Հոկտեմբեր 13, 2024
595 դիտում

Ցավալի պարտությանը պատասխան տալու պահը․ Հայաստան-Լատվիա խաղին ընդառաջ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիա


Այս ամիս ֆուտբոլի ազգային հավաքականները սկսում են պայքարն Ազգերի լիգայում։

Հայաստանի ընտրանին ընդգրկված է C լիգայի 4-րդ խմբում, որտեղ սեպտեմբերի 7-ից նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում մրցելու է Ֆարերյան Կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Լատվիայի թիմերի դեմ։

Մեր հավաքականն արդեն մի քանի օր է սկսել է պատրաստվել առաջիկա դիմակայությանը։ Ալեքսանդր Պետրակովի սաները սեպտեմբերի 7-ին ընդունելու են Լատվիային։

Լուսանկարը` Photolure


Այս թիմերը միմյանց դեմ վերջին անգամ մրցել են 2023 թվականի հոկտեմբերին։ ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլում նույն խմբում ներառված Հայաստանն ու Լատվիան անցկացրած երկու խաղում տոնել են մեկական հաղթանակ։ Երեւանում կայացած հանդիպումը հունիսին էր։ Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնում Նաիր Տիկնիզյանի եւ Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ Հայաստանը հաղթեց 2։1 հաշվով։

Արդեն աշնանը Ռիգան էր ընդունում հավաքականներին։ Այստեղ տանտերերն անհամեմատ լավ գործեցին ու երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Օգնյեն Չանչարեւիչի դարպասը։ Ի դեպ, սա խմբում լատվիացիների տոնած առաջին հաղթանակն էր։

Ընդհանրապես, Հայաստանն ու Լատվիան միմյանց դեմ մրցել են եւս երկու անգամ՝ 1 անգամ հաղթել է մրցակիցը, մեկ անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի հաշիվ։ Թիմերը միմյանց շատ լավ են ճանաչում եւ առաջիկա դիմակայության ժամանակ փորձելու են օգտվել մրցակցի սխալներից եւ լիգայում մեկնարկեն կարեւոր միավորներով։

Լուսանկարը` Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիա


Դեռ փետրվարին, երբ նոր էր կայացել Ազգերի լիգայի վիճակահանությունը, Պետրակովը ՀՖՖ-ին Լատվիայի ընտրանու մասին ասել էր, որ այն անհարմար հավաքական ունի, սակայն լավ առիթ է կրած ցավալի պարտությանն արժանի պատասխան տալու. «Հիմա թույլ ընտրանիներ չկան եւ հաստատ լավ պայքարի ենք ականատես լինելու»:

Հայաստան-Լատվիա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 7-ին եւ մեկնարկի ժամը 20։00-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին