Հունիս 01, 2025
3666 դիտում

Օլիմպիական խաղերում հունահռոմեականների մրցակիցներն ու սպասվող թեժ պայքարը


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Ըմբշամարտի մրցումները Փարիզի Օլիմպիական խաղերում կայանալու են օգոստոսի 5-11-ը Grand Palais Éphémère-ում, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Էյֆելյան աշտարակը:

Արդեն հայտնի են բոլոր 288 մարզիկները, որոնք պայքարելու են 33-րդ ամառային խաղերի մեդալների համար: Նրանցից 5-ը հայ Հայաստանի ներկայացուցիչներն են՝ 3 հունահռոմեական եւ 2 ազատ ոճային, բոլորն էլ իրենց ուղեգրերն ապահովել են 2023 թվականին Բելգրադում կայացած Աշխարհի առաջնությունում:



Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալակիր դարձավ ու նվաճեց իր 4-րդ խաղերի ուղեգիրը: Նա 2012-ի Լոնդոնի բրոնզե, 2016-ի Ռիոյի՝ ոսկե ու 2020-ի Տոկիոյի՝ արծաթե մեդալակիր է:

Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր քաշային կարգերում ներկայացված են լինելու 16-ական ըմբիշներ: Ինչպես իր բոլոր խաղերում, այս անգամ էլ Աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Ալեքսանյանը ոսկու հիմնական թեկնածուներից մեկն է:

Մեդալների հավակնորդների թվում է նաեւ Աշխարհի չեմպիոն, կուբացի Գաբրիել Ռոսիլոն, որին ԱԱ-ի եզրափակչում Ալեքսանյանը զիջել է, մրցաշարի բրոնզե մեդալակիրներ Արթուր Օմարովն (Չեխիա) ու Մոհամմադհադի Սարավին (Իրան), որը Տոկիոյի խաղերի բրոնզե մեդալակիր է:

Այս քաշային կարգում ներկայացուցիչներ ունեն Հոնդուրասը, ԱՄՆ-ն, Ալժիրը, Եգիպտոսը, Վրաստանը, Լիտվան, Ուզբեկստանը, Կորեայի Հանրապետությունը, Ֆինլանդիան, Ղրղզստանը, եւս 2 ըմբիշ էլ հանդես կգա չեզոք դրոշի տակ, որոնցից մեկը Արթուր Սարգսյանն է:

Լուսանկարը` UWW


Աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանն (77 կգ) Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձավ ու ապահովեց մասնակցությունն իր առաջին Օլիմպիական խաղերում:

Այս քաշային կարգում շատ թեժ ու բարդ պայքար է սպասվում: Հանդես են գալու նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի կրկնակի ու Ասիայի եռակի չեմպիոն Ակժոլ Մախմուդովը (Ղրղզստան), Աշխարհի արծաթե մեդալակիր Սանան Սուլեյմանովը (Ադրբեջան), Ասիայի չեմպիոն Նաո Կուսական (Ճապոնիա), մինչեւ 82 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոն Բուրհան Ակբուդակը (Թուրքիա):

Մյուս ըմբիշները ներկայացնում են Ուզբեկստանը (Արամ Վարդանյան), Կուբան, Կոլումբիան, Ալժիրը, Եգիպտոսը, Ֆինլանդիան, Ղազախստանը, Իրանը, Բուլղարիան, Հունգարիան: Կա նաեւ չեզոք դրոշի տակ հանդես եկող մեկ մասնակից:

Լուսանկարը` UWW


Սլավիկ Գալստյանը (67 կգ) իր ուղեգիրն Աշխարհի առաջնությունում նվաճել է շատ համառ ու ծանր պայքարում: Նա զիջել է 3-րդ տեղի համար գոտեմարտում, սակայն առավելության է հասնել ուղեգրի համար դիմակայությունում: Գալստյանը եւս առաջին անգամ է հանդես գալու Օլիմպիական խաղերում:

Նա վերջին անգամ մեդալ է նվաճել 2022 թ. Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում ու կանգնել պատվոհարթակի 3-րդ աստիճանին: Ըմբիշը Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր է:

Մինչեւ 67 կգ քաշային կարգում եւս ուժեղ մրցակցություն է սպասվում: Առաջին համարն Աշխարհի չեմպիոն Լուիս Օրտան (Կուբա) է, որը նաեւ 2020-ի Տոկիոյի Օլիմպիական խաղերի հաղթողն է, բայց մինչեւ 60 կգ քաշային կարգում: Ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովը վերջին 2 տարիների Եվրոպայի չեմպիոնն է, Սերբ Մատե Նեմեշը 2021-ի Եվրոպայի չեմպիոնը, 2022-ի Աշխարհի հաղթողն ու նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրը: Այս քաշային կարգում է հանդես գալու նաեւ 2020-ի Տոկիոյի Օլիմպիական չեմպիոն, վերջին 3 տարիների ԱԱ-ում ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ նվաճած իրանցի Մոհամմադ Ռեզա Գերաեին:

Չիլին, Էկվադորը, Թունիսը, Ալժիրը, Ուկրաինան, Ֆրանսիան, Ղրղզստանը, Ճապոնիան, Մոլդովան, Վրաստանը եւ Եգիպտոսը նույնպես մասնակիցներ ունեն մինչեւ 67 կգ քաշային հունահռոմեականների մրցաշարում:

Մալխաս Ամոյանն ու Արթուր Ալեքսանյանը Փարիզում պայքարի մեջ են մտնելու օգոստոսի 6-ին, իսկ Սլավիկ Գալստյանը՝ մեկ օր ուշ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին