Հունվարին Նովակ Ջոկովիչը նվաճեց իր կարիերայի 22-րդ Մեծ Սաղավարտն ու Ավստրալիայում տարավ 10-րդ հաղթանակը՝ նորից դառնալով առաջին ռակետ: Սերբ թենիսիստին ավելի լավ հասկանալու համար ծանոթանանք նրա մտքերին՝ հաղթահարած դժվարությունների, չհանձնվելու, իրեն հավատալու ու սիրած գործով զբաղվելու մասին:
«Հավատն իմ կյանքում մեծ դեր ունի ու անդրադառնում է ոչ միայն թենիսի վրա, այլ նաեւ անձնական կյանքի: Այն պետք է ամեն մարդու կյանքի բաղկացուցիչ մասը լինի ու օգնի դժվար պահերին:
Երիտասարդ տարիքում շատ էմոցիոնալ էի ու կասկածներով լի: Չգիտեի՝ կկարողանամ արդյոք հայտնվել բարձունքում: Բայց դա ինձ հաջողվեց ու առաջին հերթին սեփական ուժերիս նկատմամբ հավատի շնորհիվ:
Որքան երկար ես թենիս խաղում, այնքան ավելի ես խելացի դառնում: Հասկանում ես, թե ինչ է պետք անել ու ինչի կարիքը չկա: Առաջ չափազանց շատ էներգիա էի ծախսում երկրորդական բաների վրա:
Երբեք չեմ ցանկանում ձեռքբերածի վրա կանգ առնել: Միշտ պետք է փորձել առողջ լինել ու պատրաստ՝ գնալ նոր փորձությունների հետեւից: Գիտեմ, որ իմ խաղով կարող եմ բոլոր տեսակի կորտերի վրա էլ հաջողության հասնել:

Լուսանկարը` selecciones.com
Մի քանի տարի առաջ գլխումս կարծես անջատիչ միացավ: Շատ էմոցիոնալ մարդ եմ, կորտից դուրս գործերն այնքան էլ լավ չէին ընթանում ու դա անդրադառնում էր իմ խաղի վրա: Հետո պատճառը պարզեցի, լուծում գտա ու ամեն ինչ իր տեղն ընկավ: Ինձ համար կարեւոր էր անձնական ու պրոֆեսիոնալ կյանքն իրարից տարանջատելը: Դա միշտ չէ, որ հնարավոր է, քանի որ բոլորս էլ կենդանի մարդիկ ենք: Երբ կյանքում որեւէ բան վատ է ընթանում, հնարավոր չէ այդ մասին լիովին մոռանալ կորտում, բայց ես կարողացա:
Աստիճանաբար եմ հասունացել թենիսում, դարձել ավելի ուժեղ, արագ, հոգեբանորեն պատրաստ եւ մոտիվացված: Արդեն գիտեմ՝ ինչպես է պետք արձագանքել շուրջս տեղի ունեցողին եւ ինչպես խաղալ կարեւոր հանդիպումներում:
Սերբիայում ունեցած կյանքից այնպիսի դրվագներ եմ հիշում, որոնք կուզեի մոռանալ, ոչ մեկին չեմ ցանկանա նման բաների միջով անցնել, որոնք ընտանիքս է հաղթահարել: Տեսնել, թե ինչպես է ինքնաթիռը քո գլխավերեւում ռումբեր նետում, 2,5 ամիս շարունակ արթնանալ ու զգալ, որ պատերազմ է ընթանում: Նման բաները հիշել չես ուզում, բայց դրանք է, որ քեզ ուժեղ են դարձնում: Ավելի շատ ես սկսում կյանքը գնահատել ու հասկանալ, որ ոչինչ ավելի կարեւոր չէ, քան առողջությունը, ընտանիքն ու ընկերները:

Լուսանկարը` ATP
Մյուս կողմից էլ նման պատերազմների ժամանակ մարդիկ միավորվում են, ավելի մտերիմ ու պատրաստակամ դառնում: Դրա համար էլ երեխաներով 4-5 ժամ թենիս էինք խաղում, օրեր շարունակ ակումբում էինք լինում, քանի որ այլ բանով զբաղվել չէինք կարող: Փոխարենը ունեցանք այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Յանկո Տիպսարեւիչը, Նենադ Զիմոնժիչը, բոլորս էլ անցել ենք այդ ամենի միջով:
Հաճախ են հարցնում, թե ինչպես է ստացվել, որ Սերբիայի պես փոքր ու խնդիրներով լի երկրում այդքան լավ խաղացողներ կան: Որեւէ խելամիտ բացատրություն չկա, թենիսն ի տարբերություն թիմային ձեւերի, մեր երկրում զարգացած չի եղել ու պետական աջակցություն չի ստացել, ինքներս ենք մեր ճանապարհը հարթել: Գուցե եւ պատահական է, որ բոլորս միաժամանակ անուն ձեռք բերեցինք, դրան նպաստեց նաեւ մեր կոփվածությունը:

Լուսանկարը` Getty Images
Միշտ առավելագույնս եմ տրվում, այն խաղացողներից չեմ, որոնք ֆավորիտի կարգավիճակում էլ զիջում են:
Իհարկե, միշտ չի ստացվում լավ հանդես գալ, բայց պետք է գտնես հաղթելու ձեւը, եթե չես ուզում մարզվել, ստիպված հավաքվում ես ու դուրս գալիս կորտ, չէ՞ որ դա քո կյանքն է ու սեփական ընտրությունդ: Ինձ միշտ ոգեշնչում է Մեծ Սաղավարտի եւս մեկ մրցաշարում հաղթելը: Ու քանի դեռ նման մոտեցում ունեմ, պրոֆեսիոնալ թենիսիստ կմնամ:
Պատանի տարիքում շատ է եղել, որ ինքս ձեռքով լվանամ շորերս: Այն ժամանակ ամեն եվրոն թանկ էր, հիմա է, որ մեր փոխարեն ամեն ինչ անում են: Իմ լվանալուց հետո գրունտե ծածկի պատճառով ողջ հագուստս կարմրում էր:
Իմ կյանքում ամենամեծ պայքարը, որքան էլ կարեւոր եզրափակիչներում եմ խաղացել ու ուժեղ մրցակիցների հանդիպել, եղել է իմ ներսում: Միշտ եմ չափազանց պահանջկոտ ու խիստ իմ նկատմամբ, բայց եւ վստահ եմ ուժերիս, ինչը կորտում միանշանակ օգնում է:

Լուսանկարը` ATP
Պարզապես պետք է ընդունել, որ ամեն խաղում չէ, որ կարողանալու ես հաղթել: Քիչ չեն եղել եզրափակիչներ, որոնցում զիջել եմ, դրանց հստակ թիվը չեմ էլ հիշում, փոխարենն անգիր գիտեմ, բոլոր կարեւոր ու գեղեցիկ նվաճումներս:
Երջանիկ եմ, որ կյանքս կապել եմ թենիսի հետ, այս մարզաձեւը սիրում եմ ամբողջ սրտով:
Միշտ պետք է կենտրոնանալ նպատակիդ վրա ու դիմակայել բոլոր գայթակղություններին, որոնք կառաջանան ճանապարհիդ:
Հասկանում եմ այն նուրբ սահմանը, որը բաժանում է հաղթանակները պարտություններից: Ամեն ինչ փխրուն է, դրա համար մեկ նպատակ կա՝ շարունակել աշխատել ամեն օր:
Շարունակելու եմ անել այն, ինչն ինձ մոտ ամենալավն է ստացվում՝ առաջիկա խաղից ավելի հեռուն չնայել, պահպանել դրական տրամադրվածությունն ու առաջ շարժվել:

Լուսանկարը` ATP
Հավատը սեփական ուժերի նկատմամբ կարելի է նույնքան արագ կորցնել, որքան եւ ձեռք բերել: Դրա համար պետք է միշտ գործել առավելագույն ուժերով:
Ամեն մրցաշրջան յուրովի է ստացվում, միշտ հնարավոր չէ գագաթին գտնվել ու հաղթել բոլոր մրցաշարերում:
Ինձ դուր է գալիս, որ այդքան լեգենդար թենիսիստներ մարզիչներ են դարձել, դա մեծացնում է մարզաձեւի նկատմամբ հետաքրքրությունը:
Ռաֆայել Նադալի հետ ստիպել ենք իրար դեմ խաղալ մեր հնարավորությունների սահմաններում, մրցակցությունը մեզ օգնել է երկուստեք հաջողության հասնել: Ֆեդերերին շատ եմ հարգում, ընկերներ չենք, քանի որ նման մարդիկ իմ կյանքում շատ քիչ են: Փոխարենը շատ ենք հարգում իրար:

Լուսանկարը` ATP
Տարիների ընթացքում սովորել եմ կառավարել վախերս: Շատ կարեւոր է հասկանալ ու հավատալ քեզ: Վախեր բոլորն են ունենում, խնդիրը դրանից խուսափելը չէ, այլ դրանց աչքերի մեջ նայելն ու լուծումներ գտնելը:
Պատահում էր, որ ճնշմանը դիմանալ չէի կարողանում, բայց անհաջողություններից դասեր եմ քաղել ու այդ ամենից ավելի ամուր դուրս եկել:
Երբ սիրած գործով ես զբաղվում, դժվարություններն էլ հաղթահարելի են: Այլապես չէիր դիմանա օրական 5-6 ժամ տեւող մարզումներին ու դրանք քեզ բնավ էլ հեշտ չէին թվա:
Միշտ սիրով եմ հիշում մանկությունս, երբ երազում էի առաջին ռակետ դառնալ: Շատ եմ աշխատել, որ այդ նպատակս կյանքի կոչեմ, բայց դրանից ավելի շատ էլ պահանջվեց, որ շարունակեմ պահել այդ տեղը:

Լուսանկարը` AP
Չեմպիոն համարվելու համար միայն հաղթանակները քիչ են, պետք է նաեւ անհատականություն լինես, ուժեղ բնավորություն, արժանապատվություն ունենաս, կարողանաս կարեկցել ու համեստ մնալ: Իմ պատկերացմամբ՝ չեմպիոնը հավաքական հասկացություն է:
Ամեն մարզիկ նախ եւ առաջ իր երկիրն է ներկայացնում ու դա պետք է հնարավորինս լավ անի: Փորձի ցույց տալ, թե սպորտն ինչպես կարող է դրական ազդել մարդկանց կյանքի վրա եւ մեծ փոփոխություններ առաջացնել: Սպորտն օգնում է աշխարհն ավելի լավը ներկայացնել՝ ի հակադրություն նրա, ինչ ամեն օր մեզ մատուցում են ԶԼՄ-ը»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: