Հայտնի դարձան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի մասնակիցները: Ինչպես եւ կանխատեսվում էր, 1/4 եզրափակչի հանդիպումները, ի տարբերություն 1/8-ի, անցան համառ եւ հետաքրքիր պայքարում:
Հենրիխ Մխիթարյանի ակումբը` Դորտմունդի «Բորուսիան», իր դաշտում ընդունել էր Մադրիդի «Ռեալին»: Թվում էր՝ առաջին հանդիպմանը 0:3 խոշոր հաշվով կրած պարտությունից հետո «Բորուսիան» ոչ մի հույս չունի: Գնդակների այդ տարբերությունն աշխարհի լավագույն ակումբներից մեկից հետ բերելն անհավանական էր թվում, սակայն «Բորուսիա»-ին դա գրեթե հաջողվեց:
Օրվա հերոսը, եւ ոչ միայն օրվա, այլեւ շաբաթվա, նույնիսկ ամսվա, եւ ոչ միայն Գերմանիայում, այլ նաեւ Եվրոպայում, կարող էր դառնալ մեր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Կարող էր, բայց, ցավոք, չդարձավ: Բայց ամեն ինչի մասին` ըստ հերթականության:
Սպիտակ մարզահագուստով ի՞նչ թիմ էր դուրս եկել «Բորուսիա»-ի դեմ: Արդյո՞ք «Ռեալն» էր: Ահա մի հարց, որը տալիս են թե մասնագետները, թե երկրպագուները: Այո, մադրիդցիները հանդիպման դուրս եկան առանց Ռոնալդուի, բայց դա ի՞նչ արդարացում է այն խաղին, որը ցուցադրեց, ավելի ճիշտ կլինի ասել` չցուցադրեց «Ռեալը»: Առավել եւս, որ այս տարի թագավորական ակումբն արդեն մի քանի անգամ խաղացել էր առանց իր առաջատարի եւ կարծես լավ էլ գլուխ էր հանել: Ընդամենը երեք օր առաջ «Ռեալն» առանց Ռոնալդուի Սան-Սեբաստիանում 4:0 հաշվով ջախջախել էր տեղի «Ռեալ Սոսյեդադին», նշանակում է, նման խաղի պատճառը Ռոնալդու բացակայությունը չէր: Առավել եւս, որ նախորդ տարվա մրցապայքարում «Ռեալը» հենց այստեղ Ռոնալդուի մասնակցությամբ պարտվել էր 1:4 հաշվով: Միգուցե, Դորտմունդը պարզապես անիծվա՞ծ քաղաք է «Ռեալի» համար:
«Բորուսիան» կորցնելու ոչինչ չուներ եւ դիմելով խելահեղ արագության ու բարձր պրեսինգի` առաջին իսկ րոպեներից հարձակվեց «Ռեալի» պաշտպանական գծի ուղղությամբ: «Բորուսիա»-ի գրոհների կազմակերպիչներից մեկն էլ Մխիթարյանն էր, ով, առաջ անցնելով ասեմ, ունեցավ երեք հարյուր տոկոսանոց պահ «Ռեալին» «թաղելու» համար, սակայն ձախողեց դրանք: Առաջին պահը Հենրիխի համար ստեղծեց Լեւանդովսկին 18-րդ րոպեին, բայց գնդակ ստանալով տուգանայինում` մեր կիսապաշտպանը շատ հարմար դիրքից շեղ հարված կատարեց: Հանդիպման ինտրիգը կարող էր կորչել 22-րդ րոպեին, երբ ձեռքով խաղի համար 11-մետրանոց նշանակվեց «Բորուսիա»-ի դարպասի մոտ, բայց Դի Մարիան սայթաքեց ու անհաջող հարվածեց` դրանով իսկ խթանելով «Բորուսիա»-ի հետագա գրոհները: Եվ արդեն երկու րոպե անց Ռոյսը Պեպեի կոպիտ սխալից հետո բացեց հաշիվը: Անցավ 13 րոպե, եւ արդեն Իլյարամենդին դաշտի կենտրոնում գնդակը նվիրեց հակառակորդին, հետեւեց սրընթաց գրոհ, եւ նույն Ռոյսը գնդակն ուղարկեց դարպասն այն բանից հետո, երբ Կասիլյասին դժվարությամբ հաջողվեց գնդակն ուղարկել դեպի դարպասաձողը Լեւանդովսկու հարվածից հետո: 2:0` 37-րդ րոպեին, դեռ կա մեկ խաղակեսից ավել ժամանակ, բայց «Ռեալի» առավելությունից գրեթե ոչինչ չի մնացել:
Ընդմիջմանն Անչելոտին Իլյարամենդիին փոխարինում է Իսկոյով, որպեսզի ինչ-որ կերպ խաղը հեռացնի իր դարպասից: Եվ երկրորդ խաղակեսի առաջին 10 րոպեներին թվում էր, թե «Ռեալին» դա հաջողվել է: Բայց ամեն ինչ կարող էր փլուզվել 64-րդ րոպեին, երբ Մխիթարյանը, գնդակ ստանալով Ռոյսից, մեն-մենակ դուրս եկավ Կասիլյասի դեմ, գեղեցիկ շրջանցեց նրան, եւ երբ ամբողջ մարզադաշտը ոտքի կանգնեց տոնելու հերթական գոլը, Հենրիխը հարված կատարելով դատարկ դարպասին` անհասկանալի կերպով գնդակն ուղարկեց դեպի դարպասաձողը: Այո, շատ ցավալի վրիպում էր, այն էլ այդպիսի խաղում…
68-րդ րոպե, Մխիթարյանը գնդակ է ստանում «Ռեալի» տուգանայինի կենտրոնում, նրան կրկին խիստ չեն հսկում, դե~, Հենրիխ, հարվածի~ր: Թաղի´ր «Ռեալին»: Հարվածը ստացվում է դիպուկ, սակայն ուղիղ դեպի Կասիլյասը: Այդ րոպեներին ցավալի էր նայել Մխիթարյանի դեմքին. ցավ, վիրավորանք, վրդովմունք` այդ ամենը դրոշմված էր մեր ֆուտբոլիստի դեմքին: Ասես ինքն էլ չէր հասկանում, թե ինչու գնդակը չի հայտնվում դարպասում:
«Բորուսիան» ունեցավ եւս մի քանի պահ «Ռեալին» ջախջախելու համար, բայց թագավորական ակումբը դիմակայեց եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Իսկ «Բորուսիան» ապացուցեց, որ նախորդ տարի ՉԼ-ում հայտնվելն ամենեւին էլ պատահականություն չէր:
Եթե Մոուրինյոն չլիներ, արժեր նրան հորինել: Շատ ձանձրալի կլիներ առանց Հատուկի: Առաջին հանդիպման ժամանակ «Չելսին» պարտվել էր «ՊՍԺ»-ին 1:3 հաշվով: Պատասխան հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսի ընթացքում Ժոզեին հարցրին` ինչպե՞ս կավարտվի պայքարը: «Երկու հանդիպումների արդյունքում մենք հաղթանակ կտոնենք 4:3 հաշվով»,- անսասան հայտարարեց Մոուրինյոն: Ու հաղթեց: Թեեւ ոչ 4:3 հաշվով, բայց 3:3-ը նույնպես բավական էր` Փարիզում խփված գոլի շնորհիվ:
«Չելսին» աստղային «ՊՍԺ»-ին հետ էր մղել դեպի սեփական դարպասը, եւ արդեն 14-րդ րոպեին Շյուրլեն բացում է հաշիվը` փարիզցիների առավելությունը հասցնելով նվազագույնի: Ունենալով այդպիսի կազմ` «ՊՍԺ»-ն ընտրել էր վախկոտ մարտավարություն եւ բացահայտ խաղում էր հաշիվը պահպանելու ռազմավարությամբ, սակայն հաշվարկը սխալ էր: Խաղի ավարտին Մոուրինյոն պայքարի է դուրս բերում ձեռքի տակ եղած բոլոր հարձակվողներին: 81-րդ րոպեին դաշտ է դուրս գալիս Տորեսը. «Չելսին» խաղում է երեք մաքուր հարձակվողով, եւ նրանցից մեկը` Սեմբա Բան, երկարատեւ գրոհից հետո «Չելսիին» պարգեւում է այդքան անհրաժեշտ հաղթանակը եւ ուղեգիրը կիսաեզրափակիչ: Ուրախության գագաթնակետը դառնում է իր նստարանից Մոուրինյոյի վազքը դեպի անկյունային դրոշակը` գոլը թիմի հետ տոնելու եւ, միաժամանակ, վերջին րոպեներին գործելու վերաբերյալ խաղացողներին հրահանգներ տալու նպատակով: Այո, Մոուրինյոն սիրում է իրեն ֆուտբոլում ավելի, քան ֆուտբոլն իրենում, բայց այն մարդու դեպքում, ով ութերորդ (!) անգամ անընդմեջ չորս (!) տարբեր թիմերի հետ դուրս է գալիս ՉԼ կիսաեզրափակիչ (ֆանտաստիկ արդյունք !), կարծում եմ, դա ներելի է:
Այս խաղաշրջանում միմյանց հետ չորս հանդիպում են անցկացրել «Ատլետիկոն» ու «Բարսելոնան», եւ բոլոր չորս խաղերն էլ ավարտվել են ոչ-ոքի: Հիշեցնեմ, որ «Նոու Կամփում» առաջին հանդիպումը եւս ավարտվել էր 1:1 հաշվով: «Ատլետիկոն» այդ հանդիպմանը վնասվածքի պատճառով կորցրել էր իր հարձակվող Դիեգու Կոստային: Մադրիդցիների համար դա ծանր հարված էր. գրեթե բոլոր գնդակներն այս խաղաշրջանում հեղինակել էր հենց նա: Ինչպե՞ս կանդրադառնա կորուստը պատասխան հանդիպման վրա: «Ատլետիկոն» չի՞ «խորտակվի» արդյոք առանց Կոստայի, ինչպես «Ռեալը» Դորտմունդում առանց Ռոնալդուի: «Ատլետիկոն» ոչ միայն «չխորտակվեց», այլեւ «մաքրեց» իր ճանապարհից «Բարսելոնա»-ին, ինչպես ջրհեղեղն է իր մաքրում անկայուն պատնեշները: Հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին. Ադրիանի փոխանցումից հետո Կոկեն դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց դեպի դարպասաձողը: Միայն առաջին խաղակեսում «Բարսելոնա»-ի դարպասաձողը երեք անգամ փրկեց թիմին անախորժություններից: «Բարսան», որը որպես կանոն պաշտպանությունից դուրս է գալիս դիպուկ փոխանցման օգնությամբ, ստիպված էր գնդակն ուղարկել անորոշ ուղղությամբ` միայն թե հեռու իր դարպասից: Առջեւում ճիգեր էր գործադրում Նեյմարը, երկու լավ պահ ունեցավ Մեսսին, բայց երկու անգամ էլ շեղ հարվածեց դարպասին: Բայց դրանք կարճատեւ բռնկումներ էին. խաղն ընդհանուր առմամբ իր ձեռքն էր վերցրել «Ատլետիկոն»`կատալոնացիներին թույլ չտալով երկար ժամանակ իրենց մոտ պահել գնդակը, ինչպես նրանք սիրում են դա անել: Հաշիվը չի արտացոլում մադրիդցիների առավելությունը. եթե նրանք հանդիպման վերջում թափթփված չխաղային, «Բարսելոնան» կարող էր խոշոր հաշվով պարտություն կրել: 77-րդ րոպեին հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ուներ Նեյմարը, բայց նրա գլխով գեղեցիկ հարվածին պակասում էր ճշգրտությունը. գնդակը սանտիմետրերի տարբերությամբ չհայտնվեց դարպասում: «Ատլետիկոն» հերթական անգամ ցույց տվեց, որ հզոր ուժ է ինչպես առաջնությունում, այնպես էլ ՉԼ-ում: Չգիտեմ` ում հետ են հանդիպելու մադրիդցիները կիսաեզրափակչում, բայց այդ թիմի հետ պայքարը հեշտ չի լինի ոչ մեկի համար, առավել եւս, որ այդ ժամանակ արդեն ապաքինված կլինի Կոստան:
Եվ վերջին խաղը` «Բավարիան» ընդդեմ «ՄՅ»-ի: Մրցապայքարի սկզբից եւեթ ակնհայտ ֆավորիտը համարվում էր «Բավարիան», եւ սենսացիա, որքան էլ վիրավորական հնչի այդ բառը երբեմնի «ՄՅ»-ի համար, տեղի չունեցավ: Ֆուտբոլիստներին մեղադրելու կարիք ամենեւին չկա. նրանք անում էին ինչ կարող էին` խաղում էին, պայքարում, հարվածներ կատարում, սակայն «Բավարիա»-ն շատ ավելի լավ էր պատրաստված: 180 րոպեից թիմը իր ամբողջ ուժով խաղաց միայն 30 րոպեն, բայց դա նույնպես հերիք էր ներկայիս «ՄՅ»-ին հաղթելու համար: Առաջին հանդիպումն իր դաշտում խաղալով 1:1 հաշվով` «ՄՅ»-ն պատասխան խաղում եւս կարողացավ բացել հաշիվը. 57-րդ րոպեին Էվրան հիանալի հարվածով գրավեց Նոյերի դարպասի վերին անկյունը, բայց հաջորդ գրոհի արդյունքում Մանջուկիչը հավասարեցրեց հաշիվը: Ապա 8 րոպեի ընթացքում` (68-76) Մյուլերն ու Ռոբենը հաշիվը դարձրեցին 3:1` այդպիսով ապահովելով «Բավարիա»-ի ուղեգիրը կիսաեզրափակիչ: Իսկ «ՄՅ»-ն դուրս մնաց վերջին մրցաշարից, որում հնարավորություն ուներ ինչ-որ բանի հասնել այս խաղաշրջանում: Հայտնի չէ, թե երբ է թիմը, որ վերջին 18 տարիների ընթացքում խաղացել է ՉԼ-ում, վերադառնալու այդ մրցաշար: Ինչպես նաեւ հայտնի չէ Մոյեսի ճակատագիրը, ով այս խաղաշրջանում ձախողեց ամեն ինչ, ինչը կարելի էր եւ չէր կարելի ձախողել:
1/4 եզրափակչի արդյունքները.
Բորուսիա - Ռեալ 2-0 (առաջին հանդիպում` 0-3)
Չելսի - ՊՍԺ 2-0 (1-3)
Ատլետիկո - Բարսելոնա 1-0 (1-1)
Բավարիա - ՄՅ 3-1 (1-1):
Տեսությունը պատրաստեց Արսեն Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: