Հուլիս 04, 2025
176 դիտում

«Մտածում եմ, հետեւաբար խաղում եմ». Ֆուտբոլային «պրոֆեսոր» Անդրեա Պիրլոն


Լուսանկարը` FC Juventus

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` FC Brescia

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Juventus

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FC Brescia

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Eurosport

Լուսանկարը` անձնական արխիվից


Անդրեա Պիրլոն այն քիչ ֆուտբոլիստներից է, ով հասցրել է խաղալ Իտալիայի 3 ուժեղ ակումբների՝ «Ինտեր»-ի, «Միլան»-ի ու «Յուվենթուս»-ի կազմերում եւ բազմաթիվ տիտղոսներ նվաճել: Նա նորամուտն Ա Սերիայում նշել է ընդամենը 16 տարեկանում ու այդ ժամանակներից սկսած իր վրա մեծ ուշադրություն սեւեռել:

Հարուստ ընտանիքը

Անդրեա Պիրլոն ծնվել է Իտալիայի հյուսիսային Լոմբարդիա նահանգում։ Հայրը՝ Լուիջի Պիրլոն, մի քանի մետաղամշակման արհեստանոցների սեփականատեր էր, իսկ մայրը՝ Լիվիան Բրեշիայի քաղաքապետի զարմուհին էր ու զբաղվում էր որդիների դաստիարակությամբ։

Պիրլոների ընտանիքը երկրպագում էր «Ինտեր»-ին, եւ փոքրիկ Անդրեայի մեկ տարին նոր լրանալուն պես ակումբը նվաճեց չեմպիոնական տիտղոսը:

Նա եղբոր օրինակին հետեւեց ու եւս սկսեց ֆուտբոլով զբաղվել: Իվանին շատ տաղանդավոր էին համարում եւ մեծ ապագա կանխագուշակում, սակայն նա այդպես էլ Սերիա C-ից բարձրանալ չկարողացավ, իսկ եղբայրը հայտնի խաղացող դարձավ:

Լուսանկարը` անձնական արխիվից


Անդրեայի ընտանիքը բավական հարուստ էր ու հաճախ էր ամռանը մեկնում Վիարեջոյի հանգստավայր: Հենց այնտեղ էլ գերմանական ֆուտբոլի աստղ Լոթար Մաթեուսին մի տղա է մոտեցել եւ նրա ստորագրությունը վերցրել: Թեեւ գերմանացու համար այդ դրվագն աննշան էր, սակայն Անդրեայի մանկության ամենավառ հիշողություններից մեկը դարձավ:

Փոքր տարիքից նա աչքի էր ընկնում իր խաղով ու տարբերվում հասակակիցներից, ծանոթները հաճախ էին հարցնում. «Իրեն ո՞ւմ տեղն է դրել, Մարադոնայի՞»:

Ակումբներն ու մարզիչները

Մի քանի տեղական ակումբներում դեգերելուց հետո 1992-ին Պիրլոն վերջապես միացավ տարածաշրջանի գլխավոր թիմին՝ «Բրեշիա»-ին եւ ընդգրկվեց երիտասարդականի կազմում: Գլխավոր թիմն այն ժամանակ մարզում էր Միրչա Լուչեսկուն, որն էլ օգնեց խաղացողին իրականացնել իր նպատակը՝ պարապել հիմնական կազմի հետ: Այդպես 15-ամյա Պիրլոն սկսեց մարզվել պրոֆեսիոնալ խաղացողների հետ:

Նորամուտն Ա Սերիայում նշեց 16 տարեկանում «Ռեջանա»-ի հետ խաղում: 1998-ին Պիրլոյի կարիերայում եւս մեկ նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ՝ նրան գնեց «Ինտեր»-ը: Ֆուտբոլիստի հետ թիմում հայտնվեցին նաեւ Ալվարո Ռեկոբան ու Ռոբերտո Բաջոն, վերջինս Պիրլոյի համար մեծ նշանակություն ուներ ու նրա կուռքերից մեկն էր համարվում: 

Լուսանկարը` FC Brescia


Շուտով ակումբը մարզելու համար ժամանեց անգլիացի Ռոյ Հոջսոնը, որը ոչ մի Պիրլոյի չէր էլ ճանաչում ու նրան Պիրլա էր անվանում, ինչն իտալերենից թարգմանաբար «հիմար» է նշանակում: Այդպես էլ չհասկանալով, թե իր թիմում ինչ տաղանդավոր ֆուտբոլիստ է խաղում, մարզիչը հեռացավ: Նրան փոխարինեց Մարչելո Լիպպին, որի հետ ֆուտբոլիստը լավ էր լեզու գտնում, սակայն նա էլ երկար չմնաց թիմում, ակումբը գլխավորեց Մարկո Տարդելին:  

Կարեւոր փուլը

Երիտասարդական ԵՎՐՈ-2000-ում նրա գլխավորությամբ Պիրլոն չեմպիոն էր հռչակվել, նաեւ լավագույն ռմբարկու ու խաղացող ճանաչվել: Բայց մարզիչը նրան բնավ էլ խաղալու հնարավորություն չտվեց ու Պիրլոն վարձավճարով նորից հայտնվեց «Բրեշիա»-ում: Դա նրա կյանքում կարճատեւ, բայց շատ կարեւոր փուլ էր: Մարզիչ Կառլո Մացցոնեն որոշեց Պիրլոյին ավելի խորքից օգտագործել, ոչ թե ենթահարձակվողի դիրքում: Այդպես էլ ֆուտբոլիստը դարձավ խաղադաշտի կենտրոնի «պրոֆեսորը»: 

Բոլորն էին հետեւում Պիրլոյի անհատական որակների բարելավմանը, եւ «Ինտեր»-ի սեփականատեր Մասիմո Մորատտին ֆուտբոլիստի վաճառքն անվանեց իր ամենամեծ սխալներից մեկը: Ցավալին հատկապես այն էր, որ Պիրլոյին վաճառեցին հիմնական մրցակից համարվող «Միլան»: Նրա հետ թիմի կազմը համալրեցին նաեւ Ֆիլիպո Ինձագին ու Ռուի Կոշտան, որոնք հետագայում միասին փայլուն խաղ էին ցուցադրում:

Լուսանկարը` FC Inter


Նորամուտը թիմի կազմում նշեց Մինսկում՝ Չեմպիոնների Լիգայում ԲԱՏԷ-ի հետ խաղում, որում Անդրեյ Շեւչենկոյի եւ Խավի Մորենոյի գոլերի շնորհիվ հաղթեցին 2:0 հաշվով: Իսկ առաջին գոլը խփեց «Պարմա»-ի դարպասը:

Կառլո Անչելոտտին «Միլան»-ում օգտագործում էր 4-4-2 սխեման, եւ Անդրեան Ջենարո Գատուզոյի հետ դարձավ թիմի խաղի ստեղծողը: Հենց մինչ Անչելոտտիի հետ աշխատանքն է Պիրլոն իր կարիերան բաժանում առաջի ու հետոյի, մարզչին էլ իր ֆուտբոլային հայրն է համարում: Դրանից հետո Անչելոտին Պիրլոյին ցանկանում էր նաեւ «Չելսի» տանել, սակայն գործարքը չկայացավ:

«Երազանքի թատրոն»-ում

2003-ին Պիրլոն մասնակցեց Մանչեսթերում կայացած «երազանքի թատրոն» անվանումը ստացած «Յուվենթուս»-ի դեմ ՉԼ-ի եզրափակչին ու ակումբի հետ իր առաջին տիտղոսին արժանացավ: Ակումբը մոտ էր նաեւ 2005-ի եզրափակչում հաղթելուն, սակայն «Լիվերպուլ»-ի հետ այդ դրամատիկ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ Պիրլոն իր հարվածը չիրացրեց:

Լուսանկարը` FC Juventus


«Սարսափում էի նայել հայելու մեջ՝ վախենալով, որ արտացոլանքս կթքի ինձ վրա: Առաջին օրը ցանկանում էի նետվել դատարկ լողավազանը, երկրորդին՝ արդեն ջրով լողավազանը, բայց այնպես, որ խեղդվեմ: Իսկ հետո առհասարակ մեռնել էի ուզում»,-այդ օրերին ունեցած ապրումների մասին պատմել է Պիրլոն: 

2007-ի եզրափակչում թիմն ամեն դեպքում կարողացավ Ֆիլիպո Ինձագիի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով ռեւանշի հասնել «Լիվերպուլ»-ի նկատմամբ:

Հավաքականն ու ԱՄՆ մեկնելը

Իտալիայի հավաքականի հետ Պիրլոն նախ 2004-ի Աթենքի Օլիմպիական խաղերում բորնզե մեդալակիր դարձավ, ապա 2 տարի անց նվաճեց Աշխարհի չեմպիոնի կոչումը: Ֆրանսիայի հետ այդ դրամատիկ խաղում Զինեդին Զիդանը Մարկո Մատերացիին հարվածելու համար հեռացվեց, ու հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Հենց Պիրլոն էլ գոլի հեղինակ Մատերացիին գոլային փոխանցում էր կատարել, իսկ 11-մետրանոց հարվածաշարում դիպուկ եղել՝ դառնալով եզրափակչի լավագույն ֆուտբոլիստն ու հռչակվելով Աշխարհի չեմպիոն: 

2010-2011 մրցաշրջանը Պիրլոյի համար վերջինն էր «Միլան»-ում, բաժանումը նա ծանր տարավ, բայց տեղափոխվեց մրցակից «Յուվենթուս», որտեղ բավական հեշտ հարմարվեց: Անտոնիո Կոնտեն նրան իր թիմի դիրիժորը դարձրեց ու ոսկե մեդալի հասցրեց: Պիրլոն Ա Սերիայի 3-րդ ֆուտբոլիստը դարձավ Բաջոյից ու Իբրահիմովիչից հետո, ովքեր 2 տարի շարունակ տարբեր ակումբների հետ տիրացել են Սկուդետտոյին:

Լուսանկարը` FIFA


2015-ին թուրինյան դերբիում նա Ա Սերիայում տուգանայինից խփած գոլերի քանակով (28) ռեկորդ սահմանեց: Իսկ մրցաշրջանի ավարտին եվրոպական ֆուտբոլին հրաժեշտ տվեց ՉԼ-ում «Բարսելոնա»-ի հետ խաղում, որը նշանավորվեց կապտանռնագույն ակումբում Խավիի վերջին խաղով: Պիրլոն գնաց ԱՄՆ-ում իր ուժերը փորձելու եւ տեղափոխվեց Նյու Յորք: 

Հետաքրքրությունները

Պատանի տարիքից Անդրեան հանդիպել է Դեբորա Ռովեսիի հետ, ամուսնացել են 2011-ին, 2003-ին ծնվել է նրանց որդի Նիկոլոն, իսկ 2006-ին՝ դուստր Անջելան: 2014-ին զույգն ամուսնալուծվել է, ինչից հետո ֆուտբոլիստը սկսել է հանդիպել անշարժ գույքի գործակալ Վալենտինա Բալդինիի հետ, նրանք 2 երեխա ունեն:

Պիրլոն հայտնի գինեգործ է, նրան է պատկանում Pratum Coller գինեգործարանը, որը տարեկան 20 հազ. շիշ գինի է արտադրում:

Լուսանկարը` անձնական արխիվից


«Միշտ եմ գինի խմել, նույնիսկ, երբ փոքր էի: Մայրս այն ինձ համար ջրի հետ էր խառնում։ Սիրում եմ տարբեր շրջաններից ու արտադրողներից գինիներ խմել։ Նաեւ շատ եմ կարդում գինիների մասին ու փորձում հասկանալ գաղտնիքները»,- պատմել է նա: 

Nike-ն Անդրեայի համար նախագծել է գինու գույնի կաշվե կոշիկներ՝ ներբանի վրա «Արտադրված է 94 թվականին» գրությամբ: Հենց այդ թվականին է իտալացին սկսել իր կարիերան: 

«Պրոֆեսոր» եւ «Ճարտարապետ» անուններով հայտնի Պիրլոն գրել է «Մտածում եմ, հետեւաբար խաղում եմ» ինքնակենսագրական գիրքը: 

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին