Հայաստանի առաջնության 2-րդ տուրը լի էր հետաձգված հանդիպումներով: Եվրագավաթային ասպարեզում մրցելույթները շարունակող թիմերը՝ «Արարատ-Արմենիա»-ն եւ «Նոա»-ն, հանգստի հնարավորություն էին ստացել պատասխան մրցավեճերից առաջ։
Դա նշանակում էր որ հարկադրված հանգստի էին գնացել նաեւ ԲԿՄԱ-ն եւ «Ալաշկերտ»-ը։ Վերջիններս մարզավիճակի բարելավման համար ընկերական խաղ անցկացրին՝ այդպես էլ չպարզելով հաղթողին՝ խաղն ավարտվեց 2:2: Այս տուրն ուշագրավ էր նաեւ նրանով, որ Եղիշե Մելիքյանը ներկա էր տարբեր ստադիոններում արդեն նոր կարգավիճակով՝ որպես Հայաստանի ֆուտբոլի հավքականի գլխավոր մարզիչ։ Դժվար է պատկերացնել «Փյունիկ»-ն առանց Եղիշե Մելիքյանի եւ հակառակը, բայց պետք է աստիճանաբար սովորել դրան։
«Ուրարտու»- «Գանձասար»՝ 1:0

Լուսանկարը` FC Urartu
Այս տուրը վերջապես «Ուրարտու»-ին եւ նրա գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանին բերեց այդքան անհրաժեշտ առաջին հաղթանակը։ Նորանշանակ մարզչին եւ թիմին ինքնավստահության համար շատ կարեւոր էր տոնել հաղթանակ, այն էլ՝ սեփական դաշտում։
Մեկնարկային տուրից եւ «Նեման»-ի հետ երկխաղյա դիմակայությունից հետո դեռեւս զգացվում է, որ Արզումանյանի թիմը դեռ լավ մարզավիճակ չի հավաքել եւ ֆուտբոլիստները կարծես չեն կարողանում լավագույնս իրագործել մարզչի գաղափարները։
«Գանձասար»-ի հետ մրցավեճն էլ կարծես ընթանում էր «Ուրարտու»-ի մեծ առավելությամբ։ Թիմը տիրում էր գնդակին, փորձում բազմաքայլ գրոհներով սպառնալ մրցակցին, բայց դա մեղմ ասած չէր ստացվում։ Հարձակման գծում կրեատիվության ամբողջ պատասխանատվությունը դրված էր Բրունո Միշելի ուսերին, ով թեեւ ակտիվ էր, բայց մի քանի անհատական անցումներից զատ ոչնչով չէր կարողանում աչքի ընկնել։ Թիմը դեռեւս լուրջ խնդիրներ ունի հարձակման վերջին փուլում՝ գոլային պահեր ստեղծել եւ դրանք ռեալիզացնել։
Արզումանյանը փորձում է ներդնել դինամիկ, երկար խաղարկումերի հիման վրա կառուցված ժամանակակից ֆուտբոլ, բայց դա դեռ այդքան էլ չի հաջողվում։ Այս խաղում «Ուրարտու»-ին հաղթանակ բերեց երկրորդ խաղակեսում անցկացրած գերինտենսիվ հատվածը։ Անընդհատ գրոհներ, որոնք սովորաբար ավարտվում էին եզրերից կատարված բարձրից փոխանցումներով դեպի մրցակցի տուգանային հրապարակ։ Հենց այսպիսի կիսահախուռն գրոհի արդյունքում էլ ծնվեց հաղթական գոլը՝ երկրորդ հարկում առավելության հասնելուց հետո։ Անշուշտ Արզումանյանի թիմն արժանի հաղթանակ տարավ, բայց վերջիններս լուրջ խնդիրներ են ունենում ամուր պաշտպանության բախվելիս։
Ինչ վերաբերում է «Գանձասար»-ին, ապա այն խաղադաշտ էր դուրս եկել ամուր պաշտպանվելու եւ հակագրոհելու։ Կարեն Բարսեղյանը կարողացել է ահռելի աշխատանք կատարել եւ թիմը դարձնել ավելի մարտունակ։ «Գանձասար»-ը կարողացավ անգամ մի քանի վտանգավոր հակագրոհ անցկացնել՝ ստիպելով մրցակցին սխալվել կիրառելով բարձր պրեսինգ։ Բայց մենապայքարներում եւ հատկապես երկրորդ հարկում կապանցիները շատ էին զիջում մրցակցին եւ հենց դա էլ վճռեց խաղի ելքը։
«Շիրակ»- «Փյունիկ»՝ 0:0

Լուսանկարը` FC Pyunik
«Փյունիկ»-ն առանց Եղիշե Մելիքյանի իր առաջին հանդիպումն անցկացրեց Գյումրիում, որտեղ դժվար է բոլոր թիմերի համար։ Մասնագետի հեռանալուց հետո այս խաղում թիմի ղեկավարումը ստանձնել էր նրա օգնական Ռոման Մոնարյովը։ Դեռեւս պարզ չէ հեռանալու է արդյոք նաեւ ամբողջ մարզչական շտաբը, թե շարունակելու է իր գործունեությունը «Փյունիկ»-ում։ Հստակ է միայն մի բան, որ ակումբը ղեկավարելու է Արտակ Օսեյանն, ով արդեն ունի այստեղ աշխատելու փորձ։ Տրիբունայում ներկա էր նաեւ Եղիշե Մելիքյանը, ով շատ էր ցավում նախկին ակումբի համար։
Խաղն ընթանում էր «Փյունիկ»-ի տոտալ առավելությամբ։ Անընդհատ գրոհներ թե՛ եզրերով, թե՛ կենտրոնական հատվածով, բայց վերջին հարվածը չէր ստացվում։ Առաջին խաղակեսում «Փյունիկ»-ը խուսափում էր բարձրից փոխանցումներ կատարել մրցակցի տուգանային հրապարակ, բայց երկրորդում այս զենքը եւս սկսեց կիրառվել։
Գյումրեցիների պաշտպանությունն երկրորդ խաղակեսում հաճախակի չէր հասցնում մրցակիցների հետեւից, բայց փրկում էր դարպասապահ Սոկրատ Հովհաննիսյանը։ «Շիրակ»-ի ֆուտբոլիստները կարգապահորեն պաշտպանվում էին՝ որոնելով սեփական բախտը հազվադեպ հակագրոհներում։ Գյումրեցիների կազմը շատ երիտասարդ է եւ անփորձ՝ հիմնված տեղի կադրերի վրա։ Ֆուտբոլիստները փորձում են իրենց բացերը փոխհատուցել անսահման նվիրվածությամբ եւ աշխատասիրությամբ։
«Շիրակ»- ֆուտբոլիստները պայքարում էին յուրաքանչյուր գնդակի համար եւ խաղավարտին մոտ անգամ մի քանի անգամ լրջորեն սպառնացին Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասին։ Հենց այսպիսի ծանր խաղում էլ Արսեն Հովհաննիսյանի թիմին հաջողվեց վաստակել առաջին միավորը՝ զրկելով «Փյունիկ»-ին հաղթանակից։
«Արարատ»- «Վան»՝ 0:1

Լուսանկարը` FC Van
Տուրի հաջորդ խաղում իրար էին հանդիպել հավասարազոր 2 ակումբներ՝ «Արարատ»-ն ու «Վան»-ը։ 2 թիմերն էլ ունեն նորանշանակ մարզիչներ՝ նոր ներդրվող ֆուտբոլային տեսլականներով։
Եթե «Արարատ»-ի պարագայում նախորդ տարվա խաղաոճից դեռ շատ բան չի փոխվել՝ թիմը նախընտրում է գրոհել երկար ուղղահայաց փոխանցումներով, ապա «Վան»-ում այլ պատկեր է։ Էդգար Թորոսյանի ղեկավարած թիմը փորձում է ավելի շատ տիրել գնդակին եւ կարճ խաղարկումներով մոտենալ մրցակցի տուգանայինին։
Խաղն անցնում էր երկուստեք գրոհներով եւ 2 թիմերն էլ ունեցան մի քանի գոլային պահեր, բայց միշտ ինչ-որ մի բան խանգարում էր։ Երկուսն էլ նախընտրում էին գրոհների կառուցման փուլում հաճախակի օգտագործել եզրերում գործող արագավազ ֆուտբոլիստներին։ Բայց երեւում էր, որ թիմերը դեռեւս լավագույն ֆիզիկական մարզավիճակում չեն եւ չեն կարողանում բարձր տեմպ պահել ամբողջ խաղի ընթացքում։
Նմանատիպ խաղերում կարեւոր է նաեւ բախտի գործոնը, որն այս անգամ «Վան»-ի կողմն էր, եւ Էդգար Թորոսյանը կարողացավ առաջին հաղթանակը տանել առաջնության մեկնարկից առաջ հավաքագրված թիմի ղեկին։
Դավիթ Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: