Դեկտեմբեր 21, 2024
1066 դիտում

Հաղթանակ պաշտոնական խաղերում ավելի քան մեկ տարի անց․ Հայաստան-Լատվիա 4։1


Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր սեփական հարկի տակ մեկնարկեց Ազգերի լիգայում, իսկ մրցակիցը Լատվիայի ընտրանին էր։

Հանդիպման մեկնարկը բավական բուռն ստացվեց ու թիմերն արագ գոլերով փոխանակվեցին։ 6-րդ րոպեին աչքի ընկավ Վահան Բիչախչյանը, որը հաշիվը բացեց Նաիր Տիկնիզյանի փոխանցումից հետո։ Ընդամենը 3 րոպե անց մրցակցին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Գեորգի Հարությունյանը։

 

Խաղակեսի մնացած հատվածում թիմերը փոխնիփոխ գրոհների էին դիմում, սակայն հայ ֆուտբոլիստներն աստիճանաբար մեծացրին ճնշումը։ Դրա շնորհիվ նրանք ստիպեցին մրցակցին սխալվել ու գրավել սեփական դարպասը։ 35-րդ րոպեին Կասպարս Դուբրան գրավեց սեփական դարպասն ու առաջ մղեց Հայաստանի ընտրանուն։

 

Երկրորդ խաղակեսը եւս Ալեքսանդր Պետրակովի թիմը բավական ակտիվ սկսեց՝ կրկին սեղմելով Լատվիային սեփական տուգանային հրապարակում։ Լուկաս Սելարայանը, որն այսօրվա դիմակայությունում շատ լավ էր գործում, դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։

 

Հանդիպման վերջնական հաշիվն ամրագրեց Էդուարդ Սպերցյանը։ Փոխարինման մտնելուց րոպեներ անց Հրանտ-Լեոն Ռանոսը տուգանայինում շատ լավ տեսավ Սպերցյանին ու գոլային փոխանցում կատարեց նրան, վերջինս էլ հաշիվը դարձրեց 4։1։

 

Այսպիսով, Հայաստանի ընտրանին ավելի քան մեկ տարի անց հաղթանակ տոնեց պաշտոնական խաղում։ 2023-ի հունիսի 19-ին հայերն ուժեղ էին եղել կրկին լատվիացիներից՝ սեփական հարկի տակ հաղթելով 2։1 հաշվով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին