Դահուկորդ Միքայել Միքայելյանը 3-րդ անգամ է մասնակցելու ձմեռային Օլիմպիական խաղերին:
Նա նորամուտը նշել է 2018-ի Փհենչհանում, ապա 4 տարի անց մասնակցել Պեկինի Օլիմպիական խաղերին: Միքայելյանը շարունակել է կայուն ելույթներն ու կարողացել ապահովել նաեւ Միլանի խաղերի ուղեգիր:
Նա փետրվարի 8-ին Պրեդացոյում մասնակցելու է 20 կմ սքիաթլոնի, իսկ 13-ին՝ 10 կմ ազատ ոճի պայքարին։
Mediamax Sport-ի հետ զրույցում դահուկորդը պատմել է, որ 3-րդ խաղերից առաջ տրամադրվածությունն ինչպես միշտ բարձր է ու Իտալիա է մեկնելու լավ արդյունքներ ցույց տալու համար:
Լուսանկարը` Getty Images
«Իմ առաջին Օլիմպիական խաղերի ժամանակ երիտասարդ էի ու մի քիչ անփորձ, հիմա արդեն բավական շատ մրցումներում եմ հանդես եկել ու արդյունքներս էլ այլ են: Օլիմպիական խաղերին մասնակցությունը եւս մեծ փորձ է տվել ինձ: Երկու անգամ բացման արարողությունների ժամանակ Հայաստանի դրոշակակիրն եմ եղել, հիանալի զգացողություններ ու հպարտանալու պահեր եմ ապրել»,- հիշել է Միքայելյանը:
Դահուկորդը նշել է, որ Միլանի խաղերին նախապատրաստվել է ճիշտ այնպես, ինչպես նախորդ ՕԽ-ին, պարզապես մեծանալուն զուգահեռ ամեն տարի մարզումների ծավալն է ավելացնում եւ ավելի շատ պարապում:
Լուսանկարը` Getty Images
Չնայած Հայաստանում ձմեռային մարզաձեւերի նկատմամբ ուշադրության եւ ֆինանսավորման պակասին՝ չի հանձնվում ու գնում է դեպի իր նպատակները.
«Այս դժվարին պայմաններում մարզվել ու սպորտում մնալ ինձ ոգեշնչում է ընտանիքս, ինչպես նաեւ սերը հայրենիքի եւ բռնած գործի նկատմամբ: Ձմեռային մարզաձեւերի սիրահարներին կոչ եմ անում շարունակել մարզվել ու դահուկ շատ քշել: Դահուկավազքն ու լեռնադահուկային սպորտը շատ հեղինակավոր մարզաձեւեր են ամբողջ աշխարհում: Առողջ եղեք ու միշտ շարժվեք դեպի պայծառ ապագան»:






















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: