Դեկտեմբեր 18, 2024
97 դիտում

Երկրպագուները կարծում են, որ ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականն անխուսափելի է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure


Հայկական ֆուտբոլի երկրպագուները տեւական ժամանակ է պահանջում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ պատճառաբանելով, որ վերջինս ձախողել է իր իսկ ստանձնած պարտավորությունները։

Այսօր նրանք ասուլիս են հրավիրել եւ ավելի մանրամասն ներկայացրել իրենց առաջիկա անելիքներն ու նշել ՀՖՖ-ի ձախողումները։ Ասուլիսի ժամանակ տեսակետները հնչեցրել են Երվանդ Իսմաիլյանը, Սերգեյ Ջանջոյանը, Անդրանիկ Դալդումյանը, Դավիթ Վահրադյանը եւ Դավիթ Համբարձումյանը։

Լուսանկարը` Photolure


«Մենք հաջողել ենք, որովհետեւ ֆուտբոլային տարբեր երկրպագուներ միավորվել են ու ներկայացնում են հայկական ֆուտբոլի առողջացմանն ուղղված իրենց տեսլականը։

Ֆեդերացիայից պնդում են, թե մեր հետեւում կանգնած են այլ մարդիկ, իսկ մենք դժգոհ ենք միայն հավաքականի արդյունքներից։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Մեզ մտահոգում է հայկական ֆուտբոլի վատ վիճակը։ Ֆեդերացիան գրեթե ամբողջապես ձախողել է իր իսկ գրած 2019-25 թվականների ռազմավարությունը։ Մենք պահանջում ենք ամբողջ ղեկավար կազմի հրաժարականը։


Արմեն Մելիքբեկյանն ընդունում էր մեղքը, որ 5 տարվա աշխատանքը որոշակիորեն ձախողել է եւ այսօր արդեն նոր ռազմավարությունից է խոսում։ Այս ղեկավարները նախորդ ռազմավարությունը ձախողել են, ինչպե՞ս հավատանք, որ հաջորդ երկու տարում նորը լուծելու են։

Անձնական վիրավորանքները հայկական ֆուտբոլում դարձել են անպակաս։ Ի՞նչ հարգանքի մասին է խոսքը, եթե ՀՖՖ-ն մի շարք ակումբների հետ լարված հարաբերություններ ունի։ Թափանցիկություն չկա, ասուլիսներ տեղի չեն ունենում, իսկ հարցազրույց ընտրված լրատվամիջոցների են տալիս։ Եթե թաքցնելու ոչինչ չունեն, ինչո՞ւ են այդպես վարվում ու ոչ մի տեղեկատվություն լրատվամիջոցներին չեն տրամադրում։

Մեր երազանքն է, որ հավաքականը դուրս գա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Սա գրված է նաեւ ՀՖՖ ռազմավարության մեջ, որին եւս չեն հասել։ Հասկանալի է, որ 4-5 տարին բավարար չէ նման արդյունքի հասնելու համար, այդ դեպքում անիրատեսական մտքեր ինչո՞ւ են գրում։ Այսօրվա հավաքականը հեռու է այդ փուլից։


Մեզ անընդհատ ասում են, թե հրաժարականի դեպքում ո՞ւմ ենք տեսնում ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Մենք տեսնում ենք ոչ թե թեկնածու, այլ համակարգ։ Դրա համար ունենք մշակած գործողությունների քարտեզ։ Երբ հրաժարական կտան, թող լինի ժամանակավոր պաշտոնակատար, որը կկազմակերպի արտահերթ ժողովներ։ Դրանց ընթացքում կլինեն ՀՖՖ դուստր ՀԿ-ների հեռացումներ, օրենքի մշակումներ, ձայների արդար բաշխում, կհանվեն նախագահի թեկնածուի սահմանափակումները, որոնք կան այսօր։ Տեղի կունենան ֆուտբոլային տարբեր շահագրգիռ անձանց հանդիպումներ, քննարկումներ, կկազմվեն առաջարկությունների ծրագիր։ Ապա արդեն կհայտարարվեն ընտրություններ եւ արդար ձեւով կունենանք ՀՖՖ նախագահ։

Հրաժարականն անխուսափելի է, պարզապես ժամանակի հարց է։ Վերջնաժամկետ չենք սահմանել, բայց եթե պահը գա, դա էլ կլինի։ Կդիմենք ավելի կտրուկ միջոցների»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին