Հունիս 14, 2025
exclusive
443 դիտում

Յուրի Վարդանյանի ամենավառ մտքերը. Ափսոսում եմ, որ 1984-ին ամեն գնով չմեկնեցի ԱՄՆ ու չմասնակցեցի ՕԽ-ին


Լուսանկարը` osnmedia.ru

Լուսանկարը` Bruce Klemens

Լուսանկարը` A. Bochinin

Լուսանկարը` Bruce Klemens

Լուսանկարը` Bruce Klemens

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` osnmedia.ru

Լուսանկարը` Bruce Klemens

Լուսանկարը` osnmedia.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` Weightlifting House

Լուսանկարը` Bruce Klemens

Լուսանկարը` Bruce Klemens

Լուսանկարը` Weightlifting


Այսօր Աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդի հեղինակ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է:

Լեգենդար ծանրորդը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին Լենինականում: Ծանրամարտով սկսել է զբաղվել 1970-ից, իսկ դրանից 7 տարի անց համալրել ԽՍՀՄ-ի հավաքականի կազմը:

Անցյալից եկած հերոսները. Յուրի Վարդանյան


Իր կարիերայում 3 անգամ մեկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել: Նման ցուցանիշ է գրանցել Լենինգրադում կայացած Սպարտակիադայում: Նրա փայլուն ելույթի շնորհիվ Հայաստանի ընտրանին 2-րդ արդյունքն է ցույց տվել ու 2-րդ տեղը գրավել՝ զիջելով միայն Ռուսաստանին: Ապա ռեկորդային են ստացվել Օլիմպիական խաղերն ու Դրուժբա-84 մրցաշարը՝ երկամարտի ցուցանիշը հասցրել է 405-ի:

1985-ին Վարդանյանն իր վերջին Աշխարհի առաջնությանն է մասնակցել ու հաղթել: Այդ տարի էլ ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ եւ սկսել զբաղվել քաղաքականությամբ: 1991 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել։ Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական եւ հասարականան գործունեությամբ։

Մարզիկի ծննդյան առիթով հավաքել ենք տարբեր տարիներին նրա հնչեցրած մտքերը:



Նվաճումների սկիզբը

ԽՍՀՄ-ի հավաքականում 1975 թվականից եմ սկսել հանդես գալ: Այդ ժամանակ էլ առաջին լուրջ հաջողությանս եմ հասել՝ երիտասարդական ԱԱ-ում ռեկորդներ եմ սահմանել ու առաջին տեղը գրավել: 2 տարի անց արդեն մեծերի Աշխարհի չեմպիոն էի, հաջողությունս կրկնեցի 6 տարի շարունակ՝ 1978-1983 թթ: Ապա Աշխարհի ոսկի նվաճեցի մեկ տարվա ընդմիջումից հետո՝ 1985-ին:

Հորեղբայրս ու մարզիչս՝ Սերգեյ վարդանյանը թեեւ հպարտանում էր ինձնով, սակայն մշտապես կրկնում էր, որ բարձունքում մնալն ավելի դժվար է, քան այն նվաճելը: Նա չէր ցանկանում, որ այդ հաջողությունից ու հայտնիությունից գլուխս կորցնեմ

Առաջին 0-ն

Մեկ օրում ես մեծացա, երբ Եվրոպայի առաջնությունում 0 ստացա: 3 անգամ գցեցի ծանրաձողն ու 3 անգամ էլ չէի հավատում դրան: Միայն մեկ ցանկություն ունեի՝ անհետանալ, ես հուսախաբ էի արել մեր թիմին:

Օլիմպիական ոսկին

Ես նայեցի ծանրաձողին: Լսում էի մարդկանց ձայները, բայց նրանց չէի տեսնում: Զգում էի բոլոր մկաններս: Ծանրաձողը հարթակից անձայն պոկեցի, այդ լարվածությունն ինձ ծանոթ էր, զգացի ծանրությունը: Աստիճանաբար ծանրաձողը սկսեց ենթարկվել ինձ: Իսկ հետո հասկացա, որ հաղթանակն իմն է:

Լուսանկարը` Bruce Klemens


1980 թվականի Օլիմպիական խաղերում ոչ միայն հաղթեցի, կարող էի միանգամից 3 քաշային կարգերում չեմպիոն հռչակվել, եթե թույլատրվեր մասնակցել: Պատկերացնո՞ւմ եք՝ միանգամից 3 ոսկե մեդալ: Բարձրացրի այն կիլոգրամները, որոնք ցանկանում էի: Իմ երազանքն էր 400 կգ գրանցել:

Երբեք չեմ մոռանա այս դրվագը: Երբ հրեցի 222,5 կգ, մրցումները մեկնաբանող Նիկոլայ Օզերովը մի քանի րոպե ոչինչ չէր կարողանում ասել, պարզապես լռել էր: Այդ մասին ինքն է ինձ պատմել: Այն ժամանակ պետք էր հնարավորինս քիչ էմոցիոնալ լինել եթերում: Ամբողջ դահլիճն էր կանգնած ծափահարում, երկար ժամանակ ծափերը չէին դադարում: Իսկ դահլիճից հեռանալու համար երեք ժամ պահանջվեց, այնքան շատ երկրպագուներ էին շրջափակել ինձ:

1984-ի Լոս Անջելեսի խաղերին չմասնակցելը

Չեք պատկերացնի, թե որքան ցավալի էր ինձ համար: Երբ Սպորտկոմիտեի նախագահ Գրամովը պաշտոնական մամուլի ասուլիս ունեցավ ԱԳՆ-ում ու հայտնեց, որ սովետական թիմը չի մասնակցելու խաղերին, նա, չգիտես ինչու, բոլոր մարզիկներից հենց ինձ էր ընտրել, որ իր կողքին նստեմ: Ես ասուլիսի ժամանակ մի բառ անգամ չասացի, բայց Գրամովը խոսելիս անընդհատ իմ կողմն էր նայում ու գլխով անում, ասես որոշում կայացնողը ես էի եղել: 

Փոխարենը նրանք կազմակերպեցին Բարեկամություն-84 խաղերը, ես կրկին 5 ռեկորդ սահմանեցի ու երկամարտում գրանցեցի 405 կգ: Չնայած Բուլղարիայում հաղթեցի նրանց սիրելի Զլատեւին, դահլիճը Մոսկվայից ոչ պակաս ջերմ ողջունեց ինձ:

Լուսանկարը` Bruce Klemens


Եթե այն ժամանակ քաղաքականությունից այնպես հասկանայի, ինչպես հիմա, ամեն ինչի վրա թքած կունենայի: Ամեն գնով ԱՄՆ մեկնելու թույլտվություն կստանայի ու հանդես կգայի Օլիմպիական դրոշի տակ: Այդ ժամանակ ԱՄՆ-ում մոտ 700 հազ. հայ կար: Մի՞թե նրանք իրենց աչքերով չէին ցանկանա տեսնել Վարդանյանի ելույթը: Այնտեղ անգամ մեկ ոտքի վրա կանգնած՝ պատրաստ էի հաղթել ցանկացածին: Դրա համար էլ այդքան ցավալի էր, անչափ ցավալի:

Հանուն հայ ժողովրդի

Իմ կարիերայի ընթացքում կարողացել եմ կրկնապատկել ու անգամ եռապատկել նվաճումներս: Ինձ համար հաղթանակների հասնելու ամենամեծ խթանը եղել է մեր ժողովրդի հավատը: Նրանք այնքան էին վստահում ինձ եւ ուրախանում հաջողություններով, որ չէի կարող հուսախաբ անել: 

Մարդկանց առաջ պատասխանատու լինելու զգացումն ամեն ելույթից առաջ ինձ ուժ էր տալիս: Իսկ իմ ամենամեծ մրցակիցը հենց ծանրաձողն է եղել, ես երկաթի դեմ էի պայքարում, երբ մնացած բոլոր ծանրորդները ավարտած էին լինում իրենց փորձերը:

ԱՄՆ տեղափոխությունը

Իմ մեղքը չէ, որ բոլոր նվաճումներիս հասել եմ ԽՍՀՄ-ի տարիներին: Այն ժամանակ երկրի ղեկավարներից շատերի հետ լավ հարաբերություններ ունեի: ՀԽՍՀ կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարր Կարեն Դեմիրճյանն ասես հայր լիներ ինձ համար, նա իր հերթին ինձ հոր պես էր վերաբերվում:

Լուսանկարը` Bruce Klemens


Բայց հետո քաղաքական իրարանցումներ ու անհամաձայնություններ սկսվեցին, ԽՍՀՄ-ն փլուզվեց, ու բնականաբար նոր կառավարության ներկայացուցիչներն առաջին հերթին փորձեցին իրենց կողմը գրավել բոլոր հայտնի մարդկանց: Ինքներդ էլ եք պատկերացնում, թե իմ հեղինակությունն այն ժամանակ որքան բարձր էր: Դրա համար մի քանի անգամ այցելեցին ինձ ու փորձեցին համոզել, որ պաշտոնապես կառավարությանն աջակցություն հայտնեմ, որպեսզի ժողովրդի շրջանում արագ հարգանք ձեռք բերեն: Իհարկե, հրաժարվեցի։ 

Այս իրադարձություններից կարճ ժամանակ առաջ առաջարկ էի ստացել մեկնել ԱՄՆ ու պայմանագիր կնքել այնտեղի ծանրամարտի ֆեդերացիայի հետ: Այնպես որ, երկար չմտածեցի ու սկսեցի զբաղվել թղթաբանությամբ: Նույնիսկ չէի մտածում, որ այդքան երկար ժամանակով կմեկնեմ: 

Պայմանագիրս ընդամենը մեկ տարով էր, մինչ այդ առանձնապես ամերիկացիների հետ չէի առնչվել, հնարավոր է, նրանք էլ իրենց հերթին ցանկանում էին հասկանալ, թե ինչպիսի մասնագետ եմ: Ահա այդպես էլ հավաքվեցի ու մեկնեցի երկրից այն հույսով, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում ամեն ինչ կկարգավորվի ու նորից կվերադառնամ:

Լուսանկարը` A. Bochinin


Դժվարությունները

Հատկապես դժվար էր անգլերենը չիմանալու պատճառով: Պայմանագրով ԱՄՆ-ի հավաքականի խորհրդականն էի, իսկ մեկ տարի անց դարձա «Չիկագո Բուլզ» բասկետբոլային ակումբի ֆիզիկական պատրաստվածության մարզիչը։ Այն տարիներին թիմն անընդհատ առաջատարների թվում էր: 

Բասկետբոլային թիմի մարզիչներին իմ մասին պատմել էին ծանրամարտի մասնագետները: Առհասարակ սպորտում ընդունված է ֆիզիկական պատրաստվածության առումով շատ բան փոխառել ծանրորդներից։ 

Նրանք ինձ անմիջապես ասացին, որ տեղյակ են տեղափոխությանս ու առաջարկված պայմաններից դժգոհ լինելու մասին: Իսկ ես ոչ թե դժգոհ էի, այլ եկել էի ժամանակ շահելու, մինչեւ որ մեր երկրում ամեն ինչ կկարգավորվեր:

«Չիկագո Բուլզ»-ում

Այդ ժամանակ ակումբում էին հանդես գալիս Մայքլ Ջորդանն ու Սկոտի Պիպենը, որոնք հրաշալի տղաներ էին։ Զարմացած էի, թե ինչպես էին լսում մարզչին ու որքան ուշադիր կատարում առաջադրանքները: Այնքան հստակ էին հասկանում, թե ինչի են ուզում հասնել այս կյանքում, որ անհնար էր չհիանալ նրանցով։

Լուսանկարը` Bruce Klemens


Ակումբի հետ աշխատեցի մոտ 4 տարի։ Պայմանագրիս պայմանների համաձայն՝ պարտավոր չէի թիմի հետ անընդհատ խաղերի մեկնել, բայց հաճախ էի ներկա լինում։ Աշխատանքային պայմանները պարզապես հրաշալի էին։ Երբեք նման մարզասրահներ չէի տեսել, նկատի չունեմ բասկետբոլի դահլիճները, այլ հենց մարզումայինները: 

Ամբողջ աշխարհում եմ եղել ու շատ բան տեսել, ոչ մի տեղ նման հիանալի մարզասարքեր չկան։ Եվ ընդհանուր առմամբ է աշխատանքի հետ կապված ամեն ինչ ամենաբարձր մակարդակի վրա՝ բժշկություն, վերականգնում: Թեեւ մարզումների առումով ինձ համար որեւէ նոր բան չկար։ ԱՄՆ-ում, ինչպես եւ շատ եվրոպական երկրներում, հիմնականում օգտագործում են Խորհրդային Միությունում գոյություն ունեցող մարզումների համակարգը, պարզապես դա անում են ավելի ժամանակակից ձեւերով։ Նրանք իրենց սեփական մարզումային մեթոդները չունեն:

Աշխատելուն զուգահեռ շարունակում էի հարմարվել ԱՄՆ-ում: Ծնողներիս եւս հրավիրեցի մեզ մոտ, աստիճանաբար եկա այն մտքին, որ պետք է տեղափոխվեմ Կալիֆորնիա, որպեսզի հայ համայնքին ավելի մոտ լինեմ: Կնոջս գրեթե բոլոր հարազատները նույնպես տեղափոխվեցին մեզ մոտ։ Միայն իմ բարեկամներն էին մնացել Հայաստանում։ Նրանք գիտեին, որ տուն վերադառնալու հույսը չեմ կորցնում:

Լուսանկարը` Bruce Klemens


Շարունակում էի մրցումների մասնակցել, բայց միայն այն պատճառով, որ միջնեկ որդիս լրջորեն զբաղվում էր ծանրամարտով։ Նա ԱՄՆ հավաքականի անդամ էր, ավելի երջանիկ կլինեի, եթե ներկայացներ Հայաստանը (2012-ի Լոնդոնի խաղերում Նորայր Վարդանյանը հանդես է եկել Հայաստանի դրոշի տակ,-խմբ.)

Ինքս 12 տարի շարունակ ելույթ եմ ունեցել բարձր մակարդակով ու 7 տարի անընդմեջ ԽՍՀՄ-ի լավագույն 10 մարզիկների թվում եղել։ Ոչ մի այլ մարզիկ չի կարող պարծենալ նման նվաճմամբ։ 

Անատոլի Կարպովն այդ ցանկում 6 անգամ է եղել, Իրինա Ռոդնինան՝ 5, գլուխ չեմ գովում, պարզապես շատ դժվար էր անընդհատ ամենաբարձր մակարդակով մրցել ու հասնել նման արդյունքների։ 

Վերջին անգամ հաղթել եմ 1985 թվականին Աշխարհի առաջնությունում ու մտածում էի՝ մի փոքր հանգստանալուց հետո մասնակցել 1988 թվականի Սեուլի խաղերին, բայց չստացվեց: Այդպես էլ սահուն կերպով ավարտեցի կարիերաս:

Հետաքրքրությունները

Գույներից բաց կապույտն եմ սիրում, եղանակներից՝ ձմեռը, երբ մեծ փաթիլներով ձյուն է գալիս, մրգերից՝ նուռը, ճաշերից էլ՝ մայրիկիս տոլման: 

Լուսանկարը` olympic-weightlifting.ru


Միշտ հիշում եմ քիմիայիս ուսուցչուհու այս խոսքը՝ «Ջահելը չպետք է հուսահատվի, ջահելը միշտ պետք է հաղթի»: 

Մի խոսք էլ կա, որը շատ եմ սիրում. «Ով ուզում է աշխատել՝ միջոց է գտնում, ով չի ուզում՝ պատճառ»: Դրանք են իմ նշանաբանները:

Իսկ ծանրաձողը մինչեւ մտքովս չբարձրացնեմ, ձեռքով չեմ փորձի: Այն օրերին, որ չեմ մարզվում, մարմինս եռ է գալիս, ամեն մկանս պետք է աշխատի: 

Երբ մարդկանց եմ հանդիպում, նրանց մարմնի բոլոր թերությունները տեսնում եմ, բոլորն էլ պետք է սպորտով զբաղվեն»:

Միշտ երեխաների հետ եմ մարզվում, նրանց հետ հետաքրքիր է եւ ուրախ: Նրանցից ոգեւորություն եմ քաղում, երիտասարդանում մեր շփումից: Երեխաները երկրպագում են ինձ, ոմանք էլ՝ փորձում նմանվել: Համոզված եմ, որ նաեւ մտածում են. «Եթե նա կարողացել է, ինձ մոտ էլ անպայման կստացվի»:

Սպորտը մաքրություն է եւ չպետք է կեղտոտվի որեւէ մեկի հավակնություններով ու կարճ խելքով:

Մեջբերումներ են արվել «Ռիա Նովոստի»-ի կայքից, «Մարզիկ» ամսագրից եւ «Յուրի Վարդանյան. Իրականությո՞ւն, թե ֆանտաստիկա» գրքից:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին