Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը կառույցի տարեկան համագումարի ժամանակ խոսել է մանկապատանեկան ֆուտբոլի խնդիրների, իրենց թերացումների եւ հնարավոր լուծումների մասին:
«Կարող է տպավորություն ստեղծվել, թե հայկական ֆուտբոլում խնդիրներ չկան, ինչը բնականաբար այդպես չէ։ Դրա համար օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան:
Ֆեդերացիայի անդամները բազմաթիվ խնդիրներ են մատնանշում, որոնք փորձում ենք լուծել: Եթե դրանք հանրայնորեն չեն արվում, չի նշանակում, որ չեն բարձրաձայնվում։ Անընդհատ քննարկումների մեջ ենք, այստեղ ներկաներից շատերն էլ դա կվկայեն:
Իհարկե, ծավալուն աշխատանքների թոհուբոհում բացթողումներ եւս ունենում ենք, թերանում ենք հայկական ֆուտբոլի խնդիրները ներկայացնելու հարցում: Ընդունում եմ, որ ՀՖՖ-ն ձախողվել է կոմունիկացիոն ռազմավարության եւ լայն լսարանի հետ շփման առումով, ինչը կշտկենք հաջորդ տարի:
Լուրջ քննադատության ենք ենթարկվում մանկապատանեկան ֆուտբոլի արդյունքների համար: Երկրպագուներն իրավունք ունեն արդյունքներ պահանջել, բայց ավելի զարմանալի է, երբ դա անում են ակումբի ներկայացուցիչները, որոնք իրենք են պատրաստում խաղացողներ:
Ֆեդերացիան մեղքը միայն ակումբների վրա գցել չի կարող: Եթե ակումբների կարծիքով վատ մարզիչներ ենք նշանակում, մենք էլ կարող ենք նշել, որ վատ ֆուտբոլիստներ են մատակարարում: Մինչդեռ ճշմարտությունն այդ երկու պնդումների միջնամասում է, եւ մեղավորը բոլորն են: Ֆեդերացիան ընդունում է մեղքի իր բաժինն ու մեխանիզմներ մշակում, նույնն էլ ակումբները պետք է անեն:
Մանկապատանեկան հավաքականների մարզիչների կապն ակումբների հետ բավարար չէ, հաճախ ենք սահմանափակվում կարճատեւ հավաքներով, որոնց ընթացքում չենք կարող բավարար չափով արդյունավետ աշխատել: Պետք է սերտ կապ հաստատել ակումբների հետ եւ այցելություններ ունենալ: Լիահույս եմ, որ այդ խնդիրների լուծումը հաջորդ տարի կգտնենք:
Դա, իհարկե, չի նշանակի, որ մանկապատանեկան ֆուտբոլում կտրուկ աճ կլինի, քանի որ խանգարող բազմաթիվ գործոններ կան: Միանգամից չենք կարող պատրաստել Եվրոպայում մրցակցող մեծ քանակությամբ երեխաներ: Ամեն տարիքային խմբում մի քանիսն առանձնանում են, բայց 25-30 խաղացող ունենալ Հայաստանի ֆուտբոլային համակարգը դեռ չի կարող:
ՀՖՖ-ն գործնականում մանկապատանեկան ֆուտբոլի վրա կարող է ազդել միայն իր ակադեմիայով, որն այդ ոլորտի 7 %-ն է կազմում: Ներկայումս աշխատում ենք Հայաստան եւս մեկ միջազգային նախագիծ հրավիրել, հենց հիմա էլ բանակցություններն ընթանում են եւ հուսանք՝ հաջողության կհասնենք: Դրանով լավ օրինակ կծառայենք մեր ակումբների համար:
2025-ը պետք է բեկումնային լինի, այդ առումով հայցում ենք ակումբների օժանդակությունը, քանի որ առանց նրանց մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը հնարավոր չէ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: