Դեկտեմբեր 27, 2024
exclusive
46949 դիտում

Ա-Լիգա. «Ուրարտու»-ի անցած ուղին ու Հայաստանում բասկետբոլի զարգացման հեռանկարները


Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Օրեր առաջ ավարտված Ա-լիգայում «Ուրարտու» բասկետբոլային ակումբը գրավեց 2-րդ տեղը: Mediamax Sport-ը մրցաշարի ընթացքում ներկայացրել է մասնակից 5 թիմերին, իսկ վերջինի՝ «Ուրարտու»-ի մասին կպատմենք կանոնավոր առաջնության ավարտից հետո:

Ակումբի անցած ճանապարհի, ձեռքբերումների եւ Հայաստանում բասկետբոլի զարգացման հեռանկարների մասին պատմել է գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը: Նա ընդգրկված է նաեւ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

Ա-լիգայի թիմերն ու մրցակցությունը

«Առաջին տարին էր, որ «Ուրարտու»-ն արտասահմանցի խաղացող չուներ: Այս տարվա կանոններով թույլատրվեց խաղադաշտում 3-ի փոխարեն 2 լեգիոներ ունենալ, ինչը ճիշտ որոշում էր: Թեեւ մրցաշարը որոշակի ժամանակահատվածով կարող է թուլանալ, բայց փոխարենը կաճեն տեղացի բասկետբոլիստները:

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Ա-լիգայի մեկնարկում մեր կազմն ամենաուժեղն էր համարվում, բայց ընթացքում կորուստներ ունեցանք: Մի քանի խաղացող մեկնեց Չինաստան, այնտեղ ավելի լավ պայմաններ էին առաջարկել:

Մրցաշարի ընթացքում բավական ավելացրեց եւ աճեց «Արթիկ»-ը, բայց իրենց դեմ վատ հանդես չեկանք՝ հաշվի առնելով, որ կազմում 2 ամերիկացի խաղացող ունեն: Պայքարը հետաքրքիր ու լավն էր, երբեմն ստացվում էր նաեւ հաղթել:

Զգացվեց, որ Ա-լիգայում մրցակցությունը նախորդ տարվա համեմատ թուլացել է, բայց խաղամակարդակն այնքան էլ ցածր չէր: Լուրջ նախագիծ ունեցանք՝ ԲԿՄԱ-ն, որը համալրված էր մեր լավագույն երիտասարդ բասկետբոլիստներով՝ 18-20 տարեկան, նրանց հաջողվեց 3-րդ տեղը գրավել:

Իրեն վատ չդրսեւորեց «Դվին»-ը, որը մեկնարկում այնքան էլ հաջող չէր խաղում, բայց կարողացավ մտնել փլեյ-օֆֆ ու պայքարել մյուս թիմերի դեմ: ՖԻՄԱ-ն ու «Էրեբունի»-ն էլ հետաքրքիր կազմ էին հավաքել, բայց հետագայում մի քիչ զիջեցին մյուսներին:

«Ուրարտու»-ն արդեն 6 տարի է խաղում է, հույս ունեինք այս անգամ առաջինը լինել, նախկինում հաղթել էինք մեր մասնակցած բոլոր մրցաշարերում՝ կանոնավոր առաջնությունից բացի:

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Հայաստանում բասկետբոլի մակարդակը

Փոփոխություն, միանշանակ, զգացվում է, աշխատանքներ տարվում են, բայց իմ կարծիքով, դրանց արդյունքները կերեւան տարիների ընթացքում: Հիմա ամեն ինչ անում ենք, որ երիտասարդների մակարդակը բարձրացնենք, թեեւ տարատեսակ խնդիրների հետ էլ առնչվում ենք:

Անցած մրցաշրջանում Ա-լիգային 8 թիմ էր մասնակցում, այս տարի թիվը երկուսով պակասեց, մրցաշարի ընթացքն էլ ավելի կարճ էր, այդ ամենն, իհարկե, ֆինանսական հարցերով է պայմանավորված:

Բայց երիտասարդ բասկետբոլիստների հետ մեծ հույսեր ենք կապում: Մի քանի ամիս առաջ անցկացրել ենք մինչեւ 16 տարեկաների փլեյ-օֆֆ, եւ տրիբունաներում շատ ավելի երկրպագուներ են եղել, քան Ա-լիգայի հանդիպումների: Հաջորդ մրցաշրջանում կկազմակերպենք նաեւ մինչեւ 18 տարեկանների մրցաշար, ինչը նախկինում երբեք չի եղել: Դա կօգնի նրանց խաղային պրակտիկա ձեռք բերել եւ հետագայում համալրել Ա-Լիգայի ակումբների կազմերը:

Դրա համար ենք լեգիոներների քանակը երկուսի հասցրել, որ մեր տղաները խաղան: Բանակից վերադառնալուց հետո իրենց ուժերը չափելու հնարավորություն կունենան: Մոտ 2-5 տարի պետք կլինի բասկետբոլի մակարդակը մեր ուզածին հասցնելու համար:

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Դահլիճների պակասը

Բասկետբոլային ենթակառուցվածքներ ընդհանրապես չկան, դահլիճների խնդիրը լուրջ է: Վարձակալությամբ եղածների գներն էլ շատ թանկ են՝ համարյա ամերիկյան չափանիշներ են գործում, մինչդեռ այնտեղի ու մեր ակումբների բյուջեներն անհամեմատելի են: Մնում է հուսալ, որ հետագայում կլինեն միայն բասկետբոլի համար նախատեսված դահլիճներ: Նշվում է, որ կառավարությունը մտադիր է վերանորոգել մոտ 150 հանդիսական տեղավորող ՖԻՄԱ-ի դահլիճն ու հատկացնել Ա-լիգային:

Այս մրցաշրջանի ընթացքում դահլիճների պակասը շատ ենք զգացել, մարզումներ կարող էինք անել միայն «Միկա»-ում, որտեղ էլ խաղացել ենք: 6 ակումբների միջեւ ժամանակ բաշխելն այնքան էլ հեշտ չէր, թիմերը չէին հասցնում անհրաժեշտ քանակությամբ պարապմունքներ ունենալ:

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Երկրպագուները

Նախորդ տարի մեր մրցաշարն անցկացվեց մարզահամերգային համալիրում, որտեղ 450 երկրպագուի էր հնարավորել տեղավորել, մինչդեռ «Միկա»-ն ավելի մեծ է՝ 1500 նստատեղ: Ու թեեւ այս տարի էլ նույն քանակությամբ մարդիկ էին այցելում հանդիպումներին, բայց դահլիճի մեծ լինելու պատճառով չէր երեւում ու թվում էր՝ կիսադատարկ պայմաններում ենք խաղում:

Մեզ շատ մեծ դահլիճներ պետք չեն՝ 100-400 տեղանոցն էլ բավական է: Երբ ԱՄՆ-ում Հայաստանի հավաքականն ընկերական խաղեր անցկացրեց Ֆրանսիայի հետ, դահլիճն ընդամենը 2000 մարդ էր տեղավորում:

Բայց ուրախացնում է, մեր երկրում բասկետբոլի նկատմամբ հետաքրքրություն կա, դա են փաստում նաեւ մրցաշարի յութուբյան հեռարձակումների դիտումները: Ամեն խաղ միջինը 5000 հոգի նայում է, ինչը վատ ցուցանիշ չէ:

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Ինձ էլ որպես «Ուրարտու»-ի մարզիչ, որը հայկական բասկետբոլի բրենդն է դարձել, ունի իր երկրպագուների բանակն ու արժեքները, մնում է ամեն ինչ անել մարզաձեւի զարգացման համար: Մեր թիմն ամեն ինչ կանի հետագայում ավելի լավ հանդես գալու ու աճելու համար՝ ապահովելով թեժ ու հետաքրքիր պայքար:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին