exclusive
330 դիտում

Անցյալից եկած հերոսները. Ֆաինա Մելնիկ


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Յուրի Սոմով

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Ֆյոդոր Ալեքսեև

Լուսանկարը` Imago

Լուսանկարը` Ֆյոդոր Ալեքսեև

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Imago

Լուսանկարը` sport-express.ru

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` Ֆյոդոր Ալեքսեև


Հայաստանի 14 Օլիմպիական չեմպիոններից միակ կինը Ֆաինա Մելնիկն է: Ազգությամբ ուկրաինացի մարզուհին իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է Հայաստանում ու Եվրոպայի կրկնակի եւ 1972-ի Մյունխենի Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվել:

Mediamax Sport«Անցյալից եկած հերոսները» շարքում ներկայացնում ենք ուժեղ մարզուհու եւ կամային որակներով օժտված կնոջ պատմությունը:

Հաշվապահ դառնալու երազանքը

Ֆաինա Մելնիկը ծնվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մեկ ամիս անց՝ 1945 թվականի հունիսի 9-ին Խմելնիցկիի շրջանի Բակոտա գյուղում, որը թարգմանաբար «գեղեցիկ վայր» է նշանակում: Գտնվելով Դնեստրի ափին՝ գյուղը շրջապատված էր գեղատեսիլ բնությամբ, պտղատու այգիներով ու հին քարանձավային վանքերով։ 

Գյուղում զվարճանքի ու զբաղմունքի վայրեր չկային, Մելնիկը նաեւ ընկերուհիներ չուներ եւ իրեն շատ միայնակ էր զգում: Փոքր տարիքում շատ էր ցանկանում արագ ավարտել դպրոցը, որտեղ հասնելու համար ոտքով 5 կմ ճանապարհ էր անցնում, 
տեղափոխվել քաղաք, հաշվապահ դառնալ, աշխատանք ու ընկերներ գտնել։ Բայց ճակատագիրը նրան շատ ավելին տվեց՝ Օլիմպիական չեմպիոն դարձավ, բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ սահմանեց ու ճանաչում ձեռք բերեց։ 

Լուսանկարը` Getty Images


Ծնողները կոլտնտեսներ էին ու աշխատում էին տեղի ֆերմայում, նրանք դստերը միշտ այսպիսի խորհուրդ էին տալիս. «Սովորի՛ր, դստրիկս, թե չէ ամբողջ կյանքդ կովի պոչեր ոլորելով կանցկացնես»։ 
 
Հիդրոէլեկտրակայանի կառուցումից հետո Բակոտան ջրի տակ անցավ եւ բնակիչներին տարբեր վայրեր տեղափոխեցին: Մելնիկների ընտանիքը հայտնվեց Դոնեցկի մարզում, Ֆաինան այդ ժամանակ արդեն սովորում էր Կիեւի գյուղատնտեսական տեխնիկումում։ Ավարտելուց հետո որոշեց շարունակել ուսումը, սկզբում ցանկանում էր ընդունվել գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության բաժին, բայց հենց այդ ժամանակ է, որ ճակատագիրը նրան նվեր արեց: 

Պատահական հանդիպումը

Ընդունելության քննություններից առաջ քաղաքում զբոսնելիս Ֆաինան որոշեց մտնել ստադիոն, որտեղ մի խումբ մարզիկներ էին պարապում: Նրանք վազում էին, սկավառակ նետում ու խոչընդոտավազքի մասնակցում: Նստեց տրիբունայում ու սկսեց հետեւել մարզումներին: Հանկարծ մարզիչներից մեկը մոտեցավ նրան, հայացքով չափեց ու հետաքրքրվեց արդյոք սպորտով չի՞ զբաղվում: Ֆաինան բացասական պատասխան տվեց, բայց եւ խոստովանեց, որ շատ կցանկանար:

Լուսանկարը` Getty Images


Քանի որ Ֆաինայի ամուր կազմվածքն ու ֆիզիկական տվյալները նրան հետաքրքրել էին, խորհուրդ տվեց. «Քանի դեռ դիմումներն ընդունվում են, մեկնիր Մոսկվա ու մասնակցիր ընդունելության քննություններին: Եթե ընդունվես, մեր թիմում կլինես»։ Պարզվեց, նրանք տասնամարտիկներ էին ու Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի թիմի անդամներ։

«Մինչեւ հիմա ինձ համար գաղտնիք է մնում, թե այդ մի քանի վայրկյանների ընթացքում իմ մեջ ինչ նկատեց, այդքան էլ խոշորամարմին չէի: 1,70 մ էի ու կշռում էի 70 կգ, Մյունխենի խաղերից առաջ է, որ 80 կգ-ի հասա: Փոքրիկ թղթի կտորի վրա հասցե գրեց ու ասաց. «Արագ, հասի՛ր Մոսկվա: Վաղը մեր ինստիտուտում ընդունելության վերջին օրն է: Հանրակացարանում կապրես, կսովորես ու մեզ հետ կմարզվես»: Իհարկե, թե ինչ եմ նետելու, մարզիչը չասած: Ես էլ չգիտես, թե ինչու, միանգամից համաձայնեցի: Վերցրի պայուսակս ու վազեցի կայարան: Բարեբախտաբար, գրպանումս 70 ռուբլի ունեի»,- sport-express.ru-ին տված հարցազրույցում պատմել է Մելնիկը: 

Նույն օրը Ֆաինան մեկնեց Մոսկվա, հաջողությամբ հանձնեց քննությունները, տեղավորվեց հանրակացարանում եւ սկսեց համատեղել ուսումը մարզումների հետ։ Հենց այդ տարի նա մասնակցեց Գելենջիկում անցկացվող ուսումնամարզական ճամբարին եւ սկավառակի նետում մրցաձեւում հեշտությամբ սպորտի վարպետի որակավորում ստացավ։ Այդպես էլ մի սովորական միջադեպի շնորհիվ նրա մարզական կարիերայի սկիզբը դրվեց:

Լուսանկարը` Getty Images


Ցուցանիշները

Սպորտային կյանքն ամբողջությամբ կլանեց Ֆաինային՝ ողջ ազատ ժամանակն անցկացնում էր մարզադաշտում, ամեն օր քրտնաջան մարզվում էր ու բարելավում սեփական ցուցանիշները: Պատահական չէ, որ առաջին հաջողությունները երկար սպասեցնել չտվեցին:

Նա կենտրոնացել էր սկավառակի նետման վրա, բայց ճկուն էր ու դիմացկուն, շատ էր վազում եւ 100 մ մրցատարածությունը հաղթահարում 12,5 վայրկյանում: Մարզադահլիճում օրական 200 անգամ ծանրաձող էր բարձրացնում, ընդհանուր առմամբ՝ մոտ 36 տոննա քաշով:

Շուտով Ֆաինա Մելնիկն իսկական մարզիկ դարձավ՝ ուժեղ մկաններով, ճկուն կազմվածքով եւ գերազանց կոորդինացիայով, սակայն նրան պակասում էր սկավառակի նետման անհրաժեշտ տեխնիկան, ինչի պատճառով պոտենցիալն ամբողջությամբ իրացնել չէր կարողանում:

Ամեն ինչ փոխվեց 1970 թվականին, երբ Ֆաինային նկատեց պրոֆեսիոնալ մարզիչ ու լեգենդար սկավառականետորդ, ԽՍՀՄ նախկին չեմպիոն ու ռեկորդակիր Կիմ Բուխանցովը: Նա առաջարկեց մարզել Ֆաինային ու ընդամենը մի քանի ամսվա համատեղ աշխատանքից հետո եղան ակնառու արդյունքները։ Նույն թվականին Մելնիկն ընդգրկվեց ԽՍՀՄ-ի 2-րդ թիմի կազմում ու մասնակցեց ԽՍՀՄ-ԱՄՆ ավանդական թեթեւ ատլետիկայի մրցմանը: Խորհրդային մարզուհիներից լավագույն արդյունքները հենց նա ցույց տվեց: Դրանից մի քանի ամիս անց Մելնիկը ԽՍՀՄ-ի չեմպիոն հռչակվեց: 

Լուսանկարը` Getty Images


Առաջին ոսկին

1971 թվականին Եվրոպայի առաջնությունում Ֆաինա Մելնիկն իսկական սենսացիայի հեղինակ դարձավ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ, ինչն էլ ապահովեց նրա մասնակցությունը Մյունխենի Օլիմպիական խաղերում: ԵԱ-ում վերջին 6-րդ փորձից առաջ նա 2-րդ տեղում էր ընթանում: Մրցավարները նախորդ 4 նետումները չէին հաշվել: 

«Չեմ կարող ասել, թե որքան զայրացա: Վերջին նետումից առաջ մտքումս ինքս ինձ հրամայեցի շրջանը 2 մասի բաժանել։ Հասկանում էի, որ մրցավարներին կասկածելու ոչ մի պատճառ չէի կարող տալ։ Բարձրաձայն հայհոյելով եւ վերջնագծից կես քայլ առաջ՝ ողջ ուժերս ներդրեցի այդ նետման մեջ: Արդյունքը 64.22 մետր էր, ոսկե մեդալ եւ նոր համաշխարհային ռեկորդ։ Երբ արդյունքը հայտարարեցին, ուրախությունից այնքան բարձր ցատկեցի, որ ոտքերս մեր Թամարա Դանիլովայի գլխին հավասար էին։ Լուսանկարիչներին հաջողվեց որսալ այդ պահը, նույնիսկ այդ դրվագով թերթ ունեմ: Հակառակ դեպքում ոչ ոք ինձ չէր հավատա: Այնքան երջանիկ էի»,- չեմպիոնական հույզերի մասին պատմել է Մելնիկը:

Լուսանկարը` Getty Images


Զվարճալի Մյունխենն ու հաղթանակը

Հաջորդը Մյունխենի Օլիմպիական խաղերն էին, որոնք նրա համար մի քիչ անսպասելի սկիզբ ունեցան: Մելնիկը քաղաքում զբոսնելու էր դուրս եկել եւ այնպես ստացվեց, որ ամառային կոշիկների կապիչը պոկվեց: Նորը գնել չէր կարող, քանի որ որպես օրապահիկ ընդամենը 3 դոլար էր ստացել, իսկ դրանով ընտանիքի անդամների ու ընկերների համար պետք է նվերներ գներ: Նա ստիպված էր Օլիմպիական ավան ոտաբոբիկ վերադառնալ: Երբ հասավ ոտքերն ամբողջությամբ սեւացել էին, իսկ լուսանկարիչները նման պահը բաց թողնել չէին կարող: 

1972-ի սեպտեմբերին Մելնիկն արդեն 4 համաշխարհային ռեկորդ էր սահմանել ու գլխավոր ֆավորիտներից մեկն էր համարվում: Լրագրողները նրան լավ էին ճանաչում ու, դեպի իրեն պարզած տեսախցիկները տեսնելով, Մելնիկը շատ ամաչեց կեղտոտ ոտքերից ու սկսեց վազել, լուսանկարիչներն էլ՝ նրա հետեւից: Մի խոսքով՝ ականատեսների պատմելով շատ զվարճալի տեսարան էր:

Իսկ այն, որ Օլիմպիական խաղերում ոսկի է նվաճելու, Մելնիկը զգացել է առավոտյան աչքերը բացելուն պես. 

«Այդ գիշեր երազումս մեր գյուղի բակում աճող տանձենին տեսա։ Մոտեցա, իսկ ճյուղերին 2 տանձ էր կախված, մեկը կանաչ, մյուսը՝ դեղնավուն։ Ուզեցի պոկել, բայց չհասցրի, թիկունքիցս պարզված երկու ձեռքերը դրանք միանգամից քաղեցին: «Որտե՞ղ է իմ տանձը», - շփոթված հարցրի ես։ «Այնտեղ է՝ գետնին ընկած: Ամենահասունն ու ամենաոսկեգույնը»,- լսեցի մի ձայն։ Եվ ես հաղթեցի, այն էլ՝ օլիմպիական ռեկորդով՝ 66.62 մ»:

Լուսանկարը` Getty Images


Խաղերին հաջորդած տարիներին էլ Մելնիկը ԽՍՀՄ-ի առաջնություններում լավագույնն էր, իսկ 1974-ի Եվրոպայի առաջնությունում նորից չեմպիոն դարձավ՝ գերազանցելով սեփական ռեկորդը: 

Իր կարիերայի ընթացքում Մելնիկը սկավառակի նետում ձեւում ռեկորդը բարելավել է 6 մետրով՝ 64-ից հասցնելով 70-ի, ինչը բացառիկ արդյունք է: Նա 70 մ սահմանը հատած առաջին կինն է: 1987-ին ատլետիկայի միջազգային ֆեդերացիան (IAAF) Մելնիկին անվանել է «Բոլոր ժամանակների թիվ մեկ սկավառակ նետող»:

Հայաստանը

Իր սպորտային նվաճումների մեծ մասին Մելնիկը հասել է Հայաստանում ապրելու ու այն ներկայացնելու ընթացքում: Իր կարիերայի լավագույն 7 տարիներին Մելնիկն անցկացրել է Երեւանում: 1969-ին նա ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը եւ ներկայացնում էր «Սեւան» մարզական միությունը: 

«Սպորտն այնպես կլանեց ինձ, որ շուրջս ոչինչ չէի նկատում: Պատրաստ էի օրերով մարզվել: Առավոտյան օրական 200 փորձ էի կատարում, հիմա երիտասարդները 20-ից հետո հոգնում են. «Վերջ, այլեւս չեմ կարող»,- ասում են նրանք: Իսկ երեկոյան գնում էի մարզասրահ՝ ծանրաձող բարձրացնելու: Մի անգամ հաշվեցի, որ մեկ մարզման ընթացքում մինչեւ 36 տոննա քաշ եմ բարձրացնում: Դա գրեթե նույնն է, ինչ ածուխով լի գնացքի վագոնը բեռնաթափելը:

Լուսանկարը` Յուրի Սոմով


Բացի այդ, ունեմ բոլոր անհրաժեշտ որակները՝ կոորդինացիա, ճկունություն, երկար ձեռքեր։ Իմ ուժեղ կողմերից է նաեւ արագությունը։ 100 մետրը վազում եմ 12.5 վայրկյանում։ Ժամանակակից նետողները նույնիսկ չեն էլ կարող երազել նման արդյունքների մասին»,- պատմել է Մելնիկը: 

Կորսված մեդալը

Մելնիկի հաջողությունները դադարեցին 1976-ին, երբ Մոնրեալի Օլիմպիական խաղերից առաջ կորցրեց հորը: Թաղման արարողությունից անմիջապես հետո ուղեւորվեց օդանավակայան ու մեկնեց մրցավայր: Արդյունքում ընդամենը 4-րդ էր սկավառակի նետման վարժությունում, եւ 5-րդը՝ գնդի հրումում: 

Մելնիկին երկրպագուներն անպարտելի էին համարում ու Մոնրեալի խաղերում էլ նրանից միայն ոսկի էին ակնկալում, սակայն տուն վերադարձավ առանց մեդալի։ 

«Վերջին փորձից առաջ 4-րդն էի: Մտա շրջան ու արդեն պատրաստվում էի նետում կատարել, երբ մրցավարը բարձրացրեց սպիտակ դրոշը: Մոտակայքում ընթանում էր կանանց 100 մ վազքը, եւ նա անհանգստանում էր, որ սկավառակը նրանց կհասնի: Կանոնների համաձայն պետք է դուրս գայի շրջանից ու գործիքը հանձնեի մրցավարին: Այդպես էլ արեցի: Սպասեցի մինչեւ վազորդները ավարտեցին ու վերադարձա շրջան։ Արդեն ուզում էի շարունակել, երբ նորից մրցավարին ինչ-որ բան դուր չեկավ։ Նորից դուրս եկա շրջանից, իսկ գլխավոր մրցավարը գոռաց նրա վրա. «Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ չես թողնում նետել»։ Նրանք ինձ 3-րդ անգամ վերադարձրին մեկնարկային դիրք։ Կտրուկ նետում, եւ սկավառակը հատում է 68.60 մ սահմանը: «Այդքան էլ վատ չէ, արծաթ կլինի»,-մտածեցի ես: Արդեն պատրաստվում էի մրցանակաբաշխությանը, երբ ինձ հանկարծ մի կողմ քաշեցին. «Ֆաինա, դու 4-րդն ես։ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության թիմը բողոքարկել է։ Քո վերջին փորձը չեն հաշվել, քանի որ իրավունք չունեիր 3-րդ անգամ հատել շրջանը»։ Ի՞նչ անհեթեթություն, կանոններում նման կետ չկար: Յուրաքանչյուր փորձի համար 2 րոպե էր հատկացվում, պարզապես պետք է վարժությունն ավարտեի այդ ընթացքում, ինչն էլ արել էի: Ձայնագրությունը եւս հաստատեց, որ ես ճիշտ էի, բայց իմ մեդալը բաժին հասավ Բուլղարիային, իսկ բրոնզը՝ ԳԴՀ-ից մի գերմանացու:

Լուսանկարը` Getty Images


Ցանկացած բողոք ընդունվում էր ելույթի ավարտից հետո 20 րոպեի ընթացքում։ Արդյունքները հաստատվում են ու ոչ մի դեպքում չեն կարող վերանայվել։ Բողոք ներկայացնելը արժեր 50 դոլար։ Մեր պաշտոնյաները կարող էին ինքնասպան լինել այդ գումարի համար։ Բացի այդ, խոսքը ոսկե մեդալի մասին չէր։ Ըստ էության՝ Մոնրեալում ոչ ոք չէր ուզում պաշտպանել ինձ: 

Մի քանի ամիս անց մեր ֆեդերացիան IAAF-ից նամակ ստացավ ՝ նրանք ընդունել էին իրենց սխալը։ «Մելնիկին անարդարացիորեն են զրկել մեդալից, նրա վերջին փորձը կատարվել է կանոնների սահմաններում: Կներեք»։ Այդ ամենն այլեւս իմաստ չուներ: Դժվար է նորից հիշել այդ դրվագը…

Կանադա մեկնել էի հորս հուղարկավորությունից հետո, այնքան հուսահատ էի, որ ամբողջ Օլիմպիական խաղերն ասես մշուշի մեջ անցան: Մեդալից զրկվելուց հետո նույնիսկ չարտասվեցի, բոլոր արցունքներս տանն էի թափել: Ցավն ու վիրավորանքն ինձ հասան ավելի ուշ՝ Մոսկվայում»: 

Մոսկվայի խաղերը

Մոսկվայի Օլիմպիական խաղերը նույնպես դառը հիասթափություն պատճառեցին Մելնիկին։ Այդ ժամանակ նրա հարաբերությունները ատլետիկայի հավաքականի ղեկավարության հետ խիստ լարված էին։ Անկախություն սիրող, սուր լեզվի տիրապետող ու ճշմարտախոս մարզուհին նրանց համար կոկորդում մնացած ոսկորի պես էր: 

Լուսանկարը` Getty Images


«Ինձ ենթարկվող չես համարի: Երբեմն պետք է լռել, կամ ժպտալ, երբ չես ուզում, բայց ես այդպես չեմ կարող: Ինձ մոտ չի ստացվում սուր կողմերը հարթել: Ճիշտ հակառակը՝ ավելի շատ հակված եմ տարաձայնություն սկսել, քան փորձել լիցքաթափել իրավիճակը, ինչն էլ բազմաթիվ խնդիրների է հանգեցնում։ Օրինակ՝ 1972 թ. ի վեր անձնական մարզիչ չեմ ունեցել: Վերջին մարզիչս՝ Կիմ Բուխանցովն իրեն անհարգալից էր պահում, ինչի պատճառով էլ բաժանվեցի նրանից: Դրանից հետո որոշեցի, որ ինքնուրույն եմ մարզվելու: Այդպես ինձ համար ավելի հեշտ եւ խաղաղ էր։ Մի անհանգստացեք, նայեք, թե ինչ ռեկորդներ եմ սահմանել: 

Բայց 1980-ին սկսեցին ակնհայտորեն ինձ թիմից դուրս հանել: Մարզիչներն իրենց աղջիկներին էին առաջ մղում. «Ֆաինա, քո պատճառով մեր թիմը տարիքային հաշվարկով վերջին տեղում կլինի»,- ասում էին նրանք: Կարծես թե սպորտում դա կարեւոր է։ Իսկ այն, որ այդ տարի ունեցա մրցաշրջանի լավագույն արդյունքը՝ 69.60, ոչ մեկին չէր հետաքրքրում։ Խաղերի մեկնարկից 2 շաբաթ առաջ ինձ ստիպեցին մասնակցել թեստային «նախնական» մրցույթի։ Եվ ո՞ւմ հետ, նրանց, ովքեր սկավառակը հազիվ 60 մետր էին կարողանում նետել»,- հիշել է նա։

Լուսանկարը` Ֆյոդոր Ալեքսեև


Այս անգամ էլ Մելնիկն Օլիմպիական խաղերից առաջ երազ է տեսել ու ամեն ինչ նախապես իմացել: Սեւ լավայի հսկայական հոսանքը նրան դագաղի նմանվող նավակով դեպի անդունդն էր տանում. «Կափարիչն անընդհատ կախված էր գլխիս վերեւում։ Խելագարի պես փորձում էի փրկվել եւ քնիս մեջ մտածում էի. «Եթե կափարիչը ընկնի գլխիս, սպորտային կարիերայիս վերջը կլինի»։ Մեկ վայրկյան անց այն ծածկեց ինձ, ու ես վեր թռա: Փորձում էի վատ մտքերը վանել, բայց ճակատագրից չես փախչի»: 

Օլիմպիական թիմում Մելնիկն իր տեղը ոչ մեկին չզիջեց։ Մարզման ժամանակ 68 մետր նետեց ու գնաց հանդերձասենյակ, գիտեր, որ իրեն ոչ մեկը հասնել չի կարող: Իսկ հաջորդ օրը ծանրաձողը բարձրացնելու ժամանակ ուսի մկանը պատռեց: Խաղերի մեկնարկին 13 օր էր մնացել ու նա վերականգնվելու ոչ մի հույս չուներ:

Կյանքի նոր փուլը

Երբ եկավ սպորտին հրաժեշտ տալու ժամանակը, Մելնիկը հեռացավ: Նրա խոսքով՝ դրա համար 2 պատճառ ուներ:

«Երբեմն մարզիկը ներսից է այրվում։ Այն կայծը, որը մի ժամանակ առաջ էր մղում, մարում է։ Ինչ-որ մեկը փորձում է արհեստականորեն վերստին վառել այդ կրակը։ Հավատացեք ինձ, անհույս ջանքեր են: Որովհետեւ այստեղ (Մելնիկը ցույց տվեց կուրծքը)  ոչինչ չկա։ Կարիերայիս վերջում ինքս եմ դրան բախվել: Հասկացա, որ պետք է հեռանալ: Բացի այդ էլ տարված էի իմ նոր նպատակով՝ ուզում էի բժիշկ դառնալ»։

Ֆաինա Մելնիկը որոշեց ավարտել կարիերան ու դառնալ ատամնաբույժ: Դժվար է ասել, թե ինչն էր ազդել այս որոշման վրա, բայց 35 տարեկանում նա ընդունվեց Մոսկվայի բժշկական ինստիտուտ, հաջողությամբ ավարտեց այն ու սկսեց աշխատել ատամնաբուժական կլինիկայում։

Լուսանկարը` Imago


Նրան չէր հուզում այն միտքը, որ ուսանողներից շատերի տարիքի երեխա կարող էր ունենալ: 7 տարի սովորեց բժշկական համալսարանում, բոլորի պես ցերեկը դասերին էր մասնակցում եւ քննություններ հանձնում, իսկ գիշերները՝ հերթապահում հիվանդանոցում: 

«Սկզբում ինձ վիրաբույժ էի պատկերացնում։ Ծանոթներից մեկը վիրաբուժական բաժանմունքի վարիչն էր ու ինձ իր հետ վիրահատությունների էր տանում։ Բայց շուտով մահացավ ու ինձ խորհուրդ տվեցին բացառել վիրաբուժությունը: Որոշ մտորումներից հետո ընտրեցի ատամնաբուժությունը։ Շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Հաճելի է գիտակցել, որ մարդկանց իրական օգուտ ես բերում, ինչ-որ մեկին գեղեցիկ ատամներ ես պարգեւում ու 10 տարով ավելի երիտասարդ դարձնում»:

Միայնակ մահը

Սակայն սպորտից ամբողջությամբ հրաժարվել չկարողացավ ու վերադարձավ որպես գնդի հրման մարզիչ: Թեեւ շատ սաներ չուներ, բայց նրանք ուշագրավ արդյունքների հասան: Նրանց թվում է 1988-ի Սեուլի Օլիմպիական եւ Աշխարհի եռակի չեմպիոն Նատալյա Լիսովսկայան եւ Աշխարհի չեմպիոն եւ 2004-ի Աթենքի խաղերի բրոնզե մեդալակիր Սվետլանա Կրիվելեւան։

Անձնական կյանքի համար ժամանակ չմնաց: Դեռ 1970-ականների սկզբից ամուսնացած էր բուլղարացի սկավառականետորդ Վելկո Վելեւի հետ, որին հանդիպել էր Օլիմպիական խաղերում: Սակայն այդ օրերին օտարերկրացիների հետ ամուսնություններն անընդունելի էին, ու Մելնիկի մարզիչն ամեն ինչ անում էր, որ նրանց պարապմունքները նույն ժամին չլինեն: Այդ պատճառով մարզչի հետ հարաբերությունները խիստ սրվեցին, բայց եւ ընտանիքը պահել չստացվեց: Շուտով մարզիկներն ամուսնալուծվեցին: «Իմ անձնական կյանքը քննարկման թեմա չէ: Ի՞նչ սկզբունքով պետք է բոլոր ցանկացողներին թույլ տամ ներխուժել այնտեղ»,- սիրում էր կրկնել Մելնիկը:

Լուսանկարը` Ֆյոդոր Ալեքսեև


Մարզուհին երեխաներ չուներ եւ կյանքի վերջին տարիները միայնակ անցկացրեց: Թոշակի անցնելուց հետո բոլորից մեկուսացել էր: Հազվադեպ էր դուրս գալիս բնակարանից եւ շփվում էր միայն իր սան Նատալյա Կրվլյովայի հետ: Երբ մարզիչը դադարեց պատասխանել նրա հեռախոսազանգերին, անհանգստացավ: Նրա խնդրանքով բնակարանի դուռը ջարդեցին ու Մելնիկին մահացած գտան:

«Ֆաինա Մելնիկը լեգենդ է, որին ճանաչում են ամբողջ աշխարհում: Անչափ ցավալի է նրա կորուստը, մանավանդ՝ այդքան վաղ տարիքում: Ֆաինա Գրիգորեւնան պայծառ եւ ուժեղ անձնավորություն էր, որը սիրում էր իր գործը: Նա համարձակ որոշումներ էր կայացնում եւ հեշտությամբ ստանձնում ցանկացած առաջադրանք: Նաեւ հիանալի բժիշկ էր, նրա մոտ ամեն ինչ ստացվում էր: Եվ բուժում էր, եւ մարզում ու երբեք չէր հոգնում: Նա կյանքով լի էր, ուրախ եւ միշտ հասնում էր իր նպատակներին»,- մարզչի մահից հետո ասել է Կրիվելեւան:

Իսկ Ֆաինա Մելնիկն իր կյանքն ու անցած ճանապարհն այսպես է բնութագրել. «Մայրս մի անգամ ինձ ասել է. «Աստված քեզ փառք է տվել, բայց ոչ ճակատագիր»։ Ինչ արած, իմ կյանքն էլ այդպես դասավորվեց: Դժվարին ժամանակներում միշտ հիշում եմ Սողոմոն թագավորի առակը։ Նա «Ամեն ինչ անցնում է» գրությամբ մատանի ուներ։ Երբ վատ բան էր պատահում, նայում էր մատանուն ու հոգեկան խաղաղություն գտնում։ Բայց մի օր այլեւս չկարողացավ դիմանալ, զայրացած հանեց մատից եւ ուզում էր դեն նետել, սակայն, երբ տեսավ ներսի գրությունը, անմիջապես հանգստացավ։ Այնտեղ գրված էր. «Սա էլ կանցնի»»։

Ֆաինա Մելնիկի հետ հարցազրույցի մեջբերումներն արվել են 2005 թվականին sport-express.ru-ին տված հարցարզույցից:

Լուսանկարը` անձնական արխիվ


Ֆաինա Մելնիկը ծնվել 1945 թվականի հունիսի 9-ին Խմելնիցկիի շրջանի Բակոտա գյուղում:

1969 թվականին ավարտել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։

Մելնիկը ԽՍՀՄ-ի եռակի, Եվրոպայի կրկնակի (1971, 1974 թթ.) ու 1972-ի Մյունխենի Օլիմպիական խաղերի չեմպիոն է: Մասնակցել է 3 Օլիմպիական  խաղերի: Աշխարհի բազմակի ռեկորդակիր ու ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր վարպետ է: Սահմանել է 11 համաշխարհային ռեկորդ, առաջին կինն է, որը սկավառակը նետել է 70 մ:

1987-ին ատլետիկայի միջազգային ֆեդերացիան Մելնիկին անվանել է «Բոլոր ժամանակների թիվ մեկ սկավառակ նետող»:

1973 թվականին Ֆաինա Մելնիկին նվիրված փոստային նամականիշ է թողարկվել Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ 2010 թվականին՝ Հայաստանում:

Մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին՝ 71 տարեկանում: Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը:

Հասմիկ Բաբայան

Մեր ընտրանին