Հուլիս 07, 2025
exclusive
294 դիտում

Հզոր եւ էլեգանտ. Cvstos-ի ու Կարեն Խաչանովի համագործակցությամբ ծնված ժամացույցը



Շվեյցարական Cvstos ժամացույցների ապրանքանիշը 20-ամյակը նշանավորել է Աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովի հետ համագործակցությամբ: Բրենդը նրան նվիրված սահմանափակ քանակությամբ ժամացույցներ է թողարկել:

Այս համագործակցության մասին էլ Խաչանովն ու Cvstos-ի համահիմնադիր Սասուն Սըրմաքեշը պատմել են Mediamax Sport -ի հետ զրույցում:

 


Խաչանով. «Ժամացույցներն իմ անհատականության մի մասն են»

- Կարեն, ինչպե՞ս է սկսվել ժամացույցների նկատմամբ Ձեր սերն ու քանի՞ հատ ունեք Ձեր հավաքածուում:

- Ժամանակի ընթացքում սկսեցի հետաքրքրվել ժամացույցներով՝ ոչ միայն դրանք կրելով, այլ փորձելով հասկանալ, թե ինչպես են պատրաստվում։ Սիրում եմ դիզայնը, ճշգրտությունն ու ստեղծման ամբողջ գործընթացը։ Փոքրիկ հավաքածուիս մեջ ընդգրկված յուրաքանչյուր ժամացույց իր առանձին պատմությունն ունի։

- Ի՞նչ սկզբունքներով եք որոշում, որ ցանկանում եք ձեռք բերել:

- Ամեն ինչ որոշում են ժամացույցի դիզայնն ու պատմությունը: Եթե այն հիանալի տեսք ունի եւ նշանակալի է թվում, գրավում է ինձ:  

- Որտե՞ղ եք պահում Ձեր ժամացույցներն ու ո՞ր առիթներին եք կրում:

- Բավական հուսալի տեղում եմ պահում, բայց չեմ ասի, թե որտեղ: Ժամացույցները կրում եմ կորտ գնալիս, միջոցառումներին, ընթրիքներին, հարցազրույցներին կամ էլ այն ժամանակ, երբ ցանկանում եմ որեւէ նորաձեւ տարր ավելացնել։ Դրանք միայն ժամանակը ցույց տալու համար չեն, նաեւ իմ անհատականության մի մասն են:

- Դրանք Ձեզ համար առաջին հերթին ճոխության եւ գեղեցկությա՞ն խորհրդանիշ են, թե՞ առանձնահատուկ կապ եք զգում:

- Անկասկած, գեղեցիկ իրեր են, բայց ինձ համար ավելին են: Դրանցից յուրաքանչյուրն ինձ հիշեցնում է կյանքի որեւէ պահ, մեծ հաղթանակ եւ հատուկ իրադարձություն։ Դրա համար էլ ժամացույցները շատ անձնական են։

- Ինքներդ արդյոք նվիրո՞ւմ եք ժամացույցներ:

- Իրականում սիրում եմ նվիրել։ Եթե ճանաչում եմ մեկին, ով գնահատում է ժամացույցները, նրա համար նշանակալի նվեր կլինի։

- Հատկապես թենիսիստների շրջանում բավական շատ են ժամացույցների սիրահարները։ Ձեր կարծիքով ինչո՞վ է դա պայմանավորված: 

- Թենիսում ժամանակն ամեն ինչ է, ամեն վայրկյանն է կարեւոր։ Եվ քանի որ մենք շատ ենք ճանապարհորդում եւ ապրում ենք հստակ գրաֆիկով, ժամանակը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի:


- Կարեն, որպես ժամացույցների գիտակ, դրանք տեսնելիս առաջին հերթին ինչի՞ն եք ուշադրություն դարձնում:

- Միշտ թվացույցին։ Այն ցույց է տալիս ժամացույցի անհատականությունը՝ լինեն պարզ, համարձակ, թե էլեգանտ։

- Ինչպե՞ս դրվեց Cvstos-ի հետ համագործակցության սկիզբն ու այդ ապրանքանիշի հատկապես ո՞ր որակներն եք հավանում:

-Զրուցեցինք ու անմիջապես զգացինք, որ նույն տեսլականն ունենք։ Ոչ միայն ցանկացան, որ կրեմ իրենց ժամացույցը, այլեւ պատմությունը միասին ներկայացնենք։ Ինձ դուր եկավ, թե որքան համարձակ եւ մանրամասն է Cvstos-ի դիզայնը, բայց միեւնույն ժամանակ էլ էլեգանտ տեսք ունի: Դա, իսկապես, գրավեց ինձ:

-Մի քիչ պատմեք Սասուն Սըրմաքեշի հետ հանդիպման մասին ու թե ինչո՞վ էր նրա առաջարկությունը Ձեր սրտով:

- Նա իր աշխատանքը կրքով է անում: Սըրմաքեշն ինձ հասկացավ որպես մարդու, այլ ոչ թե պարզապես մարզիկի։ Նրա գաղափարը միայն բիզնեսից չի բաղկացած, ստեղծագործական տարր էլ է պարունակում: Ուզում էր, որ միասին ինչ-որ բան ստեղծենք, ինչն էլ աշխատանքը յուրահատուկ է դարձնում։

-Ինչպե՞ս եք Դուք մասնակցություն ունեցել Cvstos-ի 20-ամյակ-ին ու Ձեզ նվիրված սահմանափակ քանակությամբ ժամացույցների ստեղծմանը:

- Ինձ համար մեծ պատիվ էր այս ամենի մասը լինել։ Մասնակցել եմ նյութերի ընտրությանն ու նախագծմանը։ Ուզում էի, որ ժամացույցն արտացոլի իմ արժեքները՝ ուժը, կենտրոնացումը, շարժումը։ Վերջնական արդյունքին նայելիս զարմանալի զգացողություն ունեի:

- Ձեր սպորտային որակներից որո՞նք են հատկապես արտահայտված դրանցում:

- Կարգապահությունը, ճշգրտությունն ու ուժը։ Ժամացույցը համարձակ դիզայն ունի, բայց նաեւ ներսից է հագեցած բազմաթիվ դետալներով, ինչպես ես եմ փորձում խաղալ՝ ուժեղ, բայց վերահսկելի:

- Անձամբ Ձեզ համար այդ կարեւոր իրադարձությունն ի՞նչ նշանակություն ունի եւ ինչպե՞ս կոգեշնչի:

- Այն ավելին է, քան պարզապես գործընկերությունը, ինձ մոտիվացնում է առաջ շարժվել թե՛ թենիսում, թե՛ դրանից դուրս։ Խոսքն իմաստալից ինչ-որ բան ստեղծելու մասին է։

- Մի քիչ էլ պատմեք այս տարվա պլանների ու սպասվող մրցաշարերի մասին:

- Միշտ կենտրոնացած եմ կատարելագործվելու, առողջ լինելու ու խոշոր մրցաշարերում՝ մասնավորապես Մեծ Սաղավարտում, լավ հանդես գալու վրա։ Վնասվածքներից հետո սովորել եմ ավելի շատ լսել մարմնիս ազդանշանները։ Հույսս դնում եմ վերականգնման, մտավոր կենտրոնացման եւ թիմիս վրա։ Երբ պարտվում եմ, դրա վրա չեմ կենտրոնանում, դասեր եմ քաղում եւ առաջ շարժվում:  

- Հայաստանում Ձեր ելույթներին մշտապես հետեւում ենք ու մեր կայքում գրում դրանց մասին։ Առաջիկայում ե՞րբ եք պլանավորում նորից այցելել հայրենիք:

- Շնորհակալ եմ ինձ հետեւելու համար, դա շատ բան է նշանակում ինձ համար։ Հայաստանը միշտ մոտ է իմ սրտին եւ հուսով եմ՝ շուտով կրկին այցելել։


-Եթե Հայաստանը պատկերացնելու լինենք ժամացույցի տեսքով, ինչպիսի՞ն կլինի այն:

-Հիանալի հարց է։ Կարծում եմ՝ այն պատրաստված կլիներ քարից եւ ոսկուց, կլիներ ժամանակից դուրս, ուժեղ եւ ոգով լի։

Սըրմաքեշ. «Ժամացույցն արտացոլում է Կարենի անհատականությունը»

- Պարոն Սըրմաքեշ, կուզեմ, որ Դուք էլ պատմեք ժամացույցների նկատմամբ Ձեր սիրո ու դրանց ստեղծմամբ զբաղվելու մասին:

- Ժամագործության հանդեպ կիրքս ծնվել է իմ միջավայրից՝ հայրս հայտնի Franck Muller ապրանքանիշի համահիմնադիրն է: Մեծացել եմ Ժնեւի ժամագործական աշխարհի ճշգրտությամբ, ստեղծագործականությամբ եւ մեխանիկական գեղեցկությամբ շրջապատված։ Փոքր տարիքից հիացած էի նրանով, որ ժամացույցը սովորական առարկա լինելուց ավելին է, այն պատմություն է, տեսլական եւ կարգապահության կատարելություն։ Cvstos-ի ստեղծումն ինձ համար միջոցն էր արտահայտել ժամանակակից ժամագործության համարձակությունը՝ միաժամանակ հարգելով ավանդական շվեյցարական վարպետության տեխնիկական խստությունը։

- Որո՞նք են Ձեզ համար ժամացույցի որակի մասին խոսող հատկանիշները: 

 

- Ժամացույցի որակները սահմանում են այս 3 հիմնասյուները՝ մեխանիկական ամբողջականությունը, էսթետիկական ներդաշնակությունն ու հուզականությունը։ Cvstos-ում մենք մանրակրկիտ ուշադրություն ենք դարձնում յուրաքանչյուր բաղադրիչի՝ մեխանիզմի ճարտարապետությունից մինչեւ պատյանի էրգոնոմիկան։

- Այս տարի Cvstos-ը նշում է 20-ամյակը։ Կայացման ու զարգացման առումով ինչպիսի՞ տարիներ էին դրանք:

- Դա համարձակ եւ արժեքավոր ճանապարհորդություն էր։ Սկսեցինք շվեյցարական ժամագործության լեզուն արդիականացնելու տեսլականով՝ դինամիկ, ավանգարդ եւ կատարողականի վրա կենտրոնացած։ Այս 20 տարվա ընթացքում Cvstos-ն անկախ է մնացել, ինչը մեզ առանց փոխզիջումների նորարարություններ կատարելու ազատություն է տալիս։ Մենք նեղ մասնագիտացված գաղափարից վերածվել ենք համաշխարհային հաճախորդներ ունեցող հարգված ապրանքանիշի, շարունակում ենք զարգանալ՝ ստեղծելով դիզայն, որը խոսում է նոր սերնդի հավաքորդների լեզվով:

- Արդյոք ունեցե՞լ եք այլ հայտնի մարզիկների հետ համագործակցություններ:

- Իհարկե, տարիների ընթացքում համագործակցել ենք այնպիսի սպորտային դեմքերի հետ, ինչպիսիք են ֆուտբոլիստներ Մարկու Սիլվան, Կաֆուն, Բրել Էմբոլոն, մոտոարշավորդ Դանի Պեդրոսան, իսկ այժմ՝ աշխարհահռչակ թենիսիստ Կարեն Խաչանովը։  Յուրաքանչյուր համագործակցություն հիմնված է ամեն մեկի ոչ թե համբավի, այլ նրա հետ իրական կապի, ոգու, արժեքների ու ոճի հիման հետ։

- Ինչպե՞ս ստացվեց, որ հենց Կարեն Խաչանովին նվիրված սահմանափակ քանակությամբ ժամացույցներ որոշեցիք թողարկել:

- Կարենը մարմնավորում է այն ամենը, ինչը հատուկ է նաեւ Cvstos-ին՝ ուժը, նրբագեղությունն ու համառությունը: Նրա ճանապարհը նշանավորվում է լուռ վճռականությամբ եւ դժվարությամբ ձեռք բերված հաջողությամբ եւ համահունչ է մեր գաղափարներին: Երբ հանդիպեցինք, նրա մեջ ոչ միայն էլիտար մարզիկի տեսա, այլեւ մեկի, ով գնահատում է վարպետությունն ու դիզայնը, նա նաեւ ժամացույցների հավաքածու ունի: Այդ զգացողությունն էլ սահմանափակ քանակությամբ ժամացույցի թողարկման գաղափարը շատ բնական դարձրեց:

- Մի քիչ պատմեք նրա հետ ձեր հանդիպման ու դրա շրջանակում ունեցած քննարկման մասին:

- Մեր առաջին իսկ հանդիպումից երկուսս էլ այնպիսի զգացողություն ունեինք, թե իրար շատ վաղուց ենք ճանաչում։ Ես թենիսի սիրահար եմ, իսկ նա՝ ժամացույցների գիտակ, այնպես որ ամեն ինչ միանգամից ստացվեց։ Սկզբում շատ չէինք խոսում բիզնեսի մասին, մեզանից յուրաքանչյուրը հետաքրքրված էր մյուսի արհեստի նրբություններով։ Կարենը հետաքրքրասեր էր, ուշադիր եւ անկեղծորեն ներգրավված զրույցի մեջ։ Դա մարքեթինգային որոշում չէր, այլ փոխադարձ ցանկություն ստեղծել ինչ-որ իմաստալից  ու անձնական բան: 

- Արդյոք դիզայնն ու գույնն ընտրելիս հաշվի՞ եք առել նաեւ մարզիկի նախասիրություններն ու խորհուրդները:

- Անկասկած հաշվի ենք առել: Ուզում էինք, որ ժամացույցն արտացոլի Կարենի անհատականությունը։ Նրա ցանկությունը շատ հստակ էր՝ ստեղծել մաքուր, հզոր ու էլեգանտ մի բան։ Մենք սերտորեն համագործակցել ենք գունային ներկապնակի, նյութերի եւ այլ դետալների վրա։

- Իսկ ինչո՞ւ է ընտրությունը կանգ առել հենց կապույտի վրա:

- Կարենը սիրում է կապույտ գույնը, ես՝ նույնպես։ Այն խորություն է ենթադրում։ Կարծում եմ՝ դա նաեւ վստահության գույնն է, իսկ մեր համագործակցության հիմքում հենց վստահությունն էր: 

- Անձամբ Ձեզ համար այդ համագործակցությունն ի՞նչ նշանակություն ունի եւ ինչպիսի՞ ազդեցություն կունենա բրենդի վրա:

- Հպարտության պահ է ինձ ու մեր ապրանքանիշի համար։ Կարենին լեգենդար թենիսիստ եմ համարում: Բայց խոսքը միայն «հայտնիության վրա հենվելու» մասին չէ,  կարծում եմ՝ Կարենի ու մեր ապրանքանիշի էներգիան եւ հավակնություններն ամբողջությամբ ներդաշնակ են։

- Հատկապես ի՞նչն եք սիրում թենիսում ու Խաչանովի խաղում:

- Թենիսն ու ռակետ պարունակող մարզաձեւերը մտքի սրությունը համատեղում են ֆիզիկական ճկունության հետ։ Ինքս էլ խաղում եմ թենիս, սքվոշ եւ բադմինթոն։ Տարիներ շարունակ հետեւել եմ Կարենի կարիերային, նա խաղում է հանգիստ եւ ամեն բան բխում է նրա խիստ կարգապահությունից։ Դրանով անչափ շատ եմ հիանում։

- Եթե Հայաստանը պատկերացնելու լինենք ժամացույցի տեսքով, ինչպիսի՞ն կլինի այն ու ի՞նչ անվանում կտաք:

- Հայաստանը տուրբիյոն կլիներ՝ դիմացկուն ժամանակի անկայունությանն ու միշտ հավասարակշռությունը վերադարձնող: Այն կպատրաստվեր քարե հյուսվածքով տիտանից, որը կհիշեցնի լեռների մեջ ծվարած մեր վանքերը՝ արտացոլելով խոր կապը պատմության եւ ավանդույթների հետ։ Ես այն կանվանեի «Հավերժ»։

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին