Նոյեմբեր 26, 2024
2831 դիտում

Նրանք մեզ կօգնեն ֆուտբոլն ավելի լավ հասկանալ. Հենրիխ Մխիթարյան


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` AS Roma

Լուսանկարը` AS Roma

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` AS Roma

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հենրիխ Մխիթարյանի շնչառությունն իր նոր ակումբում՝ «Ինտերում», վերջապես բացվել է: Նա արդեն 2 գոլի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնությունում եւ Չեմպիոնների Լիգայում, սկսել է իրեն նորից հիանալի զգալ խաղադաշտում:

Կիսապաշտպանը 5 տարի անց գոլի հեղինակ է դարձել ՉԼ-ում ու աչքի ընկել իր 4-րդ ակումբում:


«Հայրիկիս մահից մեկ տարի անց սկսել եմ զբաղվել ֆուտբոլով: Նա խթան էր ինձ համար ու իմ կուռքն էր: Ինքս ինձ ասացի, որ պետք է մարզվեմ ու աշխատեմ նրա պես: Հավատում եմ, որ հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդի» պես մեծ ակումբում՝ արժանիորեն հարգում եմ հորս հիշատակը: Այդ ոգեւորությունը նա է իմ մեջ առաջացրել: Հորս հետ կարճ ժամանակ եմ անցկացրել, բայց այն շատ նշանակալի է եղել իմ կյանքում:

Իմ առաջին քայլերը նրա շնորհիվ եմ կատարել, մինչեւ հիմա էլ իմ մոտիվացիան է: Թեեւ ինձ հետ չի, բայց հետեւում է խաղերիս: Հայրիկիս եմ պարտական ու շնորհակալ ամեն ինչի համար:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Երբ 4 ամիս Բրազիլիայում ապրելուց ու մարզվելուց հետո վերադարձա Հայաստան, ինձ հայկական Ռոնալդինիո էի զգում: Բրազիլացիները զարմանալի մարդիկ են, նրանց հնարավոր չէ նկարագրել, կարող ես միայն զգալ ներկայությունը:

Ինչքան ինձ հիշում եմ, միշտ էլ մարզումներին մեծ ժամանակ եմ հատկացրել: Այդ պատճառով անգամ ընկերներիս հետ եմ վիճել: Նրանք ինձ մեղադրում էին, որ իրենց հետ քիչ ժամանակ եմ անցկացնում, երեկույթների չեմ գնում, իրենց կյանքով չեմ հետաքրքրվում, դժվար էր բացատրել, որ իմ կյանքը ֆուտբոլն է: Ժամանակի ընթացքում նրանք ինձ հասկացել են, նույնիսկ հպարտանում են ինձնով:

Ֆուտբոլ ոչ թե մարմնով ու ոտքերով են խաղում, այլ առաջին հերթին՝ գլխով: Որքան արագ ես կամ դանդաղ, երկրորդական հարց է: Առավել կարեւոր է, թե որքան արագ ես կողմնորոշվում խաղադաշտում: Խավին ամենադանդաղաշարժ խաղացողներից է, բայց նրա պես ոչ ոք չի մտածում: Ռոնալդուն անհավանական արագ է վազում, այդ որակի պատճառով էլ դաշտում նրա ընտրած ցանկացած դիրք ճիշտ ընտրված է համարվում: Եթե ֆուտբոլիստի գլուխը դատարկ է, խաղալն իմաստ չունի:

Լուսանկարը` Reuters


Ոչ այնքան շատ հայ ֆուտբոլիստներ են ստանում Չեմպիոնների Լիգայում խաղալու շանս: Ուզում եմ տպավորություն գործել երեխաների վրա, որոնք հետեւում են ինձ:

Դուք պետք է հաղթեք ամեն դիմակայությունում, ամեն մետրի վրա ծավալվող պայքարում: Միայն այդ դեպքում կկարողանաք հասնել հաղթանակի:

Երբեք չեմ հանձնվում, երբ դժվարությունների հետ եմ բախվում: Սիրում եմ հաղթահարել բարդությունները, չէ՞ որ հենց դրանք են ավելի ուժեղ դարձնում: Չեմ հանձնվում խնդիրների հանդիպելիս, շարունակում եմ վերեւ բարձրանալ իմ կարիերայում:

Լուսանկարը` FC Inter


Շատ երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի կարողանամ հանդես գալ  «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, ոչինչ չի կարող ինձ խանգարել հասնել երազանքիս: Այն պարզապես ակումբ չէ, նրա կազմում լինելը նշանակում էր հզոր պատմության մի մասը կազմել:

Ամեն դեպքում չեմ հանձնվել ակումբում գտնվելուս ողջ ընթացքում, փորձում էի աճ արձանագրել ու ապացուցել, որ լավագույններից մեկն եմ: Ես այն խաղացողներից չեմ, որ իր անհաջողություններում մարզիչներին է մեղադրում: Ամեն ինչի համար միայն ես եմ պատասխանատու:

Ամեն մարզիչ յուրովի է ազդում, ոմանք գրկում են, մյուսները պարզապես խոսում հետդ: 10-ից ավելի մարզիչների գլխավորությամբ եմ աշխատել ու բոլորն էլ տարբերվել են իրարից: Նրանցից սովորել եմ եւ լավ, եւ վատ բաներ, շնորհակալ եմ բոլորից:

Լուսանկարը` Getty Images


Խաղից առաջ միշտ նախապես մշակված պլան ենք ունենում, սակայն այն միշտ չէ, որ աշխատում է: Խաղի ժամանակ շատ արագ պետք է որոշումներ կայացնեք: Երբ միայնակ եք ու խաղում եք պաշտպանի դեմ, երկար մտածելու ժամանակ չունեք:

Որպես ֆուտբոլիստ միշտ պարտավոր եք հասկանալ, թե ինչն եք վատ արել խաղադաշտում ու ինչպես կարող եք լավ գործել: Բավական չէ լինել տեխնիկապես հարուստ զինանոցով, պետք է ձեր սիրտը տաք ակումբին, որտեղ հանդես եք գալիս ու ցույց տաք բոլոր լավ որակները: Տակտիկան ֆուտբոլի միայն մի մասն է, խաղադաշտում միայն ֆուտբոլիստներն են գործում:

Նախընտրում եմ կենտրոնում խաղալ, ոչ թե եզրում, սակայն կարեւորը ոչ թե դիրքն է, այլ այն, որ խաղում եմ: Պարզապես փորձում եմ օգնել թիմին որքան կարողանում եմ ու հպարտանալու առիթ եմ տալիս հայ երկրպագուներին:

Ֆուտբոլի մասին շատ եմ մտածում, թե ինչ եմ անում մարզումների ժամանակ, ինչն էր լավ կամ վատ, ինչ կարող եմ ավելի լավ անել: Նաեւ ֆուտբոլ եմ շատ դիտում, բայց չեմ մտածում, թե նույնը կարող եմ անել մարզումների ժամանակ: Խաղի ընթացքում ու մարզվելիս ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում:

Լուսանկարը` Reuters


Ամենակարեւոր բանը ինքդ քեզ հավատալն է: Սխալներ անելը քեզ վատ խաղացող չի դարձնում: Պետք է ավելի շատ աշխատել: Պետք է հավատալ այն ամենին, ինչ անում ես ու երբեք չհանձնվել: Պարտությունը դեռ աշխարհի վերջը չէ: Դրանից էլ կարող ես սովորել: Փորձիր հաղթել հաջորդ խաղում կամ մարզման ընթացքում:

Շատ մեծ ֆուտբոլիստներ կան, որոնց հետ կցանկանայի հանդես գալ: Բայց ամենաշատը կուզեի հայրիկիս հետ խաղալ: Հիանալի կլիներ միասին համագործակցելը: Նրա խաղի տեսագրությունները նայելիս միշտ սովորել եմ: Սակայն բախտ չի վիճակվել հայրիկիս խաղադաշտում շատ տեսնել: Շատ եմ լսել, որ նա մեծ ֆուտբոլիստ է եղել:

Իմ մասնակցությամբ ամենահավանածս հանդիպումը Եվրոպայի Լիգայի եզրափակիչն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Նախ՝ մենք հաղթեցինք, կարեւոր Գավաթ նվաճեցինք, ապա ես դարձա առաջին հայ ֆուտբոլիստը, ում հաջողվեց այդ կոչմանն արժանանալ: Այն շատ բան էր նշանակում ինձ համար:

Լուսանկարը` Photolure


Ցանկություն ունեի լավ ֆուտբոլիստ դառնալ ու եվրոպական ակումբերում խաղալ: Տարի առ տարի երազանքս իրականություն էր դառնում ու վերջապես հասա դրան:
 
Հաջողության հասնելու համար որեւէ գաղտնիք չկա, պետք է շատ աշխատել ու ցանկություն ունենալ, միայն տաղանդը բավական չէ: Ցանկացած բնագավառում էլ պետք է փորձել առավելագույնն անել: Հենց այնպես աշխատելն իմաստ չունի:
 
Դժվարություններ ու հիասթափություններ եղել են, բայց դրանք կարճ են տեւել, հետո ինձ տրամադրել եմ, որ ավելի լավ պետք է աշխատեմ ու հասնեմ նպատակներիս: Ցանկացած փորձություն հաղթահարելի է ու եթե քեզ է բաժին ընկել, նաեւ ուժերդ ստուգելու համար է:

Մեկ վատ հանդիպում ու բոլորը սկսում են քեզ այնպես քննադատել, ասես միշտ այդպես ես հանդես գալիս: Պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Նախ քեզ հաճույք պատճառելու համար է անհրաժեշտ խաղալ, հետո՝ երկրպագուների:

Լուսանկարը` AS Roma


Սպորտը թույլերի համար չէ, ամուր նյարդեր են պետք ու ամեն ինչին դիմադրելու ուժ: Եթե խնդիրները քեզ ծնկի կբերեն, ուրեմն սխալ բնագավառ ես ընտրել:

Բեկումնային պահեր եղել են իմ բոլոր ակումբներում: Ցանկացած մարդու էլ իր կյանքում հնարավորություն տրվում է, պարզապես բախտը չի բերում, կախված է կօգտվեք դրանցից, թե ոչ:

Բոլորս էլ ունենք նպատակներ ու երազանքներ: Կապ չունի որտեղ ես գտնվում, քո ձգտումներին կարող ես հասնել շատ աշխատելով ու քեզ հավատալով:
 
Ոչ մեկը երեւի չէր էլ կարող հավատալ, որ կարող եմ խաղալ Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում: Նույնն էլ ձեզ եմ ասում, դուք էլ կարող եք: Ճանապարհը երբեք ուղիղ չի լինում, կլինեն անանցանելի տեղեր, բայց կհաղթահարեք դրանք:

Լուսանկարը` AS Roma


Ֆուտբոլ շախմատի պես եմ խաղում, պետք է շատ մտածես ու կանխագուշակես ամեն հաջորդ քայլը, թե ինչ տեղի կունենա քո գործողություններից հետո:

Ես բնավ էլ աստղ չեմ, նրանք երկնքում են շողում, իսկ ես սովորական մարդ եմ:

Այն մարդը, որը դադարում է սովորել, համարժեք է մահացածին:

Երբեք ոչինչ չեմ խոստանում, միշտ ասում եմ, որ կփորձեմ: Քանի որ եթե խոստանաք ու չկատարեք, միշտ ճնշման տակ կլինեք:

Պարտավոր եք ձգտել ցույց տալ ձեր լավագույն որակները, այլապես ձեր փոխարեն մեկ ուրիշը կգա:

Երբեք չպետք է մոռանալ, որ ամենակարեւոր դիմակայությունը միշտ հաջորդն է:

Ամեն մարդ պարտավոր է հասկանալ, որ կարող է հասնել բարձունքների անկախ նրանից, թե ինչով է զբաղվում ու որտեղ է ծնվել: Բոլորն էլ կարող են ցույց տալ իրենց տաղանդն ու իրենց ժողովրդի մշակույթը:

Լուսանկարը` FC Arsenal


Հիշեք, որ ամեն ինչ միայն ձեզնից է կախված, ինքներդ պետք է ձեզ առաջ տանեք ճիշտ ուղղությամբ: Պարտավոր եք դրական մնալ ու լավ աշխատել:

Մի մտածեք ռեկորդների մասին, մի օր բոլորն էլ գերազանցվելու են:

Ամենալավ հանդիպումները լինում են չեմպիոնների դեմ:

Ժամանակները չեն կարող միշտ լավը լինել:

Չեմ ուզում ծերության օրոք նստել բազկաթոռին ու որեւէ բանի համար ափսոսալ»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին