Դեկտեմբեր 19, 2025
exclusive
88 դիտում

Պատմական նվաճում ոչ դիտարժան խաղով. «Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայում


Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah


Առաջին անգամ Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ մենք կունենանք եվրագավաթային գարուն։ «Նոա»-ն կարողացավ հասնել այս պատմական նվաճմանը՝ սահմանելով նոր նշաձող։ Վերջապես հայկական ակումբը կարողանում է հաղթահարել որեւէ եվրագավաթի խմբային կամ լիգայի փուլ։ Այս նվաճումը «Նոա»-ն գրանցում է՝ լինելով ոչ լավագույն մարզավիճակում։ Հայաստանի գործող չեմպիոնն այս մրցաշրջանում չի ցուցադրում դիտարժան ֆուտբոլ եւ դեռեւս գտնվում է առաջնության 5-րդ հորիզոնականում, բայց հաճախ արդյունքն ապահովվում է առանց գեղեցկության եւ գրավչության։

Սանդրո Պերկովիչը դեռեւս զիջում է Ռուի Մոտային

Լուսանկարը` FC Noah


Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Նոա»-ում տեղի ունեցավ հարկադրված մարզչական փոփոխություն։ Խարիզմատիկ եւ տեղ-տեղ շատ նյարդային Ռուի Մոտան հեռացավ եւ  նրան եկավ փոխարինելու Սանդրո Պերկովիչը։ Խորվաթ մասնագետն, ի տարբերություն իր պորտուգալացի գործընկերոջ, ավելի զգուշավոր է։ Չնայած թիմի կազմը նախորդ մրցաշրջանի համեմատ էական փոփոխություններ չի կրել, բայց «Նոա»-ն այս տարի դեռ աչքի չի ընկնում դիտարժան խաղով։ Կարծես ֆուտբոլիստները կորցրել են վստահությունը սեփական կարողությունների նկատմամբ եւ հաճախ չեն հասկանում թե ինչ է ուզում գլխավոր մարզիչը։ Չկան անցած մրցաշրջանի «Նոա»-ին բնորոշ ագրեսիվությունն ու նախաձեռնողականությունը։ Այս խնդիրներն ավելի ակներեւ են Հայաստանի առաջնությունում։ Իսկ եվրոպական ասպարեզում Պերկովիչը կարողացավ գերազանցել իրեն նախորդած մասնագետին՝դուրս բերելով թիմին Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլ։ 

Կատարյալ հավասարություն՝ 2-ական հաղթանակ, պարտություն եւ  ոչ-ոքի

Լուսանկարը` FC Noah


«Նոա»-ի գրանցած հաջողությունն ունի մի քանի պատճառներ։ Չնայած թիմի ոչ համոզիչ խաղին, Պերկովիչը ցույց է տվել, որ կարողանում է շատ լավ պատրաստվել առանձին ուժեղ մրցակիցների հետ հանդիպումներին՝ հայտնաբերելով նրանց թույլ եւ ուժեղ կողմերը։ Բացի այդ հստակորեն զգացվում է, որ խորվաթ մասնագետն իր հույսը դրել է տնային հանդիպումների վրա։ Արտագնա խաղերում, անգամ եթե մրցակիցը թույլ էր (ինչպես օրինակ շոտլանդական «Աբերդին»-ը), նա նախընտրում էր խաղալ ավելի ապահով եւ զգուշավոր։  Տնային խաղերում տարած ծանրագույն հաղթանակներում «Նոա»-ն ցույց տվեց, որ կարող է թե՛ գրեթե ողջ ընթացքում պահել հաշիվը, թե՛ տանել կամային հաղթանակ։

«Նոա»-ի 6 մրցակիցներից միայն 2-ը կարողացան նվաճել փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր՝ «Ռիեկա»-ն եւ «Սիգմա»-ն։ Մրցաշարից առաջ ահեղ թիմեր թվացող «Լեգիա»-ն, «Դինամո Կիեւ»-ը եւ «Ռիեկա»-ն չէին ցուցադրում իրենց բնորոշ դոմինանտ ֆուտբոլը եւ ունեին մարզավիճակի խնդիր, ինչից էլ օգտվեց «Նոա»-ն։ «Աբերդին»-ը, որի հետ «Նոա»-ն ի զորու էր լուծել փլեյ-օֆֆի ուղեգրի հարցը, բայց բավարարվեց ոչ-ոքիով, առհասարակ զբաղեցրել է մրցաշարի լիգայի փուլի նախավերջին հորիզոնականը։ Իհարկե, մրցակցի վատ մարզավիճակից օգտվել եւս պետք է կարողանալ եւ դա ոչ մի կերպ չի նսեմացնում «Նոա»-ի նվաճումը։

Լուսանկարը` FC Noah


Երրորդ կարեւորագույն գործոնը Նարդին Մուլահուսեյնովիչի գերարդյունավետ խաղն է։ «Նոա»-ի գոլերի առյուծի բաժինը լիգայի փուլում հեղինակել է հենց բոսնիացի հարձակվողը (5 գոլ ընդհանուր 6-ից) եւ այժմ գլխավորում է մրցաշարի ռմբարկուների ցուցակը։ Ակումբին միանալով այս տարվա ամռանը՝ Մուլահուսեյնովիչը կարողացավ կարճ ժամանակահատվածում հարմարվել թիմի խաղաոճին եւ նոր խաղընկերներին։ Նա դեռեւս չի կարողանում նույն արդյունավետությամբ աչքի ընկնել նաեւ Հայաստանի առաջնությունում, բայց դա թերեւս ժամանակի հարց է։ Հատկապես «Լեգիա»-ի հետ խաղում նա ցույց տվեց, որ կարող է ստանձնել առաջատարի դերն՝ իր հետեւից տանելով խաղընկերներին։ Բարձրահասակ, ամրակազմ Մուլահուսեյնովիչն իրեն լավ է զգում ոչ միայն ֆիզիկական պայքարում, այլ նաեւ կարողանում է դրիբլինգի դիմել եւ գնդակն իր հետ տանել՝ դուրս գալով մրցակիցների շրջափակումից։ Անխոս, հարձակվողի որակները դեռ շատ պետք կգան Հայաստանի գործող չեմպիոնին։

Ինչ պետք է սպասել «Նոա»-ից ձմռանը

Լուսանկարը` FC Noah


Դժվար թե նման հաջողությունից հետո ակումբը որոշի հեռացնել գլխավոր մարզչին, ընդհակառակը, սպասելի են նոր տրանսֆերներ ըստ նրա  ցուցումների։ Թե՛ Հայաստանի առաջնությունում, թե՛ Կոնֆերենցիաների լիգայում ակնհայտ էր, որ ներկայիս կազմն ունի թարմացման խնդիր։ Շատ են սխալները պաշտպանության կենտրոնում, որտեղ իրեն տարվա սկզբում լավ էր դրսեւորում Սերգեյ Մուրադյանը, բայց վերջինս զրկվեց մեկնարկային կազմում իր դիրքից՝ թույլ տալով մի քանի կոպտագույն սխալ։ Սպասելի է նոր ֆուտբոլիստ հենց այս դիրքում, ով մրցակցություն կապահովի եղած խաղացողներին՝ ավելի մոտիվացնելով նրանց։ 

Շատ է զգացվում կրեատիվ կիսապաշտպանի բացակայությունը։ Եթե «Նոա»-ն անգամ տիրում է նախաձեռնությանը, ապա հաճախ չկա գրոհների կառուցման համար անհրաժեշտ մտավոր կենտրոն։ Ժամանակ առ ժամանակ նման 10 համարի ֆունկցիաներն իրենց վրա են փորձում վերցնել Հելդեր Ֆերեյրան կամ Տակուտո Օշիման, բայց դա անում են փոփոխական հաջողությամբ (զգացվում է Իմրան Օլադ Օմարի բացակայությունը)։ Բայց թերեւս ներկայիս բավական հզոր կազմի գլխավոր խոցելի գոտին ձախ եզրային կիսապաշտպանն է։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմին միացած Մարին Յակոլիշը եւ Ալեն Գրգիչը կարծես չեն համապատասխանում «Նոա»-ի խաղամակարդակին։ Վերջիններս չեն կարողանում լուծել իրենց առաջ դրված խնդիրները առաջնությունում, ուր մնաց կարողանան դա անել եվրոպական ասպարեզում։ Զարմանալի է, որ հենց Պերկովիչն է ցանկացել ձեռք բերել այս խաղացողներին, ովքեր դեռ չեն կարողանում արդարացնել խորվաթ մասնագետի սպասելիքները։ Կարելի է սպասել տրանսֆերի հենց այս դիրքում կամ գուցե մարզիչը վերադարձնի Վիրջիլ Պինսոնին՝ մոռանալով տարաձայնությունների մասին։ 

Դժվար է ասել, թե դեռ որքան առաջ կգնա «Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի այս մրցաշրջանում։ Դա մեծապես կախված է անցումային փլեյ-օֆֆում բաժին ընկած մրցակիցներից եւ թիմի կատարած սելեկցիոն աշխատանքից։ Հետագա հաջողությունների համար անհրաժեշտ է ամրանալ լիգայում, դառնալ փլեյ-օֆֆի մշտական անդամներից մեկը, ձեռք բերել եվրոպական փորձառություն եւ դրանից հետո մտածել ավելի մեծ հաջողությունների մասին։

Դավիթ Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին