Դեկտեմբեր 22, 2024
exclusive
886 դիտում

«Հասիր, Սաքո, մեռնիմ քզի». Հովիվյանի անհավանական կարիերան ու երկրպագուների մեծ սերը


Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Sputnik-Armenia

Լուսանկարը` Անձնական արխիվ


Երեկ ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ ու Երեւանի «Սպարտակ»-ի նախկին ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի տարեդարձն էր։ Mediamax Sport-ի հետ զրույցում ֆուտբոլիստի դուստրը՝ Հռիփսիմե Հովիվյանը, հետաքրքիր հիշողություններով է կիսվել ու պատմել իր հայրիկի անսովոր կարիերայի մասին:

Մանկությունն ու ֆուտբոլը

Սարգիս Հովիվյանը ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 17-ին Սուխումում։ Ծնողները 1915 թվականի ջարդերից փրկված որբեր են եղել, որոնց Վրաստանում որդեգրել են ու մեծացրել:

Սարգիսը 4 երեխաներից ամենափոքրն էր, այդ տարիներին շատերի պես նա էլ դժվարություններով լի ու ծանր մանկություն է ունեցել։ Դեռ դպրոցական տարիքից տարվել է ֆուտբոլով, ինչն էլ լիովին փոխել է նրա հետագա կյանքը։

«Սուխումի 4-րդ ռուսական դպրոցը ֆուտբոլի դաշտ ուներ, որտեղ էլ իր առաջին քայլերն է արել: Առաջինը ֆիզկուլտուրայի ուսուցիչն է նկատել հայրիկիս ունակություններն ու ուղղորդել, որ գնա մարզումների։ Հենց այդ դպրոցում է ժամանակին սովորել ու նույն կերպ էլ իր կարիերան սկսել Նիկիտա Սիմոնյանը։ Հայրիկս նախ Սուխումի պատանեկան թիմում է խաղացել, ապա Քութաիսիի։ Ինչ-որ պահի Երեւանի «Սպարտակ»-ում իմացել են աչքի ընկնող տղայի մասին ու նրան տեսնելու համար հատուկ ժամանել Քութաիսիի «Լոկոմոտիվ»-ի խաղերից մեկին։ Այդ տարիներին 17-18 տարեկան էր ու միացել էր Թիֆլիսի «Դինամո»-ին»:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Տեղափոխությունը Երեւան

Հովիվյանի հայրը որդուն ամեն կերպ խրախուսում էր տեղափոխվել հայրենիք ու կարիերան շարունակել հայկական ակումբներում։ Ֆուտբոլիստի դուստրը պատմում է, որ վրացիները Սարգիս Հովիվյանին առաջարկել են ազգանունը Հովիվիձե դարձնել եւ մնալ Թբիլիսիի «Դինամո»-ում։ Այդ առաջարկին կտրուկ է արձագանքել ու նաեւ այդ պատճառով քիչ հանդես եկել վրացական ակումբում։ Հենց այդ ժամանակ էլ՝ 1957-ին նրան նկատել են «Սպարտակ»-ից ու հրավիրել Երեւան։

«Այստեղ իրեն նաեւ բնակվելու պայմաններ են առաջարկել, քանի որ Երեւանում լրիվ միայնակ էր, բարեկամներ կամ ծանոթներ չուներ։ Պարզապես նկատել են խոստումնալից երիտասարդի որակներն ու ցանկացել, որ նա հանդես գա «Սպարտակ»-ում։ Հայրիկն ամեն ինչ հավանել է ու որոշել մնալ Երեւանում»։

Սիմոնյանն ու Հովիվյանը

Սուխումում Հովիվյանի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Պավել Սիճինավան Նիկիտա Սիմոնյանին պատմել է աչքի ընկնող ֆուտբոլիստի մասին։ Եվ հենց այդ շրջանում Մոսկվայի «Սպարտակ»-ը պետք է հանդիպում ունենար վրացական թիմերից մեկի հետ։

«Սիմոնյանը ցանկացել է հանդիպել հայրիկիս հետ ու առաջարկել տեղափոխվել Մոսկվա։ Բայց քանի որ այդ նույն հատվածում արդեն Երեւանից իր ուզած հրավերը ստացել էր, Սիմոնյանի հետ հանդիպումն այդպես էլ չի կայացել: Հետո են անձամբ ծանոթացել ու շփվել իրար հետ: Բացի այդ էլ «Սպարտակ» տեղափոխությունից հետո հայրիկը սկսել է աչքի ընկնել իր խաղով ու ողջ ԽՍՀՄ-ում է ճանաչում ձեռք բերել»։

Լուսանկարը` Անձնական արխիվ


Հենց այդ հայտնիությունն էլ նրան օգնել է 1959-ին ընդգրկվել ընկերական խաղերով Լատինական Ամերիկա մեկնող Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում։ Թիմը որոշել էր ուժեղացնել իր կազմն ու մի քանի խաղացողներով էր համալրվել, որոնցից մեկն էլ Սարգիս Հովիվյանն էր։ 

«Լատինական Ամերիկայում իրեն փայլուն է դրսեւորել, տեղական թերթերում հայրիկի մասին բազում հոդվածներ են տպագրվել, բայց քանի որ հրավիրված ֆուտբոլիստ էր ու նոր մարդ թիմում, մարզիչները նրան առանձնապես տեղ չեն տվել: Վանիկ Սանթրյանի «Հարձակման կենտրոնում» գրքում մի հետաքրքիր դրվագ կա, թե ինչպես են լրագրողները եկել խորհրդային ֆուտբոլիստների մարզումները նկարելու, ու մարզիչներն իրենք են որոշել, թե ովքեր պետք է լուսանկարներում առաջին շարքում լինեն, իսկ հայրիկին ուղարկել են հետին պլան։ Կոլումբիայի Բոգոտայի «Նասիոնալ»-ի հետ երկու հանդիպում են ունեցել, որում հայրիկն աչքի է ընկել իր տարբերվող խաղով ու նրան սկսել են ճանաչել։ Այդ ժամանակ լրագրողներն իրենք են ցանկացել Հովիվյանի մասին հրապարակում անել ու նշել են, որ խորհրդային ակումբը բրազիլացի ֆուտբոլիստների պես խաղացող ունի։ Նիկիտա Սիմոնյանն էլ մասնակցել է այդ ուղեւորությանը, որը երկուսի համար էլ տպավորիչ է ստացվել»։

Անկյունայինից 3 գոլերը

Ֆուտբոլիստի դուստրը նշում է, որ 1960-ականներին Սարգիս Հովիվյանն այնքան ճանաչված ու սիրված ֆուտբոլիստ էր, որ երկրպագուները հենց նրա խաղը դիտելու համար էին գնում ստադիոն։ Հանդիպումներից մեկի ժամանակ ֆուտբոլիստը նրանց տպավորիչ անակնկալ է մատուցել:  

Լուսանկարը` Անձնական արխիվ


1960-ի հուլիսին Երեւանի «Սպարտակ»-ը հանրապետական ստադիոնում ընդունել է Թբիլիսիի «Դինամո»-ին, հենց այդ խաղում Հովիվյանին հաջողվել է մրցակցի դարպասը գրավել անկյունային հարվածից։ Հանդիպումն ավարտվել է երեւանյան ակումբի 5:2 հաշվով հաղթանակով։

Հովիվյանն այն քիչ ֆուտբոլիստներից է, որին հետագայում եւս 2 անգամ էլ է հաջողվել անկյունայինից ուղիղ հարվածով գոլերի հեղինակ դառնալ։ Մյուսը եղել է մեկ տարի անց՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում գրավել է Մինսկի «Դինամո»-ի դարպասը, իսկ երրորդը գրանցել 1964-ին՝ Բեյրութում ընկերական հանդիպման ժամանակ։

Երկրպագուների սիրելին

Խորհրդային տարիներին Հովիվյանն իսկական աստղի կարգավիճակ ուներ, որի համար երկրպագուները պարզապես խելագարվում էին: Այդ մասին է վկայում նրա հետ տեղի ունեցած հետաքրքիր պատմությունը:

1961-ին Հովիվյանը զորակոչվեց բանակ ու տեղափոխվեց Մոսկվայի ԲԿՄԱ, հայ ֆուտբոլասերներն անչափ ցավոտ ընդունեցին այդ փաստն ու ամեն ինչ արեցին, որ նա վերադառնա հայրենիք: Նախ ամեն կերպ փորձեցին խոչընդոտել, որ Երեւանի «Սպարտակ»-ի ու ԲԿՄԱ-ի միջեւ հանդիպումը չկայանա:

«Մոսկովյան ակումբի կազմում Երեւան էր ժամանել նաեւ հայրիկս ու թիմի հետ հանգրվանել «Սեւան» հյուրանոցում։ Ֆուտբոլասերներն իրենց սեփական նախաձեռնությամբ հավաքվել էին հյուրանոցի դիմաց ու բավական մարդաշատ ցույց կազմակերպել՝ «Հետ տվեք մեր Սաքոյին, թողեք հետ գա մեր թիմ» պահանջներով։ Երկար կանգնել են հրապարակում ու սպասել, որ նա դուրս գա պատշգամբ եւ անձամբ հետը խոսեն: Փաստերը համադրելով ու այդ մասին տարբեր տեղեկություններ կարդալով հետո եմ հասկացել, որ փաստորեն դա ԽՍՀՄ-ում կարծես առաջին բողոքի բացարձակ ակցիան է եղել»:

Մինչդեռ լարված իրավիճակ է եղել նաեւ հյուրանոցի ներսում, ԲԿՄԱ-ի մարզիչ Կոնստանտին Բեսկովն այնպես է արել, որ մյուս ֆուտբոլիստները զրույցներով ու խաղերով զբաղեցնեն Հովիվյանին եւ նա չիմանա դրսում կատարվող իրադարձությունների մասին:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Սակայն մի պահ հայտնվել է միջանցքում ու հանդիպել հյուրանոց ներխուժած 2 ցուցարարների հետ, որոնց խնդրանքով Հովիվյանը դուրս է եկել հյուրանոցի կենտրոնական պատշգամբ։ Ներկաները նախ ողջունել են ֆուտբոլիստին, ապա այսպիսի հարց ուղղել նրան. «Դու ուզո՞ւմ ես վերադառնալ ու խաղալ Երեւանում», ինչին դրական է պատասխանել։

«Դա բավական է եղել, որ քայլեն մինչեւ Կենտկոմի շենք ու իրենց բողոքն արտահայտեն այն ժամանակվա առաջին քարտուղար Յակով Զարոբյանին՝ պահանջելով հետ բերել իրենց սիրելի ֆուտբոլիստին։ Այդ տարիների համար արտառոց երեւույթ էր՝ բողոքի յուրահատուկ ցույց ու միաժամանակ նաեւ սիրո դրսեւորում։ Երկրպագուները խառնել են հնարավոր բոլոր մարդկանց՝ իրենց դժգոհությունը հասցրել Անաստաս Միկոյանին, Վազգեն Առաջին կաթողիկոսին, որը ֆուտբոլի մեծ սիրահար էր, նա էլ դիմել է մարշալ Բաղրամյանին եւ հարցը լուծում է ստացել՝ Հովիվյանը տեղափոխվել է Երեւան»։

«Հասիր, Սաքո, մեռնիմ քզի»

Իրենց սերն ու նվիրվածությունը երկրպագուները նույնքան բուռն կերպով արտահայտել են նաեւ 1966-ին, երբ «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արտյոմ Ֆալյանը Հովիվյանին հեռացրեց թիմից։ Երկրպագուները փոխեցին հայտնի «Զարթնիր, լաո» երգի բառերն ու կատարեցին այն «Հասիր, Սաքո, մեռնիմ քզի» կրկներգով:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Ֆուտբոլիստը ստիպված էր կարիերան շարունակել Ռուսաստանում, նրանով մի քանի ակումբներ էին հետաքրքրված, բայց ընտրեց Մոսկվայի «Սպարտակ»-ը։ Թիմի կազմում մասնակցել է «Արարատ»-ի դեմ հանդիպմանն ու գրավել նրա դարպասը։ Հռիփսիմե Հովիվյանի խոսքով՝ այդ գոլը ծանր հարված է եղել հայ երկրպագուների համար, բայց նրանք ըմբռնումով են մոտեցել ու հասկացել ֆուտբոլիստին:

«Նրա մահվան տարելիցի առիթով այդ դրվագն իր հոդվածում հիշել է ու շատ գեղեցիկ անդրադարձել լրագրող Մարտին Հուրիխանյանը։ Նա նկարագրել է, թե ինչպես են Հովիվյանի խփած գոլից հետո բոլորը ստադիոնում ու էկրաններից այն կողմ մի քանի վայրկյան սառել»։

Իսկ հրապարակման մեջ այդ դրվագը Հուրիխանյանն այդպես է նկարագրել. «Մի տարի էլ այնպես եղավ, որ Մոսկվայի «Սպարտակ»-ը ժամանել էր Երեւան ու «Արարատ»-ի դեմ պիտի խաղար մոսկովյան ակումբի գրանցում ստացած Սարգիս Հովիվյանը: Ես, թեպետ մի մատ երեխա, ամեն անգամ սարսափով էի լցվում, երբ պատկերացնում էի, որ գնդակը կհայտնվի նրա մոտ, ու կլինի անխուսափելին: Ամբողջ 60 րոպե ձեռքերը ֆուտբոլային վարտիքի մեջ խրած Հովիվյանը անգործ կանգնած էր խաղադաշտի միջնամասում, մինչեւ որ դավադիր գնդակը տեսավ նրան: Հետեւեց հովիվյանական հանրահայտ պոռթկումը, եւ ցավալիորեն անզոր թպրտաց «Արարատի» ցանցը: Հեռուստաէկրանից այն կողմ քարացել էր մարզադաշտը, հեռուստացույցից այս կողմ քարացել էր հայրս:

Երեւի քար լռության դարեր անցան… Մեկ էլ խենթ հիացքի մեջ հեռուստաէկրանից այն կողմ ստադիոնը ոտքի կանգնեց ու ծափերի որոտի մեջ խեղդեց իր անառակ զավակին, հեռուստացույցից այս կողմ ուշքի եկել, տնով մեկ գոռում էր հայրս. «Սաքո, ջիգյարդ ուտեմ, Սաքո»:

Ֆուտբոլիստը՝ հայտնիների հուշերում

Հովիվյանի խաղով տարված են եղել ու նրա մասին գովասանքի խոսքեր ասել շատ անվանի հայեր։ Սոս Սարգսյանը զրույցներից մեկում նշել է, որ «Հովիվյանի նման տաղանդները 100 տարին մեկ են ծնվում»:

Լուսանկարը` Անձնական արխիվ


«Հայտնի ֆուտբոլասեր Առնո Բաբաջանյանն էլ հայրիկիս համեմատել է շախմատիստ Կարցեւի հետ։ Ասել է. «Ինչպես նվագախմբին, այնպես էլ ամեն թիմի վառ կատարողներ են պետք, եւ Սաքոն նման անհատներից մեկն էր»:

Հովիվյանի խաղի ու տաղանդի մեծ երկրպագու է եղել նաեւ արձակագիր Գուրգեն Խանջյանն ու նրա մասին մի այսպիսի հատված է ընդգրկել իր «Տուր ձեռքդ պստլո» գրքում։

««Անի» հյուրանոցի ետնապատին նայող 5 հարկանի շենքի չորրորդ հարկի պատշգամբում Սարգիս Հովիվյանի 9 համարը կրող կարմիր շապիկն է օդափոխվում պարանին կախ, ինքը`Սաքոն, պատշգամբում մարզանք է անում ծույլ-ծույլ. «Սաքոն Մոսկվայից էկել ա, Սաքոն նորից «Արարատ»-ում ա խաղալու, Սաքոն էս տարի թիմը վիշի լիգա կհասցնի»… Ու Գնունիով` Հանրապետական ստադիոն… Իսկ ստադիոնում ասեղ խրելու տեղ չկա, բոլորը միաբերան վանկարկում են` Սա-քո, Սա-քո...»։

«Հայրիկի կյանքի վերջին օրերն էին, երբ մեր ծանոթներից մեկն ասաց, որ Գուգեն Խանջյանն իր գրքում նրա մասին հիշատակել է ու անպայման ուզում է այն փոխանցել: Պայմանավորվեցինք, ու ես վերցրի գիրքը, շատ կարճ ու զգացմունքային հանդիպում էր։ Պապան արդեն ծանր վիճակում էր, նրա համար այդ հատվածը կարդացի, հուզվեց…»։

Ֆուտբոլից հետո

Հռիփսիմե Հովիվյանը հայրիկի հանդիպումներին երբեք ներկա չի եղել, քանի որ ծնվել է կարիերայի ավարտից հետո։ Միայն մեկ անգամ է նրա մասնակցությամբ վետերանների հանդիպմանը հետեւել ու այդ օրվանից շատ աղոտ հիշողություններ ունի։

Լուսանկարը` Անձնական արխիվ


Ցավով է պատմում, որ կարիերան ավարտելուց հետո ֆուտբոլային գործունեություն քիչ է ծավալել ու հիմնականում հեռու է եղել սպորտից։ Մարզիչ է աշխատել մի քանի ակումբներում, նաեւ մեկ տարի հրավերով մարզել ինդոնեզական մի քանի ակումբներ։

«Ֆուտբոլը միշտ էլ սիրել ու հետեւել է, ցավում էր, որ մեզ մոտ այն կարգին չի զարգանում ու առաջընթաց գրանցում։ Ֆուտբոլի հետ կապված քիչ զբաղվածություն ուներ, վերջին աշխատանքը Հայաստանի պատանեկան հավաքականում էր, որը գլխավորեց 2001-2004 թվականներին։ 1990-ականներին մի խոշոր ծրագիր ուներ, բայց հովանավորներ չգտնելու պատճառով այն այդպես էլ կյանքի կոչել չկարողացավ։ Ցանկանում էր ֆուտբոլի դպրոց բացել, որտեղ ուսուցումը սպեցիֆիկ էր լինելու, ամեն տարիքային խմբի համար հատուկ չափերի մարզադաշտեր էին գործելու։ Բայց երկրի համար ծանր ժամանկներ էին, ու ոչ մեկը չֆինանսավորեց»։

Հովիվյանը ցավում է, որ իր հայրիկի սերնդակից ու ավելի վաղ տարիներին հանդես եկած ֆուտբոլիստներին համարյա չեն հիշում կամ էլ նրանց անդրադառնում են միայն հոբելյանական օրերին։ Մինչդեռ համարում է, որ այդ մարդիկ մեծ ավանդ են ունեցել հայկական ֆուտբոլում ու նպաստել նրա կայացմանը։

«Պատմությունը յուրաքանչյուր ոլորտի զարգացման հիմքն է, նույնն էլ սպորտին է վերաբերվում։ Միշտ էլ լինում են վառ շրջաններ ու կերպարներ, որոնք փայլում են ու իրենց յուրահատուկ տաղանդով երջանկության պահեր պարգեւում հազարավոր մարդկանց: Այդ պահերի մասին հիշելիս դրանց ականատեսների աչքերն այսօր էլ նույն փայլով են լցվում: Նման մարդկանց պատմությունները նաեւ նոր սերունդներին է պետք փոխանցել ու նրանց եւս ոգեշնչել։ Հայրիկին հաճախ էր իր ռադիոհաղորդումներին հրավիրում ու նրան անդրադառնում Վադիմ Ղարիբյանը, ինչպես նաեւ մի կարեւոր նախաձեռնություն էր իրականացրել Դավիթը Մարտիրոսյանը՝ մի լուսավոր կերպար, որը, ցավոք, ողջ չէ»։

Լուսանկարը` Sputnik-Armenia


Նախորդ տարի Դավիթ Մարտիրոսյանի կազմած ծրագրով «Փյունիկ» ակումբում նախատեսվում էր նոյեմբերի 17-ին՝ ֆուտբոլիստի 85-ամյակի առիթով կազմակերպել «Հովիվյանի գավաթ» անվանումով պատանեկան մրցաշար։

Մարտիրոսյանի նախաձեռնությամբ «Ուրարտու»-ում գործող սպորտային թանգարանում բացվել է Սարգիս Հովիվյանին նվիրված անկյուն։ Նա նաեւ նախատեսում էր վերատպել Հովիվյանին նվիրված «Հարձակման կենտրոնում» գիրքը, սակայն այդ գաղափարը չհասցրեց կյանքի կոչել՝ 2024-ի գարնանը ծանր հիվանդությունից հետո մահացավ։

«Դավիթը մրցաշարի ու գրքի մասին մեծ ոգեւորությամբ էր պատմում ու սպասում, ցավոք, դրանք այդպես էլ իրականացնել չստացվեց: Այսօր էլ մրցաշարը կյանքի կոչելը շատ տեղին ու արդարացված է, գուցե, դա մեր ֆուտբոլում վառ անհատականությունների արժեւորման ու գնահատման նոր մշակույթի ձեւավորման սկիզբ դառնա»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին