Սեպտեմբեր 17, 2025
exclusive
146 դիտում

Մկրտչյան. Կարիերաս ավարտելուց հետո մարզիչ եմ աշխատում ու ընտանիքիս հետ ժամանակ անցկացնում


Լուսանկարը` prokerala.com

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ


Օրեր առաջ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Mediamax Sport-ի հետ զրույցում նա պատմել է սպորտից հեռանալու պատճառների, մարզչական աշխատանքի անցնելու ու վերջապես ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու մասին: 

«Կարիերաս ավարտելու հիմնական պատճառը ծնկիս վնասվածքն էր, որը ստացել եմ մարտի 3-ին: Որքան էլ փորձեցի այն բուժել, փոփոխություն չեղավ եւ ոչ մի դրական արդյունքի չհասա: 

Դեռ մեկ ամիս առաջ էի որոշել ավարտել մարզումներս: Օրեր առաջ ծանրամարտի ֆեդերացիան հայտնեց Աշխարհի առաջնությանը մասնակցող ծանրորդների ցանկն ու քանի որ ես չկայի, մարդկանց մոտ հարցեր առաջացան: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը զանգահարեց ու ասաց, որ կարիերան ավարտելու մասին պետք է պաշտոնապես հայտարարել:

Լուսանկարը` prokerala.com


Ելույթներս շարունակելու ցանկությունը մինչեւ հիմա էլ շատ մեծ է, քանի որ սպորտում կարեւոր նպատակներ ունեի, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի մասնակցել, բայց ստիպված էի հեռանալ:

Ծանրամարտն ինձ համար երկրորդ ընտանիք է եղել, ինչ ինձ ճանաչում եմ, այն իմ ճանապարհի մի մասն է կազմել: Ուրախ եմ, որ հիմա էլ իմ ուղին շարունակում եմ այդ մարզաձեւում: Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցում, որտեղ ինքս էլ պարապել եմ, մարզիչ եմ աշխատում եւ արդեն 9 սան ունեմ: Նաեւ Մարալիկում 5 հոգանոց խումբ ունեմ, այնտեղի մարզադպրոցը վերանորոգումից հետո գարնանը կբացվի ու լավ պայմաններ կունենանք, հիմա դեռ սովորական դահլիճում ենք մարզվում: Ինչպես նաեւ Ախուրյանից են ծանրորդներ գալիս Գյումրի, նրանց հետ եւս աշխատում եմ:

Ուզում եմ հիմա էլ մարզչական աշխատանքում կայանալ ու երեխաներին իրենց նպատակներին հասցնել: Իհարկե, նրանց մակարդակը տարբեր է՝ տաղանդավորների կողքին նաեւ ավելի թույլերը կան, որոնք ժամանակի ընթացքում կհասկանան, թե որ առումով են թերանում ու ավելի շատ կաշխատեն ֆիզիկապես ուժեղանալու համար: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծում եմ՝ մեզնից ոչ մեկն էլ ամենասկզբում տաղանդավոր չի եղել, պարզապես աշխատել է ու արդյունքի հասել: Նույնն էլ երեխաների դեպքում է լինելու, հաջողություններն աստիճանաբար են գալիս: 

Հավատում եմ այս սերնդի ներուժին, հուսամ` այն կկարողանա մեր ծանրամարտում եղած ավանդույթները պահել: Ձգտելու եմ սաներիս հասցնել այն տիտղոսներին, որոնք ինքս չեմ ունեցել: Հիմա նպատակներս ու ցանկություններս միայն երեխաների հետ են կապված: 

Հիմա ոչնչի համար չեմ ափսոսում, հետ եմ նայում ու հասկանում, որ լավ կարիերա եմ ունեցել: Հատկապես 3 ելույթ ինձ համար է անմոռանալի եղել՝ 2014-ին պատանեկան Օլիմպիական խաղերում ոսկե մեդալս, 2019-ի Աշխարհի չեմպիոնությունն ու 2024-ին Եվրոպայում տարած երկրորդ հաղթանակը: Նոր քաշային կարգ էի տեղափոխվել, ապաքինվել վնասվածքից ու վերադարձել, դրա համար էլ այն էմոցիոնալ ստացվեց ինձ համար: Շատ բաներ ապացուցելու առումով ԵԱ-ն կարեւոր էր ինձ համար:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Կարիերան ավարտելուց հետո ուրախ եմ միայն մեկ բանի համար՝ այսուհետ ընտանիքիս հետ ավելի երկար ժամանակ կանցկացնեմ, դուստրերս արդեն մեծ են, ավագն այս տարի դպրոց գնաց, իսկ միջնեկը՝ մանկապարտեզ: Նրանց մեծանալու ընթացքը չեմ տեսել, անընդհատ հավաքների կամ մրցումների եմ եղել, գոնե որդուս մեծանալը բաց չեմ թողնի»:  





Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին