Ապրիլ 26, 2025
exclusive
1406 դիտում

Արման Աբելյան․ ՀՖՖ-ն գնում է րոպեական արդյունքի հետեւից, խորքային խնդիրները չեն լուծվում


Լուսանկարը` FAF

Լուսանկարը` Աբելյանի արխիվից

Լուսանկարը` FAF

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FAF

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` անձնական արխիվից


Հայ ֆուտբոլասերները երկար ժամանակ է դժգոհ են ՀՖՖ-ի ղեկավարներից։ Աշնանը Ազգերի լիգայում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո նրանք բողոքի ակցիա անցկացրին ֆեդերացիայի մոտ, այնուհետեւ Հայաստանի առաջնության ժամանակ եղան անհնազանդություններ, իսկ ահա տարեվերջին նրանք ներկայացրին ոչ միայն հրաժարականի պահանջը, այլ նաեւ առաջարկեցին իրենց լուծումները։


Եւ ահա, Հայաստանի առաջնության 21-րդ տուրում նրանք կրկին բողոքի ակցիաներ կազմակերպեցին, որոնց արդյունքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառվեց, եղան բերման ենթարկվածներ։  

Երկրպագուների պահանջի, ՀՖՖ-ի փակ կառույց լինելու եւ հայկական ֆուտբոլում առկա խնդիրների մասին խոսել ենք ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ։

Լուսանկարը` Աբելյանի արխիվից


- Արման, արդեն տեւական ժամանակ է երկրպագուներն իրենց դժգոհությունն են արտահայտում ու պահանջում ՀՖՖ ղեկավարների հրաժարականը։ Սակայն ոչ մի երկխոսություն կողմերի միջեւ այդպես էլ տեղի չի ունենում։ Սպասելի՞ էին նման զարգացումներ, որոնք տեղի ունեցան օրեր առաջ։

- Կարծում եմ՝ սպասելի էր, որովհետեւ մի քանի անգամ երկրպագուները հայտարարություն են տարածել ու շատ անգամներ բարձրաձայնել խնդիրները։ Միայն մեկ անգամ է եղել շփում ՖԱՖ-ի ու ֆեդերացիայի ներկայացուցչի միջեւ՝ ֆուտզալի հավաքականի վերջին տնային խաղի ժամանակ, բայց դա կրել է ոչ պաշտոնական բնույթ։ Մնացած առումներով ՀՖՖ-ն երկխոսության չի գնացել։ Նրանց այդպես էլ ոչ ոք չի ընդունել։

- Բայց ՖԱՖ-ը տարիներ առաջ կարծես ընդունում էր ֆեդերացիայի այսօրվա ղեկավարներին։

- Կողմերի միջեւ երկխոսություն տեղի է ունեցել մոտ երկու տարի առաջ։ Այն ժամանակ ՖԱՖ-ը ներկայացրել էր խնդիրները, փաստել, որ այս կամ այն հարցը ֆեդերացիայի կողմից լուծում չի ստանում, ներկայացրել հայկական ֆուտբոլի իր տեսլականը։ Այդ ժամանակ երկրպագուները ֆեդերացիային աշխատելու հնարավորություն ու ժամանակ տվեցին, բայց հիմա նրանց համբերության բաժակը լցվել է։

-Եվ ի՞նչ տեղի ունեցավ այս օրերին։ Ինչո՞ւ նման կտրուկ արձագանք եղավ, ուժ կիրառվեց, երկրպագուներ բերման ենթարկվեցին։ Երեւույթ, որը մինչ այս հայկական ֆուտբոլում տեղի չէր ունեցել։

-Որովհետեւ ՀՖՖ-ն այս ամենի դեմն այլեւս չէր կարողանում առնել։ Փաստացի, տուրի բոլոր խաղերի ժամանակ ակցիաներ տեղի ունեցան։ Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվեց հենց սկզբում ու հետաձգվեց։ Նույնը եղավ «Վան»-«Ալաշկերտ» դիմակայությունում, իսկ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ արդեն զանգվածային մեծ ակցիայի էր վերածվում։ Երեւի, գնահատելով իրավիճակը ու հասկանալով, որ դժվար է կանգնեցնել, խառնեցին ուժային կառույցներին, ինչը, իմ կարծիքով, բացարձակ անթույլատրելի էր։

Լուսանկարը` FAF


- Ինչ խոսք, նման մեթոդներն ընդունելի չեն։ Բայց եթե անդրադառնանք նաեւ երկրպագուներին, արդյո՞ք նրանք ամեն ինչ թույլատրելիի սահմաններում արեցին։

- Պայքարի մեթոդները տարբեր են ու կարող ենք քննարկել ՖԱՖ-ի այս կամ այն արարքը ճիշտ էր, թե ոչ։ Օրինակ՝ Շենգավիթի «Ջունիոր սպորտ»-ի խոտածածկի վրա իրեր նետեցին, որոնք վնասեցին այն։ Իսկ տարվա այս ժամանակահատվածում առաջնության խաղերի մեծ մասը տեղի է ունենում հենց այնտեղ։ Սա ընդունելի չէր։ Միգուցե խաղն ընդհատելը վատ է ազդում թիմերի, ֆուտբոլիստների վրա, բայց ինչու է  սա ընդհանուր համատեքստում դառնում ընդունելի, որովհետեւ այլեւս չգիտեն ինչպես իրենց խոսքը տեղ հասցնեն։ Ֆեդերացիան միայն ասում է՝ այո, ընդունում ենք քննադատություն, ու վերջ։ Դրանից ավելի ոչինչ չի արվում։

-Արման, ըստ քեզ, ինչո՞ւ են ՀՖՖ-ի ղեկավարներն այդպես պահում իրենց ու հանդիպումներ չեն ունենում։

- Արդեն քանի տարի է իրենք որդեգրել են այդ քաղաքականությունը եւ լրագրողներս էլ զգում ենք դա։ Վերջին 2 տարում Արմեն Մելիքբեկյանն ասուլիս չի տալիս, հարցազրույցներ գրեթե չկան։ Իսկ չհանդիպելու համար ասեմ, որ ՖԱՖ-ը մի պահանջ է դրել՝ հրաժարական։ Նրանք պատրաստ են քննարկել հրաժարականի ձեւը, պայմանները, միայն դա։ Բնականաբար, ֆեդերացիային ձեռնտու չէ այդ ձեւաչափով հանդիպում ու քննարկում ունենալը։

Լուսանկարը` FFA


- Իսկապես, ֆեդերացիան դարձել է մի փակ օղակ։ Ասուլիսներ, ինչպես նշեցիր, տեղի չեն ունենում, բայց իրենց ընտրած լրատվամիջոցներում ամեն դեպքում հատ ու կենտ հարցազրույցներ տալիս են։ Արդյո՞ք պատրաստ են նրանք ընդունել երկրպագուների պահանջն ու հեռանալ։

-Չեմ կարծում, թե նման մտադրություն ունեն։ ՀՖՖ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ընդհանուր հայտ է ներկայացրել 2029 թվականի մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունն ընդունելու համար։ Իրենք անընդհատ խոսում են դրա մասին, համոզում, թե դա այս պահին ամենակարեւորն է ու կզարգացնի հայկական ֆուտբոլը։ Իհարկե, դա վատ բան չէ, բայց այսօր շատ ավելի առաջնային հարցեր ունենք ու լավ կլիներ դրանց վրա կենտրոնանալ։ Ասում են, որ ունեն ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի աջակցությունը եւ կարող են ընդունել ԱԱ-ն։ Այնպես որ, հրաժարականի մասին գոնե այս պահին չեմ կարծում, թե մտածում են։

- Երկրպագուներն անընդհատ խոսում են ձախողումներից։ Լավ իմանալով ոլորտը՝ դո՞ւ ինչ կարծիք ունես կատարված կամ կյանքի չկոչված ծրագրերի մասին։

- Մելենդեսի ծրագիրը, որը, ինչպես իրենք էին ասում, հեղափոխական էր լինելու, չեղավ, կամ մասամբ կատարվեց։ Այդ ձախողված ծրագիրը, որ նորմալ չկիրառվեց նույնիսկ Ֆուտբոլի ակադեմիայում, պիտի հիմք դառնար պատանեկան հավաքականների ավելի լավ ելույթների համար, բայց եղավ ճիշտ հակառակը։ Ակումբներն էլ իրենց դերն ունեն ֆուտբոլիստների պատրաստման սխալների համար, բայց պատասխանատուն ֆեդերացիան է։

Հիմա, ըստ էության, մենք ոչնչի չենք սպասում, ի՞նչ ծրագիր կա, որ տեսնենք՝ տեղի կունենա, թե չէ։ Նայելով նախորդ դեպքերին, որոնք հիմնականում ձախողված են եղել, այլեւս ոչնչի չես հավատում։ Որոշակի փոփոխություններ կան՝ ֆուտզալի հավաքականն է առաջընթաց գրանցել, ԲԿՄԱ-ի նախագիծն իր լավ կողմերն ունի, բայց ընդհանուր ռազմավարությունը մասամբ է կատարված։

Տեսեք, ֆեդերացիան հավաքականների կամ ԲԿՄԱ-ի թեկուզ փոքր հաջողությունները միշտ իրեն է վերագրում, իսկ ակումբների դերի մասին հիշում միայն պարտությունների ժամանակ։ Նույն Պետրակովի առջեւ խնդիր էր դրվել ազգային հավաքականը դուրս բերել խոշոր մրցաշար։ Իհարկե, հավաքականը մանավանդ սփյուռքի ու նատուրալիզացված ֆուտբոլիստների շնորհիվ ավելի մրցունակ է դարձել, բայց այդտեղ էլ ՀՖՖ-ին չի հաջողվել լուծել առաջադրված խնդիրը։

Լուսանկարը` FAF


-Արման, դու շատ լավ տեղյակ ես Հայաստանի առաջնություններում տեղի ունեցող իրադարձություններից։ Էլ ի՞նչ ցավալի երեւույթներ կան, որոնց մասին ֆեդերացիան խոշոր հաշվով չի բարձրաձայնում։

-Հայաստանում չեն վերացել պայմանավորված խաղերը։ Հիշում ենք 2020-ին Առաջին խմբի մի քանի ակումբներ որակազրկվեցին այդ մեղադրանքով, բայց դրանից հետո էլ երեւույթը շարունակվել է։ Իսկ վերջին երկու մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայում եւս նման դեպքեր պարբերաբար գրանցվում են։ Նախորդ մրցաշրջանում կար թիմ, որն, այսպես ասած, ղումարով էր զբաղվում։ Այս մրցաշրջանում էլ կա այդ երեւույթը, չնայած վերջին ժամանակներս կասկածելի խաղ չի եղել, բայց մրցաշրջանի սկզբում եղել է։ Բնականաբար, դա ապացուցելը շատ-շատ դժվար է, սակայն ովքեր հետեւում են հանդիպումներին ու մանրամասներին տեղյակ են, շատ լուրջ կասկածներ ունեն, որ այդ երեւույթը չի վերացել։  

- Ըստ քեզ՝ ինչո՞ւ հարցերին լուծում չի տրվում։ ՀՖՖ-ում չկա՞ն համապատասխան գիտելիքներով մարդիկ, թե՞ չեն ցանկանում կամ չեն կարողանում աշխատել։

-Դժվարանում եմ ասել։ Գիտեմ միայն, որ ղեկավարները պետք է հայտարարի գան ակումբների հետ, ոչ թե գնան առճակատման, որն էլ վերածվում է պատերազմի։ «Փյունիկ»-ի, «Շիրակ»-ի կամ «Ուրարտու»-ի հետ նման դեպքերը չեն կարող պատահական լինել։ Ու այնպես չէ, որ միայն այդ թիմերն են, կան նաեւ ուրիշները, որոնք վախից ձայն չեն հանում։ Ֆեդերացիան մեկին ստադիոնից կզրկի, մյուսին՝ մարզումային դաշտից։ Բացի այդ էլ, նրանք ՀՖՖ ընտրություններում ձայն են ապահովում։

Չեմ ասում, թե խնդիրներում միայն ֆեդերացիան է մեղավոր, ակումբների ղեկավարներն էլ իրենց հավակնություններն ունեն ու որոշ հարցերում սխալ են, բայց իրենց էլ կարելի է հասկանալ։ Անձնական միջոցներն են ներդնում՝ պետությունից ոչ մի գումար չստանալով, իսկ ֆեդերացիան ունի այդ գումարներն ու հնարավորությունները եւ ինքն է կրում ֆուտբոլի նկատմամբ պատասխանատվությունը։

- Ակումբներն ի՞նչ գործ ունեն անելու, որպեսզի առանց այդ էլ ոչ լավ վիճակում գտնվող հայկական ֆուտբոլն ավելի չտուժի։

-Այսօր դրական միտումները կան մեծամասամբ մի քանի ակումբների ջանքերի շնորհիվ, եվրագավաթային հաջողությունները պատահական չեն։ Իսկ ֆեդերացիան պետք է օգնի, ոչ թե խոչընդոտի։ Մարզադաշտերի մեծ մասը ֆեդերացիայի տիրապետության տակ է․ ինչպե՞ս է ստացվում, որ իրենց հետ լավ հարաբերություններ ունեցող ակումբին, որն ընտրություններում քվեարկում է իրենց ուզածով, այն տրամադրվում է, իսկ մյուսին, որը ինչ-որ հարցից դժգոհ է՝ ոչ։ Որպես լրագրող ասեմ, որ հավատացել ենք փոփոխություններին, բայց տեսնում ենք, որ դրանք տեղի չեն ունենում։ Ավելին, միտումը բացասական է ու նույնիսկ լրագրողները, ովքեր խոսում են այս խնդիրներից, իրենց վտանգի տակ են դնում, ինչը արդեն շատ վատ է։

Լուսանկարը` FFA


- Իսկապես, թերեւս լրագրողներս էլ ունենք բացթողումներ։ Օրինակ՝ մենք էլ բազմաթիվ անգամներ դիմել ենք ՀՖՖ-ին՝ Արմեն Մելիքբեկյանի հետ հարցազրույց անելու համար, բայց դրանք երբեք տեղի չեն ունեցել։ Այդ մասին չենք բարձրաձայնել, մտածելով, որ միգուցե կուղղվեն ու ի վերջո կհամագործակցեն լրատվամիջոցների հետ։

- Այո, համաձայն եմ։ Մի բան էլ ավելացնեմ։ Ֆեդերացիայի ռազմավարության մեջ ներառված էր ֆուտբոլի զարգացումը, մասսայականացումը, մարզադաշտերի կառուցումը (վերջինը լինում է, բայց նախ շատ քիչ, հետո էլ որակապես լավը չեն),  բայց կենտրոնացումը եղավ ազգային հավաքականը։ Ամեն գնով ուժեղացնում են, այստեղից-այնտեղից  ֆուտբոլիստ են բերում, քաղաքացիություն տալիս, որ հավաքականը հաղթի, իրենց էլ վստահեն։ Գնում են րոպեական արդյունքների հետեւից, իսկ խորքային խնդիրները մնում են չլուծված։

- Արման, ի՞նչ ես կարծում, ՀՖՖ ղեկավարության հեռացումը կտա՞ ինչ-որ լուծում։

- Ես իրավիճակն եմ գնահատում։ Բարդ է, որովհետեւ նախագահի լավագույն տարբերակ այս պահին չկա։ Մյուս կողմից, ներկա դրությունն էլ չի գոհացնում։ Մեկ տարի առաջ նախագահի ընտրություններ էին, որում Արաս Օզբիլիսն ընդամենը 3 ձայն ստացավ։ Մեծ մասն ընտրել է գործող նախագահին․ մի մասը, երեւի, վստահում էր, մի մասն էլ ուղղակի չէր կարող չընտրել ինչ-ինչ պատճառներով։ Սա ՀՖՖ անդամների ընտրությունն է, ու նրանք էլ պիտի հաշվետու լինեն դրա համար։

Լուսանկարը` FFA


- Իսկ կլինի՞ այդ փոփոխությունը, թե՞ կրքերը կմարեն ու ՀՖՖ-ում կշարունակեն աշխատել այն մարդիկ, ովքեր կան այսօր։

- Ես տեսնում եմ, որ ճնշում կա։ Ակումբներն են հայտարարություններ տարածում, առանձին ֆուտբոլիստներ են հայտնում իրենց կարծիքները։ Երբեք չեմ տեսել, որ մեր երկրպագուներն այսքան միասնական լինեն։ Եթե ՖԱՖ-ը եւ Red Eagles-ը, որ տարիներ շարունակ թշնամական վերաբերմունք են ունեցել միմյանց նկատմամբ, միավորվել են, արդեն շատ բանի մասին է խոսում։ Մի բան հստակ է, որ անտարբերությունն ու ոստիկանության կողմից կիրառվող ուժն ավելի են բորբոքելու կրքերը։

Արման Աբելյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին