Ինչպես արդեն հայտնել ենք, շաբաթ օրը՝ հունիսի 14-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում կկայանա «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը։ Այս տարի մրցաշարին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր․ ուժերը կչափեն Վրաստանի, Ռումինիայի, Իսրայելի, Մոլդովայի, Հունգարիայի, Ղազախստանի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները, ինչպես նաեւ Գյումրի թիմը։։
Մրցաշարի կազմակերպիչները «Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիան է եւ Գյումրիի «ՄԵՆՔ» նախաձեռնությունը, գլխավոր հովանավորն է YoHealth հավելվածը։ Միջոցառման անցկացմանն աջակցել են «Շիրակ» եւ «Նոա» ֆուտբոլային ակումբները։
Գյումրիում մրցաշարն առաջին անգամ է անցկացվելու, սակայն հավակնում է ավանդական դառնալ։ Հայրաքաղաքում կազմակերպչական աշխատանքները ստանձնել է Գյումրիի «Մենք» հասարակական նախաձեռնությունը, որի հիմնադիրը ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն է։
Մեդիամաքսի թղթակցի հետ զրույցում Կարեն Սիմոնյանը նշել է, որ վստահ է՝ մրցաշարը միանշանակ «մեծ օգուտ է բերելու մեր երկրին, մեր ազգին, մեր սպորտային կյանքով ապրող մարդկանց»։
«Կրկնակի ողջունելի է, որ մենք այս մրցաշարը անցկացնում ենք Գյումրիում։ Փորձելու ենք 6 օտար երկրներից ժամանած լրագրողներին ներկայացնել մեր քաղաքը։ Գյումրին գեղեցիկ ավանդույթներ, պատմություն ունեցող քաղաք է, դրանցից մեկը հենց ֆուտբոլն է․ Գյումրիի «Շիրակ» ակումբը միշտ համարվել է մեր քաղաքի դեմքը, ինչ-որ տեղ էլ՝ ուրախության միակ աղբյուր ծանր տարիներին, որովհետև մարդիկ միայն ստադիոնում էին կարողանում ուրախանալ, երբ հաղթում էր «Շիրակը»։ Եվ եթե թիմը երկրորդ տեղն էր զբաղեցնում առաջնությունում, դա Գյումրու համար մեծ սուգ էր․ բոլորով տխրում էինք։ Հատկանշական է, որ «Շիրակը» ավանդաբար համալրված էր հենց գյումրեցիներով»,- նշել է Կարեն Սիմոնյանը։
Նրա խոսքով, մրցաշարը Գյումրիում անցկացնելու առավելությունները ոչ միայն սպորտային են, այլև մշակութային, որովհետև օտարերկրյա լրագրողները կվայելեն քաղաքը, պատմամշակութային ժառանգությունը, «համն ու հոտը», որից հետո Գյումրին կներկայացնեն եւ կգովազդեն իրենց երկրներում։
«Միանշանակ, որպես տուրիստական քաղաք, որպես մշակութային մայրաքաղաք Գյումրին դրանից շահելու է։ Եվ մենք փորձելու ենք նման մրցաշարերի անցկացման նոր բարձր չափանիշ սահմանել, որպեսզի այսուհետ մյուս երկրները և քաղաքները, որոնք նման մրցաշարներ են անցկացնելու, ձգտեն Գյումրիին հավասարվել։ Կարծում եմ, մենք պետք է վերադարձնենք ֆուտբոլային տոնը Գյումրի, եւ սա կարելի է որպես եւս մեկ փոքրիկ քայլ դիտարկել այդ ուղղությամբ»,- նշել է Սիմոնյանը։
Նա նաեւ ավելացրել է, որ մրցաշարի կազմակերպչական աշխատանքներում ներգրավվել են «Մենք» նախաձեռնության բազմաթիվ անդամներ, նաեւ՝ կամավորներ, որոնք օգնելու են օտարերկրյա եւ տեղացի լրագրողներին օրը տոնի վերածել։
Կարեն Սիմոնյանը ակնկալում է, որ հունիսի 14-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտը մարդաշատ է լինելու եւ բազմաթիվ գյումրեցիներ գալու են աջակցելու իրենց քաղաքի թիմին։ Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, մրցաշարում հաղթանակն ամենակարեւորը չէ։ Շատ ավելի կարեւոր է ցույց տալ լրագրողներին Գյումրիի մշակույթը, ավանդույթները, մարդկանց եւ անել այնպես, որպեսզի նրանց մոտ ցանկություն առաջանա վերադառնալ այստեղ ընտանիքի եւ ընկերների հետ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: