Դեկտեմբեր 04, 2024
exclusive
89636 դիտում

Անցյալից եկած հերոսները. Իգոր Նովիկով


Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


Տարիներ առաջ Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո Մոսկվայում մարզիկների պատվին միջոցառում է եղել կազմակերպված:

Իգոր Նովիկովը զրուցելիս է եղել Անաստաս Միկոյանի հետ, երբ նրանց է մոտեցել Ալեքսեյ Կոսիգինը: Միկոյանը կատակել է, թե՝ «Ահա, Նովիկովը ռուս է, բայց հայերեն ինձնից լավ է խոսում»: Կոսիգինն այդ ժամանակ էլ հարցրել է Նովիկովին, թե վերջինս իրեն ինչ ազգի ներկայացուցիչ է զգում՝ հա՞յ, թե՞ ռուս: Եւ ստացել է այս պատասխանը. «Ես հայ ժողովրդի ռուս զավակն եմ»:

Mediamax Sport«Անցյալից եկած հերոսները» շարքում այս անգամ սիրով անդրադառնում ենք Օլիմպիական չեմպիոն, հնգամարտիկ Իգոր Նովիկովին:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


Ճանապարհ դեպի հնգամարտ

Իգոր Նովիկովը ծնվել է 1929 թվականին Ռուսաստանի Դրեզնա քաղաքում։ 1930-ականներին նրա ընտանիքը տեղափոխվել է Երեւան: Մեծացել է սպորտային ընտանիքում։ Հայրը զբաղվել է ֆուտբոլով եւ հրաձգությամբ, ավագ եղբայրը եղել է բռնցքամարտիկ, ավագ քույրը խաղացել է վոլեյբոլ եւ զբաղվել լեռնագնացությամբ, իսկ փոքրը՝ մարմնամարզությամբ:Իսկ ահա Իգորը 10 տարեկանից «Դինամո» մարզադպրոցում սկսում է հաճախել լողի: Սակայն որոշ ժամանակ անց նա լրջորեն մարզվում է հնգամարտով:

Հայաստանում ժամանակակից հնգամարտը սկսում են զարգացնել 1950-ականներին: Այս տարիներին էլ Նովիկովը մասնակցում է Երեւանում կայացած բազմամարտի առաջնությանն ու դառնում ոսկե մեդալակիր: Երիտասարդ մարզիկին առաջին անգամ հրավիրում են Մոսկվա ուսումնամարզական հավաքի, որին մասնակցում էին նաեւ սուսերամարտիկներ, ձիարշավորդներ, լողորդներ, ատլետներ: ԽՍՀՄ-ում փորձում էին կազմավորել հնգամարտի թիմ, որը կմասնակցեր Հելսինկիի Օլիմպիական խաղերին:

Նովիկովը միանգամից աչքի է ընկնում բոլոր ձեւերում, բացի մեկից: Նա այդպես էլ չի կարողանում իրեն լավագույնս դրսեւորել ձիարշավում:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


«Այդպես էլ ոչ մի կերպ ինձ չհաջողվեց բարեկամանալ ձիու հետ»,- տարիներ անց խոստովանել է նա:

Հենց այդ ժամանակ էլ նրան ցանկացել են հեռացնել հավաքականից, ինչին ինքն էլ դեմ չի եղել: Նովիկովը համոզված էր, որ մարզիկի համար դժվար է լինել հեծյալ, հրաձիգ, լողորդ ու վազորդ:

Բայց, ինչպես պատմել են ընկերները, մի քիչ մտածելուց հետո որոշել է, որ պետք է շատ աշխատել ու շարունակել մարզումները:  Եւ ահա, փորձամրցման ժամանակ գրավում է երկրորդ տեղն ու մեկնում Հելսինկի: Նա իր առաջին Օլիմպիական խաղերում անհատական մրցումներում գրավում է 4-րդ տեղը:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


«Հայկական վագրի» Օլիմպիական ոսկին

Այս հաջողությունից հետո էլ Նովիկովը վերջնականապես համոզվում է, որ պետք է շարունակել մարզումները, քանի որ հնգամարտում շատ անելիքներ ունի: Նա կարողանում է ԽՍՀՄ առաջնությունում չեմպիոն դառնալ, սակայն միջազգային մրցումներում գրավում է ցածր տեղեր: Իսկ պատճառը ձիավարությունն էր: Մարզիկը սկսում է ավելի շատ ժամանակ անցկացնել ձիարշավարանում ու կարճ ժամանակ անց սպարտակիադայում թե թիմային, թե անհատական պայքարում ոսկե մեդալ է նվաճում:

1956 թվականին նա ԽՍՀՄ-ի հնգամարտի թիմի կազմում մեկնում է Մելբուրնի Օլիմպիական խաղեր: Այստեղ էլ թիմային պայքարում նվաճում է իր առաջին ոսկե մեդալը: Անհատական ելույթում կրկին ձիավարության պատճառով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


Մինչեւ 1960 թվականի Օլիմպիական խաղերը Նովիկովը հնգամարտում ավելի է ամրապնդում իր դիրքերը: Այս չորս տարվա ընթացքում նա Աշխարհի առաջնություններում նվաճում է վեց ոսկե ու մեկ արծաթե մեդալ:

1959 թվականին ԱՄՆ-ում Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նրա մականունը դառնում է «հայկական վագր»: Այսպես նրան անվանել էր տեղական լրատվամիջոցներից մեկի լրագրողը:

Հռոմի խաղերին հնգամարտիկը կրկին թիմային հաշվարկով դառնում է Օլիմպիական փոխչեմպիոն:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


Հաղթանակն ինքն իր նկատմամբ

Հենց այս ժամանակ էլ խոսվում էր, թե Նովիկովը կհեռանա սպորտից: Բայց նա ապացուցեց հակառակը: Նա Աշխարհի առաջնություններում նվաճեց եւս երեք ոսկե, չորս արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:

1964 թվականին մեկնեց Տոկիո՝ մասնակցելու իր չորրորդ Օլիմպիական խաղերին: ԽՍՀՄ-ի կազմում նա երկրորդ անգամ դարձավ Օլիմպիական չեմպիոն: Ինքն իրեն խոսք տված մարզիկը հասկանում էր, որ սա բացառիկ եւ, միգուցե, վերջին հնարավորությունն է նվաճել նաեւ անհատական մեդալ:

Անհատական մրցումներում Նովիկովը հաղթում է նախ ինքն իրեն, ապա նաեւ բոլոր նրանց, ովքեր չէին հավատում նրա հաջողությանը: Նա հնգամարտի մրցումներում նվաճում է Օլիմպիական արծաթե մեդալ:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


35-ամյա Նովիկովը հրաժեշտ է տալիս ակտիվ մարզիկի կարիերային, բայց չի կտրվում սիրելի սպորտից: 1967-ին Բիատլոնի եւ ժամանակակից հնգամարտի միությունը նրան պարգեւատրում է բոլոր ժամանակների լավագույն մարզիկի մեդալով:

Հնգամարտիկը գերազանց տիրապետում է այն ամենին, ինչը պետք է կյանքում՝ կրակել, վազել, լողալ: Ցանկացած հնգամարտիկ ֆիզիկապես ուժեղ ու դիմացկուն մարդ է: 14 տարի եղել եմ տարբեր երկրներում, շատ անգամներ հաղթել եմ, ձգտում էի էլ ավելի շատ մեդալներ նվաճել, սակայն չկարողացա: Պարզապես այն, ինչ ունակ ես անել 30 տարեկանում, 36-ում այլեւս չես կարողանում:
 
Թե ինչպես Նովիկովը զրոյից հսկայական համալիր կառուցեց

Նովիկովն ուներ մեծ երազանք. Երեւանում կառուցել հնգամարտի դպրոց ու զարգացնել այս մարզաձեւը ողջ Հայաստանում: Դեռ մարզիկ եղած տարիներից նա աշխատում էր տարբեր տղաների հետ, որպեսզի նրանք եւս կարողանան հաջողությունների հասնել:

Պատմում է Իգոր Նովիկովի դպրոցի սաներից Արթուր Հովհաննիսյանը, որն այսօր մարզիչ է ու մի խումբ մարդկանց հետ սկսել է վերականգնել ժամանակակից հնգամարտի ավանդույթները Հայաստանում:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


«Նովիկովը երիտասարդ տարիներին մրցումներից վերադառնալուց հետո հավաքել է մի քանի լողորդների ու սկսել է մարզել: Ապա այլ մարզաձեւեր է ներառել՝ վազք, ձիավարություն, սուսերամարտ: Անընդհատ աշխատելուց հետո արդեն ստեղծել են հնգամարտի թիմ, որը մասնակցել է ԽՍՀՄ մրցաշարերին:

Իսկ դպրոցը հիմնելուց հետո սկսեց կատարել ընդունելություն ամենափոքր տարիքից: Դպրոցի հիմնադրման սկզբում Նովիկովն անձամբ դասավանդել է փոքրիկներին, նրա շնորհիվ հնգամարտի մասնագետները Հայաստանում շատացել են, իսկ մարզիկները լուրջ նվաճումներ ապահովել: Ապա այդ աշակերտները մնացին դպրոցում ու սկսեցին դասավանդել ավելի փոքրերին: Այդպես աճեց հնգամարտի դպրոցը»:

Չարբախում սկսված հսկայական շինարարությունը զրոյից վերածվեց հիանալի ու եզակի համալիրի: Պատանի հնգամարտիկների մարզադպրոցն ուներ ամեն ինչ՝ լողավազաններ, հրաձգարան, մարզադահլիճներ, ձիարշավարան, հյուրանոցային համալիր:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


Անահիտ Մոմջյանը 18 տարեկանից որպես լողի մարզիչ Նովիկովի հրավերով տեղափոխվում է հնգամարտի մարզադպրոց ու նրա հետ աշխատում մինչեւ դպրոցի փլուզումը:

«Չեք պատկերացնի, թե 60-ականներին ինչպիսի վատ թաղամաս էր Չարբախը: Բայց Նովիկովն այնտեղի բոլոր տղաներին գրավեց ու բերեց դպրոց, նրանք կտրվեցին վատ շրջապատից ու լավ մարզիկներ ու պիտանի մարդիկ դարձան: Հրաշք դպրոց էր, ինչպիսի լավ մարզիչներ էին աշխատում»:

Նովիկովի ստեղծած հրաշալի համալիրում սովորում էին հարյուրավոր երեխաներ: Նրանց համար ստեղծված էին ապրելու, սովորելու, մարզվելու ու հանգստանալու բոլոր պայմանները:

«Առավոտյան 6:30 լողի մարզումներն էին, ավտոբուսով տանում էին հանրակրթական դպրոց, հետո հետ էինք գալիս բազա ու շարունակում մնացած մարզումները: Հատուկ լսարան ունեինք, որտեղ հրավիրյալ ուսուցիչների հետ պատրաստում էինք տնային աշխատանքները: Նովիկովը համոզված էր, որ միայն սպորտը չի կարեւոր, մարզիկը պետք է նաեւ սովորի»,-նշում է Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


Խիստ, կարգապահ ու արդար Նովիկովը

Հովհաննիսյանը հիշում է, որ Նովիկովը բոլոր սաներին պարտադրում էր երեք բան՝ կարգապահություն, սեր ուսման նկատմամբ եւ մեծ ուշադրություն սպորտին:

Նա մրցումների կամ էլ մարզումների ժամանակ պարտադիր հետեւել է իր դպրոցի սաներին ու խորհուրդներ տվել նրանց: 

Մեր զրուցակիցները նշում են, որ առավոտյան ժամը 9-ին արդեն դպրոցում էր լինում, կարգապահ ու աշխատանքին նվիրվելը նա փոխանցել էր նաեւ իր երեխաներին, դպրոցի մարզիչներին, աշակերտներին:

«Նովիկովը շատ խիստ, պարտաճանաչ մարդ էր, իր օրինակով մեզ սովորեցրեց, թե ինչ բան է աշխատասիրությունը: Եթե հանկարծ գար մարզման ու տեսներ նստած ենք դաս անում, գիտե՜ք ինչպես կզայրանար: Շատ պահանջկոտ էր: Չէր հասկանում այն մարզչին, ով երեխայի հետ ջուրը չէր մտնում: Ասում էր, ինչպես պետք է երեխան սովորի շնչելն ու արտաշնչելը, եթե քո օրինակով ջրում նրան չբացատրես: Մենք հենց նրա շնորհիվ ճիշտ մարդ դարձանք».-պատմում է Մոմջյանը:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


Այդ հայտնի ու շատ բաների հասած մարդը հասարակ է եղել, ընկերական շփում ունեցել բոլորի հետ եւ միեւնույն ժամանակ շատ մեծ հարգանք վայելել: Պատմում են, որ դպրոցի շինարարության ժամանակ շատ է օգնել բանվորներին, աշխատել, որ ամեն ինչ ճիշտ ընթանա: Նա հաշվի է առել ամեն մանրուք եւ այնպես արել, որ բոլորը՝ բանվորից մինչեւ տնօրեն, իրենց հարգված զգան:

«Երբեք չի եղել, որ իրեն ցույց տա, թե տեսեք ես Նովիկովն եմ, այսքան հաղթանակներ ունեմ, ինձ ողջ հնգամարտի աշխարհն է ճանաչում: Նա հասարակ, շփվող, դրական լիցքեր փոխանցող մարդ էր»:

«Բոլոր աշխատողների հետ շատ սիրով էր շփվում: Մեզ ասում էր, հանկարծ այս կանանց չասեք հավաքարար: Նոր բառ եմ գտել հայերենում՝ մաքրուհի, նրանց կդիմեք այդպես: Նրան բոլորս անչափ շատ էինք սիրում»:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


Հնգամարտի դպրոցի բոլոր սաներն էլ մեծ հպարտություն են զգացել, քանի որ իրենց տնօրենը եղել է Նովիկովի պես տիտղոսակիր մարզիկը, որն իրենց դասավանդել կամ էլ խորհուրդներ է տվել: Բոլորն են ձգտել նրա պես մարզիկ դառնալ:

«Նա հատկապես դպրոցում տեղի ունեցող բոլոր մրցումներին ներկա էր լինում, մեր մասնակցությունով ինքն էլ էր ապրում: Երբ մեկնարկի էինք կանգնում ու հայացքներս համընկնում էին, ոգեւորում էր, ձեռքով անում ու հաղթանակ մաղթում»,-շարունակում է Հովհաննիսյանը:

«Շատ մաքուր, արդար մարդ էր, նույնն էլ սովորեցրել է մեզ: Որ գործուղման էր մեկնում արտասահման ու փողն ավելանում էր, հետ էր վերադարձնում: Միշտ ասում էր, դուք հայ եք, ձեր պատիվը բարձր պահեք ամեն տեղ, կատարելագործվեք: Սա էր պատճառը, որ բոլոր աշակերտներին հորդորում էր ընդունվել ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Համոզված էր, որ կիրթ հասարակություն ունենալն է ամենակարեւորը»,-հիշում է Մոմջյանը:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


Դպրոցի փլուզումը, Նովիկովի հեռանալն ու կարոտը

Իգոր Նովիկովի համար հնգամարտի դպրոցն ավելին է եղել, քան պարզապես աշխատանք: Նա մեծ ջանքեր է ներդրել այն կառուցելու, կահավորելու, մարզիչներ պատրաստելու ու հիանալի թիմ հավաքելու համար: Նովիկովի միակ երազանքն է եղել այդ համալիրի զարգացումը, երիտասարդների առողջությունն ու Հայաստանում ուժեղ հնգամարտ ունենալը:

«Դպրոցն իր տունն էր, ապրում էր դրանով: Ինքն ավելի շատ ժամանակ անցկացնում էր հենց այնտեղ: Այնքան է եղել, որ նույնիսկ գիշերներն է մնացել: Ցավոք, որ հիմա այնտեղ միայն ավերակներ են մնացել»:

1990-ական թվականներին որոշում է կայացվում հնգամարտի դպրոցի տարածքը վերածել ռազմական բազայի եւ հանձնել Պաշտպանության նախարարությանը: Դպրոցը կամաց-կամաց սկսում է քանդվել:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


«Չեք պատկերացնի, ինչպես էր նա տանջվում: Երբեք չեմ մոռանա, որ միասին գնացինք Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ: Նա խնդրում էր դպրոցը հետմահու իր անունով կոչել, բայց բացասական պատասխան ստացավ: Շատ էր բարկացել, ասում էր ողջ կյանքս եմ ծառայել Հայաստանին, ես հայ ժողովրդի ռուս զավակն եմ, իսկ դուք փլուզում եք իմ այսքան աշխատանքը: Նա նույնիսկ պատրաստ էր իր անձնական միջոցներով դպրոցի գոնե մի մասում շարունակել պարապմունքները»,-հիշում է Մոմջյանը:

Մոմջյանը պատմում է, թե ինչքան շատ էր վիրավորվել Նովիկովը, շարունակում էր ծանր պայմաններում ապրել Հայաստանում, որովհետեւ չէր ուզում լքել այն երկիրը, որտեղ ապրել էր ողջ կյանքը:

«Միշտ ասում էր, շատ եմ սիրում Հայաստանը, հայ ժողովրդին, որն ինձ միշտ լավ է ընդունել: Բայց ի վերջո շատ դժվարությամբ վաճառեց տունն ու մեկնեց տղաների մոտ՝ Ռուսաստան: Մի անգամ Ռուսաստանում էի ու իրենց տուն գնացի: Ինձ պատմում էր, թե մի օր ռեստորան է գնացել, հայեր են մոտեցել ու ասել, որ իր հաշիվը փակված է: Այնքան էր շոյվել, ուրախացել, դա նրա համար մեծ բան էր»,-շարունակում է Մոմջյանը:

Ռուսաստանում հաստատվելուց հետո կարոտը նրան կրկին բերում է Հայաստան: Նա հանդիպում է ընկերներին, այցելում ավերվող դպրոցը եւ արդեն մեկընդմիշտ հեռանում:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


«Ափսոս, շատ ափսոս, որ այսօր չեն հիշում նրան: Պետք չէ մոռանալ մեծերին, Նովիկովը հզոր մարզիկ է եղել, բացի այդ էլ անչափ շատ գործ է արել Հայաստանի համար: Ցավում եմ, բայց դա այդպես էլ չգնահատվեց: Հակառակ դեպքում հսկայական համալիրն այսօր ավերված չէր լինի»,-տխրությամբ շեշտում է Անահիտ Մոմջյանը:

Կյանքը հենց այնպես չանցկացրած մարդը

Իգոր Նովիկովը կնոջ հետ հաստատվում է նախ մեծ որդու մոտ Մոսկվայում, ապա մեկնում Սանկտ Պետերբուրգ՝ փոքր տղայի մոտ: Այստեղ եւս նա սկսում է ակտիվ գործունեություն ծավալել, սակայն 2000 թվականին սրտի կաթվածից հետո թոշակի է անցնում: Նրա որդին՝ պրոֆեսոր Յուրի Նովիկովը պատմել է, որ իրենց ամառանոցում մեծ լողավազան են ունեցել ու մինչեւ կյանքի վերջը հայրը զբաղվել է լողով: Հենց այնտեղ էլ 2007 թվականին 77 տարեկան հասակում կնքել է մահկանացուն:

Նովիկովի որդիները՝ Ալեքսանդրն ու Յուրին, ապրում են Ռուսաստանում: Յուրի Նովիկովը խոստովանել է, որ իրենց ընտանիքում այն մարդը, ով չի զբաղվում սպորտով, համարվում է ոչ ճիշտ մարդ:

Լուսանկարը` Արթուր Հովհաննիսյանի անձնական արխիվից


Նովիկովն իր «Տասներեք մեկնարկները» գրքում գրել է.

«Ես շատ հիշողություններ ունեմ եւ կարող եմ ասել, որ կյանքս հենց այնպես չի անցել: Ուրախ եմ, որ սպորտում մեծ հաջողությունների եմ հասել, կարիերաս ավարտելուց հետո էլ շարունակել եմ աշխատել: Ասում են, որ մարդ պետք է տղա ունենա, ծառ տնկի ու տուն կառուցի: Ես երկու հրաշալի որդի ու թոռներ ունեմ, ոչ թե սովորական տուն եմ կառուցել, այլ մի ողջ հնգամարտի պատանեկան դպրոց, որտեղ կրթվել են հիանալի մարզիկներ: Տնկել եմ ոչ թե ծառ, այլ մի հսկա այգի, որը շրջապատում էր հենց այդ դպրոցը»:

Իգոր Նովիկովը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 19-ին Դրեզնայում, 1934-ին ընտանիքի հետ հաստատվել է Երեւանում:

Մասնակցել է Օլիմպիական չորս խաղերի՝1952-1964։ Նա Օլիմպիական խաղերի կրկնակի (1956, 1964), աշխարհի թիմային հնգակի (1957-1959, 1961-1962) եւ անհատական առաջնության քառակի (1957, 1958, 1959, 1960) չեմպիոն է։ 1960 եւ 64 թվականներին ՕԽ-ում թիմային ու անհատական պայքարում նվաճել է արծաթե մեդալներ: ԱԱ-ում 5 անգամ դարձել է արծաթե, 1 անգամ էլ բրոնզե մեդալակիր:

Կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի։ Երեւանում հիմնադրել է Պատանի հնգամարտիկների մարզադպրոցը: 1972-1988 թվականներին նշանակվել է ժամանակակից հնգամարտի եւ երկամարտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, իսկ 1988-1998-ին՝ նախագահ։ Նա առաջին հայաստանցին է, որը ղեկավարել է միջազգային կառույց:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Երեւանում նրա դպրոցը դադարել է գոյություն ունենալ, եւ Նովիկովը ստիպված լքել է Հայաստանը։ Նա երկու գրքի հեղինակ է: 1974-ին լույս տեսած «Հինգ օր ու ամբողջ կյանք» գիրքը սպորտային գրականության մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Կյանքի վերջին տարիներին գրել է «Տասներեք մեկնարկ» գիրքը:

Մահացել է 2007-ին Սանկտ Պետերբուրգում:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին