Այսօր Երեւանում ընթանում է ՀՖՖ 25-րդ հերթական ժողովը։ Քիչ առաջ ելույթով հանդես է եկել ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ ամփոփել 2024 թվականը:
Ենթակառուցվածքներ
«Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ֆեդերացիան մեծ աշխատանք է կատարում ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ, հիմնականում՝ մարզերում։ Շատ դրական տեղաշարժ կա եւ ակումբներն էլ են լծվել այդ աշխատանքներին։
Հրազդանում եւ Չարենցավանում արհեստական խոտածածկով ստադիոնների կառուցումն ավարտվել է, Վարդենիսի քաղաքային ստադիոնի խոտածածկի փոփոխությունը եւս։ Այս տարի 40 փոքր դաշտ ենք կառուցել, մեկն էլ ընթացքի մեջ է։ Մյուս տարի խաղադաշտեր կկառուցենք մարզային 5 բնակավայրում»։
Մանկապատանեկան ու պրոֆեսիոնալ ֆուտբոլ
«Մանկապատանեկան ֆուտբոլը մեծ թափով զարգանում է մարզերում։ 2023-ին մանկապատանեկան առաջնությանը 333 թիմ է մասնակցել, այս տարի՝ 387։ Ըստ այդմ՝ ավելացել է նաեւ խաղերի քանակը։
Ես միշտ պնդել եմ, հիմա էլ ասում եմ, որ ակումբները պետք է ստեղծեն պրոֆեսիոնալ լիգա։ Երբ այն լինի, ակումբներն իրենք կկազմեն կանոնակարգերն ու խաղացանկը։ ՀՖՖ-ն ակումբներին փոխանցել է փաստաթղթերը ու պատրաստ է լիգա ստեղծել հենց հիմա։ Սակայն վերջիններս չեն կարողանում պայմանավորվել, ընտրել նախագահ ու կազմակերպել աշխատանքները։
Մրցավարության թեման հավերժ է լինելու, սակայն սա չի նշանակում, որ վատ մրցավարներ ունենք։ Այս պահին միջազգային կարգի մրցավարների քանակով Հայաստանի պատմության մեջ ամենաշատ թիվն ունենք։ Մշտապես աշխատում ենք մտածված սխալներ թույլ չտալու ուղղությամբ, խնդիրների լուծման շուրջ քննարկումներ ունենում ենք անընդհատ։
Մենք կողմնապահ չենք։ Այն ակումբները, ովքեր ավելի շատ են բողոքում, ՀՖՖ-ի միջոցով ՖԻՖԱ-ից եւ ՈւԵՖԱ-ից ավելի շատ գումար են ստանում»։
Հավաքականներ
«Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների արդյունքներից իրավացիորեն դժգոհում են։ Ազգային հավաքականի առջեւ խնդիր էր դրված Ազգերի լիգայի խմբային փուլում գրավել առաջին տեղն ու դուրս գալ Բ լիգա։ Առաջինը չստացվեց, իսկ երկրորդի համար պայքարը դեռ շարունակվում է։
Ըստ մասնագետների՝ Եվրոպայում վատագույնն ենք հավաքականում ներգրավված 26-29 տարեկան ֆուտբոլիստների ցուցանիշով։ Սա հիմնական տարիքն է, կորիզը, որը մեզ մոտ բացակայում է։ Արդյո՞ք հավաքականի մարզիչներն ունեցել են այդ տարիքի բարձրակարգ ֆուտբոլիստներ ու չեն հրավիրել թիմ, իհարկե, ոչ։ Նրանք ստիպված կանչել են կամ ավելի մեծ, կամ մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների։
Դրան զուգահեռ էլ վատացել են երիտասարդական ընտրանու արդյունքները։ Եթե նրանք ընդգրկվեին թիմում, ապա չէին ձախողի ընտրական փուլը, բայց ստիպված խաղացել են ազգային հավաքականում»։
ԲԿՄԱ նախագիծը
«2015-18-ին, երբ պետք է զարգանային այսօրվա մինչեւ 29 տարեկանները, տեղի է ունեցել այդ բացը։ Կան օբյեկտիվ պատճառներ, մարզական վաշտ չկար, տարկետում քիչ էր տրվում, ինչի պատճառով ֆուտբոլիստները զորակոչվում էին բանակ։
Մենք ստեղծեցինք ԲԿՄԱ-ն, ինչի շնորհիվ ֆուտբոլով զբաղվողների թիվն ավելացավ։ 74 ֆուտբոլիստից, ովքեր ներգրավված են ԲԿՄԱ-ում, 90 տոկոսից ավելին մնացել են ֆուտբոլում, ոմանք մշտապես հրավիրվում են ազգային հավաքական։
Նախագիծն կատարյալ չէ, սակայն արդեն ավարտվել է կայունացման փուլը։ Մշտապես ներկայացվում է, որ ԲԿՄԱ-ն ՀՖՖ-ի թիմ է։ Մենք անում ենք ամեն ինչ, որ այն չխանգարի առաջնության մրցակցությանը։ Բարձր տեղ զբաղեցնելու դեպքում թիմը չի մասնակցելու եվրագավաթներին, բացի այդ, ԲԿՄԱ-ն չի ստանում համերաշխության գումարները եւ ոչինչ չի խլում այլ ակումբներից։ Ամեն դեպքում հասկանում ենք, որ պետք է մեխանիզմ մշակել, որպեսզի ակումբն ամբողջապես տեղափոխենք ՊՆ-ի ենթակայության տակ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: