Աշխարհի մինչեւ 18 տարեկանների առաջնության պայքարում չեմպիոնական տիտղոսը մի քանի օր առաջ նվաճել էր Մարիամ Մկրտչյանը:
Հայաստանի մեծահասակների չեմպիոնն անցկացրել է 100-տոկոսանոց արդյունավետություն ունեցող մրցաշար՝ 11 տուրում տոնելով նույնքան հաղթանակ:
Մկրտչյանը Mediamax Sport-ի հետ ամփոփել է առաջնությունն ու նշել հաջողության հասնելու մեծ ցանկության մասին:
Լուսանկարը` FIDE
«Պատանեկան առաջնություններում հանդես գալու փորձ ունեի, բայց ընդամենը մեկ անգամ էի դարձել արծաթե մեդալակիր: Դրանից հետո ինձ մոտ չէր ստացվում, վերջին պահին մրցանակային տեղ գրավելուն միշտ մի բան խանգարում էր:
Այս անգամ կարողացա մինչեւ 18 տարեկանների Աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալ: Մեդալը շատ սպասված էր ինձ համար, ուրախ եմ, որ վերջապես հասա դրան:
Մարզիչ Զավեն Անդրիասյանի հետ երկար ժամանակ պատրաստվել էինք այս մրցաշարին, պարապել ու վերլուծել, ինչն էլ նպաստեց, որ նման հաջող հանդիպումների շարք անցկացնեմ:
Ողջ առաջնության ընթացքում պայքարը լարված էր ընթանում, պարտություն կրելու կամ ոչ-ոքի խաղալու ռիսկը մեծ էր: Չնայած դրան, ես պայքարեցի մինչեւ վերջ:
Դեռ մեկնարկից առաջ բոլորովին չէի մտածում մեդալի կամ բոլոր պարտիաներում հաղթանակներ տանելու մասին: Իմ նպատակը լավ հանդիպում անցկացնելն էր ու մինչեւ վերջին տուրը, երբ արդեն հայտնի էր, որ չեմպիոն եմ, այդ մտադրությամբ եմ խաղացել:
Չեմ սիրում խոսել իմ որակների մասին, բայց կարծում եմ, որ այս ընթացքում աճ եմ գրանցել:
Լուսանկարը` FIDE
Ինձ համար բեկումնային եղավ 9-րդ տուրի պարտիան, երբ սպիտակներով խաղում էի ադրբեջանցի մրցակցի հետ: Հաղթանակը 80 տոկոսով կապահովեր իմ չեմպիոնությունը: Սակայն պետք է նշեմ նաեւ 5, 6 եւ 7-րդ տուրերը, երբ սեւերով էի խաղում ու դիրքն այնպիսին էր, որ հնարավոր էր ոչ-ոքի գրանցել: Բայց հասկացա, որ ցանկանում եմ շարունակել, քայլերս չկրկնեցի, զարգացրի հաջողությունս ու երեքում էլ հաղթանակ տարա:
ԱԱ-ից առաջ մեծահասակների թիմի կազմում մասնակցել էի Համաշխարհային Օլիմպիադային, ապա նաեւ Եվրոպայի անհատական առաջնությանը: Դրանք ինձ բավական փորձ, վստահություն տվեցին, զգացի, որ իմ հասակակիցների դեմ պատրաստ եմ մրցելու, հանգիստ էի, չէի լարվում, ինչը հենց ինձ համար էլ մի քիչ զարմանալի էր:
Լուսանկարը` FIDE
Մեր ելույթի օրերին Հայաստանում կրկին պատերազմ սկսվեց: Ադրբեջանցի մրցակցի դեմ ելույթս եղավ պատերազմի մեկնարկի հաջորդ օրը: Ես փորձում էի չկենտրոնանալ ոչ մի բանի վրա, զգում էի, որ մի տեսակ լարվածություն կա, բայց ամեն ինչ արեցի, որ չմտածեմ դրա մասին: Իհարկե, բոլորս ցնցված էինք, հետեւում էինք լուրերին ու անհանգստանում մեր հայրենիքի համար:
Հաղթանակս նվիրում եմ մեր սահմանները պահող բոլոր զինվորներին: Հույս ունեմ, որ հետագայում ավելի բարձր մրցաշարերում կկարողանամ բարձր պահել Հայաստանի դրոշը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: