Ապրիլ 26, 2025
exclusive
711 դիտում

Հայաստանի հավաքականում ու Գերմանիայում իրեն լիովին չդրսեւորած Սարգիս Ադամյանը


Լուսանկարը` FC Jahn Regensburg

Լուսանկարը` SG Hoffenheim

Լուսանկարը` FC Jahn Regensbur

Լուսանկարը` transfermarkt.com

Լուսանկարը` FC Köln

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Club Brugge K.V.

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` dumontnext.de

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` en24.news

Լուսանկարը` geissblog.koeln


Տարեսկզբից հայկական լրատվամիջոցները նորից ակտիվորեն անդրադառնում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանին: Ֆուտբոլիստը վարձավճարով «Ռեգենսբուրգ» տեղափոխվելուց հետո իր երկրորդ գոլն է խփել Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում:

Mediamax Sport-ը շարունակում է ներկայացնել հավաքականի խաղացողների մարզավիճակը՝ Ազգերի Լիգայի անցումային խաղում Վրաստանի հետ սպասվող հանդիպումից առաջ:


Նոր ակումբը

Այս տարվա հունվարի սկզբին Սարգիս Ադամյանը «Քյոլն»-ից վարձավճարով տեղափոխվեց Բունդեսլիգա 2-ում ելույթ ունեցող «Ռեգենսբուրգ», որի գործերն այդքան էլ լավ չեն ու մրցաշարային աղյուսակի ներքեւի հատվածում է տեղակայված: Ակումբի կազմում հարձակվողը 4 հանդիպման է մասնակցել ու 2 գոլի հեղինակ դարձել: Հիմա նրա թիմը 22 տուրից հետո 15 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է:

«Համբուրգ»-ի հետ կայացած հանդիպումից ու գոլից հետո նրա մասին գերմանական ԶԼՄ-ում այսպիսի հիշատակումներ կային.

«Վարձավճարով հանդես եկող Ադամյանն արդեն 2-րդ գոլն է խփում: Հակագրոհի արդյունքում նա 6-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց: Հարձակվողը մի քանի շաբաթ առաջ է միացել «Ռեգենսբուրգ»-ին եւ կփորձի թիմին օգնել դուրս չմնալ Բունդեսլիգա 2-ից: Իր գոլով նա ավելացրեց դա անելու հավանականությունն, ու եթե մրցաշրջանի ավարտին Ռեգենսբուրգ»-ը պահպանի իր տեղը, հնարավորություն կստանա վերադառնալ «Քյոլն» ու նորից մասնակցել Բունդեսլիգային»:

Լուսանկարը` FC Jahn Regensbur


«Ռեգենսբուրգ»-ն Ադամյանի տեղափոխության մասին հայտնեց հունվարի 3-ին՝ ձմեռային դադարի ժամանակ: Ակումբը նպատակ ուներ ուժեղացնել կազմն ու պահպանել տեղը լիգայում: 31-ամյա Ադամյանն արդեն եղել է ակումբի խաղացող ու 2017-2019 թթ. նրա կազմում 69 խաղում դարձել 20 գոլի հեղինակ: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025 թվականի հունիսի 30-ը:

«Շատ ուրախ եմ Սարգիսին նորից տեսնել մեր ակումբի մարզաշապիկով: Իր փորձի եւ հմտության շնորհիվ նա պետք է օգնի մեզ դուրս չմնալ Բունդեսլիգա 2-ից: Համատեղ զրույցների ընթացքում հավաստիացրել է, որ դրա համար ամեն ինչ կանի, քանի որ լավ ծանոթ է ակումբին ու ցանկանում է շարունակել մասնակցություն ունենալ նրա կյանքում: Սարգիսը նաեւ լավ ծանոթ է քաղաքին ու նրա շրջակայքին», -ասել է սպորտային տնօրեն Ահիմ Բայերլորցերը:

Ակումբը ներկայացրել է ֆուտբոլիստի առավելություններն ու նշել, որ նա լավ է գործում աջ ոտքով, Բունդեսլիգայում 90 խաղում 10 գոլի ու նույնքան էլ գոլային փոխանցման հեղինակ է դարձել, իսկ 72 հանդիպում անցկացրել Գերմանիաի 2-րդ դիվիզիոնում՝ հանդես գալով «Հոֆֆենհայմ»-ի, «Քյոլն»-ի եւ «Ռեգենսբուրգ»-ի կազմերում:

Լուսանկարը` SG Hoffenheim


«Նա նաեւ 10 հանդիպում է անցկացրել Եվրոպայի եւ Կոնֆերենցիաների Լիգաներում ու 3 գոլ գրանցել: Երեւանում ծնված Ադամյանը նաեւ 6 ամիս վարձավճարով խաղացել է «Բրյուգե»-ում, որի կազմում Բելգիայի առաջին Դիվիզոնում 9 խաղում 5 գոլ է խփել»,- շարունակել է ակումբը:

Պայմանագիր կնքելիս Ադամյանն ընդգծել էր, որ լավ է ծանոթ ակումբին եւ ուժերի ներածին չափով կօգնի նրան. «Զգում եմ ակումբի ղեկավարության վստահությունն ու որակներս կօգտագործեմ, որպեսզի հասնենք մեր առջեւ դրված նպատակներին՝ մնալ լիգայում: Շնորհակալ եմ իմ նախորդ ակումբին՝ «Քյոլն»-ին, որն ինձ հնարավորություն տվեց խաղային պրակտիկա ունենալ եւ ընդունել այս նոր մարտահրավերը»,- սրանք էլ Ադամյանի խոսքերն են:

Արդյունավետ փուլը

Հետաքրքիր է, որ Ադամյանի կարիերայի ամենաարդյունավետ փուլը եղել է հենց «Ռեգենսբուրգ»-ում, որտեղ նա 2018-2019 մրցաշրջանում 33 խաղում 15 գոլի հեղինակ է  դարձել: Գուցե, այդ վերադարձը հարձակվողի համար նաեւ հոգեբանական իմաստով կարեւոր նշանակություն ունի, որպեսզի վերհիշի լավագույն ժամանակներն ու նորից վերականգնի վստահությունը: Այդ մրցաշրջանում «Ռեգենսբուրգ»-ը Բունդեսլիգա 2-ում 8-րդ տեղում է ավարտել ելույթը:

Լավ խաղի արդյունքում էլ Ադամյանն իր վրա էր սեւեռել «Հոֆֆենհայմ»-ի ուշադրությունը եւ Բունդեսլիգայում իրեն դրսեւորելու հնարավորություն ստացել:

Լուսանկարը` transfermarkt.com


Սակայն Գերմանիայի գլխավոր առաջնությունում հայ հարձակվողի գործերն այդքան էլ լավ չդասավորվեցին: Նա այդպես էլ իր թիմերից ոչ մեկում հիմնական կազմում չամրապնդվեց ու առանցքային խաղացող չդարձավ՝ չնայած ունեցած որակներին, որոնք անհրաժեշտ կերպով չդրսեւորվեցին՝ «Քյոլն»-ում 3 մրցաշրջանում 50 խաղի մասնակցեց (2 գոլ), իսկ «Հոֆֆենհայմ»-ում 3 տարիների ընթացքում՝ 46 (8 գոլ):

Անհաջողության պատճառները

Իր կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը տարբեր խոչընդոտների է բախվել, որոնք խանգարել են առաջընթացին:

Պարզ է, որ ինչքան ուժեղ է ակումբն ու հանդես է գալիս բարձրագույն խմբում, այն էլ՝ Գերմանիայում, հիմնական տեղի համար պայքարն առավել թեժ է: Պետք է իսկապես ուժեղ լինես ու կարողանաս մարզավիճակդ պահել, որպեսզի տեղ գտնես հիմնական կազմում, չնայած պահեստայինների նստարաններին մնալն էլ ոչ պակաս բարդ է: Դրա համար հաճախ խաղացողներին տեղափոխում են երկրորդ թիմ, ինչպես 2019-ին «Հոֆֆենհայմ»-ում վարվեցին Ադամյանի հետ: Թիմի հարձակման գծում շատ ուժեղ խաղացողներ կային ու նա չդիմացավ դաժան մրցակցությանը, մարզիչները հաճախ նախապատվությունը տալիս էին ավելի արդյունավետ ու կայուն խաղ ցույց տվող ֆուտբոլիստներին:

Լուսանկարը` FC Köln


Ադամյանին բարձր խաղամակարդակը պահել խանգարում էին նաեւ վնասվածքները: Նա չէր հասցնում վերադառնալ նախկին վիճակին, երբ հերթական վնասվածքն էր նրան հետ թողնում: Եվ մարզումային մեծ ծանրաբեռնվածությամբ եւ բարձր արագությամբ գործող թիմերի հիմնական կազմ վերադառնալն անհնար էր դառնում:  

Ադամյանի համար նաեւ երբեմն բարդ էր լինում հարմարվել մարզիչների խաղային սխեմաներին՝ պարզապես դուրս էր մնում դրանցից ու իր մշտական տեղը չէր ունենում: Ու չնայած ունեցած պոտենցիալին, որի մասին տարբեր մարզիչներ են ընդգծել, այդպես էլ չհարմարվեց Բելգիայի ու Գերմանիայի առաջնություններում:

Հավաքականը

Ադամյանը Հայաստանի հավաքականում է արդեն 12 տարի, բավական երկար ժամանակահատված է, որպեսզի նա հարձակման գծի առանցքային խաղացողներից մեկը դառնար: Սակայն միշտ չէ, որ ընտրանու հարձակումը կարողացել է իրեն լիարժեք դրսեւորել նույնիսկ այն հանդիպումներում, երբ խաղը ստացվել է մյուս օղակներում:

Կար մի շրջան, որ հարձակվողները պարզապես չէին կարողանում գրավել մրցակիցների դարպասները, իհարկե, միշտ չէ, որ Ադամյանը հավաքականում էր, սակայն եղած ժամանակ էլ առանձնակի սրություն հաղորդել չէր ստացվում:

Լուսանկարը` Reuters


Առաջին խաղն Ադամյանի համար 2013-ի սեպտեմբերին 2014-ի ԱԱ-ի ընտրական փուլում Դանիայի դեմ դիմակայությունն էր, որն ավարտվեց մրցակցի նվազագույն հաշվով հաղթանակով: Հետագայում այդ հանդիպման մասին Գերմանիայի 5-րդ Լիգայում հանդես եկող «Հանզա»-ի երկրորդ թիմի 20-ամյա ֆուտբոլիստը հետեւյալն էր ասել.

«Դանիայի դեմ կարող էի ավելի լավ հանդես գալ, թեեւ հարձակման խաղը ստացվում էր,  սակայն իմ գործողություններն այդքան էլ հաջող չէին: Ամեն դեպքում՝ առաջին անգամ էի հավաքականում»:

Մինչ այդ նա ելույթ էր ունեցել նաեւ երիտասարդական հավաքականում ու 5 խաղի մասնակցել: Ազգայինում Ադամյանը հանդես է եկել 10 մարզիչների՝ Վարդան Մինասյանի, Բեռնար Շալանդի, Սարգիս Հովսեփյանի, Վարուժան Սուքիասյանի, Արթուր Պետրոսյանի, Արմեն Գյուլբուդաղյանցի, Աբրահամ Խաշմանյանի, Խոակին Կապառոսի, Ռոման Բերեզովսկու (ժամանակավոր պաշտոնակատար էր) եւ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ:

Պետք է խոստովանել, որ այնուամենայնիվ Հայաստանի հավաքականի խաղացողների համար այնքան էլ հեշտ չի հարմարվել այդքան մարզիչներին ու նրանց բերած փոփոխություններին՝ սկսած մարտավարությունից մինչեւ թիմում տիրող մթնոլորտը:

Լուսանկարը` FFA


Ադամյանի հետ հատկապես լարված հարաբերություններ ունեին Կապառոսն ու Պետրակովը: Կապառոսի օրոք նա սկզբում հրավիրվում էր հավաքական, սակայն հետագայում իսպանացին սկսեց հրաժարվել հարձակվողի ծառայություններից ու նրան դուրս թողեց իր հայտացուցակից՝ չնայած որ այդ ժամանակ հանդես էր գալիս «Քյոլն»-ի հիմնական կազմում:

Մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ մարզիչն իր որոշումը մեկնաբանեց այսպես. «Սաքոյին բոլորը սիրում եւ գնահատում են, բայց նրա բացակայության պատճառը հենց ինքն է: Զանգեք նրան ու հարցրեք, թե ինչու այստեղ չէ»,- ընդգծեց մարզիչը:

Ֆուտբոլիստն այդպես էլ չարձագանքեց այս խոսքերին ու չպարզաբանեց բացակայության կամ կոնֆլիկտի իրական պատճառների մասին: Հետո Ադամյանին սկսեց չվստահել նաեւ Ալեքսանդր Պետրակովը, նա ի տարբերություն իսպանացու, ավելի շատ բան ասաց.

«Սարգիս Ադամյանին դեռ անցած հունիսին հրավիրել էի, նա մերժել էր՝ պատճառաբանելով, որ պետք է ներկա լինի կնոջ ծննդաբերությանը։ Մենք ըմբռնումով մոտեցանք այդ հարցին։ Բոլորդ հիշում եք, որ հունիսյան խաղերից հետո Ռանոսը շատ լավ մարզավիճակում էր եւ գոլեր էր խփել, ու երբ սեպտեմբերին Ադամյանը միացավ մեզ, նախապատվությունը Հրանտ-Լեոնին տվեցի։ Ինձ հասած խոսակցությունների համաձայն՝ Սարգիս Ադամյանը նեղացել է: Եւ երբ նրան նորից հրավիրեցի, չեկավ հավաքական։ Ինձ համար մի փոքր անընդունելի է, որ ֆուտբոլիստը կարող է իրեն այդպես պահել»:

Լուսանկարը` Photolure


Պետրակովին հեռացնելուց հետո թիմի ղեկը ժամանակավոր ստանձնած Սուրեն Չախալյանը հրավիրել է Ադամյանին, սակայն նա այդ անգամ էլ միանալ չի կարողացել վնասվածքից պատճառով:

Այդպիսով՝ 12 տարվա ընթացքում հարձակվողը հավաքականում միայն 37 խաղի է մասնակցել ու աչքի ընկել 2 գոլով: Առաջինը 2018 թվականին ուղարկել է Լիխտենշտեյնի դարպասը, իսկ երկրորդը՝ 2020-ին Վրաստանի:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հավաքականը գլխավորել է հոլանդացի Ջոն վան'տ Սխիպը, եթե նա վստահի Ադամյանին, ազգայինում ֆուտբոլիստի 13-րդ մարզչը կդառնա: Հոլանդացին եվրոպական առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստի կարիք ունի, իսկ Ադամյանը՝ միջազգային փորձի:

Սակայն դեռ շատ վաղ է խոսել ֆուտբոլիստների հետ վան'տ Սխիպի համագործակցության ու նրա բերած նորամուծությունների մասին: Երեւանն ու Վրաստանի հավաքականը նրա առաջին փորձադաշտն ու իրեն ցուցադրելու հնարավորությունը կլինեն:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին