Հոկտեմբեր 29, 2025
605 դիտում

Մարմնամարզության հավաքականի նպատակն է նվաճել ՕԽ-ի թիմային պայքարի ուղեգիր


Լուսանկարը` FIG


Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է մնացել Աշխարհի առաջնությունից, որտեղ նրա սաները նվաճել էին երկու արծաթե մեդալ։

Աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճել են Օլիմպիական արծաթե ու բրոնզե մեդալակիր, ԵԱ-ի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ), ԵԱ-ի արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը (նժույգթափեր)։

«Մինչ Աշխարհի առաջնություն մեկնելը մենք հավաք անցկացրինք Դոհայում։ Մեդալների ակնկալիք ունեի, լավ պատրաստված մեկնեցինք մրցավայր։ 

Ես շատ ուրախ եմ, որ Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանն ու փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը, ովքեր 18 տարեկան են, տեսան, որ մեծահասակների ԱԱ-ն վախենալու չէ։ Մրցումային առաջին օրը նրանք լարված էին, բայց հետո հաղթահարեցին այն։

Ափսոսում եմ, որ Մամիկոնը չեմպիոն դարձած մարզիկի հետ հավասար միավորներ վաստակելով՝ գրավեց 2-րդ տեղը։ Այլապես մենք կարող էինք չեմպիոն ունենալ։ 

Արթուր Դավթյանի  դերը մեր թիմում շատ մեծ է։ Նա ավագն է ու ելույթների ժամանակ միշտ մարզիչ Հայկ Նազարյանի կողքին է լինում, ճիշտ հուշումներով օգնում տղաներին։ Նա եւս կարող էր չեմպիոն դառնալ, սակայն մրցակիցը կարողացավ շատ քիչ միավորների տարբերությամբ առաջ անցնել։

Համլետ Մանուկյանը շատ ուժեղ է տղա է, այս տարի դարձավ Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող։ Երբ Աշխարհի առաջնությունում գրավեց 4-րդ տեղը, լաց էր լինում, որովհետեւ պատրաստ էր ու իր բացթողման պատճառով զրկվեց մեդալից։  

Վահագն Դավթյանից եզրափակիչ անցնելու ակնկալիք չունեի, բայց Արթուր Ավետիսյանը կարող էր անցնել, չնայած մեդալի չէր կարող հավակնել։ Օղակների վարժությունում շատ ուժեղ մարզիկներ կան ու պայքարը դժվար է տրվում։ Ավետիսյանի հետ աշխատելու շատ տեղ կա:

Ընդհանրապես, մենք աճելու շատ տեղ ունենք։ Մեր նպատակն է մյուս տարվանից հանդես գալ թիմով, որպեսզի կարողանանք նվաճել Օլիմպիական վարկանիշ թիմային պայքարում։ Այդ պարագայում իրավունք կունենանք խաղերին մասնակցել 4 մարզիկով։ Դրա համար պետք է 6 գործիքի վրա կատարելագործենք մեր հմտությունները, տեսնենք՝ ինչքանով դա կստացվի մեզ մոտ»։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին