Mediamax Sport-ն ամփոփել է 2013 թվականի ֆուտբոլային տարին եւ ընտրել այն 5 լավագույն խաղացողներին, որոնք աչքի են ընկել այս տարի:
Մեդիամաքս մեդիա ընկերության աշխատակիցների քվեարկության արդյունքում առաջին տեղը գրավել է Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյանը:
2013-ն, անկասկած, չափազանց հաջող էր Հենրիխի համար՝ նա սահմանել է մի քանի ռեկորդ ու իրականություն դարձնել հայկական ֆուտբոլի ամենաաղմկահարույց ու թանկ տրանսֆերը:
Դեռ տարեսկզբին հայ կիսապաշտպանը Դոնեցկի «Շախտյորի» խաղացող էր ու ակումբի հետ նվաճեց երկրի բոլոր հնարավոր տիտղոսները՝ Ուկրաինայի չեմպիոնի, Գավաթակրի ու Սուպերգավաթակրի: Բայց Մխիթարյանը նաեւ անհատական հաջողություն է արձանագրել՝ 25 գոլով դառնալով Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու: Իսկ ամառվանից նա բավականին հաջող պաշտպանում է «Բորուսիայի» գույները՝ 15 հանդիպումներով խփելով 3 գնդակ:
Կիսապաշտպանը մեկ ռեկորդ էլ սահմանել է Հայաստանի հավաքականի կազմում՝ 12 գոլով դառնալով թիմի լավագույն ռմբարկուն:
Երկրորդ տեղում Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն է:
Յուրա Մովսիսյանը:
Հավաքականի կազմում նա արդյունավետ խաղ է ցուցադրել: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Մովսիսյանը խաղադաշտ է դուրս եկել 6 հանդիպումներում ու դարձել է 4 գոլի հեղինակ, ինչպես նաեւ կատարել 2 գոլային փոխանցում:
Մովսիսյանը նաեւ մոսկովյան թիմի առանցքային խաղացողներից է ու 12 գոլով 2013-2014թթ. Ռուսաստանի առաջնության առաջին հատվածի լավագույն ռմբարկուների թվում է:
Հավաքականի ու «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն էլ մեր ցուցակի 3-րդ տեղում է:
Արաս Օզբիլիսը:
Չնայած կարճ ժամանակ է, ինչ Օզբիլիսը միացել է Հայաստանի ընտրանուն, բայց կարողացել է ամրապնդվել հիմնական կազմում ու դառնալ առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Կրասնոդարի «Կուբանի» կազմում էլ ցուցադրած լավ խաղի շնորհիվ գրավել է «Սպարտակի» ղեկավարությանն ուշադրությունն ու 2013 թվականի հուլիսին տեղափոխվել մոսկովյան ակումբ, որտեղ անցկացրել է 18 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ:
Արդեն երկար տարիներ Հայաստանի դարպասը պաշտպանող Ռոման Բերեզովսկին հայտնվել է 4-րդ տեղում: Թեեւ ԱԱ-2014-ի ընտրական մրցաշարում 39-ամյա դարպասապահն անցկացրել է 6 հանդիպում ու բաց թողել 8 գնդակ, բայց աչքի է ընկել հիանալի սեյվերով ու բազմիցս փրկել մեր հավաքականին: Հիշեցնենք, որ նա շարունակում է հանդես գալ Մոսկվայի «Դինամոյում»:
Ռոման Բերեզովսկին:
Հնգյակը եզրափակել է հավաքականի ու Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Կարլեն Մկրտչյանը: Հենակետային կիսապաշտպանի դիրքում հանդես եկող ֆուտբոլիստի կատարած աշխատանքը խաղադաշտում ոչ միշտ է երեւում, բայց նաեւ նրա ջանքերի շնորհիվ է հավաքականը կարողանում լավ գրոհներ կազմակերպել: Իսկ Չեխիայի հավաքականի դարպասն ուղարկած նրա գնդակն անչափ գեղեցիկ ու կարեւոր էր:
Կարլեն Մկրտչյանը:
Այս տարի Մկրտչյանը փոխեց իր ակումբային «գրանցումը»՝ Դոնեցկի «Մետալուրգից» տեղափոխվելով «Անժի»: Այնտեղ անցկացրած 5 խաղերում դարձել է մեկ գոլի հեղինակ:
Մեդիամաքսի անձնակազմը որոշել է նաեւ Հայաստանի լավագույն մարզչին: Այդ կոչմանն արժանացել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Թեւ նրան չի հաջողվել հավաքականը դուրս բերել 2014 թ. Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, բայց Մինասյանի շնորհիվ թիմը հսկայական առաջընթաց է արձանագրել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Վարդան Մինասյանը:
2010 թվականի փետրվարից, երբ նա ստանձնել է հավաքականի ղեկը, մինչեւ 2013թ. դեկտեմբեր ազգային ընտրանին առաջադիմել է 69 հորիզոնականով ու մինչեւ վերջերս զբաղեցնում էր իր համար ռեկորդային 34-րդ տեղը (այժմ՝ 35-րդ):
Մեդիամաքսը շնորհավորում է հաղթողներին, մաղթում էլ ավելի հաջող տարի, իսկ ընթերցողներին խոստանում է առաջիկա օրերին ներկայացնել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի հետ իր բացառիկ հարցազրույցը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: