Ապրիլ 26, 2024
1483 դիտում

Ֆուտբոլային հայր եւ որդիներ. Լեգենդար Մալդինիներից մինչեւ Թյուրամներ


Լուսանկարը` AC Milan

Լուսանկարը` AC Milan

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` Europort

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` AP

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` France Football

Լուսանկարը` FC Utrecht

Լուսանկարը` FC Valencia

Լուսանկարը` AC Milan

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` AC Milan

Լուսանկարը` CNN

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` etfootballnewsfrance.com

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` SNL24

Լուսանկարը` Europsort

Լուսանկարը` goal.com


Ֆուտբոլում բազմաթիվ են օրինակները, երբ որդիները ոգեշնչվել են իրենց հայրերի նվաճումներով ու ցանկացել կրկնել նրանց ուղին: Mediamax Sport-ն այս անգամ պատմելու է եւս 4 նման ֆուտբոլային ընտանիքների մասին, որոնք Իտալիայից, Լիբերիայից, Նիդերլանդներից ու Ֆրանսիայից են:


Մալդինիներ

Մալդինիներն իրավացիորեն կարող են համարվել ամենաֆուտբոլային գերդաստաններից մեկը: Ֆուտբոլով զբաղվել են ու նույն ակումբում՝«Միլան»-ում խաղացել Չեզարե Մալդինին, նրա որդի Պաոլոն ու թոռը՝ Դանիելը:

«Մալդինին «Միլան»-ի խորհրդանիշը չէ, այլ հենց «Միլան»-ը»,- մի անգամ ասել է Սիլվիո Բեռլուսկոնիի օրոք ակումբի ղեկավարներից մեկը՝ Ադրիանո Գալիանին:

Չեզարե Մալդինին Իտալիայի հավաքականի ու միլանյան ակումբի լավագույն պաշտպաններից մեկն է եղել: 1960-ականներին նրա կարիերան գագաթնակետին էր գտնվում: Ակումբում անցկացրած 13 տարիների ընթացքում (412 խաղ) ունեցել է եւ անկումներ, եւ վերելքներ: Ամենամեծ նվաճումներից էր 1963-ին Գավաթակիրների Գավաթին տիրանալը, որը որպես ավագ հենց ինքն է բարձրացրել:

1968-ին Չեզարեն որդի ունեցավ, որին Պաոլո անունը տվեցին, նա հետագայում իտալական ֆուտբոլի լավագույն պաշտպաններից մեկը դարձավ, 5-ական անգամ հաղթեց ՉԼ-ում եւ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում:

Լուսանկարը` AC Milan


Պաոլոն 10 տարեկանում է առաջին անգամ «Միլան»-ում փորձաշրջան անցել, հարցին, թե որ դիրքում է որդին խաղալու, Իտալիայի քառակի չեմպիոն Չեզարեն պատասխանել է. «Չգիտեմ, ինքներդ որոշեք» ու հեռացել տրիբունաներ: Առաջին խաղում Պաոլոն հանդես է եկել եզրային կիսապաշտպանի դիրքում:

Եվ ահա տարիներ անց ակումբում նորամուտն է նշել նաեւ Պաոլոյի որդի Դանիելը, որը կիսապաշտպան է:

«Հույս ունեմ՝ 4-րդ սերունդ էլ կլինի, Մալդինիների պատմությունը «Միլան»-ում չպետք է ավարտվի»,- մահից առաջ ասել էր Չեզարեն: Նա մահացել է 2016 թվականի ապրիլի 3-ին 84 տարեկանում՝ այդպես էլ չտեսնելով թիմի կազմում թոռան նորամուտը:

Պաոլոն ավագ որդի էլ ունի՝ Քրիստիանը եւս ֆուտբոլիստ է, նա 9 տարեկանում «Միլան»-ի հետ պայմանագիր է կնքել, անցել պատանեկան ու երիտասարդական բոլոր թիմերով, բայց հիմնական կազմի խաղացող այդպես էլ չի դարձել:

Լուսանկարը` AC Milan


Վեաներ

Ջերջ Վեան չափազանց հաջող ու տպավորիչ կարիերա է ունեցել: Նախ խաղացել է Լիբերիայում, ապա տեղափոխվել Կամերուն՝ գրավելով եվրոպական ակումբների հետաքրքրությունը: Կամերունի հավաքականի մարզիչ Կլոդ Լե Ռուան է խորհուրդ տվել այն ժամանակ դեռ «Մոնակո»-ն մարզող Արսեն Վենգերին ուշադրություն դարձել տղայի վրա, եւ 1988-ին Վեան հայտնվել է Մոնտե Կարլոյում:

Վենգերի գլխավորությամբ նա բացահայտեց իր ողջ պոտենցիալը եւ 1989-ին առաջին անգամ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց: Հետագայում եւս 2 անգամ կրկնեց հաջողությունը, նրանից ավելի շատ մրցանակներ ունի միայն Սամուել Էտո'Օ-ն:

1995 թ. «Միլան»-ում անցկացրած հաջող մրցաշրջանից հետո ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացող ճանաչվեց ու ստացավ Ոսկե գնդակ: Նա Ջորջ Բեսթից հետո այդ մրցանակին արժանացած 2-րդ ֆուտբոլիստն է, որն Աշխարհի առաջնությունում չի խաղացել, բացի այդ էլ Ոսկե գնդակ ունեցող առաջին ոչ եվրոպացին է:

Լուսանկարը` Europort


20-րդ դարի ավարտին ու 21-րդի սկզբին նրան մեկական մրցաշրջանով տարան «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն եւ «Մարսել»-ը, իսկ կարիերան ավարտեց «Ալ-Ջազիրա»-ում: Նրան չի հաջողվել մեծ նվաճումներ գրանցել ազգային հավաքականի հետ: Կարիերան ավարտելուց հետո դարձել է Լիբերայի նախագահ, եւս մեկ անգամ էլ հաղթել 2017-ի ընտրություններում:

Վեան մի քանի երեխա ունի, այդ թվում արտամուսնական կապերից, ու ֆուտբոլով զբաղվում է միայն կրտսեր որդին՝ Տիմոտի Վեան, որը սակայն Լիբերիայի քաղաքացի չէ ու ներկայացնում է ԱՄՆ-ի հավաքականը:

Նրա մայրը ճամայկացի փախստական է, որը ԱՄՆ-ում բուժքույր է սովորել, աշխատել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում, ապա տեղափոխվել բանկ, որտեղ էլ ծանոթացել է Վեայի հետ: Ամուսնությունից հետո նա հասարակական աշխատանքներով է զբաղվել ու կազմակերպել ֆուտբոլային հանդիպումներ աղքատ ընտանիքների երեխաների համար:

Լուսանկարը` Marca


Նրանց որդի Տիմոտին էլ որոշել է ֆուտբոլիստ դառնալ: Մեծացել է Բրուքլինում, հանդես եկել ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականում, իսկ 2018 թվականի մարտին նորամուտը նշել ազգային թիմում: ԱՄՆ-ի ընտրանու առաջին խաղացողն է, որը ծնվել է 2000 թվականին: 2022-ի ԱԱ-ում Ուելսի հետ խաղում Վեան խփեց իր ընտրանու միակ գոլը:  

«Հայրս հնարավորություն չի ունեցել մասնակցել Աշխարհի առաջնության: Այդ ամենը նաեւ նրա փոխարեն ապրեցի»,- խոստովանել է Տիմոտին:

2017-ին նրան նկատել էր ՊՍԺ-ն, որի կազմում նորամուտը նշել է մեկ տարի անց: Հիմա հանդես է գալիս ֆրանսիական «Լիլ»-ում:

Կլյուվերտներ

Պատրիկ Կլյուվերտը հոլանդական ֆուտբոլի պատմության ամենահայտնի ու աչքի ընկած հարձակվողներից մեկն է համարվում: Նա տիրապետում էր հիանալի տեխնիկայի, արագության ու փոխանցումների: Հանդես է եկել «Այաքս»-ում, «Միլան»-ում, «Բարսելոնա»-ում ու Նիդերլանդների հավաքականում:

Լուսանկարը` AP


Բոլորը նրան գիտեն Կլյուվերտ անունով, թեեւ ազգանունը ճիշտ արտասանվում է Կլեյվերտ: Տղային դեռ մանկուց ճանաչողները գիտեն, որ երբեք էլ հնազանդ չի եղել ու միշտ կանոններին դեմ է գնացել: Մեծ ֆուտբոլում նորամուտը նշել է 18 տարեկանում՝ նրա որդին հետագայում գերազանցել է հոր ռեկորդն ու 17 տարեկանում առաջին գոլը գրանցել:

Պատրիկը 1994 թվականի ԱՄՆ-ում կայացած ԱԱ-ից հետո նպատակ էր դրել որքան հնարավոր է արագ ընդգրկվել Նիդերլանդների հավաքականում ու վերջապես որեւէ տիտղոսի տիրանալ: 1994-95 մրցաշրջանում «Այաքս»-ին միացան այնպիսի խաղացողներ, ինչպիսիք էին Էդգար Դավիդսը, Կլարենս Զեեդորֆը, Յարի Լիտմանենը, Էդին վան դեր Սարը, Կլյուվերտը: Լուի վան Գալի «մանկապարտեզի թիմը», ինչպես այն անվանում էին, բոլորին շոկի ենթարկեց ու հաղթեց Չեմպիոնների Լիգան, իսկ հաղթական միակ գոլի հեղինակը Կլյուվերտն էր:

«Այաքս»-ում նա գոլ էր խփում համարյա ամեն երկրորդ խաղում, սակայն սեքս սկանդալի մեջ ներքաշվեց ու ակուբմի ղեկավարությունը նպատակահարմար գտավ ազատվել նրանից, Կլուվերտը ազատ խաղացողի կարգավիճակով 1997-ին տեղափոխվեց «Միլան»: Նրան Իտալիայում միանգամից չսիրեցին, բացի այդ էլ հետիոտնի մահվան պատճառ դարձավ՝ բավարարվեց միայն հասարակական աշխատանքով ու ցմահ վարելու իրավունքից զրկվեց:

Լուսանկարը` FC Barcelona


Մեկ տարի անց ուղեւորվեց «Բարսելոնա», որտեղ միանգամից ամրապնդվեց հիմնական կազմում՝ խաղալով Ռիվալդոյի եւ Լուիշ Ֆիգուի կողքին, Իսպանիայի չեմպիոն դարձավ: Կատալոնական թիմում նա 255 խաղ անցկացրեց ու 102 գոլ խփեց: Այնտեղից տեղափոխվեց Անգլիա, ապա հանդես եկավ «ՊՍՎ»-ում:
Թեեւ հավաքականի կազմում էլ գոլերի հեղինակ էր դառնում ու լավ խաղ ցուցադրում, սակայն մեծ նվաճումների հասնել չկարողացավ:

Պատրիկ Կլյուվերտը 3 որդի ունի առաջին ամուսնությունից ու բոլորն էլ ֆուտբոլով են զբաղվում: 21-ամյա Ռուբենը հանդես է գալիս «Ուտրեխտ»-ում, 25-ամյա Քվինսին՝ «Ամստերդամ»-ում է, իսկ 23-ամյա Ջասթինը «Ռոմա»-ի ֆուտբոլիստ է, որը վարձավճարով ներկայացնում է «Վալենսիա»-ն: Մեծահասակների ֆուտբոլում նա հանդես է գալիս 17 տարեկանից: Հոլանդիայի ընտրանու կազմում նորամուտը նշել է 2018-ին ու դեռ 2 հանդիպում է անցկացրել:

Լուսանկարը` FC Valencia


Կյուվերտը եւս մեկ որդի էլ ունի 2-րդ ամուսնությունից եւ 15-ամյա Շեյնը նույնպես ֆուտբոլով է զբաղվում: Նա հիմա հանդես է գալիս «Բարսելոնա»-ի պատանեկան թիմում ու ներկայացնում Նիդերլանդների մինչեւ 16 տարեկանների ընտրանին:



Թյուրամներ

Գվադելուպեից Ֆրանսիա տեղափոխված Լիլիան Թյուրամն իր արմատների մասին միշտ է հիշում: Նա գիտի, թե ինչ դժվարությունների միջով է անցել հայտնի ֆուտբոլիստ դառնալու համար: Նա սովորական աղքատ տղա է եղել, որը չի վախեցել մեծ երազանքներ ունենալ:

Առանց հոր մեծացած տղային մայրն է պահել, որն իր պատանեկությունն անցկացրել է Փարիզի փողոցներում ֆուտբոլ խաղալով, ինչն էլ իր արդյունքը տվել է: Կարիերան սկսվել է 1991-ին «Մոնակո»-ում, Թյուրամը հիանալի ու հուսալի պաշտպան էր: 1994-ի Մունդիալը Ֆրանսիան ձախողել էր ու հույսը նոր սերնդի հետ էր կապում: Մարզիչ Էմե Ժակեն թարմ արյուն էր փնտրում ու այն գտավ Զինեդին Զիդանի ու Թյուրամի շնորհիվ: Նրանք կարողացան դառնալ 1998-ի Աշխարհի ու 2000-ի Եվրոպայի չեմպիոններ: Թյուրամը հավաքականում անցկացրած խաղերի քանակով՝ 142, ռեկորդ է սահմանել:

Լուսանկարը` UEFA


Ակումբային մակարդակում էլ Թյուրամը հանդես եկավ «Պարմա»-ում, որտեղ թիմակիցներն էին Ֆաբիո Կանավարոն, Ջանլուիջի Բուֆֆոնը, Էռնան Կռեսպոն, ապա խաղաց «Յուվենթուս»-ում ու «Բարսելոնա»-ում:

2004 թվականին Պելեն նրան ընդգրկել է մերօրյա 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկում:

Թյուրամը 2 որդի ունի եւ նրանք էլ զբաղվում են ֆուտբոլով: 25-ամյա Մարկուս Թյուրամը հանդես է գալիս Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ում ու Ֆրանսիայի հավաքականում: Ընտրանու կազմում հանդես է գալիս 2020 թվականից ու 8 հանդիպման է մասնակցել, հարձակվողը Ֆրանսիայի հետ մասնակցել է Կատարում կայացած Աշխարհի առաջնությանն ու արծաթե մեդալակիր դարձել: Մինչ այդ պատանեկան թիմում է ելույթ ունեցել ու 2016-ին Եվրոպայի չեմպիոն հռչակվել:

Լուսանկարը` France Football


Գերմանիայում հանդես է գալիս 2019-ից, 96 հանդիպման է մասնակցել ու 31 գոլի հեղինակ դարձել: ՉԼ-ում նորամուտը նշել է 2020-ին «Ինտեր»-ի դեմ խաղում ու 6 օր անց գրավել Մադրիդի «Ռեալ»-ի դարպասը:

21-ամյա Խեֆրեն Թյուրամն իր անունը ստացել է փարավոնի պատվին ու հոր եւ եղբոր պես ինքն էլ սկսել ֆուտբոլ խաղալ: Հիմա կիսապաշտպանը հանդես է գալիս ֆրանսիական «Նիս»-ում ու Ֆրանսիայի Մ-21 տ. հավաքականում:

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին