Զլատան Իբրահիմովիչը վերջերս հայտնվել էր իտալական GQ-ի շապիկին ու պատմել, թե ինչպես է անցկացնում կյանքը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո ու խոսել իր բնավորության քիչ հայտնի կողմերի մասին:
«42 տարեկանում դադարեցի ֆուտբոլ խաղալ ու ինքս ինձ ասացի. «Պետք է իրատես լինես»: Անհրաժեշտ է կարողանաք ընդունել, որ էլ նույն մարդը չես: Ցանկացած ֆուտբոլիստի ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ ընդունի իրականությունն ու իր եսասիրությունը մի կողմ դնի: Պետք է կարողանա գիտակցել, որ պիտանելիության ժամկետն անցել է: Ես արեցի դա ու ընդունեցի իրականությունը: Դրանից հետո հանգստություն ձեռք բերեցի, այդ պահից սկսած ամեն ինչ այլ է: Դա անելը հենց ամենաբարդն էր:
Հետո թեթեւացած շունչ քաշեցի, քանի որ այդքան տարիների աղմուկից հետո կարող էի ընտանիքիս հետ հանգիստ ժամանակ անցկացնել: Սկսեցի վայելել կյանքն ու ինձ հալումաշ չանել ամենօրյա մարզումներով: Շատ ժամանակ էի անցկացնում ընտանիքիս հետ, այն մարդկանցից չեմ, որ նախընտրում են դրսում գիշերային կյանք վարել: Եթե ուսումնասիրեք իմ Ինստագրամ-ի էջը, այնտեղ երբեք չեք գտնի կնոջս կամ երեխաներիս լուսանկարները, որովհետեւ ինձ համար նրանք սուրբ ու անձնական են:

Լուսանկարը` GQ
Եվ ահա, այն բանից հետո, երբ դադարեցի խաղալ, իմ ողջ ուշադրությունը նրանց վրա էր կենտրոնացրած: Ընտանիքիս շնորհիվ սկսեցի կյանքը նորովի ապրել: Կարիերայիս ակտիվ տարիներին նրանց համար քիչ ժամանակ ունեի, շատ էի ուզում այդ բացը լրացնել ու վերջապես դա ինձ հաջողվեց:
Անգամ չեմ էլ փնտրել, թե ինչով կարելի է զբաղվել: Մտածեցի՝ մի շտապիր, նայիր, թե շուրջդ ինչ է կատարվում, մի քիչ դանդաղիր ու հարմարվիր նոր կյանքիդ: Դրանից 3 ամիս անց եկա Միլան տղաներին տեսնելու: Զրուցեցի ակումբի գործադիր տնօրեն Գիորգիո Ֆուրլանիի հետ ու նա ինձ ասաց. «Պետք է ծանոթանաս Ջերի Կադինալեի հետ»:
Այդպես էլ ծանոթացանք ու խոսեցինք: Նա ուզում էր իմ մասին շատ ավելին իմանալ, թե ով եմ ես ու ինչ եմ ուզում կյանքում: Ապա ասաց. «Ուզում եմ, ոչ թե «Միլան»-ում, այլ հենց RedBird-ում լինես: Оգտագործիր քո փորձը, իմացիր ֆուտբոլի մեկ այլ կողմի մասին, այն մեկի, որը ֆուտբոլային դաշտից չի երեւում: Ծանոթացիր թվերին ու գումարներին, պարզիր, թե այդ ամենն ինչպես է աշխատում»:
Եվ ահա նոր մեծ մարտահրավերն ուշացնել չտվեց: Ես այն մարդկանցից եմ, որոնք նման մարտահրավերներ սիրում են: Երբ ինչ-որ բան եմ անում, այն շատ մեծ պետք է լինի, այլապես ադրենալին ու ճնշում չեմ զգում: Ես ունեմ այդ ճնշման կարիքը, սովորական բաներ չեմ սիրում:

Լուսանկարը` GQ
Բայց առաջարկը ստանալուց հետո չէի համաձայնվել, որովհետեւ մի քանի տարի առաջ մահացել է գործակալս՝ Մինո Ռայոլան, ես հնարավորություն էի ստացել միանալ նրա թիմին ու գործակալ դառնալ: Այդ ուղղությամբ շատ էի մտածում եւ Ջերրին անկեղծորեն ասացի այդ մասին. «Լսիր, ես ունեմ նման երկու հնարավորություն՝ գործակալ դառնալ կամ քո առաջարկն ընդունել, բայց իրականում դրանցից ոչ մեկն էլ ինձ պետք չէ»:
Այդպես էի մտածում, քանի որ այդ պահին կյանքս իսկապես հիանալի էր: Ոչ մեկից կախման մեջ չէի: Ոչ մի ժամանակացույց չունեի ու վաղ առավոտյան ոչ մի զարթուցիչ ինձ չէր արթնացնում: Միակ ծրագիրը, որն ունեի իմ երկու նինձյաները՝ տղաներս էին ու Ելենան: Ու իհարկե, տունը, կյանքս ու մարզվելը:
Բայց հետո ամեն ինչ հենց Ջերրին փոխեց: Նա անընդհատ ինձ հիշեցնում էր, շատ էր հիշեցնում: Հիմա եմ հասկանում, թե ինչու է այդքան հաջողակ, որովհետեւ երբեք չի հանձնվում: Իսկական Ուոլ Սթրիթի գայլ է: Միշտ ստանում է այն, ինչ ցանկանում է: Ի վերջո նա ինձ այնպիսի հնարավորություն տվեց, որից չկարողացա հրաժարվել:
Այդ ժամանակ էլ կինս ասաց. «Եթե քեզ իսկապես լավ եմ ճանաչում, որոշ ժամանակ անց սկսելու ես ձանձրանալ: Քեզ մարտահրավեր է պետք, գնա ու արա այդ աշխատանքը, հավատարիմ եղիր քեզ»: Նա իսկապես ինձ լավ է ճանաչում: Ու դա ոչ մի կապ չունի փողերի հետ, որովհետեւ «Միլան»-ն ինձ չի վճարում, հասանո՞ւմ եք: Ես ակումբի ներկայացուցիչը չեմ, աշխատում եմ RedBird-ում, բայց իմ առաջադրանքը հստակ է՝ «Միլան»-ը հասցնել այնտեղ, որը նրան է պատկանում՝ դեպի հաղթանակներ:

Լուսանկարը` GQ
Հարցազրույցներց մեկի ժամանակ իմ ոճով ասել էի, որ ես եմ բոսն ու բոլորն աշխատում են ինձ վրա, բայց նշել էի, որ դա կատակ է: Նույն հարցազրույցի ժամանակ էլ հստակեցրի իմ՝ որպես խորհրդատուի դերը: Երբ ֆուտբոլիստ էի, այս կատակն այլ կերպ կընկալվեր, հիմա ամեն մեկն այն տարբեր կերպ է մեկնաբանում: Պատճառն այն է, որ հիմա ծայրահեղ տարբեր բանով եմ զբաղվում:
Մինչեւ հիմա էլ շատերն ինձ մեծամիտ են համարում: Բայց զբաղեցրած պաշտոնների փոփոխության արդյունքում պետք է զգույշ արտահայտվել:
Խաղալու տարիներին ինձ էի ներկայացնում, իսկ հիմա ՝ավելի մեծ բան՝ RedBird-ը: Ջերրիի հետ ամեն օր ենք զրուցում, որովհետեւ հաճախ եմ ժպիտով ասում. «Էական չէ, որ կարդինալ Ջերրին այստեղ չէ, քանի որ Իբրան է ներկա»: Նա շատ այլ բաներով է զբաղված, դրա հետ մեկտեղ շատ է կապված «Միլան»-ի հետ ու ամեն ինչ անում է, որ այն հաջողության հասնի: Նա ակումբում ճիշտ մարդկանց է ղեկավար նշանակել ու մեզ պատասխանատվություն տվել՝ փոխարենը միայն արդյունքներ պահանջելով:

Լուսանկարը` GQ
Այնպես որ՝ մարզահագուստը փոխարինել եմ փողկապով, կյանքն էլ տարբերվում է սպորտայինից, թեեւ սթրեսը պահպանվել է: Բայց փորձում եմ հավասարակշռությունը չկորցնել ու չնյարդայնանալ, քանի որ այս աշխատանքի դեպքում չես զգում, որ սթրես ես ապրում, մինչեւ որ պատի չես դեմ առնում: Ու երբ դա տեղի ունենա, կարող է ամեն ինչ շատ ուշ լինել: Դրա համար է, որ ամեն ինչ պետք է հավասարակշռել:
Օրինակ՝ ես գրասենյակ չունեմ: Թեեւ ցանկացան տրամադրել, բայց հրաժարվեցի: Աշխատանքային սեղանը դեռ արդյունավետության ապացույց չէ: Ինձ համար աշխատանքը բոլոր ջանքերը գործադրելն է:
Երբ մարզիկ էի, սթրեսը մարզադահլիճում էի հաղթահարում, 2-3 ժամ պարապում էի ու հանգստանում: Անգամ հիմա եմ ամեն օր մարզվում, այն օգնում է ազատվել զայրույթից ու բաց թողնել ավելորդ էներգիան: Երբ որեւէ բան չի ստացվում կամ իմ ուզածի պես ընթանում, մարզվում եմ ու այդկերպ տանջվում, որովհետեւ իմ մտքում այսպես է՝ ուզում ես հասնել բարձունքի, պետք է տառապես:
Աշխատանքի ընթացքում շատ նոր բաներ են տեղի ունենում, որոնց դեռ ամբողջությամբ սովոր չեմ, բայց դրանց շնորհիվ սովորում եմ ու փորձ ձեռք բերում: Արտահայտում եմ կարծիքս, երբ դրա կարիքը կա, բայց երբ ինքս վստահ չեմ, մյուսներին էլ չեմ կարող ասել, թե ինչ անեն:

Լուսանկարը` GQ
Եթե իմ ոլորտը չէ, վստահում եմ ուրիշներին, նրանք պետք է ճիշտ որոշում կայացնեն: Բայց մեկ բան պարզ է, որ նրանցի արդյունքներ եմ ակնկալում: Մեր արած ցանկացած բան պետք է արդյունք բերի: Մենք բարեգործական հիմնադրամ չենք, այլ ֆուտբոլային ակումբ, իսկ ֆուտբոլում արդյունքները մեծ նշանակություն ունեն: Դրա համար էլ միշտ ասում եմ. «Միլան»-ը չի խաղում, որպեսզի հաղթի, այն պատմություն է գրում»:
Գիտե՞ք, թե ինչպես ենք հաղթել իմ մասնակցած վերջին առաջնությունում: Մտածելակերպի շնորհիվ, որովհետեւ ճիշտ մոտիվացիայի ու տրամադրվածության արդյունքում մարզիկն ամեն ինչի է ունակ: Մենք ամենաուժեղ թիմը չէինք, բայց հաղթեցինք, որովհետեւ հոգեբանորեն էինք անգերազանցելի: Հենց այդ միտքն էլ միշտ փորձում եմ տեղ հասցնել: Իհարկե, աշխատանքի վայրում ամեն ինչ այլ է, գիտեմ, թե որ ֆուտբոլիստին գրկեմ, որ մեկին ժպտամ, թեք նայեմ, ձայնս բարձրացնեմ եւ այլն: Ես հանդերձարանի բարքերը շատ լավ գիտեմ: Իսկ աշխատանքում ամեն ինչ այլ է:
Ամենաշատն ինձ դուր է գալիս այս երկու տարբեր աշխարհների միավորումը, որովհետեւ նրանք իրարից անկախ գոյություն ունենալ չեն կարող՝ կա միայն մեկ «Միլան»:
Մեր նպատակն է ամենալավ ակադեմիան ունենալ, ինչ-որ նոր ու տարբերվող բան կառուցել: Առաջին անգամ ողջ ակադեմիայի թիմին բերեցինք «Սան Սիրո», որպեսզի երիտասարդականի խաղացողները ծանոթանան հիմնական կազմի հետ, վերջինս էլ իմանա, թե ում է ներկայացնում եւ ում համար օրինակ ծառայում: Դա մտածելակերպի հարց է:

Լուսանկարը` GQ
Երբ Էր Ռիադում նվաճեցինք Իտալիայի Սուպերգավաթը, թիմին ասացի, որ մրցանակը տուն տանելուց առաջ պետք է բոլորս միասին նկարվենք նրա հետ: Ցանկացածը պետք է տեսնի այդ գավաթը, ոչ թե միայն հաղթողները: Ու բոլորն ասելիս հենց ողջ «Միլան»-ը նկատի ունեի, քանի որ մեր կարգախոսն է. «Հաղթում ենք միասին»:
Ի վերջո, իմ դերն էական չէ, կարեւորը «Միլան»-ն է ու նրա հաղթանակները: Ամեն ինչ հենց ակումբի համար ենք անում: Սա մեկ դերասանի թատրոն չէ, բոլորս մեր եսասիրությունը մի կողմ ենք դնում ու մնում ակումբի ստվերում: «Միլան»-ն է աստղ, ոչ թե ես: Երբ խաղում էի, ամեն ինչ իմ շուրջն էր պտտվում, հիմա ես թիմի թիկնապահն եմ, ու եթե որեւէ մեկին պետք է կրակեն, թող դա ես լինեմ: Ուզում եմ ամեն գնով պաշտպանել ակումբն ու թիմը:
Կարող եմ թիրախ լինել, 10 տարի ականատես եղել եմ պատերազմի: Իսկ երբ Բալկաններում պատերազմ է, պարզապես չեն զանգում ու հարցնում՝ ի՞նչ նորություն կա, իրոք ուզում են իմանալ ինչպե՞ս ես ու արդյոք ամեն բան կարգի՞ն է քո ընտանիքի հետ: Ամեն օր ինչ-որ մեկն արտասվելով զանգում էր ու չգիտեիր՝ վաղը նա ո՞ղջ կլինի, թե՞ ոչ: Նման պայմաններում 10 տարի անցկացրած մարդն էլ ոչնչից չի վախենում: Այ դա էր իսկական վախը»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: