֆուտբոլիստների ուժեղ եւ թույլ կողմերին։ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում անցկացրած հանդիպումները դեռ լիարժեք չեն արտահայտում թիմի ամբողջ ներուժը։ Կարծես ֆուտբոլիստները չեն հասկանում մարզչին եւ հաճախ չեն իմանում ինչ անել խաղադաշտում։ Այս խնդիրը սակայն կլուծվի ժամանակի ընթացքում եւ դժվար է պատկերացնել, թե ինչը կարող է խանգարել «Նոա»-ին նախորդ տարվա հաջողությունը կրկնելու ճանապարհին։ Թիմն իր միջոցներով գերազանցում է բոլոր մրցակիցներին, բայց պետք է հիշել, որ ֆուտբոլ խաղում են ոչ թե մեծ գումարները այլ ֆուտբոլիստները։
«Նոա»-ի չեմպիոնության գլխավոր վիճարկողը

Լուսանկարը` FC Pyunik
Նախորդ առաջնության ուժեղագույն քառյակից ամենաակտիվ տրանսֆերային քաղաքականությունն իրականացնում է «Փյունիկ»-ը։ Եղիշե Մելիքյանը բազմիցս նշել էր, որ թիմի կազմն ունի թարմացման կարիք։ Այս ամռանը «Փյունիկ»-ից հեռացան 13 ֆուտբոլիստ, որոնց շատ արագ փոխարինողներ գտնվեցին։ Թիմն իրոք կարողացել է հզորացնել սեփական կազմը՝ ֆուտբոլիստներ ներգրավելով հայկական այլ ակումբներից (Դանիել Աղբալյան, Մարիուս Նուբիսի, Հենրի Ավագյան եւ այլք)։ Բացի այդ ակումբի ղեկավարությունը կարողացել է ներգրավել նաեւ արտասահմանյան ակումբներից ժամանած որակյալ խաղացողների, որոնց շարքում առանձնանում է իսպանացի հարձակվող Խավի Մորենոն։ Այս ակտիվությունը հուշում է, որ ակումբը լրջորեն պայքարելու է չեմպիոնության համար եւ նրանց խաղաթուղթը կարող է հանդիսանալ մարզիչ Մելիքյանը։ Վերջինս գիտի ինչպես ներարկել չեմպիոնական բնավորություն սեփական ֆուտբոլիստներին եւ կարող է ունեցած կադրերից ստանալ առավելագույնը։ Հաշվի առնելով, որ հիմա հայազգի մասնագետն ունի հրաշալի կադրային բազա, պետք է ակնկալել, որ հենց «Փյունիկ»-ն է լինելու «Նոա»-ի մենաշնորհի գլխավոր վիճարկողն այս տարի։
Վերակառուցվող «Արարատ-Արմենիա»-ն

Լուսանկարը` FC Ararat-Armenia
Նախորդ մրցաշրջանի գարնանային հատվածի Հայաստանի ամենաուժեղ ակումբն «Արարատ-Արմենիա»-ն էր։ Թվում էր, թե եւս մի քանի կետային ձեռքբերումներ եւ թիմը կկարողանա պայքար մղել չեմպիոնության համար։ Բայց Վարդան Մինասյանի հեռացումից հետո ակումբը հայտարարեց, որ թեւակոխում է զարգացման նոր շրջափուլ եւ պատրաստ է ընդունել «Նոա»-ի մարտահրավերը՝ կատարելով խոշոր ներդրումներ։ Թիմից հեռացան առաջատար ֆուտբոլիստներ՝ Տենտոն Եննե, Մարիուս Նուբիսի, Հենրի Ավագյան։ Տրանսֆերային պատուհանի սկզբնամասում թիմը շատ ակտիվ էր՝ ձեռք բերելով մի շարք որակյալ լեգիոնականների՝ Խուան Բալանտա, Ժոաո Լիմա,Վելտոն։ Սակայն չթերագնահատելով վերջիններիս որակները՝ դժվար է ասել, որ նրանք որակապես գերազանցում են թիմից հեռացած ֆուտբոլիստներին։ Բացի լեգիոնականներից «Արարատ-Արմենիա»-ն փորձում է նաեւ հիմնվել հայազգի ֆուտբոլիստների վրա ՝ ԲԿՄԱ-ից հետ կանչելով Արայիկ Էլոյանին, Միսակ Հակոբյանին եւ Արման Ներսեսյանին։ Վերջիններս ունեն փորձ Հայաստանի առաջնությունում եւ, անշուշտ, կարող են շատ օգտակար լինել։ Թիմը որդեգրել է ֆիզիկական պատրաստվածության ու արագության վրա հիմնված խաղաոճ, ինչի ջատագովն է նորանշանակ մարզիչ Տուլիպան։ Պորտուգալացի մասնագետն իր հարցազրույցներում նշում է, որ կառուցելու է դինամիկ եւ ժամանակակից ֆուտբոլ։ Դժվար է ասել, թե որքանով կհաջողի այս վերակառուցումը, բայց ակնհայտորեն «Արարատ-Արմենիա»-ն կազմի խորությամբ եւ ֆուտբոլիստների բազմազանությամբ դեռեւս զիջում է գլխավոր մրցակիցներին, ինչը կխանգարի պայքարել չեմպիոնության համար։
«Վան»-ը կերպարանափոխվեց «Ալաշկերտ»-ի

Լուսանկարը` FC Alashkert
Այս ամառվա թերեւս ամենատարօրինակ իրադարձությունը «Վան»-ի անձնակազմի զանգվածային հեռացումն էր դեպի «Ալաշկերտ»։ Մարզչական շտաբը եւ 17 ֆուտբոլիստներ մեկ օրում հեռացան «Վան»-ից՝ համալրելով «Ալաշկերտ»-ի շարքերը։ «Վան»-ը հանդիսանում էր «Վիստա»- «Վան»-«Բոտեւ» ակումբային շղթայի մի մասնիկը եւ Հայաստանում իրենց լավ դրսեւորող ֆուտբոլիստները կարող էին կարիերան շարունակել Բուլղարիայում։ Սակայն Չարենցավանի ակումբի սեփականատեր շարունակում էր մնալ ռուսաստանաբնակ գործարար Սերգեյ Ղուկասովը։ Վերջինս, ըստ «Վան»-ի նախկին մարզիչ Վահե Գեւորգյանի, չի կատարել որոշ պայմանավորվածություններ եւ սկսել է ավելի շատ միջամտել ակումբի ֆուտբոլային գործերին։ Այս անհամաձայնությունից հետո որոշում է կայացվել, որ թիմի կորիզը պետք է հեռանա։ Կարճ ժամանակահատվածում համաձայնություն է ձեռք բերվել «Ալաշկերտ»-ի հետ եւ Անտոն Զինգարեւիչը դարձել է ակումբի համասեփականատեր։ Ինչպես նախկինում, այստեղ էլ Տիգրան Մկրտչյանը նշանակվել է թիմի փոխնախագահ եւ հենց ինքն է իրականացնելու ակումբի կառավարումը։ Սա, անշուշտ, դրական տեղաշարժ էր «Ալաշկերտ»-ի համար, որը հազիվ էր կյանքի նշույլներ ցույց տալիս նախորդ մրցաշրջանում։ Թիմից միանգամից հեռացվեցին բոլոր ֆուտբոլիստները, բացի Յուրի Մարտիրոսյանից։ Նախորդ մրցաշրջանում «Վան»-ը եւ Վահե Գեւորգյանը ցույց տվեցին բոլորիս, որ նրանք ագրեսիվ պայքար են մղում թե՛ խաղադաշտի ներսում, թե՛ դրանից դուրս։ Այս տարի թիմն ունի էլ ավելի մեծ հավակնություններ՝ արդեն չկա բուլղարական «Բոտեւ»-ը եւ ակումբի համասեփականատեր Զինգարեւիչը կարող է ավելի մեծ ներդրումներ անել այստեղ։ Նորաթուխ «Ալաշկերտ»-ը կարողացել պահպանել առաջատարներին, ինչպես նաեւ կանոնավոր կերպով համալրում է կազմը շնորհիվ «Վիստա»-ի։ Հաշվի առնելով այս ամենը թվում է, որ հենց «Ալաշկերտ»-ը կարող է խառնվել առաջատարների պայքարին՝ խառնելով բոլորի խաղաթղթերը։

Լուսանկարը` FC Van
Սրան զուգահեռ այս մետամորֆոզի արդյունքում շատ անհասկանալի իրավիճակ է տիրում «Վան»-ում։ Դեռեւս պարզ չէ, թե ովքեր են փոխարինելու հեռացած ֆուտբոլիստներին։ Թիմի կազմը պաշտոնապես համալրել է միայն բազմափորձ Հրայր Մկոյանը, իսկ գլխավոր մարզիչ է նշանակվել Էդգար Թորոսյանը։ Այս ամենից մնում է անել միայն մեկ հետեւություն․ ակումբները հավանաբար կփոխանակվեն նաեւ իրենց զբաղեցրած հորիզոնականներով ու արդյունքներով:
Սեփական կադրերի վրա հիմնվող «Ուրարտու»-ն, «Շիրակ»-ը եւ կայուն «Արարատ»-ը

Լուսանկարը` FC Urartu
Թեեւ «Ուրարտու»-ն ու «Շիրակ»-ը գտնվում են ուժային տարբեր կատեգորիաներում, բայց ունեն մեկ նմանություն․ այս մրցաշրջանում ունեն նորանշանակ երիտասարդ հայ մարզիչներ եւ որոշել են հիմնվել հիմնականում սեփական ակադեմիաների վրա։ «Ուրարտու»-ն նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը եւ այս նվաճման մեջ մեծ էր գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի դերը, ով մաքսիմումն էր քամում եղած կազմից։ Վերջինիս հեռանալուց հետո ակումբի ղեկավարությունը որոշեց կրկին վստահել Ռոբերտ Արզումանյանին։ Հայ մասնագետը շատ լավ է աշխատում երիտասարդ ֆուտբոլիստների հետ՝ բարձրացնելով նրանց զարգացման նոր մակարդակի։ Բայց արդյունքների տեսանկյունից նրա աշխատանքն այդքան էլ տպավորիչ չէ։ Վերջինիս անհրաժեշտ է ավելի երկար ժամանակահատված մարտունակ թիմ ստեղծելու համար («Նեման»-ի հետ մրցավեճերը վառ օրինակ) եւ դժվար կլինի միանգամից պայքարել չեմպիոնության համար։

Լուսանկարը` FC Shirak
Արդեն մի քանի տարի մրցաշարային աղյուսակի միջնամասում հանգրվանած «Շիրակ»-ը գալիք մրցաշրջանում դժվար ունենա այլ նպատակներ։ Թիմից հեռացել են գրեթե բոլոր լեգիոնականները, իսկ համալրումներից կարելի է նշել միայն Ջեսի Ակիլային եւ Մհեր Թառլոյանին։ Դժվար է ասել, թե ինչի հաշվին է Գյումրին ներկայացնող թիմը փորձելու հաջողության հասնել։ Հուսադրող է միայն այն, որ ակումբի ղեկին է նշանակվել Արսեն Հովհաննիսյանը, ով նախկինում գլխավորել էր «Շիրակ»-ը։
Սովորաբար «Շիրակ»-ի հարեւանությամբ է հանգրվանում «Արարատ»-ը, որը շարունակում է արտասահմանյան ակումբներ ֆուտբոլիստներ մատակարարելու քաղաքականությունը։ Այս ամռանը ակումբից հեռացավ գործող առաջատարներից Կեսա Բահը։ Թիմն արդեն համալրել է կազմը մի շարք լեգիոնականներով։ Բացի այդ «Արարատ»-ում են հանգրվանել բազմափորձ Արթուր Գրիգորյան, Արման Հովհաննիսյան։ Շնորհիվ այս ամենի «Արարատ»-ը ձեւավորել է մարտունակ կազմ, որն ի զորու է պայքարել բարձր հորիզոնականների համար։
Իսկական խառնաշփոթ բանակայինների եւ կապանցիների ճամբարներում

Լուսանկարը` FC BKMA
Այս ամռանը ԲԿՄԱ-ից հեռացան գրեթե բոլոր առաջատար ֆուտբոլիստները՝ Դանիել Աղբալյան, Արման Ներսեսյան, Արամ Խամոյան եւ այլք։ Դեռ պարզ չի, թե ինչպես է Արմեն Գյուլբուդաղյանցը փոխարինելու հեռացած առաջատարներին, բայց կարեւոր է արձանագրել, որ ԲԿՄԱ-ն պարբերաբար այլ հայկական ակումբներ է մատակարարում արդեն կայացած ֆուտբոլիստների։
Անհասկանալի իրավիճակ է նաեւ «Գանձասար»-ում։ Թիմը նախորդ տարի գրանցեց գրեթե բոլոր հակառեկորդները եւ կազմն ակնհայտորեն չէր համապատասխանում առաջնության մակարդակին։ Բայց ի պատիվ ֆուտբոլիստների եւ մարզչի պետք է նշել, որ կապանցիներն առաջնության ավարտին մոտ կարողացան կյանքի նշույլներ ցույց տալ։ Բայց ակումբը դեռեւս պասիվ է տրանսֆերային շուկայում եւ պարզ չէ, թե ինչպես են փորձելու չկրկնել նախորդ տարվա դառը փորձն այս մրցաշրջանում։
Դավիթ Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: