Բազմաթիվ են ֆուտբոլային ընտանիքները, որոնցում որդիները որոշել են գնալ հոր ճանապարհով, ոմանց նույնիսկ հաջողվել է գերազանցել նրանց: Mediamax Sport-ն այս անգամ պատմելու է եւս 4 նման ֆուտբոլային ընտանիքների մասին, որոնք Իսպանիայից, Ֆրանսիայից, Անգլիայից եւ Իտալիայից են:
Բուսկետսներ
Իր կարիերայի մեծ մասը Կառլես Բուսկետսն անցկացրել է «Բարսելոնա»-ում ու մնացել Անդոնի Սուբիսարետայի ստվերում: Նա լավ դարպասապահ էր, սակայն բախտը չբերեց, որ երիտասարդ տարիները համընկան Սուբիսարետայի խաղալու շրջանի հետ:
Կատալոնական ակումբի կազմում անցկացրած 10 տարվա ընթացքում ընդամենը 79 հանդիպման է մասնակցել՝ հիմնականում խաղադաշտ դուրս գալով այն ժամանակ, երբ Անդոնին հանգստանալու կարիք եւ վնասվածք ուներ, կամ էլ որակազրկված էր:
Սակայն Կառլես Բուսկետսն իրեն դրսեւորելու կարեւոր շանս ստացավ 1991 թվականին Գավաթակիրների Գավաթակրի եզրափակչում: Կատալոնական ակումբի մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդ»-ն էր, որին զիջեցեին 1:2 հաշվով: 1992-ից հետո Բուսկետսը շարունակեց խաղալ «Լերիդա»-ում:
Լուսանկարը` FC Barcelona
Համարվում է, որ իր կյանքի կարեւոր սեյվը կատարել է 90-ականներին, սակայն ոչ ֆուտբոլային դաշտում, այլ սեփական տանը: Երբ դարպասապահը տեսավ, թե ինչպես է տաք արդուկն ընկնում իր որդու վրա, միանգամից ցատկեց ու բռնեց այն: Դրանից հետո երկար ժամանակ բուժում էր այրվածքները, իսկ նրա կողմից փրկված Սերխիոն մեծացավ ու հիանալի կիսապաշտպան դարձավ:
Սովորաբար երեխաները նախընտրում եմ խաղալ իրենց հոր դիրքում, սակայն Սերխիոն ընտրեց կիսապաշտպանությունը: Նա կարիերայի լավագույն տարիներն անցկացրեց կատալոնական թիմում ու իրեն հիանալի դրսեւորեց նաեւ Իսպանիայի հավաքականում:
Նա Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, Իսպանիայի 9-ակի հաղթող, 7-ակի գավաթակիր, հաղթել է Չեմպիոնների Լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում: Այնպես է ստացվել, որ նրա խաղալու տարիներին հայրը մարզել է «Բարսելոնա»-ի դարպասապահներին:
Լուսանկարը` FIFA
Ջորկաեֆներ
Ջորկաեֆների ընտանիքում ֆուտբոլային 3 սերունդ կա, սկիզբը դրել է Ժանը: Նա Ֆրանսիայի հավաքականի ավագն էր, մասնակցել է 1966-ի Աշխարհի առաջնությանն ու 2 անգամ՝ 1964-ին ու 1969-ին «Լիոն»-ի եւ «Մարսել»-ի հետ Ֆրանսիայի գավաթակիր դարձել:
Դրանից հետո տեղափոխվել է նորաստեղծ ՊՍԺ, որն առաջացել է 2 ակումբների՝ «Փարիզ»-ի ու «Սեն Ժերմեն»-ի միավորման արդյունքում: Այդ ժամանակ Յուրին 2 տարեկան էր, Մարի Օհանյանն ու Ժանը որդուն անվանել էին Բորիս Պաստերնակի «Բժիշկ Ժիվագո»-ի հերոսի պատվին:
Յուրին ձյուդոյով է զբաղվել, հետաքրքրվել նկարչությամբ եւ երաժշտությամբ, բայց հետո որոշել է նախապատվությունը ֆուտբոլին տալ: 16 տարեկանում նորամուտն է նշել «Գրենոբլ»-ում, իսկ 18-ում՝ ավագի թեւկապը ստացել: Այն տարիներին Աշխարհի չեմպիոն դառնալու մասին միայն երազել կարող էր, ակումբը Ֆրանսիայի 2-րդ դիվիզիոնում էր հանդես գալիս եւ նույնիսկ նահանջեց 3-րդ:
Լուսանկարը` FIFA
Մի քանի տարի անց Յուրին հասկացավ, որ առաջընթացի կարիք ունի եւ ակումբի նախագահից պահանջեց իրենց վաճառել «Ստրասբուր»-ին, որը Լիգա-2-ում ավելի լավ էր հանդես գալիս: Տրանսֆերը 5 մլն ֆրանկ կազմեց, ինչն այն ժամանակ բավական մեծ գումար էր համարվում: Այնտեղ Ջորկաեֆն իրեն բավական լավ դրսեւորեց ու 28 խաղում 21 գոլի հեղինակ դարձավ, բայց դա էլ չօգնեց տեղափոխվել գլխավոր առաջնություն:
Երկար ժամանակ Յուրին ստիպված էր ակումբի ղեկավարությանը խնդրել, որ իրեն բաց թողնեն «Մոնակո», անձամբ Արսեն Վենգերն էր նրան հրավիրում: 1990 թվականին Ջորկաեֆը վերջապես հայտնվեց ուժեղ առաջնությունում ու աստիճանաբար առաջընթաց գրանցեց: Նախ Ֆրանսիայի Գավաթակիր դարձավ ու պարգեւավճարով Porche 911 գնեց, 1994-ին 20 գոլով Ֆրանիսայի առաջնությունում 2 լավագույն ռմբարկուների թվում էր, 1995-ին տեղափոխվեց ՊՍԺ ու մեկ տարի անց հաղթեց Գավաթակիրների Գավաթը:
ԵՎՐՈ-1996-ից հետո տեղափոխվեց «Ինտեր», իսկ 1997-ի հունվարին «Ռոմա»-ի դարպասը գրավելուց հետո 3 րոպե շարունակ արժանացավ երկրպագուների անդադար ծափահարություններին:
Լուսանկարը` FIFA
Ամենահաջողը Ջորկաեֆի կարիերայում 1998 թվականն էր, երբ մայիսին նախ դարձավ ՈւԵՖԱ-ի գավաթակիր, իսկ ամռանը Ֆրանսիայի ընտրանու հետ Աշխարհի չեմպիոն հռչակվեց, երկու տարի անց էլ նրան սպասվում էր Եվրոպայի չեմպիոնությունը: Յուրին խաղացել է նաեւ Գերմանիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում ու ֆուտբոլին հրաժեշտ տվել 2006 թ-ին:
Յուրիի ավագ եղբայր Դենին եւս ֆուտբոլով է զբաղվել, բայց Ֆրանսիայի 3-րդ Լիգայում խաղացել, հետագայում դարձել է եղբոր գործակալը: Իսկ մյուս եղբայրը՝ Միշան, հանդես է եկել մի քանի ֆրանսիական թիմերում, գերմանական «Կայզերսլաուտերն»-ում եւ անգլիական «Լուտոն Թաուն»-ում:
Ջորկաեֆի երկու որդիներից ֆուտբոլիստ է 27-ամյա Օհանը, «Էվիան», «Մոնպելյե», «Նանտ» ակումբների կազմերում խաղացել է Ֆրանսիայի 4-րդ ու 5-րդ դիվիզիոններում: 2019-ին մեկ տարվա պայմանագիր է կնքել շոտլանդական «Սենթ Միրեն» ակումբի հետ, որի կազմում ընդամենը 6 հանդիպման է մասնակցել ու մեկ տարի անց տեղափոխվել շվեյցարական «Քրինս»:
Լուսանկարը` The Times
2017 թվականին նա մարզվել է Հայաստանի երիտասարդական ընտրանու հետ, սակայն հանդիպումների մասնակցել չի կարողացել, քանի որ քաղաքացիություն չունի:
Բեքհեմներ
Երեւի դժվար է գտնել, որեւէ ֆուտբոլասերի, որը լսած չլինի Դեւիդ Բեքհեմի անունը: Թեեւ արդեն 11 տարի է ավատել է կարիերան, սակայն շարունակում է ֆուտբոլի առանցքային դեմքերից մեկը մնալ, ԱՄՆ-ում ակումբի համասեփականատեր լինել ու ներկա լինել կարեւոր մրցաշարերի:
Ֆուտբոլ խաղալ սկսել է լոնդոնյան «Լեյթոն» ակումբում, որտեղ մնացել է 2 տարի, ապա սովորել է «Տոտենհեմ»-ի ֆուտբոլային դպրոցում: 11-ամյա Դեւիդին նկատել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, հաջողությամբ հանձնել է քննությունն ու դարձել պատանեկան թիմի խաղացող:
1992 թվականին դարձել են Անգլիայի Գավաթակիր, եւ բոլոր քննադատները նշել են, որ դա մասնավորապես հաջողվել է Բեքհեմի հաջող խաղի շնորհիվ: Այդ տարիքից սկսած հայտնվել է ուշադրության կենտրոնում ու արդյունավետ խաղով աչքի ընկել տարբեր թիմերում: Արդեն 20 տարեկանում նրա հետ գովազդային պայմանագիր են կնքել Pepsi-ն ու Adidas-ը:
Լուսանկարը` FIFA
1998-ի Մունդիալում Կոլումբիայի դարպասը խփած գոլը Դեւիդին Անգլիայում իսկական հերոս դարձրեց, սակայն օրեր անց Արգենտինայի դեմ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով հայտնվեց աննկարագրելի քննադատությունների թիրախում: Նրան հաջողվեց հեղինակությունը վերականգնել լավ խաղի ու աշխատասիրության շնորհիվ՝ դառնալով Անգլիայի ավագը, սակայն ընտրանու հետ այդպես էլ նվաճումների չհասավ:
ՄՅՈւ-ում անցկացրած 11 տարիների ընթացքում 265 խաղի է մասնակցել ու 62 գոլի հեղինակ դարձել: Նա ակումբի հետ տիրացել է բոլոր տիտղոսներին՝ 6 անգամ հաղթել Պրեմիեր Լիգայում, 2-ական անգամ Գավաթակիր ու Սուպերգավաթակիր դարձել, հաղթել Չեմպիոնների Լիգայում ու Միջմայրցամաքային գավաթում: 2002-ին տեղափոխվել է «Ռեալ» ու Գալակտիկոս թիմի խաղացող եղել: Այնտեղ էլ Իսպանիայի չեմպիոն ու Սուպերգավաթակիր է հռչակվել:
Լուսանկարը` Getty Images
Խաղացել է նաեւ «Լոս Անջելես Գալաքսի»-ում, «Միլան»-ում ու ՊՍԺ-ում՝ դառնալով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի չեմպիոն: Կարիերան ավարտել է 2013 թվականին՝ անցկացնելով 540 հանդիպում ու խփելով 97 գոլ:
Բեքհեմի 3 որդիներից ֆուտբոլով զբաղվում է 21-ամյա Ռոմեոն: 2014 թվականին Ռոմեոն եղբայրների՝ Բրուքլինի ու Քրուզի պես, ընդունվել է «Արսենալ»-ի ակադեմիա: Թեեւ մանկուց տառապել է էպիլեպսիա հիվանդությամբ, բայց ծնողները կարողացել են բուժել նրան:
Սկզբում Ռոմեոն տարված է եղել ֆուտբոլով, բայց մեկ տարի անց նրան հեռացրել են: Այդ ժամանակ էլ որոշեց է կենտրոնանալ թենիսի վրա: Դեւիդն իրենց լոնդոնյան առանձնատան բակում Ռոմեոյի համար թենիսի կորտ է կառուցել, որտեղ տղան մարզվում էր նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյի գլխավորությամբ: Ռոմեոն զբաղվում էր նաեւ մոդելային բիզնեսով ու դարձավ Burberry դեմքերից, հայտնվեց Vogue-ի շապիկին, իսկ սերը հոր մարզաձեւի նկատմամբ նորից ձագեց 2020-ին, երբ Դեւիդը սեփական ակումբն ունեցավ ՄԼՍ-ում:
2021-ին նա գլխավոր թիմում հանդիպման մասնակցեց ու 6 րոպե մասնակցեց «Բարսելոնա»-ի դեմ ընկերական խաղին:
Լուսանկարը` NZ Herald
Ռոմեո Բեքհեմը պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտը նշել է 2021 թվականին «Ինտեր Մայամի»-ին պատկանող «Ֆորթ Լոդերդեյլ»-ի կազմում եւ 78 րոպե անցկացրել ԱՄՆ-ի 3-րդ դիվիզիոնում: «Տորմենտ»-ի դեմ խաղում նա առանձնապես ոչնչով աչքի չընկավ: ՄԼՍ-ի երիտասարդական առաջնությունում Ռոմեոն որոշակի հաջողություններ գրանցեց, թեեւ գոլեր քիչ խփեց՝ ընդամենը 2-ը, փոխարենը 10 արդյունավետ փոխանցմամբ Լիգայի լավագույն ցուցանիշը գրանցեց:
2022-ի սկզբին նա վերադարձավ Անգլիա, որտեղ վարձավճարով սկսեց ներկայացնել ԱՊԼ-ում հանդես եկող «Բրենտֆորդ»-ի 2-րդ թիմը: Նորամուտի խաղը ծպտված դիտելու էր գնացել նաեւ Բեքհեմը, սակայն խուսափել պապարացիներից նրան չէր հաջողվել: Այդ խաղն այցելությունների թվով ռեկորդ էր սահմանել՝ ներկա էր եղել 533 երկրպագու:
Բրուքլինն էլ եղբոր պես պայմանագիր ուներ «Արսենալ»-ի հետ ու անգամ մասնակցել է Մեծ Բրիտանիայի հավաքականն ընդդեմ աշխարհի բարեգործական խաղին՝ «Օլդ Թրաֆորդ»-ում փոխարինելով հորը: Սակայն նրա կյանքում ֆուտբոլը երկրորդ պլան մղվեց, երբ հայրը նրան տեսախցիկ նվիրեց:
Քրուզն էլ եղբայրների պես տեսնելով հոր մեծ հաջողությունները՝ փոքր տարիքում երազում էր ֆուտբոլիստի կարիերայի մասին: Սակայն հետագայում շարունակեց մոր ընտրած ուղին ու տարվեց երաժշտությամբ: Նա հաճախ է սոցկայքերում տեղադրում իր գրած երաժշտությունը՝ գովազդային հոլովակների համար է սաունդթրեքեր գրում, որոնցում ինքն էլ նկարվում է:
Կիեզաներ
Ֆուտբոլային ընտանիքների թվին են պատկանում Կիեզաները: Հայրը՝ Էնրիկոն Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է ԵՎՐՈ-1996-ին ու ԱԱ-1998-ին: Նրա կարիերայի առաջին ակումբը «Սամպդորիա»-ն էր, սակայն երկար ժամանակ չէր կարողանում առանցքային ֆուտբոլիստ դառնալ ու վարձավճարով տարբեր ակումբներում էր խաղում:
Լուսանկարը` UEFA
Մեկ մրցաշրջանում 20 գոլի հեղինակ դառնալուց հետո՝ Կիեզային «Պարմա»-ն ձեռք բերեց, որտեղ նա եվրագավաթներում գրանցած գոլերի քանակով ռեկորդակիր դարձավ: Այդտեղից ուղեւորվեց «Ֆիորենտինա», որտեղ կարճ ժամանակ անց արդեն երկրպագուների սիրելին էր: Ապա ելույթ ունեցավ «Սիենա»-ում, որտեղ նաեւ թիմի ավագն էր:
«Սամպդորիա»-ի հետ դարձել է գավաթակիրների Գավաթի հաղթող, իսկ «Ֆիորենտինա»-ի՝ ՈւԵՖԱ-ի Գավաթակիր:
26-ամյա Ֆեդերիկոն իր հաջողություններով արդեն իսկ գերազանցել է հորը: Նա 2020 թվականին Իտալիայի հավաքականի հետ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել: Ֆեդերիկոն նաեւ Ավստրիայի դեմ 1/8 եզրափակչում գոլի հեղինակ է դարձել, ԵՎՐՈ-ում գոլ է խփել նաեւ նրա հայրը: Այդպիսով՝ Կիեզաներն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում գոլեր գրանցած առաջին հայրն ու որդին են:
Լուսանկարը` UEFA
Ֆեդերիկոն 6 տարի հանդես է եկել «Ֆիորենտինա»-ում ու 137 հանդիպում անցկացրել՝ դառնալով 26 գոլի հեղինակ: Կիսապաշտպանը 2020 թվականից հանդես է գալիս «Յուվենթուս»-ի կազմում եւ Իտալիայի կրկնակի Գավաթակիր ու Սուպերգավաթակիր է:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: