Մայիս 23, 2025
exclusive
5364 դիտում

Ջոկովիչի կյանքի միակ սերը. Նովակի ու Ելենայի ներդաշնակ ընտանիքը


Լուսանկարը` insider

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` enstars

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Hello

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Նովակ Ջոկովիչն աշխարհահռչակ մարզիկ է, թենիսում հասել է անսահման մեծ հաջողությունների, նրան սիրում են միլիոնավոր մարդիկ:

Նա նաեւ հիանալի ամուսին ու հայր է, որը միշտ ընտանիքի հետ է ու անսահման ուրախանում է ամեն փոքրիկ առաջընթացով:

Mediamax Sport-ը ներկայացնում է Նովակ Ջոկովիչի սիրո պատմությունը, որը սկիզբ է առել դպրոցական տարիներին:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Նովակն ու Ելենան ծանոթացել են շատ տարիներ առաջ, երբ երկուսն էլ դեռ սովորում էին ավագ դպրոցում ու մի անգամ հանդիպել էին թենիսի մարզումներին: 2005 թվականից երիտասարդները սկսել են հանդիպել ու մի քանի տարի անց, երբ Ջոկովիչին սկսել են ճանաչել ավելի շատ մարդիկ, դարձել են ամենաքննարկված զույգերից մեկը:

Անչափ բաց, շփվող, կատակասեր ու հետաքրքրություններ փնտրող Նովակը խոստովանել է, որ միանգամից է գերվել Ելենայով, որը, ըստ նրա, եղել է Բելգրադի ամենագեղեցիկ աղջիկը:

Չնայած մեծ սիրուն, երկուսն էլ դեռ այդ ժամանակ ունեցել են հստակ նպատակներ ու գնացել են դրանց հետեւից: Նովակը սկսել է կատարելագործվել որպես պրոֆեսիոնալ թենիսիստ, իսկ Ելենան մեկնել Միլան՝ սովորելու Բոկկոնիի համալսարանի մարքեթինգի բաժնում:

Լուսանկարը` enstars


Հետագայում Ելենան խոստովանել է. «Մենք համարյա չէինք հանդիպում միմյանց հետ: Ես ուսանող էի, որը ամեն օր հաշվում էր, թե ինչպես ծախսի փողերը, իսկ Նովակը երիտասարդ, որը փող չուներ ինքնաթիռի տոմս գնելու համար: Մենք պլանավորում էինք, թե երբ ենք հանդիպելու, որոշում՝ որտեղ ենք միասին գնալու: Դրանք սպասումի հրաշալի պահեր էին: Մի անգամ Նովակը նույնիսկ իմ քննությանն է ներկա եղել, այն ժամանակ նա դեռ հայտնի չէր: Ես նստած էի առաջին շարքում, իսկ նա՝ վերջին ու սպասում էր ավարտին: Նովակը միշտ է ինձ աջակցել ու օգնել, ինչպես ես հիմա անում եմ նրան մրցաշարերի ժամանակ»:

Ելենան, ընդհանրապես, շատ նպատակասլաց է եւ ավագ դպրոցում լավագույններից է եղել: Ֆինանսական խնդիրների պատճառով նա չի ցանկացել մեկնել արտասահման ու ծնողներին նեղություն պատճառել: Բայց ամեն դեպքում նրանց օգնությամբ ու շահած ուսումնական դրամաշնորհով սովորել է Իտալիայում, ապա՝ Մոնակոյում:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ջոկովիչի հայտնի դառնալուն զուգահեռ թենիսի սիրահարները սկսում են քննարկել նաեւ նրա անձնական կյանքը: Որոշ ժամանակ անց հանդիսատեսների շարքերում սկսում է պարբերաբար տեղ զբաղեցնել նաեւ Ելենան, որը դառնում է Նովակի հաջողության գրավականը: Թենիսիստը բազմիցս է խոստովանել, սիրելիի ներկայությունն օգնում է իրեն կորտում:

Լինելով բաց մարդ՝ Նովակն անընդհատ լուսանկարներ է տեղադրում սոցիալական կայքերի իր էջերում, որտեղ երեւում է, թե ինչքան են նրանք իրար սիրում, օգնում ու միշտ կիսում հաճելի ու անմոռանալի օրերը:

Ավելի քան 8 տարի հանդիպումից  հետո Ջոկովիչը որոշում է իրենց հարաբերությունները պաշտոնական դարձնել: 2013-ին նա Ելենայի հետ մեկնում է Պրովանս ու հանգրվանում հիանալի Couvent des Minimes հյուրանոցում: Մի օր էլ միասին ուղղաթիռ են նստում ու բարձրանում կապույտ երկինք, որտեղ էլ նա խոստովանում է, որ ցանկանում է ամուսնանալ իր միակ սիրո հետ:

Այս մասին երկրպագուներն իմացան Ջոկովիչի թվիթերի էջից. «Իմ նշանածն ու ապագա կինը: Այնքան երջանիկ եմ: Շնորհակալ եմ մաղթանքների համար»:
 
Մեկ տարի անց կայացավ նրանց հարսանիքը: Այդ օրվանից ընդամենը հինգ օր առաջ Ջոկովիչը հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում ու հենց կորտում հայտարարեց.

«Հաղթանակս նվիրում եմ ապագա կնոջս ու ապագա երեխայիս: Շուտով ես հայր եմ դառնալու: Սա մեծագույն ուրախություն է իմ կյանքում»:

Լուսանկարը` Getty Images


Հուլիսի 10-ին Մոնտենեգրոյի շքեղ Aman Sveti Stefan-ում, որը գտնվում է Ադրիատիկ ծովի ափին, Նովակն ու Ելենան անցկացնում էին իրենց կյանքի անմոռանալի օրերից մեկը: Սպասարկող անձնակազմի հետ հատուկ պայմանագրեր էին կնքվել, որ վերջիններս գաղտնի են պահելու տեղի ունեցող բոլոր իրադարձությունները: Միջոցառումն անցել է նեղ ընտանեկան շրջանակում ու մոտ ընկերների մասնակցությամբ, իսկ լուսաբանելու բացառիկ իրավունք ունեցել է Hello ամսագիրը:

Alexander McQueen-ի հագուստով Ելենային տեսնելուց հետո Նովակը խոստովանել է. «Երբ նրան առաջին անգամ տեսա հարսի զգեստով, ժպտալով քայլելով դեպի ինձ... նա ինձ հրեշտակ թվաց: Ես կենտրոնացած էի Ելենայի, նրա ժպիտի ու մեր ապագա փոքրիկի վրա: Փորձում էի ամեն ինչ ընկալել ու դաջել հիշողությանս մեջ: Դա իսկապես հիանալի պահ էր: Ես ամուսնացել եմ միակ սիրուս հետ, սրանից լավ բան չի կարող լինել»:

Լուսանկարը` Hello


«Ես պարզապես երջանիկ էի, երբ տեսա նրան ու արտասվեցի: Ես հղի էի ու դժվար էի կառավարում հույզերս: Իսկապես օրհնված եմ, որ ունեմ Նովակին իմ կյանքում: Ավելի լավ մեկը չէր կարող լինել»,-սա էլ Ելենայի խոսքերն են:

Արդեն հոկտեմբերին ծնվում է նրանց որդին. «Ստեֆանը, մեր փոքրիկ հրեշտակը ծնվեց: Այնքան հպարտ եմ իմ գեղեցկուհի Ելենայով: Սիրում ենք բոլորիդ»:

Լուսանկարը` Անձնական արխիվից


2017-ին լույս աշխարհ եկավ աղջիկը՝ Տարան: «Ելենան ու Տարան իմ հրեշտակներն են, Ստեֆանը հպարտ մեծ եղբայր: Կյանքը հրաշալի է»:

Երջանիկ մայրիկին կորտում հաճախ ուղեկցում են նաեւ երեխաներն ու արդեն միասին ոգեւորում հայրիկին:

2018-ին, երբ Ջոկովիչը կրկին Ուիմբլդոնի հաղթող դարձավ, բոլորի ուշադրության կենտրոնում նրա ելույթին հետեւող Ստեֆանն էր.

«Իմ կյանքում առաջին անգամ կորտում լսում էի «հայրիկ, հայրիկ» բացականչությունը: Շատ էի զգացվել, չեմ կարող նկարագրել այդ պահը: Երբ պարգեւատրման ժամանակ տեսա որդուս կնոջս գրկում, իմ կյանքի լավագույն պահն ապրեցի: Կարող է ռոմանտիկ թվալ, բայց ես երազել էի տեսնել երեխայիս իմ ելույթի ժամանակ»:

Լուսանկարը` Wimbledon


Ջոկովիչը հաճախ է տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր տեղադրում, թե ինչպես են ընտանիքով խաղում, հանգստանում կամ լավ ժամանակ անցկացնում: Նրանց լավատեսությունն ու երջանկությունը վարակում է նաեւ երկրպագուներին, որոնք խոստովանում են, որ ուրախ են այս գեղեցիկ ու ներդաշնակ զույգի համար:

Բոլոր հնարավոր տիտղոսները նվաճած Ջոկովիչն այսօր էլ դեռ բազմաթիվ նպատակներ ունի թենիսում, իսկ Ելենան գլխավորում է Novak Djokovic բարեգործական հիմնադրամը, որն օգնում է Սերբիայի տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին: Հիմնականում Ջոկովիչները զբաղվում են անապահով ընտանիքների երեխաների կրթության ապահովմամբ ու կարիքները հոգալով:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Չնայած խիտ գրաֆիկին, Ջոկովիչը շատ է մասնակցում տարբեր բարեգործական միջոցառումների, բարձրաձայնում ոչ միայն Սերբիայում, այլ նաեւ այլ երկրներում խոցելի երեխաների խնդիրները: Իսկ Ելենան կանոնակարգում է բոլոր աշխատանքները, նաեւ սյունակ վարում իր հիմնադրած Original ամսագրում:

Լուսանկարը` Անձնական արխիվից


2014-ին նա մրցանակ է ստացել Սերբիայում անապահով երեխաների կյանքը բարելավելու համար: 2016-ին մասնակցել է Արեւմտյան Բալկանյան երկրների կանանց համաժողովին ու հանդես եկել խաղաղության մասին զեկույցով:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ավարտենք Նովակ ու Ելենա Ջոկովիչների սիրո պատմությունը թենիսիստի խոսքերով. «Ես երջանիկ մարդ եմ, քանի որ ունեմ աննման ընտանիք, իսկ դա առաջին հերթին Ելենայի շնորհիվ է: Ցանկացած մրցաշարից հետո տուն վերադարձը տոն է, այնտեղ ինձ են սպասում ամենաթանկ ու սիրելի մարդիկ»:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին