Մայիս 19, 2025
exclusive
82 դիտում

Հետնապահի կյանքի նշույլներն ու «եվրոպական քառյակ» -ի հանգուցալուծումը


Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` Shirak SC

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Urartu

Լուսանկարը` FC BKMA


Հայաստանի առաջնությունը մոտենում է ավարտին եւ յուրաքանչյուր տուր իր հետ բերում է որեւէ ինտրիգային հանգուցալուծում։ Եթե նախորդ տուրում դա «Նոա»-ի չեմպիոնությունն էր եւ «Վեստ Արմենիա»-ի հեռացումն առաջնությունից, ապա այս անգամ պարզ դարձավ թե ովքեր են ներկայացնելու Հայաստանը եվրագավաթային գալիք մրցաշրջանում։

«Արարատ-Արմենիա»-ԲԿՄԱ` 4:0

Լուսանկարը` FC BKMA


Այս խաղի հաշիվն ամբողջությամբ արտացոլում է խաղադաշտում տիրող իրավիճակը՝ «Արարատ-Արմենիա»-ի տոտալ առավելությունը։ Առաջնությանը հետեւող ֆուտբոլասերները գիտեն, որ բանակայինները չեն վախենում ահեղ մրցակիցներից եւ միշտ ցուցադրում են հարձակվողական ու բաց ֆուտբոլ։ Այս անգամ Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարած թիմն իրեն նման չէր։

ԲԿՄԱ-ն առաջին խաղակեսում չէր կարողանում գրոհել, ինչից օգտվեց «Արարատ-Արմենիա»-ն։ Վերջիններս կարողացան առաջին խաղակեսում 2 գնդակի առավելություն ստանալ։ Թեեւ 2-րդ խաղակեսում ԲԿՄԱ-ն փորձեց կյանքի նշույլներ ցույց տալ, բայց ապարդյուն։ Վարդան Մինասյանի թիմը վստահ հաղթանակ տարավ՝ ամրանալով 2-րդ հորիզոնականում։

«Գանձասար»-«Շիրակ»՝ 1:0

Լուսանկարը` Shirak SC


Սա «Գանձասար»-ի տոնած առաջին հաղթանակն էր։ Կարեն Բարսեղյանի ղեկավարած թիմի խաղային պրոգրեսն ակնհայտ էր եւ վաղ թե ուշ արդյունքները գալու էին։ «Գանձասար»-ը գնդակը հանձնել էր մրցակցին՝ ապավինելով արագ հակագրոհներին։ «Շիրակ»-ն ավելի շատ էր տիրում գնդակին, բայց չէր կարողանում այն վերածել գոլի։ Մարզային դերբիում սակայն վճռորոշ եղավ մրցավարությունը։

Առաջին կեսում «Շիրակ»-ի կազմից հեռացվեց Սերյոժա Ուռուշանյանը մրցավարի որոշմանը բուռն արձագանքելու եւ վերջինիս վիրավորելու համար։ Սա իսկական նվեր էր կապանյան թիմի համար եւ նրանք կարողացան թվային առավելությունը վերածել գոլի։ Առահասարակ գյումրեցիներն այս խաղում ունեցան շատ վիճահարույց դրվագներ կապված մրցավարության հետ (իրենց օգտին չնշանակված 11-մետրանոց, դեղին քարտերի տարափ եւ այլն)։ Լարվածությունն իր գագաթնակետին հասավ, երբ եղան հեռացումներ «Շիրակ»-ի մարզչական շտաբից եւ նետվեց դատարկ շիշ մրցավարի ուղղությամբ։ Գյումրեցիներն անգամ ուզում էին խաղի ավարտից հետո հաշվեհարդար տեսնել մրցավարների հետ, բայց դրանից հնարավոր եղավ խուսափել։

«Փյունիկ»-«Արարատ»՝ 5:2

Լուսանկարը` FC Pyunik


«Փյունիկ»-ն ուներ խնդիր ապահովագրելու 4-րդ տեղը եւ Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիրը։ Սայթաքումը կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ, քանզի հաջորդ տուրում նրանք հանդիպելու էին իրենց ուղիղ մրցակցի՝ «Վան»-ի հետ։

Մեկնարկից երեւում էր, որ «Փյունիկ»-ը գիտակցում է պահի լրջությունն ու այս խաղին մոտեցել է ինչպես եզրափակչի։ Անընդհատ գրոհներ, բարձր պրեսինգ, խաղն արագորեն վճռելու ձգտում։ Ակտիվությունն իր արդյունքը տվեց եւ «Փյունիկ»-ը կարողացավ ստանալ 2 գնդակի առավելություն։

Ի պատիվ Տիգրան Եսայանի ղեկավարած թիմի պետք է նշել, որ նրանք կարողանում էին օգտագործել «Փյունիկ»-ի պաշտպանությունում եղած բացթողումները ՝ 2 անգամ կրճատելով հաշվի տարբերությունը նվազագույնի։ Բայց 2-րդ խաղակեսում «Արարատ»-ի պաշտպանությունը քանդվեց՝ բաց թողնելով 3 գնդակ։ Ճիշտ է, Եղիշե Մելիքյանն առիթը բաց չի թողնում նշելու, որ թիմը լուրջ համալրումների կարիք ունի, բայց այս կազմով եւս հնարավոր դարձավ նվաճել ուղեգիր դեպի Եվրոպա։

«Ուրարտու»-«Նոա»՝ 3:3

Լուսանկարը` FC Urartu


Չեմպիոնությունը նվաճած «Նոա»-ի համար խաղերը կորցրել են մրցաշարային նշանակությունը։ Իսկ «Ուրարտու»-ն, ընդհակառակը, համառ պայքար է մղում երկրորդ տեղի համար, որպեսզի Կոնֆերենցիաների լիգայում մեկնարկի որակավորման 2-րդ փուլից։

«Ուրարտու»-ն չեմպիոնական միջանցքով դիմավորեց «Նոա»-ին՝ արժանին մատուցելով նորընծա չեմպիոնին։

Դմիտրի Գունկոյի ղեկավարած թիմին հաջողվեց բացել հաշիվը՝օգտվելով մրցակցի դարպասապահի սխալից, բայց «Նոա»-ն շատ արագ ուշքի եկավ եւ աստիճանաբար հավասերցրեց խաղը։ Կարճ ժամանակ անց արդեն «Նոա»-ն հաշվի մեջ առավելություն ստացավ։ Այս հանգամանքը կարծես բարկացրեց «Ուրարտու»-ի ֆուտբոլիստներին եւ վերջիններս նետվեցին խելահեղ գրոհների։ Առաջին խաղակեսի վերջնամասը նման էր փոխհրաձգության եւ թիմերը չէին զիջում մեկը մյուսին։ Եղան VAR համակարգի միջամտությամբ չեղարկված գոլեր, որոնք էլ ավելի թեժացրին մթնոլորտը։ Արդեն առաջին խաղակեսի ավարտին Գունկոյի թիմը քամբեք արեց եւ ընդմիջման գնաց 1 գնդակի առավելությամբ։ 2-րդ խաղակեսը սկսեց նույն տեմպով եւ թվում էր թե գոլային հրավառությունը շարունակվելու է։ Բայց եղավ միայն մեկ արդյունավետ գրոհ՝ «Նոա»-ն հավասարեցրեց հաշիվը։

Դավիթ Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին