Հոկտեմբեր 13, 2024
369 դիտում

Ֆրանսիայի նոր սիրելին. Ֆելփսի ռեկորդը գերազանցած Օլիմպիական քառակի չեմպիոն Լեոն Մարշանը


Լուսանկարը` Olympic

Լուսանկարը` lequipe

Լուսանկարը` SwimSwam

Լուսանկարը` ffnatation

Լուսանկարը` ASU

Լուսանկարը` SwimSwam

Լուսանկարը` Olympic

Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` ffnatation

Լուսանկարը` GT

Լուսանկարը` GT

Լուսանկարը` ffnatation

Լուսանկարը` SwimSwam

Լուսանկարը` NBC


Լողորդ Լեոն Մարշանը Ֆրանսիայի ամենասիրելի մարզիկներից մեկն է, դա ակնհայտ երեւաց նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ: Լողորդին տրիբունաներում անհավանական աջակցություն էին ցույց տալիս ու երկրպագում: Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ գտնվող ֆան գոտում նրա հայտնվելը մեծ իրարանցում էր առաջացրել, իսկ կազմակերպիչներն այնպես արեցին, որ նա Օլիմպիական խաղերի փակման կարեւոր դեմքերից մեկը դառնա:

Լողորդների ընտանիքը

Լեոնը ծնվել է լողորդների ընտանիքում՝ նրա հարազատներից 3-ը ելույթ է ունեցել թոփ մակարդակում ու մասնակցել Օլիմպիական խաղերի:

Հայրը՝ Քսավյե Մարշանը 1997 թ. Եվրոպայի ու 1998 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է 200 մ համալիր լողում, հանդես է եկել նաեւ 1996- Ատլանտայի ու 2000-ի Սիդնեյի Օլիմպիական խաղերում: Մայրը՝ Սելին Բոննեն 1992-ին ելույթ է ունեցել Բարսելոնայում ու մասնակցել 200 ու 400 մ համալիր լողի եւ 100 մ թիկնալողի մրցումներին: Իսկ հորեղբայրը՝ Քրիստոֆ Մարշանը մասնագիտացված է եղել ազատ ոճի մրցահերթերում, նա էլ ուժերը չափել է 1988-ի ու 1992-ի Օլիմպիական խաղերում:

Լուսանկարը` lequipe


Լեոնի կայացման գործում մեծ դերակատարում են ունեցել գեները, բայց նաեւ ծնողներն են կարողացել նրա շուրջը ստեղծել հարմարավետ միջավայր ու պայմաններ, որպեսզի տղա մտածի միայն լողի եւ իր կարիերայի մասին:

Վաղ տարիքից սկսած ծնողներից մեկը առավոտյան 6-ին տղային տարել է լողավազան, հետեւել նրա մարզումներն ու նաեւ տեղին խորհուրդներ տվել:

Ընտրությունը

Քսավյեն ու Սելինը մարզիկի կյանքով են ապրել ու գիտեին, թե իրենց որդին որքան դժվարություններ պիտի հաղթահարի իր ճանապարհին: Լողավազանում միօրինակ ու ժամեր շարունակ կրկնվող պարապմունքներին դիմանալ ոչ բոլորն են կարող: Դրա համար էլ նրանք շատ հանգիստ վերաբերվեցին, երբ փոքրիկ Լեոնը հայտնեց, որ էլ չի ցանկանում լողով զբաղվել, քանի որ մրսում է ջրում: Սակայն հետո ինքնուրույն որոշեց վերադառնալ լողավազան եւ աստիճանաբար ավելի ու ավելի տարվեց այդ մարզաձեւով:

Իսկ երբ դպրոցական տարիքում Լեոնը հայտնեց, որ ցանկանում է պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ, ծնողները հնարավորինս մանրամասն նրան պատմեցին բոլոր բարդությունների մասին, որոնք ստիպված է լինելու հաղթահարել, բայց միեւնույն ժամանակ էլ իրենց աջակցությունը հայտնեցին:

Լուսանկարը` SwimSwam


Հետագայում պահեցին իրենց խոստումը, Լեոնի բոլոր կարեւոր միջոցառումներին հետեւում էին տրիբունաներից եւ երկրպագում նրան: Լողորդին շատ է օգնում նաեւ կրտսեր եղբայրը՝ Օսկարը:


3 տարի առաջ լողորդը Ֆրանսիայից մեկնեց ԱՄՆ, որպեսզի սովորի համալսարանում ու ավելի պրոֆեսիոնալ մարզվի: Նման քայլի նրան հենց ծնողները դրդեցին: 90-ականների վերջերին ու 2000-ականների սկզբներին իրենց փորձով էին համոզվել, որ ԱՄՆ-ում սովորելու եւ մարզվելու ավելի լավ պայմաններ կան, քան իրենց հայրենիքում:

Նիկոլյա Կաստելը

Երբ Փարիզում Մարշանը մեդալներ նվաճեց, որպես իր հիմնական մարզիչ Բոբ Բաումանին հիշատակեց: Դժվար է գտնել լողի որեւէ գիտակի, որը լսած չլինի լեգենդար մարզիչ Բոբ Բաումանի մասին, հենց նա է նկատել փոքրիկ Մայքլ Ֆելփսի տաղանդն ու նրան օգնել համաշխարհային մեծության աստղ դառնալ: Արդյունքում լողորդը 23 Օլիմպիական ոսկու է տիրացել:

Սակայն Մարշանի կայացման գործում ոչ պակաս դերակատարում է ունեցել նաեւ Նիկոլա Կաստելը: Փարիզում նա Բաումանի հետ ներկա էր Լեոնի բոլոր լողահերթերին:

Լուսանկարը` ffnatation


3 տարի առաջ լողորդը տեղափոխվեց Արիզոնա, իսկ Կաստելը մնաց Թուլուզում, բայց այդ ողջ ընթացքում նրանք շարունակեցին շփվել ու խորհրդակցել միմյանց հետ, ֆրանսիացի մասնագետը հաճախակի էր մեկնում ԱՄՆ, իսկ խաղերի նախապատրաստական վերջին փուլը, երբ հուլիսին Լեոնն ԱՄՆ-ից Ֆրանսիա վերադարձավ, վերահսկեց հենց նա: Նիկոլան շարունակում է իր աստղային սանի մարզիչը լինել, ինչպես եւ 2022-ի ու 2023-ի Աշխարհի առաջնությունների ժամանակ էր:

Մարշանի շատ որակներ, որոնցով երկրպագուները հիանում են, հենց Կաստելի շնորհիվ են ձեռք բերվել, ավելի հստակ՝ նրա ու Լեոնի համաձայնության արդյունքում: Միասին նրանք սկսել են աշխատել, երբ լողորդը 13 տարեկան էր: Ոչ այնքան հայտնի մարզիչն ու ոչնչով աչքի չընկնող սանն անբաժան էին, սիրում էին միասին համագործակցել, լողում նոր բացահայտումներ անել՝ միաժամանակ տիտղոսների հետեւից չընկնելով:  

Լեոնը ֆիզիկական տվյալներով հետ էր մնում իր հասակակիցներից, նրանք պակասը փորձում էին լրացնել տեխնիկան ու պտույտները զարգացնելով եւ ավելացնելով ջրում աշխատանքը: Հիմա Մարշանը ջրի տակ կարող է գտնվել թույլատրելի 15 մետրից 14,77-ի սահմաններում:

Լուսանկարը` ASU


Թեեւ նա պատանի տարիքում այնքան էլ աչքի չէր ընկնում իր արդյունքներով, սակայն բոլոր լողաձեւերում էլ իրեն լավ էր դրսեւորում, եւ միտք առաջացավ ծնողների պես հանդես գալ համալիր լողում:

Կաստելը Մարշանից արդյունքներ չէր պահանջում, իսկ Լեոնը սիրում էր լողալ, շատ աշխատել ու ուշադիր կատարել մարզչի հրահանգները: 2,5 ժամ տեւողությամբ պարապմունքները նրան դիմացկուն էին դարձրել, դրա համար էլ Արիզոնայում կարողացավ դիմանալ Բոբ Բաումանի հագեցած մարզումային ծրագրին:

Արդյունքները

Մինչեւ 15 տարեկանը Մարշանն այնքան էլ աչքի չի ընկել հասակակիցների հետ պայքարում: 2017 թ. մասնակցեց Ֆրանսիայի առաջնությանն ու չկարողացավ լուրջ մրցակցություն ծավալել: Իր առաջին տիտղոսը նվաճեց 17 տարեկանում՝ 200 մ բաթերֆլայում երկրի չեմպիոն դարձավ ու մեկնեց Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններ: Հենց Կազանում կայացած պատանեկան ԵԱ-ում էլ նրա մասին սկսեցին խոսել:

Այնտեղ Մարշանը 200 մ բրասում ու 400 մ համալիր լողում բրոնզե մեդալակիր դարձավ: 1,5 ամիս անց կարողացավ հաջող հանդես գալ նաեւ Աշխարհի առաջնությունում ու նորից 400 մ համալիրում 3-րդն էր:

Լուսանկարը` SwimSwam


Երկու տարի անց Լեոնը մարզչի հետ մասնակցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերին, անկասկած, այդ փորձը նրան շատ օգնեց Փարիզում: Տոկիոյում նա 19 տարեկանում դուրս եկավ 400 մ համալիր լողի եզրափակիչ ու եթե նույնքան հաջող լողար, ինչպես որակավորման փուլում, կկարողանար արծաթե մեդալակիր դառնալ: Սակայն նյարդերը տեղի տվեցին: Մինչ այդ անգամ մեծահասակների Աշխարհի առաջնության եզրափակչում մասնակցության փորձ չէր ունեցել ու չկարողացավ Օլիմպիական ճնշմանը դիմանալ:

ԱՄՆ-ն ու Բոբ Բաումանը

Դեռ Օլիմպիական խաղերից առաջ Մարշանն որոշել էր մեկնել ԱՄՆ, որպեսզի սովորի լողորդներ պատրաստվող որեւէ լավ համալսարանում ու հնարավորություն ունենա ամբողջ տարին մարզվել բաց լողավազանում: Լեոնը նամակներ ուղարկեց մի քանի համալսարանների լողի բաժինների ղեկավարներին: Գրեց նաեւ Բոբ Բաումանին, որը 2015 թվականից աշխատում է Արիզոնայի պետական համալսարանում:  

Բոբը պատասխանեց 5 րոպե անց՝ նրան գրավել էր ծանոթ ազգանունը, ապա նաեւ տղայի արդյունքները, որոնց մասին նշված էր նամակում: Մարզիչն ամբողջական կրթաթոշակ առաջարկեց ու գրկաբաց ընդունեց մոլորակի մյուս ծայրից ժամանող նիհար տղային: Մայքլ Ֆելփսի մարզչի մոտ պարապելը ինչպես շատերի, այնպես էլ Լեոնի համար երազանք էր, դա էր պատճառը, որ պատասխանը ստանալուց հետո ամբողջ գիշեր այդպես էլ չկարողացավ քնել:

Տոկիոյից Փարիզ ընկած 3 տարվա ընթացքում մարզիչն ու սանը միմյանցից շատ բան սովորեցին: Բաումանը ավելացրեց նրա ֆիզիկական ուժը, սովորեցրեց մի քանի օրվա ընթացքում տարբեր ձեւերի մրցումներում հանդես գալ (Փարիզում Մարշանը 8 օրերի ընթացքում 14 լողահերթում հանդես եկավ), լավացրեց տեխնիկան ու Լեոնին ուժեղացրեց նաեւ նրա ոչ մասնագիտացված ձեւերում: ԱՄՆ տեղափոխվելուց մեկ տարի անց Մարշանը 2022-ի ԱԱ-ում 2 ոսկի ու 1 արծաթ նվաճեց, իսկ մեկ տարի անց՝ 3 ոսկի ու գերազանցեց Ֆելփսի համաշխարհային ռեկորդը:

Լուսանկարը` NBC


Լեոնը 400 մ համալիր լողում ցույց տվեց 4.02,50 արդյունքը, Ֆելփսը տարածությունը 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերում անցել էր 4.03,84-ում, հենց ամերիկացին էլ պարգեւատրեց Մարշանին:

22-ամյա Լեոնն էլ իր հերթին համալսարանի լողի թիմի շարժիչ ուժը դարձավ: Նրա հետ Arizona State Sun Devils-ը 2-րդն էր 2023-ի NCAA-ի առաջնությունում ու առաջին անգամ մարտին տիրացավ չեմպիոնի կոչմանը: Մարշանը 3 տարվա ընթացքում NCAA-ի 8 չեմպիոնական տիտղոսի տիրացավ՝ սահմանելով մի քանի ռեկորդ ու դառնալով իսկական աստղ:

Փարիզի խաղերը

Իր հայրենիքում Մարշանի իսկական աստեղային պահն էր, նա 4 ոսկի նվաճեց՝ եզրափակիչներից յուրաքանչյուրում սահմանելով Օլիմպիական ռեկորդ: Նա նաեւ իր թիմին օգնեց 3-րդ տեղը գրավել համալիր լողի փոխանցումավազքում:

Մարշանը խաղերին Աշխարհի 5-ակի չեմպիոնի կարգավիճակում էր մոտեցել ու շատ ավելի մեծ տիտղոսների ու ճանաչման արժանացավ: Ֆրանսիայի լողի ֆեդերացիան ու մարզասերները Լեոնից լավ արդյունքներ էին ակնկալում, որոնք նա մի քանի անգամ գերազանցեց: Իր սիրելի լողահերթերում՝ 200 ու 400 մ համալիր լողից բացի, չեմպիոն հռչակվեց նաեւ 200 մ բաթերֆլայ ու 200 մ բրասում:

Ինչպես 2023-ին 400 մ համալիր լողում էր գերազանցել Ֆելփսի ռեկորդը, այդպես էլ խաղերում արեց՝ նրա Օլիմպիական ռեկորդը՝ 4.03.84 դարձնելով 4.02.95: Մարշանը նաեւ միակ լողորդը դարձավ, ով մեկ օրվա ընթացքում 2 անհատական լողահերթում հաղթող դարձավ՝ չեմպիոն հռչակվելով մի քանի ժամվա տարբերությամբ:

Լուսանկարը` Olympic


«Դեռ չեմ գիտակցում, թե ինչ եմ արել: Լողահերթերս իսկապես շատ էին, փորձում էի դրանց վրա կենտրոնանալ, որպեսզի երկար քնեմ ու պատրաստ լինեմ հաջորդ օրվա պայքարին: Հասկանում եմ, թե ջրում ինչպիսի աշխատանք եմ տարել, ինչպես նաեւ վիճակագրությունն եմ տեսնում, ըստ որի՝ ինձնից առաջ ոչ մի ֆրանսիացի նման ցուցանիշների չի հասել: Անհնար է նման բանի հավատալ: Հավանաբար, այդ ամենի իսկությանը կգիտակցեմ մի քանի օր անց: Ամեն մարզիկի համար էլ յուրահատուկ է նման նվաճումների հասնել, ինչի համար առաջին հերթին պետք է ծնողներիս շնորհակալություն հայտնել»,- իր անհավանական արդյունքներից հետո խոստովանել է լողորդը:

Նա որոշել է դեռ որոշակի ժամանակ հանգիստ վերցնել, ապա սկսել պատրաստվել 2028 թվականի Օլիմպիական խաղերին: Իսկ սպորտից բացի սիրում է ծրագրավորում սովորել, աստղաֆիզիկայի մասին կարդալ, համակարգչային խաղերով զբաղվել ու ինքնաթիռ վարել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին