Մայիս 30, 2025
exclusive
427 դիտում

«ՊՍԺ», թե՞ «Ինտեր»։ Իհարկե, ՀԵՆՈ


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Մայիսի 31-ին Մյունխենի «Ալյանս Արենա»-ն կդառնա եվրոպական ֆուտբոլի կենտրոնը։ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը այս անգամ կդառնա երկու տարբեր ֆուտբոլային փիլիսոփայությունների բախում. հարձակվողական եւ արտիստիկ «ՊՍԺ»-ն ընդդեմ տակտիկապես կայուն եւ կազմակերպված «Ինտեր»-ի։

Այս եզրափակիչը միայն պայքար չէ տիտղոսի համար․իսպանական ֆուտբոլի ազդեցությամբ ֆրանսիական ոճը՝ ավանդական իտալական ֆուտբոլային մշակույթի դիմաց։ Իսկ երբ ֆուտբոլը դառնում է գաղափարների բախում, արդյունքը հաճախ անցնում է խաղադաշտի սահմաններից դուրս։

Ճանապարհ դեպի եզրափակիչ

«ՊՍԺ»-ի ուղին դեպի եզրափակիչ կարելի է բնութագրել որպես խիզախ ու վայրիվերումներով լի։ Խմբային փուլում նրանք պայքարեցին մինչեւ վերջին տուր․ մրցաշարի մեկնարկում կրած պարտություններին եւ անհաջողություններին հաջորդեցին հաղթանակները, եւ կամքի շնորհիվ ֆրանսիացիները նետվեցին «փլեյ-օֆֆ»-ի գնացքը։ 1/16 եզրափակչում ֆրանսիացիները հեշտությամբ անցան «Բրեստին», իսկ արդեն 1/8-ում նրանց սպասում էր «Լիվերպուլը»։ Երկխաղյա ծանր դիմակայության արդյունքում խաղը տանելով մինչեւ 11 մետրանոցներ՝ նրանք դուրս եկան հաջորդ փուլ։ Դրամատիկ էր նաեւ քառորդ եզրափակիչը․ «Ասթոն Վիլլան» խաղաց իր ամբողջ ուժով եւ մի փոքր չհերիքեց, որ խաղը տեղափոխվի լրացուցիչ ժամանակ։ Կիսաեզրափակիչում «ՊՍԺ»-ին սպասում էր «Արսենալը», որը չկարողացավ դիմակայել ֆրանսիացիների հարձակման ուժին, նույնիսկ այն դեպքում, երբ առանց խնդիրների դուրս էր թողել պայքարից գործող չեմպիոնին՝ Մադրիդի «Ռեալ»-ին։

Լուսանկարը` Reuters


«Ինտեր»-ի ճանապարհը, ի տարբերություն մրցակցի, աչքի էր ընկնում տակտիկական հստակությամբ։ Նրանց խաղը ոչ միշտ էր գրավիչ աչքի համար, բայց անչափ արդյունավետ էր։ Սիմոնե Ինձագիի թիմը 1/8-ում վերահսկեց երկու խաղերը «Ֆեյենորդի» հետ, իսկ քառորդ եզրափակչում դուրս թողեց Մյունխենի «Բավարիային» շատ բարդ խաղերում՝ ապացուցելով, որ տակտիկան ու կարգապահությունը դեռեւս մեծ ուժ ունեն եվրոպական ֆուտբոլում։ «Բարսելոնայի» հետ կիսաեզրափակիչներն առանձին անդրադառնալու խաղեր են։ Երկու ճակատամարտ, երկու գոլառատ խաղեր։ «Ինտեր»-ին ամբողջ ֆուտբոլային աշխարհն արդեն դուրս էր թողել պայքարից, բայց այլ կարծիքի էր կենտրոնական պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին․ 93-րդ րոպեին նա գլխիվայր շրջեց խաղը՝ հավասարեցնելով հաշիվը եւ խաղը տանելով լրացուցիչ ժամանակ, որտեղ Ֆրատեզին ապահովեց եզրափակչի ուղեգիրը միլանյան ակումբի համար։

Լուսանկարը` Reuters


Տակտիկական վերլուծություն

«ՊՍԺ»-ն Էնրիկեի ղեկավարությամբ հիմնականում խաղում է 4-3-3 սխեմայով՝ շեշտը դնելով հորիզոնական լայնության եւ բարձր ճնշման վրա։ Կվարացխելիայի ձմեռային միացումը փոխեց թիմի տեմպը՝ ապահովելով ավելի մեծ ստեղծագործական խաղ ձախ եզրում։ Կվարացխելիան եւ Բարկոլան գրոհում են եզրերից եւ շարժվում դեպի կենտրոն՝ բացելով տարածություն Հակիմիի եւ Մենդեսի առաջխաղացումների համար։ Կիսապաշտպանությունում Վիտինյան ապահովում է կրեատիվությունը, իսկ Ֆաբիան Ռուիսը վերահսկում է խաղի տեմպը։

Լուսանկարը` Reuters


«Ինտեր»-ը ներկայանում է դասական 3-5-2 սխեմայով։ Պաշտպանության եռյակը՝ Բիսսեկը, Աչերբին եւ Բաստոնին ապահովում են խորքային պաշտպանական կայունություն։ Կիսապաշտպանության ճկունությունը ստեղծում են Չալհանօղլուն, Բարելլան եւ Մխիթարյանը, ովքեր գերազանց հավասարակշռություն են պահպանում՝ թույլ չտալով հակառակորդներին գտնել ազատ տարածություններ։ Դումֆրիսը եւ Դիմարկոն շատ ակտիվ են եզրերում՝ միաժամանակ օգնելով ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման կազմակերպման ժամանակ։ Հարձակման գծում Լաուտարո-Տյուրամ զույգը գործում է կիսապաշտպանության խորքից ստացած արագ փոխանցումների շնորհիվ եւ տեղափոխելով գնդակը եզրեր՝ բացում է մրցակցի պաշտպանությունը։

Լուսանկարը` Reuters


Հավանական կազմեր

Փորձենք գուշակել հավանական կազմերը։

«ՊՍԺ» (4-3-3)
Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոննարումա
Պաշտպանություն՝ Աշրաֆ Հակիմի, Մարքինյոս, Պաչո, Նունո Մենդես
Կիսապաշտպանություն՝ Ժոաո Նեվես, Վիտինյա, Ֆաբիան Ռուիս
Հարձակվողներ՝ Բարկոլա, Կվարացխելիա, Դեմբելե

Ինտեր (3-5-2)
Դարպասապահ՝ Յան Զոմեր
Պաշտպանություն՝ Բիսսեկ, Աչերբի, Բաստոնի
Կիսապաշտպանություն՝ Դումֆրիս, Բարելլա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո
Հարձակվողներ` Լաուտարո Մարտինես, Մարկուս Տյուրամ

Խաղի սցենարները եւ ռիսկերը

Եզրափակիչ խաղերը հիմնականում ձեւավորվում են ոչ միայն նախնական տակտիկական դասավորությամբ, այլեւ առաջին 15–20 րոպեների հոգեբանական, մենթալ եւ էներգետիկ բախման արդյունքում։ «ՊՍԺ»-ն եւ «Ինտեր»-ը խաղադաշտ դուրս կգան բոլորովին տարբեր մոտեցումներով, ինչը որոշելու է խաղի բուն ընթացքը։

Սցենար 1․ «ՊՍԺ»-ի արագ ճնշում

Լուիս Էնրիկեն կփորձի բացել խաղը բարձր տեմպով՝ ակտիվացնելով եզրերը։

Հակիմիի եւ Նունո Մենդեսի առաջխաղացումները մեծ տարածքներ կստեղծեն եզրերում։ Դեմբելեն եւ Կվարացխելիան իրենց դինամիկ արագացումներով կարող են խուճապ առաջացնել «Ինտեր»-ի պաշպանական համակարգում։ Եթե Ֆաբիան Ռուիսը եւ Վիտինյան կարողանան վերահսկել սկզբնական փուլը, «ՊՍԺ»-ն կարող է արագ գոլ խփել եւ ստիպել «Ինտեր»-ին բացվել։

Ռիսկեր

Նման ագրեսիվ մոտեցումը կարող է խոցելի դարձնել սեփական կենտրոնը։ Եթե Բարելլան կամ Մխիթարյանը կարողանան գնդակը վերցնել խորքից, Տյուրամն ու Լաուտարոն կունենան «1 vs 1»-ի իրավիճակներ։

Լուսանկարը` Reuters


Սցենար 2․ «Ինտեր»-ի պաշտպանական ցանց եւ հակագրոհներ

Սիմոնե Ինձագին տարիներ շարունակ կառուցել է իր թիմի պողպատե պաշտպանությունը։ 3-5-2 սխեման հնարավորություն է տալիս ոչ միայն փակել եզրերը, այլեւ թույլ չտալ կենտրոնից անցում կատարելու հնարավորություն։ Չալհանօղլուի եւ Բարելլայի գնդակի տիրապետումը կարող է դանդաղեցնել «ՊՍԺ»-ի փոխանցումների ռիթմը։ Հակագրոհների ժամանակ Դումֆրիսը եւ Դիմարկոն միանում են հարձակմանը՝ գրոհը դարձնելով 4 կամ նույնիսկ 5 հոգանոց։

Լուսանկարը` Reuters


Ռիսկեր

Եթե թիմը չափազանց խորն է նստում պաշտպանությունում, մրցակիցը կարող է սկսել ճնշել թիմին այնքան, որ այն չկարողանա նույնիսկ դուրս գալ սեփական կիսադաշտից։ Այս ճնշումը կարող է բերել վտանգավոր ստանդարտների, անկյունայինների եւ պաշտպանական սխալների։

Սցենար 3․ Ոչ ոքի եւ մենթալ դիմադրություն

Երկու թիմերն էլ այս մրցաշրջանում ապացուցել են, որ ունակ են պաշտպանել ոչ-ոքի հաշիվը մինչեւ վերջին վայրկյանները։ Խաղը կարող է շատ շուտ հավասարվել առանց բաց գոլային խաղի։ Կենտրոնում կիսապաշտպանների ճնշումը կարող է նվազեցնել գոլային գրոհների վտանգը։ Այս սցենարում, ամենայն հավանականությամբ, հանդիպումը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, իսկ ապա՝ 11-մետրանոցների, որտեղ ամեն ինչ կլուծվի հոգեբանական պատրաստվածության հաշվին։

Ռիսկեր

«ՊՍԺ»-ի՝ պատմական առումով վատ վիճակագրությունը լրացուցիչ ժամանակում կարող է ազդել հետագա ընթացքի վրա։

«Ինտեր»-ի փորձառությունն այս փուլում կարող է դառնալ հաղթանակի վճռական գործոն։

Ստանդարտներ՝ «Լռեցնող զենք»

Եզրափակիչում ստանդարտները հաճախ վճռորոշ դեր են խաղում։ Չալհանօղլուն ու Դիմարկոն գնդակը հիանալի կախում են մրցակցի տուգանային հրապարակ։ Դոննարումայի սխալ դիրքավորվելը նման պահերին կարող է վճռել ամբողջ խաղը։

Լուսանկարը` Reuters


Այս խաղը կլինի տակտիկական մենամարտ, որտեղ ոչ թե գնդակի տիրապետումը, այլ «սպասելու արվեստը» կարող է վճռել արդյունքը։ «ՊՍԺ»-ն կփորձի խաղը դարձնել դինամիկ եւ գեղագիտական, իսկ «Ինտեր»-ը՝ մեխանիկական ու մաթեմատիկորեն հաշվարկված։ Թեեւ առաջին հայացքից «ՊՍԺ»-ն ավելի «շքեղ» է, բայց «Ինտեր»-ն իր կայունության շնորհիվ երբեք դուրս չի մնում մրցակցությունից։

Մենթալ կայունությունը, մանր սխալները եւ «բարձր ճնշման պահերին» արագ կողմնորոշվելու ունակությունը կդառնան այս խաղի բանալին դեպի հաջողություն։

Լուսանկարը` Reuters


Կանխատեսում

Այս խաղի վերաբերյալ կանխատեսում անել չենք ուզում։ Սակայն, իհարկե, ունենք ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ, որ Հենրիկ Մխիթարյանը «Ինտեր»-ի հետ տիրանա «Ականջավոր գավաթին»։

Դավիթ Մակարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին