Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մի քանի խաղացողներ փոխեցին ակումբներն ու հայտնվեցին նոր թիմերում: Փորձենք հասկանալ, թե այդ տեղափոխությունները որքանով կնպաստեն նրանց խաղամակարդակի բարձրացմանն ու ինչպես կկարողանան դրսեւորել իրենց առաջիկայում:
Մեկ ամսից քիչ ժամանակ է մնում մինչ Ազգերի Լիգայի անցումային խաղերում Վրաստանի հետ դիմակայությանը (կայանալու են մարտի 20-ին եւ 23-ին), եւ հայ ֆուտբոլիստների մարզավիճակից շատ բան է կախված: Ի տարբերություն մերոնց՝ վրացիները շատ ավելի բարձրակարգ թիմերում են հանդես գալիս:
Առաջինը Mediamax Sport-ն անդրադառնալու է Հրանտ-Լեոն Ռանոսին, որը հունվարից ներկայացնում է Բունդեսլիգա-2-ում հանդես եկող «Կայզերսլաուտերն»-ը:
Նախկին ակումբները
Երբ 2023 թվականին Ռանոսը միացավ Հայաստանի հավաքականին, նրան բավական հեռանկարային երիտասարդ խաղացող էինք համարում ու հետը մեծ հույսեր կապում: Առաջին խաղերն էլ վատ չստացվեցին, սակայն աստիճանաբար ֆուտբոլիստի մոտ անկում նկատվեց, ինչը բացասական անդրադարձավ նրա խաղամակարդակի ու աճելու հնարավորության վրա:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739529973_3670660.jpg)
Լուսանկարը` FC Bayern
«Հանովերի 96»-ի սանը երիտասարդական տարիքում իրեն դրսեւորելու հնարավորություն էր ստացել Դորտմունդի «Բորուսիա»-ում, ապա միացել Մյունխենի «Բավարիա»-ի մինչեւ 19 տարեկանների թիմին։ 2022-ին աճեց ու ընդգրկվեց ակումբի երկրորդ կազմում: Եվ հենց այդ ժամանակ է, որ ֆուտբոլիստը պետք է շարունակեր ավելացնել ու ջանք չխնայեր գլխավոր թիմ տեղափոխվելու համար: Սակայն հրաշք տեղի չունեցավ, ու այդքան մոտ լինելով եվրոպական գրանդ թիմին՝ հեռացավ Մյունխենգլադբախի «Բորուսիա»: 2023-ին Ռանոսն ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կնքեց:
«Անչափ ոգեւորված եմ, որ հանդես եմ գալու «Բորուսիա»-ում: Սա իմ կարիերայում մեծ քայլ է, ինչն ինձ ավելի կմոտիվացնի ու նվիրված կդարձնի։ Ամեն մարզմանը որեւէ նոր բան եմ սովորում: Առաջին իսկ օրվանից ողջ ուժերս ներդրել եմ, օգտագործել ամեն խաղ ու մարզում, որպեսզի դրսեւորեմ ինձ: Փորձել եմ ցույց տալ որակներս ու թե որ հարցերում կարող եմ օգտակար լինել թիմին»,- հայտարարեց Ռանոսը:
Այդ տեղափոխությունն իսկապես առաջընթաց կհամարվեր, եթե հարձակվողը կարողանար հաստատվվել թիմում: 2 տարվա ընթացքում նա հիմնական կազմում ընդամենը 11 հանդիպման մասնակցեց՝ առաջին մրցաշրջանում 9 խաղում հանդես եկավ, երկրորդում՝ 2: Առավելապես ելույթ էր ունենում ակումբի 2-րդ թիմում:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739529973_8798533.jpg)
Լուսանկարը` FC Borussia Dortmund
Ռանոսի նախավերջին հանդիպումը «Բորուսիա»-ում 2024 թվականի հոկտեմբերին էր, դրանից հետո մեկ խաղ էլ անցկացրեց 2025-ի հունվարին՝ փոխարինման մտնելով 81-րդ րոպեին, նրա թիմը 1:5 հաշվով զիջեց «Վոլֆսբուրգ»-ին։ Ակումբում վերջին անգամ պաշտոնական խաղերում մրցակցի դարպասը գրավել է 2024 թվականի օգոստոսի 11-ին՝ Գերմանիայի գավաթի 1/32 եզրափակիչում (7:0): 73-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել, նախ գոլային փոխանցում կատարել, ապա ինքը գոլի հեղինակ դարձել:
Բունդեսլիգա 2-ը
Չկարողանալով իրեն դրսեւորել ու մրցակցությանը դիմանալ «Բորուսիա»-ում՝ 21-ամյա ֆուտբոլիստը որոշեց տեղափոխվել «Կալզերսլաուտեր»-ն եւ ակումբի հետ մինչեւ 2025 թվականի հունիսի 30-ը պայմանագիր կնքեց:
Իր որակով ու խաղամակարդակով 2-րդ Բունդեսլիգան որոշակի երկրների անգամ հիմնական առաջնություններին չի զիջում: Հիմա Ռանոսի համար ամենակարեւորը խաղաժամանակ ստանալն ու վստահությունը վերադարձնելն է: Թեեւ Բունդեսլիգա 2 տեղափոխությունը որոշակի առումով հետընթաց է, սակայն դրանում էլ կարելի է որոշակի դրական կողմեր նկատել:
Մշտապես պահեստայինների նստարանին մնալով ու հաշված րոպեներ խաղալով՝ լավ ֆուտբոլիստ դառնալ հնարավոր չէ: Դրա համար էլ նա ճիշտ համարեց կարգով ավելի թույլ թիմ տեղափոխվել (ժամանակին «Կայզերսլաուտերն»-ն էլ մասնակցել է Բունդեսլիգային, բայց վերջին տարիներին նույնիսկ 3-րդ Բունդեսլիգայում է հայտնվել):
Լավ է, որ Ռանոսի պայմանագիրը մեկ տարով է, նա այդքան ժամանակ ունի իր վրա աշխատելու, իրեն վերգտնելու ու ավելի ուժեղ թիմ տեղափոխվելու համար: Նոր թիմում ունեցած առավելություններից մեկն էլ այն է, որ «Կալզերսլաուտերն»-ում արդեն սկսել է խաղալ ու պետք է ամեն ինչ անի, որ հիմնական կազմի
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739529973_9758901.jpg)
Լուսանկարը` FC Kaiserslautern
«Ուզում եմ կանոնավոր կերպով խաղաժամանակ ստանալով՝ այս ակումբում շարունակել սպորտային զարգացումս: Նախ շատ մոտիվացված եմ օգնել «Կայզերսլաուտերն»-ին նվաճել Բունդեսլիգա-ի ուղեգիր: Ակումբը մեծ ավանդույթներ ունի Գերմանիայում, դրա համար էլ նրա մարզաշապիկը կրելը հատուկ է ինձ համար: Բանակցությունները ցույց տվեցին, որ ճիշտ որոշում եմ կայացրել կարիերայիս այս փուլում»,-տեղափոխվելիս ասել էր Ռանոսը:
Նրա պայմանագրում կետ կա, որի համաձայն «Կայզերսլաուտերն»-ը «Բորուսիա»-ին գումար կվճարի այն հանդիպումների համար, որոնցում հարձակվողը հանդես չի գա: Այդպիսով «Բորուսիա»-ն ցանկանում է մինչեւ ամառ իր ֆուտբոլիստի համար խաղաժամանակ ապահովել, որպեսզի աճելու դեպքում նրան վերադարձնի իր կազմ: «Կայզերսլաուտերն»-ի մարզչական շտաբին դա կստիպի հայ ֆուտբոլիստին ավելի շատ հնարավորություն տալ:
«Հրանտը մեծ տաղանդ ունի ու կարող է թիմին օգտակար լինել հարձակման տարբեր կողմերում: Դա մեզ լրացուցիչ ճկունություն կտա: Իր գոլային հոտառության ու որակյալ հատկանիշների շնորհիվ ոչ միայն կավելացնի մրցակցությունը թիմում, այլ նաեւ խորություն կհաղորդի մեր կազմին: Համզոված ենք, որ նա կլավացնի մեր խաղը, կօգնի մեծացնել թիմային նվաճումներն ու նաեւ կարեւոր քայլ կկատարի իր անհատական որակների բարելավման ուղղությամբ»,- ասել է ակումբի տնօրեն Թոման Հենգենը:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739529973_6432307.jpg)
Լուսանկարը` FC Kaiserslautern
Հատկապես վերջին հիշատակումը շատ տեղին է, Ռանոսը նորից պետք է ամուր կանգնի սեփական ոտքերի վրա ու սկսի հավատալ գոլահարի եւ հարձակվողի ունակություններին: Իսկ նման հատկանիշներն, ինչպես գիտենք, ձեռք են բերվում միմիայն կայուն ելույթների արդյունքում:
«Կայզերսլաուտերն»-ում Ռանոսն իրեն նոր խաղային սխեմայում կփորձարկի: Թիմը հաճախ է կիրառում 3-4-3 կամ 3-4-1-2 սխեմաները, որոնք մոտ են Հայաստանի հավաքականի խաղաոճին, չնայած դեռ պետք է սպասել ու տեսնել, թե ով կգլխավորի հավաքականն ու որքանով կվստահի Ռանոսին:
Սովորաբար ֆուտբոլիստների մի մասն իրենց հատկապես լավ է դրսեւորում նոր ակումբում հայտնվելու սկզբնական շրջանում: Թեեւ դեռ մեծ հաշվով հարմարվելու հետ կապված որոշակի դժվարություններ են ունենում, սակայն դա լրացնում են իրենց ցույց տալու եւ լավագույն որակներն արտահայտելու ցանկությամբ: Ռանոսն էլ սովորաբար իր նոր թիմերում լավ է մեկնարկել, ապա խաղային անկում գրանցել: Նույն իրավիճակն է եղել նաեւ Հայաստանի հավաքականում:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739529973_6139605.jpg)
Լուսանկարը` Photolure
Հավաքականը
Որոշ ֆուտբոլիստներ հավաքականում լավ հանդես գալու արդյունքում սկսում են հետաքրքրել ավելի բարձրակարգ ակումբների, սակայն ինչպես Հայաստանի ընտրանին, այնպես էլ Ռանոսն իրենց վերջին ընտրական մրցաշրջանում այդքան էլ հաջող չդրսեւորեցին:
Ֆուտբոլիստը թիմում նորամուտը նշեց 2023-ին Կիպրոսի հետ ընկերական խաղում, որում դուբլի հեղինակ դարձավ ու բազմաթիվ գովասանքների արժանացավ: Հատկապես փայլուն ստացվեց ու դուբլով նշանավորվեց նրա խաղը ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարում Ուելսի դեմ խաղում: Սակայն հետագայում վառ խաղեր հավաքականում այդքան էլ չունեցավ, վերջինս էլ առանձնապես չէր փայլում իր դիտարժանությամբ եւ արդյունավետությամբ:
Ռանոսը հավաքականի մարզաշապիկը կրեց 17 անգամ ու խաղադաշտում մոտ 300 րոպե անցկացրեց:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739529973_6435845.jpg)
Լուսանկարը` Photolure
Թույլ եւ ուժեղ կողմերը
Թեեւ մարզիչներից շատերը գովում են Ռանոսի տեխնիկական որակները, բայց նա ֆիզիկապես է բավական թույլ, ինչը բարձր մրցակցությանը դիմանալու ու խաղաժամանակ ստանալու համար առաջնային գործոններ են: Քիչ խաղալու դեպքում կորչում են արագ մտածելու ու խաղադաշտում կողմնորոշվելու ունակությունները: Իսկ Բունդեսլիգայում հանդես գալու համար դիմացկունություն, ֆիզիկական ուժ, արագություն եւ ճշգրիտ փոխանցումներ են պետք:
Ռանոսն ամեն դեպքում դեռ երիտասարդ խաղացող է համարվում, թեեւ 21 տարեկանում շատերն արդեն իրենց լիովին դրսեւորած են լինում ՉԼ-ում, ԵԱ-ում կամ էլ ԱԱ-ում: Նա չի հասցրել խաղային մեծ փորձ ձեռք բերել ու արտահայտել իր ողջ պոտենցիալը: Դրա համար էլ ինչպես սովորաբար հատուկ է շատ երիտասարդ խաղացողների, որոշիչ պահերին խուսափում է կարեւոր որոշումներ կայացնելուց:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739529973_2313349.jpg)
Լուսանկարը` Photolure
Այս դեպքում առաջին պլան է գալիս աշխատասիրությունը, անգամ շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ մրցունակ են դառնում անդադար մարզվելու շնորհիվ: Ոչ պակաս կարեւոր է նաեւ քննադատություններին դիմանալն ու ճիշտ հետեւություններ անելը:
Ռանոսի կարիերայի համար հիմա շատ կարեւոր փուլ է: Եթե բավարար խաղա, աշխատի իր թույլ կողմերի վրա եւ հոգեբանորեն էլ կայուն մնա, կարող է մեծ առաջընթաց գրանցել՝ տեղափոխվելով բարձրակարգ ակումբ ու դառնալով հավաքականի համար կարեւոր խաղացող: Ամեն ինչ բացառապես կախված է հենց ֆուտբոլիստի սպորտային քաղցից ու առաջ գնալու մղումից:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: