Մայիս 23, 2025
exclusive
120 դիտում

Երեք անմոռանալի հանդիպում Նովակ Ջոկովիչի հետ․ Այսօր նրա ծննդյան օրն է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Չկա մի տիտղոս, որը Նովակ Ջոկովիչը նվաճած չլինի։ Նա ոչ միայն մեր օրերի, այլ նաեւ համաշխարհային սպորտի ողջ պատմության լեգենդար դեմքերից է։

Ջոկովիչի մասին բազմաթիվ հոդվածներ Mediamax Sport-ը բազմիցս է գրել։ Այսօր նրա ծննդյան օրն է եւ որոշեցինք ոչ թե պատմել նրա ֆենոմենալ ելույթների, այլ նրա հետ ունեցած մեր հանդիպումների մասին։


Մեր թիմը՝ Հասմիկ Բաբայանն ու Գոհար Նալբանդյանը, առաջին անգամ Օլիմպիական խաղեր մեկնել էր 2016-ին։ Ռիոյի մարզակառույցները շատ համար էին դասավորված, մեկը մյուսին այնքան մոտ, որ կարող էիր թեկուզ կես ժամ ազատ ժամանակ ունենալու դեպքում մտնել մեկ այլ դահլիճ ու հետեւել այլ մրցման։

Թենիսի կորտերը հենց կենտրոնական մասում էին։ Լինելով թենիսի սիրահարներ՝ մենք աշխատում էինք համաշխարհային աստղերի մասնակցությամբ հանդիպումները բաց չթողնել։ Իհարկե, նրանց թվում էր նաեւ Նովակ Ջոկովիչը։

Մենք նրա մասնակցությամբ տեսանք երկու հանդիպում։ Առաջինը մենախաղերում էր, երբ Ջոկովիչը մրցում էր Խուան Մարտին դել Պոտրոյի դեմ։ Հանդիպումը կենտրոնական կորոտում էր, որը լեփ-լեցուն էր երկրպագուներով։ Նման աստղերի խաղին բոլորն էին երազում ներկա լինել։ Հենց մեկնարկում սերբ թենիսիստը երկու սեթում պարտվեց այդ պահին ավելի լավ մարզավիճակում գտնվող արգենտինացուն, որը հետագայում դարձավ խաղերի արծաթե մեդալակիր։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ջոկովիչը շատ տխուր ու գլխիկոր լքեք կորտը, չնայած նրան արժանացրին ջերմ ծափահարությունների։ Երբ հեռանում էինք մրցավայրից, տեսանք տասնյակ մարդիկ են հավաքվել մուտքի մոտ։ Այնտեղից դուրս էր գալիս Ջոկովիչը, իսկ երկրպագուները մեծ ոգեւորությամբ սպասում էին նրան։ Նա լուսանկարվեց մի քանիսի հետ ու արագ հեռացավ։

Ջոկովիչը հանդես էր գալիս նաեւ զուգախաղում։ Օրեր անց մենք կրկին բախտ ունեցանք հետեւել նրա ելույթին։ Այս անգամ եւս այն հաջող չդասավորվեց նրա համար եւ Սերբիան պարտություն կրեց Բրազիլիայից։ Բավական ուշ ժամ էր եւ որոշեցինք միանգամից գնալ մամուլի կենտրոն։ Բայց այնտեղ շուտ չհասանք, որովհետեւ տեսանք դեպի մեզ քայլող Ջոկովիչին։ Սա լավագույն պահն էր նրան մոտենալու համար։ Չնայած հոգնածությանն ու տխրությանը, նա սիրով համաձայնեց լուսանկարվել մեզ հետ։ Իսկ մինչ այդ մենք նրան ասացինք, որ անկախ արդյունքից նա լավագույններից է, ինչն ընդունեց ժպիտով ու շնորհակալություն հայտնեց։ Հարցազրույցի առաջարկը մերժեց, քանի որ նոր էր մրցումն ավարտել ու շտապում էր հեռանալ։


Ջոկովիչի հետ հաջորդ շփումը մենք ունեցանք Փարիզում։ Նրա ու Ռաֆա Նադալի հանդիպման օրը Հայաստանը ներկայացուցիչ չուներ, իսկ մենք առիթը բաց թողնել չէինք կարող ու շտապեցինք Ռոլան Գարոսի կենտրոնական կորտ։ Թե ինչ էր կատարվում այնտեղ, դժվար է նկարագրել։ Փարիզի սիրելի Նադալն աջակցության պակաս ընդհանրապես չուներ, սակայն Ջոկովիչի երկրպագուների թիվը եւս քիչ չէր։ Շոգ եղանակը նրանք կարողացան ավելի թեժ դարձնել՝ ծավալելով անզիջում պայքար։ Հաղթողը Ջոկովիչն էր, որն օրեր անց դարձավ Օլիմպիական չեմպիոն։


Ռոլան Գարոսի մամուլի կենտրոնում հանդիպմանը նվիրված նյութը պատրաստելուց հետո շրջում էինք այդ հսկայական համալիրում, երբ Ջոկովիչն իր թիմի հետ արդեն հեռանում էր։ Բնականաբար, նա կրկին բոլորին սիրալիր ողջունեց, իսկ մեզ որպես հին ծանոթներ նույնիսկ որպիսությունը հարցրեց՝ հիշելով Ռիոյի մեր հանդիպումը։ Դե իհարկե, այս վերջին մասը հորինեցի, չէ՞ որ նա արագ նստեց մեքենան ու հեռացավ՝ մեզ չտեսնելով։ Հակառակ դեպքում հաստատ երկու բառ կփոխանակեր։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ջոկովիչի մասին այս հուշերով էլ ավարտենք մեր անդրադարձը եւ կրկին շնորհակալ լինենք բախտին, որ նման թենիսիստի ժամանակակիցներ ենք ու հետեւում ենք նրա ելույթներին։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին