Դեկտեմբեր 22, 2024
713 դիտում

«Ինչպես հարուստ լինելը գրեթե սպանեց իմ շախմատային կարիերան»


Լուսանկարը` chessmood.com

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Chessmood-ում հոդված է հրապարակել ու պատմել, թե ինչպես է լավ կյանքը գրեթե կանգնեցրել նրա շախմատային կարիերան եւ ինչի շնորհիվ է կարողացել հավաքվել՝ հասնելով իր երազանքին։

Շախմատիստի բավական անկեղծ հոդվածի լավագույն հատվածները թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողներին։

Լուսանկարը` FIDE


«Մի անգամ կարդացի, որ Քրիշտիանու Ռոնալդուն ասել է․«Երբ ես երիտասարդ էի, ոչինչ չունեի: Ստիպված էի քրտնաջան աշխատել, որպեսզի ստանայի ամեն ինչ: Բայց ես վախենում եմ, որ իմ տղան նույն մոտիվացիան չի ունենա, քանի որ նա ծնվելու պահից ամեն ինչ ունի»:

Դա մեծ հարված էր ինձ համար, քանի որ, չնայած հայրս Ռոնալդուի պես հարուստ չէր, բայց ես մեծանալուց երբեք ոչ մի բանի պակաս չեմ ունեցել: Ստացել եմ այն, ինչ ուզում էի, հիանալի է հնչում, չէ՞: Այն ժամանակ սակայն չէի գիտակցում, որ խնդիրներ չունենալն ինձ մոտիվացիա չի տալիս:

Ես ոչ մի բանի ցանկություն չունեի, ապրում էի հաճույք ստանալով, սակայն առանց նպատակների։

Շախմատը մրցակցություն է։ Եվ ես առաջ չէի շարժվում։

Երբ գրեթե 14 տարեկան էի, վարկանիշս 2100 էր:

Վատ չէ, բայց սա այն չէր, ինչ ես կարող էի ունենալ։ Մարզվելու փոխարեն օրերս անցկացնում էի ընկերների հետ շփվելով, վիդեոխաղեր խաղալով եւ հեշտ կյանքով ապրելով։

Ճշմարտությունն այն է, որ ես ամեն ինչից շատ սիրում էի շախմատը, բայց ես իմ մեջ չէի կարողանում կրակ վառել: Հետո մի բան տեղի ունեցավ եւ ցնցեց իմ կյանքը:

Գիտակցում, որը փոխեց ամեն ինչ։

Հայաստանում բոլոր 18 տարեկան տղաները պետք է երկու տարի ծառայեն բանակում։ Ինձ սխալ մի հասկացեք, ես հարգում եմ զինվորական գործը, բայց դա կարող էր սպանել իմ կարիերան: Խաղատախտակից երկու տարի հեռո՞ւ։ Նշանակում է մոռանալ ամեն բան։

Բայց եթե ինչ-որ մեծ բան նվաճեք, օրինակ՝ գրոսմայստերի կոչում, մեդալ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում, կարող եք ծառայել մարզիկների համար հատուկ վաշտում: Դա նշանակում էր, որ ես կարող էի շարունակել մարզումները եւ նույնիսկ մրցել ծառայության ընթացքում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես հասկացա, որ չորս տարի ժամանակ ունեմ, այլապես իմ երազանքը կավարտվի:

Պատկերացրեք, որ խաղում եք դասական շախմատ, բայց հանկարծ նայում եք ժամացույցին եւ հասկանում, որ ձեզ ընդամենը մի քանի րոպե է մնացել…

4 տարին շատ է թվում, բայց այն նպատակներին, որոնց պետք էր հասնեի, շատ քիչ էր:

Պետք է արտասովոր ջանքեր գործադրեի, ինչը հեշտ չէր։ Պայքարում էի ծուլությանս դեմ, փորձում էի նստել ու շախմատ պարապել՝ անհոգ կյանքով ապրելու փոխարեն։ Ես կռվում էի հին սովորություններիս դեմ, որոնք փորձում էին վերահսկել ինձ։ Ուժեղ լինելու պատճառ ունեի՝ պայքարում էի իմ երազանքի համար:

Կամ կդառնայի շախմատիստ, կամ՝ ոչ։

Ինչ-որ պահի պարտավորություններս գերազանցեցին իմ թույլ կողմերը:

Ես սկսեցի լրջորեն մարզվել: Իմ բախտը բերեց՝ ունեի հիանալի մարզիչ, ով ինձ պատմեց կատարելագործվելու հետաքրքիր գաղափարներ: Այդ ժամանակ ամեն ինչ սկսեց փոխվել:

Ամենադժվարն անհարմարությունների միջով անցնելն էր: Ամեն օր ժամերով մարզվելը հեշտ չէր, բայց անհրաժեշտ էր:

Խաղի յուրաքանչյուր հատված ուշադրության կարիք ուներ։ Քրտնաջան աշխատանքը եւ կարգապահությունն ի վերջո արդյունք տվեցին: Երբ դարձա 15 տարեկան, իմ վարկանիշը հասավ 2300-ի։ Բայց սա բավարար չէր նպատակիս հասնելու համար, եւ մի օր կյանքն ինձ լավ հնարավորություն տվեց։

Ընդգկվեցի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի կազմում, մենք մեկնեցինք Օլիմպիադա։ Այստեղ մեդալ նվաճելը կարող էր լուծել բանակի խնդիրը: Բայց հետո, մեծ հարված ստացա։

Հենց առաջին տուրից առաջ հիվանդացա։ Ես կոտրված էի։

Բայց միգուցե անցյալում իմ թափած ջանքերի շնորհիվ կամ ինչ–որ պատճառներով, ճակատագիրն ինձ օգնեց։ Թիմակիցներիցս մեկի հայրիկը, ով մեկնել էր մեզ հետ, բժիշկ էր։ Նրա շնորհիվ մեկ օրում առողջացա (շնորհակալություն)։

Լուսանկարը` FIDE


Ես վերադարձա։

Կարճ ասած, մենք հիանալի գործեցինք։ Նվաճեցինք ոսկե մեդալը, դա իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն էր։ Մ-16 տ․Օլիմպիադայի չեմպիոնի կարգավիճակում Հայաստան վերադառնալն անիրական էր։

Բանակի խնդի՞րը։ Լուծված էր։

Բայց դա դեռ սկիզբն էր։

Այդ հաղթանակը բավարար չէր, ես ավելին էի ուզում: Հաղթանակի զգացումից կախվածություն ձեռք բերեցի։ Հաջորդ տարիների ընթացքում նվաճեցի երեք արծաթե մեդալ Եվրոպայի առաջնություններում եւ մեկ արծաթ՝ Աշխարհի մինչեւ 18 տարեկանների առաջնությունում:

Եվ վերջապես, 17 տարեկանում ես դարձա գրոսմայստեր՝ այն ժամանակվա ամենաերիտասարդ գրոսմայստերը Հայաստանում:

Կյանքն ինձ սովորեցրել է երախտապարտ լինել։ Միգուցե այս անունները ձեզ համար կարող է մեծ նշանակություն չունենան, բայց ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել մարդկանց, ովքեր օգնեցին ինձ շախմատային ճանապարհորդությանս ժամանակ:

Առաջին ուսուցիչս՝ Աշխեն Սանոյանը, ով ինձ ծանոթացրեց շախմատի հետ։

Վլադիմիր Հայրապետյանը, ով բացեց աչքերս ու ցույց տվեց, թե որքան խորն ու գեղեցիկ է խաղն իրականում։

Գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը, ով ինձ ուղղորդեց գրոսմայստեր դառնալու բարդ ճանապարհով։

Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, ով ինձ ցույց տվեց, թե ինչ է նշանակում լինել պրոֆեսիոնալ։

Եվ, իհարկե, հայրս՝ իմ ամենամեծ երկրպագուն եւ աջակիցը, ով ամեն քայլափոխի հավատում էր ինձ:

Շնորհակալություն։

Լուսանկարը` Մեդիամաքս


Բոլոր գավաթները, գրոսմայստերի տիտղոսը, հաղթանակները՝ կրակի արդյունք էին, որը վառվեց, երբ հասկացա, որ այլ ընտրություն չունեմ: Շախմատային կարիերաս կորցնելու վախն ինձ ստիպեց քայլեր ձեռնարկել, որն ինձ դարձրեց այն խաղացողը, որը ես կամ այսօր:

Եւ իմ ուղերձը հետեւյալն է՝ գտեք այդ կրակը: Լինի դա շախմատ կամ այլ բան, ձեզ պետք է ինչ-որ բան, որն առաջ կմղի։ Հակառակ դեպքում չեք ստանա ձեր լավագույնը:

Այժմ, 29 տարեկանում, ես կանգնած եմ նոր, ավելի դժվար մարտահրավերի առաջ: Ես ավելորդ քաշ ունեմ՝ ավելի քան 120 կգ: Բժիշկս նախազգուշացրել է, որ եթե չնիհարեմ, կարող եմ կանգնել լուրջ առողջական խնդիրների կամ նույնիսկ մահվան վտանգի առաջ։

Այս խնդիրն ունեցել եմ երկար ժամանակ, բայց երբեք լուրջ չեմ վերաբերվել: Այժմ կրակն իմ մեջ կրկին վառվել է, ես պատրաստ եմ դիմակայել նոր մարտահրավերին:

Շնորհակալություն կարդալու համար: Ձեզ հետ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն էր»։

Թարգմանությունը՝ Գոհար Նալբանդյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին