Դեկտեմբեր 27, 2024
21115 դիտում

Միխայիլ Ալոյանը պատմել է Բաքվում Աշխարհի չեմպիոն դառնալու մասին


Լուսանկարը` sport-express.ru


Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Միխայիլ Ալոյանը խոստովանել է, որ դժվար է արտակարգ դրության պայմաններում պահել մարզավիճակը:

Նա sportbox.ru-ին տված հարցազրույցում պատմել է իր կարիերայի կարեւոր պահերի ու նվաճումների մասին, անդրադարձել է նաեւ Հայաստանում առաջին անգամ բռնցքամարտով զբաղվելու ու Բաքվում Աշխարհի չեմպիոն հռչակվելու մասին:

«Մինչ բռնցքամարտի գնալը մի քանի ամիս ազատ ոճի ըմբշամարտ եմ պարապել: Իսկ երբ 10 տարեկան դարձա, գրանցվեցի բռնցքամարտի խմբակում: Մարզիչն ինձ շատ դուր եկավ, նա խիստ էր, պահանջկոտ ու կարգապահություն էր սիրում: Իսկ դա հենց այն էր, ինչն ինձ պետք էր: Իմ առաջին ոչ պաշտոնական հանդիպումն անցկացրել եմ Հայաստանում, հենց փողոցում մենամարտել եմ բարեկամիս հետ»,- պատմել է նա:

Ալոյանը խոստովանել է, որ իր կուռքն է եղել Մայք Թայսոնը, որի մենամարտերի տեսագրություններով ժապավեն է ստացել հենց առաջին քայլերը կատարելու ընթացքում: Նա Թայսոնի շնորհիվ սիրահարվել է բռնցքամարտին ու ամեն մենամարտից առաջ դիտել նրա հանդիպումները:

Ալոյանը խոսել է նաեւ 2011 թվականին Բաքվում կայացած Աշխարհի առաջնությունում նվաճած կարեւոր ոսկե մեդալի մասին:

«Տրիբունաների հետ փորձում էի չպայքարել: Երիտասարդ երկրպագուներ էին, որոնց սովորեցրել էին, թե Հայաստանը թշնամի է: Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռ շարունակվում է: Դրա համար էլ հայկական ազգանուններով մարզիկների նկատմամբ բացասական վերաբերմունք էր: Փորձում էի դրան ուշադրություն չդարձնել, թեեւ որոշակի ճնշում զգում էի: Իմ թիմակից Դավիթ Հայրապետյանի հետ միայն թիկնապահների ուղեկցությամբ էինք տեղաշարժվում»,- անկեղծացել է նա:

Ալոյանը նշել է, որ ճնշումը կարող է մարդուն կոտրել կամ էլ ավելի ուժեղ դարձնել: Բարեբախտաբար, նա հեշտ հանձնվողներից չէ ու բոլոր պարագաներում փորձում է հասնել ցանկալի արդյունքի:

«Ավելի ուժեղ դարձա, հաղթելու ցանկությունն էլ մեծացավ: Ոչինչ ինձ չէր կարող խանգարել հաղթել»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին