Նոյեմբեր 26, 2024
exclusive
6753 դիտում

Նրանք մեզ կօգնեն ֆուտբոլն ավելի լավ հասկանալ. Ալեքս Ֆերգյուսոն


Լուսանկարը` Manutd.com

Լուսանկարը` Manutd.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` bleacherreport.com

Լուսանկարը` Manutd.com

Լուսանկարը` bleacherreport.com

Լուսանկարը` Raddit

Լուսանկարը` Manutd.com

Լուսանկարը` Sportbible

Լուսանկարը` Eurosport


«Խաղից հետո Գավաթը ձեզնից 3 մ հեռավորության վրա է լինելու, ու չեք կարողանա նրան դիպչել, եթե մենք պարտվենք: Շատերիդ համար այն նվաճելու վերջին շանսն է սա: Չհամարձակվեք վերադառնալ հանդերձարան, եթե խաղադաշտում ամեն ինչ չտաք»,- 1999 թվականին Չեմպիոնnերի Լիգայի եզրափակչում «Բավարիայի» հետ խաղի ընդմիջմանն Ալեքս Ֆերգյուսոնի ասած ճառն է:

Բախտորոշ այդ խաղում նրա թիմը Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճեց հանդիպման վերջնամասում՝ գոլերը խփելով 90+1-րդ ու 90+3-րդ րոպեներին: Դա «Բավարիայի», երեւի, ամենացավոտ պարտություններից էր:

Սեր Ալեքսը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել է 26 տարի, տեսել հարյուրավոր ֆուտբոլիստների կարիերայի սկիզբն ու ավարտը, մրցակիցների մարզիչների վերելքներն ու ձախողումները, ականատես եղել ֆուտբոլի փոփոխություններին ու կարողացել հարմարվել դրանց:

Ինչպե՞ս է դա նրան հաջողվել ու ի՞նչ է բերել նա ֆուտբոլ: Ամեն ինչ կպատմի հենց սըր Ալեքսը:

Լուսանկարը` Getty Images


Պարտությունը՝ փոփոխություն անելու ազդանշան

Երբ 1995 թվականին մենք Անգլիայի Գավաթի եզրափակչում զիջեցինք «Էվերթոնին», ասացի. «Վերջ, ժամանակն է փոխվելու»: Ու մենք իսկապես փոխվեցինք: Սկսեցինք հիմնական կազմում ընդգրկել երիտասարդ ֆուտբոլիստների, այսպես կոչված «Կլասս-92»՝ Բեքհեմ, Սքոուլզ, Գիգզ, Նեւիլ եղբայրներ:

Թիմի աշխատանքը միշտ պետք է կառուցվի հանճարեղ ֆուտբոլիստի շուրջ, բայց նա եւս պետք է միշտ համառորեն աշխատի:

Երբեք թույլ մի տվեք հաջողությունը փոխի ձեզ, ոչ մեկ չի հարգում նման մարդկանց:  Հաղթանակները խոնարհությամբ ընդունեք, իսկ պարտությունները՝ արժանապատվությամբ: Երբեք չի կարելի մտածել, որ քո գործում լավագույնն ես: Դա ոչ թե որակ է, այլ խոչընդոտ հաջողության հասնելու ճանապարհին:

Դաս 1. Մոտիվացիա

Մարզումների ժամանակ քննադատությունը տեղ չունի: Խաղացողն, ինչպես եւ աշխարհում ցանկացած մարդ ուզում է լսել «հիանալի աշխատանք կատարեցիր»: Այդ բառերը լավագույնն են, որոնք հնչում են սպորտում: Չի կարելի անընդհատ գոռալ: Դա երբեք չի աշխատում:

Լուսանկարը` Manutd.com


Ոչ մեկ քննադատություն չի սիրում, բայց հանդերձարանում ֆուտբոլիստներին պետք է ցույց տալ իրենց սխալները: Ես դա հենց խաղից հետո եմ անում, չեմ սպասում մինչեւ հաջորդ երկուշաբթի:

Այդպես եղավ «Արսենալի» հետ գավաթային խաղից հետո, երբ իմ թիրախում հայտնվեց Դեւիդ Բեքհեմը: Մենք զիջեցինք 0:2 հաշվով, հանդերձարանում նրան իր խաղի մասին ամեն ինչ ասացի, փոխարենը կոպիտ պատասխան ստացա ու հարվածեցի խաղակոշիկով, որը դիպավ նրա հոնքին: Եթե փորձեի այդ նետումն այդքան դիպուկ անել 100 կամ միլիոն փորձից հետո նման բան չէր ստացվի:

Բեքհեմն իմ մարզչական կարիերայում միակ խաղացողն էր, որն ընտրեց փառքի ուղին: Քրիշտիանու Ռոնալդուն ամենատաղանդավորն էր, ում հետ բախտ է վիճակվել աշխատել, իսկ ես իսկապես շատերին եմ մարզել: Նրա հետ նույն հարթության մեջ կարող եմ նշել թերեւս Փոլ Սքոուլզին եւ Ռայան Գիգզին:

Լուսանկարը` bleacherreport.com


Դաս 2. Երիտասարդներն ու վետերանները

Նոր մարզիչների մտքերի 99 տոկոսը հաղթանակի հետ են կապված, որպեսզի կարողանան մնալ իրենց պաշտոնում: Նրանք շեշտը դնում են փորձառու խաղացողների վրա: Բայց կարեւորը թիմ կառուցելն է, ու չկա ավելի լավ բան, քան տեսնել, թե երիտասարդ խաղացողն ինչպես է աստիճանաբար հայտնվում հիմնական կազմում:

Ֆուտբոլի ամբողջ իմաստն այն է, թե նա ինչպես է ձգտել, որ հասնի վետերանների խաղամակարդակին: Շատ դժվար է լինում հրաժեշտ տալ այն խաղացողներին, որոնք հիանալի մարդիկ են եղել: Բայց նման պահերն անխուսափելի են:

Դաս 3. Վերահսկողություն

Երբեք չի կարելի վերահսկողությունը կորցնել, մանավանդ, եթե քո թիմում 30 պրոֆեսիոնալ միլիոնատերեր կան: Հենց նման բան եք թույլ տալիս, ինքներդ ձեզ համար մահապատիժ եք ստորագրում: Սովորաբար նրանց խախտումների համար տուգանում ենք, բայց գումարը միշտ ակումբում է մնում:

Լուսանկարը` Manutd.com


Տաղանդը

Միշտ նշում եմ, որ աշխատելու հատկությունն էլ տաղանդ է: Ինձ միշտ հետաքրքրել են այն խաղացողները, որոնք իսկապես ցանկացել են հանդես գալ ՄՅՈՒ-ում ու որոնք չէին կարողանում պարտվել: Կա պարտություն, հաղթանակ ու ոչ-ոքի: Մենք մեզ միշտ արժանի ենք պահում: Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք:

Զրույց ընդմիջման ժամանակ

8 րոպե: Մոտավորապես այդքան ժամանակ կա, մինչեւ իջնես հանդերձարան, ու մրցավարը նորից թիմերին կհրավիրի խաղադաշտ: Դրա համար այդ ընթացքը պետք է խելացի օգտագործել: Իհարկե, երբ հաղթում ես, դա անելն ավելի հեշտ է: Խոսում ես կենտրոնացած լինելու ու եղածով չբավարարվելու մասին: Բայց եթե հաշիվը ձեր օգտին չէ, պետք է բոլորին սթափեցնել:

Առաջին խաղակեսի վերջնամասում միշտ մտածում եմ, թե ինչ եմ ասելու խաղացողներին: Ես կենտրոնացած եմ նման պահերին: Որոշ մարզիչներ գրառումներ են կատարում նոթատետրում, ես չեմ սիրում խաղի որեւէ դրվագը բաց թողնել: Չեմ պատկերացնում, որ կմտնեմ հանդերձարան ու կսկսեմ թղթից կարդալ: Նման բաները չեն ոգեւորում խաղացողներին:

Լուսանկարը` bleacherreport.com


Տակտիկա

Տակտիկան փոխվում է կախված նրանից, թե ում դեմ ենք գործում: Ես փորձում եմ ուշադրություն դարձնել մրցակցի 1-2 լավ խաղացողների վրա: Ովքե՞ր են նրանց մոտ իրացնում ստանդարտ դիրքերը: Ո՞վ է տանում թիմին իր հետեւից: Ուրբաթ մարզիչներով վերլուծում ենք մրցակցի թույլ ու ուժեղ կողմերը, ապա դրա կարճ տարբերակը ներկայացնում խաղացողներին:

Իշխանությունը

Անգլիական ակումբներն այնքան հաճախ են մարզիչներին հանում աշխատանքից, որ հանդերձարանում իշխանությունն անցնում է խաղացողներին: Դա շատ վտանգավոր է: Մարզչական գործում ամեն ինչ խաղացողներից է կախված: Դու մտածում ես, որ խաղում ես նրանցից լավ, նրանք մտածում են, որ մարզում են քեզնից ավելի լավ:

Մի անգամ լսել եմ, թե մարզիչն ինչպես է ասել. «Սա երեւի իմ 1000-րդ զրույցն է քեզ հետ»: Ինչին խաղացողը պատասխանել է. «Այո, ու համարյա կեսի ժամանակ ես քնած էի»:

Լուսանկարը` Raddit


Ագրեսիա

Իմ խաղացողներից մեկը մի քանի անգամ հեռացվել է, բայց նա աշխատում է ձիու նման, անգամ մարզումների ընթացքում իրեն չի խնայում: Կարո՞ղ եմ նրան վերադաստիարակել: Ոչ: Ուզո՞ւմ եմ, որ փոխի իր պահվածքը: Նույնպես՝ ոչ: Եթե զրկեմ նրան ագրեսիայից, կդադարի նույն մարդը լինել: Պետք է պարզապես ընդունել, որ մարդիկ թերություններ ունեն, որոնք հավասարակշռում են նրան լավ խաղի շնորհիվ:

Ոգեշնչումը

Հիշում եմ՝ մի անգամ գնացի Անդրեա Բոչելիի համերգին: Նախկինում ես երբեք դասական համերգների ներկա չէի եղել: Եվ ահա ես նայում էի նրան ու մտածում թիմային աշխատանքի հիանալի համագործակցության մասին՝ ամեն ինչ մեկ մարդու հետ է կապված: Այդ մասին մշտապես իմ խաղացողներին էլ եմ ասում:

Համեստ ծագումը

Երիտասարդ տղաներին պետք է սովորեցնել պատասխանատու լինել: Ով կկարողանա օգտագործել իր էներգիան ու տաղանդը, հիանալի ապագա կունենա:

Համեստ սկիզբն ավելի շատ առավելություն է: Մանրամասն ուսումնասիրեք հայտնի մարդկանց կյանքը, նայեք նրանց ծնողներին, տեսեք, թե ինչի են հասել էներգիայի ու մոտիվացիայի հաշվին: Շատ խաղացողների համար համեստ ծագումը խանգարող հանգամանք չի եղել: Հակառակը՝ սովորաբար հենց դա էլ օգնել է հայտնվել բարձունքում: Բայց երբ քեզ անվանում են հանճար, պատրաստ եղիր, որ նաեւ հիմար են կոչելու:

Լուսանկարը` Manutd.com


Գործընկերները

Ժոզե Մոուրինյոն խարիզմայով է, շատ ինտելեկտուալ, բացի այդ էլ՝ նորաձեւ: Կարծում եմ ես էլ ունեմ այդ որակները, բայց ավելի վատ եմ հագնվում: «Ես հատուկ եմ, բացի այդ էլ մենք այսօր կհաղթենք»,– պորտուգալացու շուրթերից հնչող այս բառերը նշանակում են, որ նա շատ ինքնավստահ է: Ես նման բան իմ խաղացողներին չեմ կարող ասել: Գուցե, պատճառն իմ շոտլանդական էությունն է:  

Պեպ Գվարդիոլան շատ էմոցիոնալ է: Նա կարողացավ փոխել «Բարսելոնայի» խաղը, սովորեցրեց թիմին գնդակը կորցնելուն պես պրեսինգի դիմել: Գվարդիոլային հաջողվեց բարձրացնել իր խաղացողների կարգավիճակը: Նրա թիմում տաղանդավոր խաղացողներ հայտնվեցին, հետն էլ այնքան աշխատասեր:

Միշտ բացասաբար եմ վերաբերվել արագացված դասընթացներով արտոնագիր ստացած մարզիչներին: Դա պարզապես խայտառակություն է: Հոլանդիայում ու Իտալիայում 4-5 տարի է պետք, որ թույլատրեն մարզիչ աշխատել: Հայտնի խաղացողներին արտոնագրեր բաժանելով անհարգալից վերաբերմունք ես դրսեւորում մյուսների նկատմամբ: Մարդիկ երկար ժամանակ գումար են հավաքում, որ արդարացիորեն մասնակցեն մարզչական դասընթացներին:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին