Օգոստոս 18, 2022
exclusive
1171 դիտում

Բարսելոնա-92. Ալֆրեդ Տեր-Մկրտչյանի ափսոսանքի մեծ զգացումն ու արծաթե մեդալը


Լուսանկարը` Getty-Images

Լուսանկարը` Sputnik

Լուսանկարը` Getty-Images


1991-ին անկախանալուց հետո Հայաստանն առաջին անգամ առանձին երկրի կարգավիճակով մարզիկներ ուղարկեց 1992-ի Բարսելոնայի Օլիմպիական խաղեր: 5 մասնակցով ներկայացած Հայաստանը 3 ոսկե ու 1 արծաթե մեդալ նվաճեց: Դա մինչ օրս Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գրանցած լավագույն ցուցանիշն է:


Այդ խաղերն իր ամբողջ կյանքի ընթացքում կհիշի հունահռոմեական ոճի ըմբիշ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը, առաջին հերթին ձեռքից բաց թողած ոսկե մեդալի ու ափսոսանքի զգացման համար:

Առաջին խաղերը

Նա իր առաջին խաղերին մասնակցեց նորանկախ երկրի կազմում, ինչն էլ ավելի էր մեծացնում պատասխանատվությունը եւ անհանգստությունը:

«Անկախության տարիներին Հայաստանում պայմանները շատ վատն էին, պարզապես մեզ օգնեց այն հանգամանքը, որ ԽՍՀՄ-ի հավաքականում լավ հիմք էր դրվել ու մեծ ցանկություն ունեինք Օլիմպիական խաղերում հաջող ելույթ ունենալ: Դրա համար դժվարություններն այդքան էլ մեծ ազդեցություն չթողեցին մեզ վրա ու կարողացանք անկախ ամեն ինչից մեդալներով վերադառնալ»:

Հաջողության գրավական Տեր-Մկրտչյանը համարում է նաեւ փորձառու եւ հմուտ մարզիչների հետ աշխատանքը, նրանց թվում առանձնացնում է Բենուր Փաշայանին, Արսեն Կոտիկյանին, Հարություն Խաչատրյանին, Արամ Սարգսյանին ու Հրաչյա Դադոյանին:

Լուսանկարը` Sputnik


«Ամեն մեկն էլ իմ հաջողություններում մեծ ներդրում է ունեցել, օգնել խորհուրդներով ու հետեւողական աշխատանքով: Բարսելոնայի խաղերին հիմնականում ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում ենք պատրաստվել, առաջին անգամն էր, որ անկախ Հայաստանն իր թիմով պետք է հանդես գար:

Հավաքականում պետք է ընդգրկված լինեին նաեւ Աղասի Մանուկյանը եւ Արմեն Բաբալարյանը, սակայն տարբեր հանգամանքների բերումով, ցավոք, չստացվեց: Հայաստանի հավաքականը որոշեց հանդես չգալ ԱՊՀ-ի վերջին առաջնությունում, այնտեղ ուժերը չափեցինք միայն ես ու Մնացական Իսկանդարյանը»:

Ափսոսանքի խորը զգացումը

Անհավանականը տեղի ունեցավ Բարսելոնայում, այդ խաղերը Հայաստանի Օլիմպիական պատմության մեջ արդյունավետությամբ հավասարը չունեն մինչ օրս: Մասնակից 5 մարզիկներից 3-ը նվաճեցին ոսկե մեդալ, իսկ միակ արծաթը Տեր-Մկրտչյանինն է: Թեեւ նրա անունն ընդմիշտ գրված է Օլիմպիական մեդալակիրների թվում, բայց չի կարողանում համակերպվել բաց թողնված շանսի համար:

«Չտեսնված ու չգերազանցված արդյունք գրանցեցինք Բարսելոնայում, 4 մեդալներն էլ կարող էին ոսկի լինել, բայց չստացվեց հենց իմ սխալի պատճառով: Շատերն ասում են, որ մրցավարներն են մեղավոր, միավորը սխալ չտվեցին, բայց ամեն ինչ իմ ձեռքերում էր, պարտավոր էի հնարքներ կատարել ու ավելացնել միավորներիս քանակը: Համարում էի, որ վաստակածն էլ բավական է հաղթանակի հասնելու համար ու պատժվեցի իմ վստահության պատճառով: Միակ պատճառը դա է, որ ես էլ թիմակիցներիս պես Օլիմպիական չեմպիոն չդարձա»:

Մրցավարներն իրենց դերակատարումն են ունեցել այդ իրավիճակում, ու ոսկե մեդալը 2:1 հաշվով նվաճել է նորվեգացի Ջոն Ռոնինգենը: Այդ դասը հայ ըմբիշը ողջ կյանքում հիշեց՝ երբեք ժամանակից շուտ իրեն հաղթանակ չվերագրել:

Լուսանկարը` Getty-Images


«Մինչեւ հիմա չեմ կարողացել մոռանալ այդ մասին, թեեւ արդեն 30 տարի է անցել, ամեն անգամ վերհիշում եմ մրցաշարի ողջ ընթացքն ու նորից ափսոսում: Ուրախ պահերին էլ այդ դրվագը մտքիս մեջ է, մինչեւ կյանքիս վերջ ուղեկցելու է ինձ: Չեմ կարողանում ինձ ներել, բայց պետք է շարունակել ապրել, եղածն արդեն անցյալում է: Այդ պարտությունից հետո ասես ողջ վստահությունը ձեռքիցս գնաց, ինչ-որ բան պակասեց իմ մեջ, մինչեւ այդ եզրափակիչը չէի էլ կարող պատկերացնել, որ նման ապրումներ կունենամ»:

Մեծ փորձը

Բարսելոնայի խաղերին Տեր-Մկրտչյանը մասնակցել է 21 տարեկանում ու խոստովանում է, որ շատ բան մինչեւ վերջ չէր էլ գիտակցվում, չէր հասկանում, թե որքան կարեւոր մրցումների է մասնակցում, որոնք երբեմն միայն մեկ անգամ են մարզիկների կյանքում պատահում:

Գորգ դուրս գալիս նրա մտքում միշտ եղել է ոչ թե հաղթանակի հասնելը կամ պարտությունից խուսափելը, այլ որքան հնարավոր է անկաշկանդ ելույթ ունենալն ու հնարքների ողջ զինանոցը ցուցադրելը:

«Պարզապես հաղթանակը քո կատարածդ աշխատանքի ու երկարատեւ չարչարանքների գնահատականն է: Մեր լավագույն մարզիչներից Արամ Սարգսյանը միշտ ասում էր, որ երբեք չկարեւորենք մրցումները, բոլորին էլ համարյա թե նույն մրցակիցներն են մասնակցում, իսկ եթե առանձնահատուկ ես վերաբերվում որեւէ մրցաշարի, այլ կերպ ես տրամադրվում ու դա խանգարում է: Հենց այդ միտքն էլ հետագայում փորձել եմ փոխանցել իմ սաներին»:


Չկատարված խոստումները

Տեր-Մկրտչյանը հիշում է, որ Բարսելոնայից վերադառնալուց հետո իրենց դիմավորել են Երեւանում, ապա երկրի նախագահի հետ հանդիպում են ունեցել, իսկ դրանից հետո բոլորն էլ ասեք մոռացել են իրենց: Մարդիկ, որոնք խոստումներ են տվել, այդպես էլ չեն կատարել: Ամեն ինչ վերագրվել է նորանկախ երկրի դժվարություններին, բայց մարզիկների կյանքում այդ նվաճումները եզակի էին ու պատմական:

«Հայաստանում վատ տարիներ սկսվեցին, բայց ես արդեն այդտեղ չէի, ծնողներս վաղուց ԱՄՆ էին մեկնել, ես էլ միացա նրանց, բայց այնտեղ չհաստատվեցի: Օլիմպիական խաղերի եզրափակչում զիջելուց հետո շատ դժվար էր, չէի ցանկանում մնալ սպորտում, 9 ամիս չմարզվեցի, կարիերաս ավարտած էի համարում: Բայց ինձ հրավիրեցին Գերմանիայի ակումբային առաջնության եզրափակչին մասնակցելու, այնտեղ նորից սկսեցի մարզվել, առաջարկ եղավ ներկայացնել Գերմանիան, ես էլ չհրաժարվեցի»:

Տեր-Մկրտչյանը մասնակցել է նաեւ Ատլանտայի ու Սիդնեյի Օլիմպիական խաղերին, ինչից հետո էլ ավարտել է կարիերան: Օլիմպիական միակ մեդալն այդպես էլ մնում է Բարսելոնայինը:

Որպես մարզիկ ամբողջ կյանքում կհիշի Բարսելոնայի խաղերը թե որպես այնտեղ նվաճած մեդալով ու թե ափսոսանքի զգացումով: Բայց մի բանում համոզված է հաստատ, որ երբեք չի վախեցել պայքարից, տվել է ողջ ուժերն ու ամեն ինչ արել իր մեդալներին արժանանալու համար: Հասկանում է, որ էլ ոչինչ հետ բերել հնարավոր չէ ու սովորել է արժեւորել ու գնահատել իր Օլիմպիական արծաթը:

Այժմ նա բնակվում է Շվեյցարիայում ու տեղի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչն է:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին