Դեկտեմբեր 26, 2024
exclusive
1531 դիտում

Հայաստանի եւ Թուրքիայի 4-րդ դիմակայությունը․ Ձգտելով դեպի երազանքի կատարում


Լուսանկարը` FFA

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Ամառային դադարից հետո վերսկսվել են ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի դիմակայությունները։

D խմբում այսօր հայ ֆուտբոլասերների համար չափազանց կարեւոր հանդիպում է կայանալու։ Թուրքիան սեփական հարկի տակ ընդունելու է Հայաստանի հավաքականին, իսկ մեկնարկը 22։45-ին է։

Այս խաղի նշանակությունը չափազանց կարեւոր է, քանի որ մեծ ազդեցություն կունենա եզրափակիչ փուլ դուրս գալու վրա։ Ընտրական խմբում ամեն ինչ այդքան էլ հստակ չէ ու, ինչպես երեկ նշեցին Ալեքսանդր Պետրակովն ու Էդուարդ Սպերցյանը, յուրաքանչյուր հանդիպում լինելու է եզրափակչին հավասարազոր։


Այս պահին թուրքերն ունեն 9 միավոր, բայց անցկացրել են ամենաշատ հանդիպումները՝ 4։ Հայաստանի ընտրանին 6-ով 2-րդ տեղում է՝ իր ակտիվում ունենալով 3 անցկացրած դիմակայություն։ Իսկ ահա խմբից դուրս գալու ամենամեծ շանսեր ունեցող Խորվաթիան վաստակել է 4 միավոր, բայց անցկացրել է ընդամենը 2 դիմակայություն։ Այնպես որ, իսկապես, ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար հարկավոր է պայքարել մինչեւ վերջ։

Թուրքիայի ֆեդերացիան հանդիպման անցկացման վայր ընտրել է Էսքիշեհիր քաղաքը, որի նոր մարզադաշտը տեղավորում է 32 հազար հանդիսական։ Նախկինում այստեղ թուրքերը էլի են հանդիպումներ անցկացրել ու արժանացել են շատ մեծ աջակցության։ Երեկ եւս, երբ նրանք ժամանել են քաղաք, բազմաթիվ երկրպագուներ են դիմավորել նրանց։ Ֆեդերացիան հանդես է եկել կոչով ու նշել, որ իրենց թիմի հետ լինելու է 32 հազար թուրք, ծածանվելու է շատ մեծ դրոշ՝ խորհրդանշելով իրենց հանրապետության 100-ամյակը։ Տարածած հաղորդագրություններից հայտնի է դառնում, որ տրիբունաներում անելու են ամեն ինչ, որպեսզի ճնշեն մեր տղաներին։

Նման հարց թուրք լրագրողների կողմից հնչեց նաեւ երեկ, սակայն Սպերցյանը պատասխանեց, որ իրենք կփորձեն դիմանալ այդ ամենին ու առաջ տանեն իրենց գծած ծրագիրը։

Լուսանկարը` Photolure


Թուրքիայի մարզիչ Շտեֆան Կունցը նշել է, որ իրենք հաղթանակի են ձգտելու, չնայած ունեն որոշ կորուստներ, օրինակ՝ Արդա Գյուլերը։ Սակայն նրա տրամադրության տակ կան այլ փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս թոփ-ակումբներում։ Առաջին դիմակայության ժամանակ թուրքերն ունեին գնդակին տիրելու առավելություն, իսկ Հաքան Շալհանօղլուն կառուցում էր դաշտում իր թիմի խաղը։ Նրան ասուլիսի ժամանակ առանձնացրեց նաեւ Պետրակովը, այնպես որ, մեր ֆուտբոլիստները պետք է նրան ուշադիր հսկեն ու փորձեն հնարավորինս չեզոքացնել։


Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հաստատ առաջին դիմակայությունից հետո հետեւություններ արել է ու կփորձի ավելի ճիշտ լուծումներ գտնել պաշտպանությունում։ Չմոռանանք, որ այդ խաղն առաջինն էր Պետրակովի համար, իսկ դրանից հետո նրա գլխավորած թիմն անհամեմատ լավացրեց որակներն ու սկսեց գործել ավելի համակցված ու վստահ։ Թուրքերին Երեւանում 1։2 հաշվով պարտվելուց հետո մեր տղաները 4։2 եւ 2։1 հաշիվներով հաղթեցին Ուելսին եւ Լատվիային։ Բնական է, որ սա լրացուցիչ վստահություն է հաղորդել նրանց, սակայն առաջիկա հանդիպումն, իսկապես, հեշտ չի լինելու։

Մասնագետներն ավելի հակված են հավատալու տանտերերի հաղթանակին, բայց առաջին անգամը չէ, որ հայ ֆուտբոլիստները ցույց են տվել, որ իրենք կարող են որոշել խաղի ելքը։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Տիկնիզյանը, Լուկաս Սելարայանը բավական հաջող են հանդես գալիս իրենց թիմերում ու լավ մարզավիճակում են միացել թիմին։ Պետրակովն էլ նշեց, որ բոլոր վնասվածք ունեցող ֆուտբոլիստները (բացառությամբ Տիգրան Բարսեղյանի) իրենց լավ են զգում ու պատրաստ են խաղին։

Լուսանկարը` Photolure


Հայերն ու թուրքերը ազգային հավաքականների մակարդակով բացի այս ընտրական փուլից նախկինում հանդիպել են եւս երկու անգամ։ Ցավոք, բայց երկու անգամն էլ մերոնք պարտվել են, 2008-ին՝ 0։2 հաշվով, 2009-ին՝ կրկին 0։2 հաշիվներով։

Այսօրվա դիմակայությունում մրցակիցն իր հազարավոր երկրպագուներով ամեն ինչ անելու է, որպեսզի հաղթանակ տանի։ Բայց մերոնք ապացուցելու շատ բան ունեն, եթե կարողանան դիմանալ հոգեբանական ճնշմանն ու դաշտում գործեն հանգիստ ու միասնական, ապա վստահաբար կգրանցեն նաեւ հաղթանակ։ Էդուարդ Սպերցյանը նշեց, որ իրենք ունեն երազանք։ Երազանքին հասնելու եւ ԵՎՐՈ-2024 դուրս գալու համար նրանք ունեն ընդամենը 5 խաղ։ Այսօր դրանցից մեկն է ու բոլորիս օդ ու ջրի պես հարկավոր է հաղթանակ։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին