Սեպտեմբեր 08, 2024
exclusive
3201 դիտում

Բռնցքամարտում Հայաստանի բաղձալի ուղեգիրը եւ Դավիթ Չալոյանի 1-ին Օլիմպիական խաղերը


Լուսանկարը` boxing.athlete365.org

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` boxing.athlete365.org


Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանշային մրցաշարերը Հայաստանի հավաքականի համար չափազանց բարդ դասավորվեցին եւ արդյունքում հաջողվեց նվաճել ընդամենը 1 վարկանիշ: Փարիզում Հայաստանը կներկայացնեի միայն Դավիթ Չալոյանը:

Հայաստանը խաղերում եւ ուղեգրերի քանակը

2022 թվականին Միջազգային Օլիմպիական կոմիտեի ու բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի միջեւ տարաձայնությունը հասավ գագաթնակետին, եւ ՄՕԿ-ը որոշեց վերջինիս զրկել վարկանշային մրցումներ անցկացնելու իրավունքից: Բոլոր ուղեգրերը խաղարկվեցին միայն ՄՕԿ-ի խիստ վերահսկողությամբ ու նրա կազմակերպած մրցաշարերում:


Հայ մարզիկներն առանց ուղեգրեր մնացին Մինսկի Եվրոպական խաղերում ու իտալական Բուստո Արսիզի քաղաքում կայացած վարկանշային մրցաշարում: Միակ ուղեգիրը Թաիլանդի մրցաշարի դժվարին ու համառ պայքարում նվաճեց Դավիթ Չալոյանը:

Նախորդ Օլիմպիական խաղերի համեմատ բռնցքամարտիկների թիվն էականորեն կրճատվել է: 2020-ի Տոկիոյի խաղերում Հայաստանի կազմում 3 մարզիկներ էին (Հովհաննես Բաչկով, Կորյուն Սողոմոնյան եւ Արման Դարչինյան), Բաչկովը բրոնզե մեդալակիր դարձավ, իսկ 2016-ին Ռիոյում՝ 5-ն էին (Բաչկով, Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան եւ Վլադիմիր Մարգարյան):

Լուսանկարը` անձնական արխիվից


Ամռանը կայանալիք խաղերում բռնցքամարտիկների համար 248 ուղեգիր է հատկացված, որոնք հավասարաչափ բաժանվել են կանանց ու տղամարդկանց միջեւ: Այդ թիվը Տոկիոյի խաղերի համեմատ 41-ով նվազել է: 6 ուղեգիր հատկացվել է խաղերն ընդունող Ֆրանսիայի հավաքականի համար, բայց քանի որ ֆրանսիացիները 2023-ի Եվրոպական խաղերում արդեն նվաճել են 7 ուղեգրեր, դրանք եւս բաժանվելու են: Եւս 9 ուղեգիր էլ (4-ը տղամարդկանց, ու 5-ը՝ կանանց) հատկացվելու է Եռակողմ հանձնաժողովի որոշմամբ:


Փարիզում ուժերն են չափելու 49 երկրների ներկայացուցիչներ, թիմերից մեկը Փախստականների ընտրանին է: Միայն 2 երկրներ են ներկայացուցիչներ ունենալու տղամարդկանց բոլոր քաշային կարգերում, դրանք են Ուզբեկստանն ու Ղազախստանը:

121 բռնցքամարտիկներից միայն 48-ն են ներկայացնում Եվրոպան՝ 20 երկրից, որոնցից մեկն էլ Հայաստանն է:


Չալոյանի ուղին

26-ամյա Դավիթ Չալոյանն առաջին Օլիմպիական խաղերին է մասնակցելու: Իր կարիերայի ամենամեծ նվաճմանը հասել է 2021 թվականին Մոսկվայում կայացած Աշխարհի առաջնությունում, որտեղ արծաթե մեդալակիր է դարձել:

Դրանից հետո Չալոյանն այնքան էլ կայուն չի հանդես եկել ու մեծ հաջողություններ գրանցել չի կարողացել: Հերթական ձեռքբերումն եղավ օրեր առաջ, երբ նա նվաճեց իր ու Հայաստանի համար այդքան բաղձալի ուղեգիրը:

Փարիզում գերծանր քաշային կարգում ուժերն են չափելու 16 բռնցքամարտիկներ, մնացած քաշերում ներկայացված են 19-ական ու 17-ական մարզիկներ:

Դավիթ Չալոյանի մրցակիցների թվում են բազմաթիվ տիտղոսակիր մարզիկներ: Նրանցից ամենավտանգավորը թերեւս ուզբեկ Բախոդիր Ժալոլովն է, որը 2020-ի Տոկիոյի խաղերի Օլիմպիական չեմպիոնն է, հաղթել է նաեւ 2019-ի ու 2023-ի Աշխարհի առաջնություններում, Ասիայի եռակի չեմպիոն է: 2018-ից հանդես է գալիս նաեւ պրոֆեսիոնալ ռինգում ու մի քանի տպավորիչ հաղթանակներ է գրանցել, այդ թվում՝ նոկաուտով:


Մեդալի համար պայքար է ծավալելու նաեւ Տոկիոյի բրոնզե մեդալակիր, ղազախ Կամշիբեկ Կունկաբաեւը, որը նաեւ Աշխարհի կրկնակի ու Ասիայի 4-ակի արծաթե մեդալակիր է:

Այս քաշային կարգում բռնցքամարտիկներ են հանդես գալու նաեւ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ալժիրից, Բրազիլիայից, Ավստրալիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նորվեգիայից, Ֆրանսիայից, Էկվադորից, Իսպանիայից, Ուկրաինայից եւ Ադրբեջանից:

Չալոյանը օրեր առաջ է վերադարձել Թաիլանդից, նա դեռ մի փոքր կհանգստանա ու կսկսի խաղերին պատրաստվել իր համար նախատեսված ծրագրով: Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Mediamax Sport-ին նաեւ ասել է, որ բռնցքամարտիկը թեթեւ խնդիրներ ունի, որոնք պետք է նախ բուժի: Նա հունիսի վերջին հավաք կունենա Ծաղկաձորում, ապա խաղերից առաջ վերջին մարզումները կանցկացնի Երեւանում:

Լուսանկարը` boxing.athlete365.org


Բռնցքամարտի մրցումները Փարիզում կայանալու են հուլիսի 27-ից օգոստոսի 10-ը: Չալոյանը պայքարը Փարիզում սկսելու է հուլիսի 29-ից: Որակավորման փուլի պայքարն ընդունելու է Arena Paris Nord-ը, իսկ եզրափակիչները՝ Ռոլան Գարոսի ստադիոնը:  

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին