exclusive
3408 դիտում

Բարսելոնա-92. Չհանձնվող Մնացական Իսկանդարյանի ոսկին


Լուսանկարը` RIA

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից

Լուսանկարը` Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` RIA


Ուղիղ 30 տարի առաջ Հայաստանը որպես անկախ երկիր առաջին անգամ մասնակցեց Բարսելոնայի Օլիմպիական խաղերին ու միանգամից 4 մեդալ նվաճեց:

Այդ հաջողության հոբելյանական տարում Mediamax Sport-ը շարունակում է ներկայացնել տպավորիչ հաղթանակները կերտած մարզիկներին: Այսօր իր հույզերով ու հիշողություններով կիսվելու է Աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի ու 1992-ի Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մնացական Իսկանդարյանը:



Կամային մարզիկը

Մնացական Իսկանդարյանն անցումային ժամանակների մարզիկներից է, նա կարիերան սկսել ու հաջողությունների է հասել Խորհրդային Միությունում, ապա ներկայացրել անկախ Հայաստանը: Սեփական մաշկի վրա է զգացել անկախության բերած ուրախություններն ու չափից շատ դժվարությունները:

Այն տարիներին Հայաստանում դժվար էր գտնել մարզվելու համար քիչ թե շատ պիտանի դահլիճ: Իր հարազատ Գյումրիում առավել եւս ծանր էր՝ երկրաշարժից շատ քիչ ժամանակ էր անցել ու ամեն ինչ հիշեցնում էր կորուստների մասին: Ամեն բան կիսաքանդ էր, ամենուր ավերածություններ, իսկ մարդիկ՝ բավական հուսահատ:

«Շատ ծանր էր՝ սով էր, լույս չկար, անգամ նորմալ դահլիճներ չունեինք: Առավոտյան շուտ մարզվում էի, ապա շտապում ընկերներիս ու բարեկամներիս օգնելու: Բայց շարունակում էինք պարապել: Գիտեի, որ դա է իմ առաքելությունն այս կյանքում, ես մարզիկ եմ ու ամեն գնով պարտավոր եմ երազանքներս կյանքի կոչել: Իմ սերնդի մարզիկներով մեր նպատակներին հասնելու համար ոչնչի առաջ կանգ չէինք առնում: Հանձնվել չէինք կարող, հաղթանակները չափազանց կարեւոր ու պետք էին մեր ժողովրդին»:

Լուսանկարը` RIA


Իսկանդարյանը սպորտում առաջնորդվել է «Ուժեղ եղիր, թույլերի բախտը չի բերում» կարգախոսով, ու այն իսկապես օգնել է նրան: Վստահել է սեփական ուժերին ու իմացել, որ տքնաջան եւ համառ աշխատանքի արդյունքում են լինում նվաճումները:

«Ես էլ շատ մարզիկների պես վնասվածքներ եմ ունեցել՝ ձեռքս է կոտրել, մատները ջարդվել, մկանները պատռվել, բայց հաղթում էի բնավորության շնորհիվ: Հանձնվելը մեզ համար չէր, լրիվ այլ նվիրումով ու ձգտումով էինք պարապում: Մեր առաջատար Ալեքսանդր Կարելինի ոսկե խոսքերն եմ միշտ հիշում, նա ասում էր՝ մեր հիմնական աշխատանքը սկսվում է այն ժամանակ, երբ ավարտվում է հիմնական մարզումը: Սովորաբար մարզումից հետո շատ ավելի երկար էինք պարապում: 1 ժամ 20 րոպե թիմով աշխատելուց հետո դեռ 2 ժամ մնում էինք դահլիճում ու շարունակում մեր գործը: Այդպես են լավագույնը դառնում, հեշտ ճանապարհ մանավանդ սպորտում չկա»:

Ու, իսկապես, չնայած անտանելի ծանր պայմաններին այն սերնդի մարզիկներից շատերն են ամենախոշոր մրցումներում մեդալներ նվաճել, իսկ դրա անգերազանցելի օրինակը Բարսելոնայի քառյակն է իր 3 ոսկե ու 1 արծաթե մեդալով:

Անմոռանալի խաղերը

Հայաստանը մեկ տարուց էլ քիչ ժամանակ էր անկախ պետություն, երբ առանձին երկրի կարգավիճակով սեփական մարզական պատվիրակությունն ուղարկեց Բարսելոնայի Օլիմպիական խաղերին: Թիմի կազմը մեծաքանակ չստացվեց՝ ընդամենը 5 մարզիկ, սակայն նրանց հետ աշխարհի ծայրն էլ կարելի էր գնալ ու ցանկացած մրցաշարի մասնակցել: «Երազանքի թիմ» սովորաբար հենց նման կազմի մասին են ասում:



«Երբեք չեմ մոռանա անկախ Հայաստանի համար նվաճած առաջին մեդալս: Իմ կյանքի ամենաերջանիկ վայրկյաններն են, ամեն ինչն էր աննկարագրելի: Մեր թիմը շատ-շատ ուժեղ ու ամուր էր, ափսոս ընկերս՝ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը, վայրկյանների ընթացքում ձեռքից բաց թողեց ոսկին, նա էլ պետք է չեմպիոն դառնար: Բարսելոնայում երեւի ժամը 5-ին հաղթեցի, մինչ Օլիմպիական գյուղ հասնելն իմացա, որ Իսրայել Միլիտոսյանն էլ է ոսկի նվաճել, փաստորեն մեր թիմի առաջին չեմպիոնը հենց նա էր դարձել: Ավելի ուշ էլ անգերազանցելի դարձավ Հրաչյա Պետիկյանը: 3 ոսկե մեդալ ունեցանք, էլ ինչի մասին կարող էինք երազել»:

Օլիմպիական Բարսելոնայից վերադարձած մարզիկներին ժողովուրդը մեծ ոգեւորությամբ է դիմավորել, բայց Երեւանի ընդունելությունը չէր կարող համեմատվել Գյումրիի հետ: Թեեւ քաղաքը վշտի մեջ էր գտնվում, բայց կարողացել էր իսկական տոնական տրամադրություն ստեղծել ու արժանի կերպով դիմավորել իր չեմպիոններին:  

«Թեեւ ԽՍՀՄ-ի կազմում հանդես գալու ընթացքում էլ սովորաբար նշվում էր, որ երկրից ենք, բայց անկախանալուց հետո առաջին հերթին Հայաստանն էինք ներկայացնում: Դա մեծ նշանակություն ուներ մարզիկների համար, այդ ժամանակ մեր երկրի մասին իսկապես ոչ ոք չգիտեր»:

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից


Նվիրական հաղթանակը

Մնացական Իսկանդարյանն էլ Օլիմպիական խաղերում հաղթած յուրաքանչյուր մարզիկի պես ամբողջ կյանքում փայփայում է իր չեմպիոնական հույզերն ու հիշողությունները: Այդ մեդալն իր առանձնահատուկ ու կարեւոր տեղն ունի մնացած ձեռքբերումների կողքին: Հիմա՝ տարիներ անց նորովի է զգում ու հասկանում իր հաջողության մեծությունն ու եզակիությունը:

«Վերջերս մի կատալոնացի լրագրող, որն ապրում է Մոսկվայում ու աշխատում որպես խմբագիր, գտավ ինձ: Ցանկանում է գիրք գրել ու պատմել նաեւ մեր թիմի ֆենոմենալ ելույթի մասին: Բոլորից ուժեղ էինք, դրա համար էլ այդքան լավ մասնակցեցինք Բարսելոնայում: Շատ երկրներ կային, ընդ որում՝ նաեւ գերտերություններ, որ 1 ոսկե մեդալ էլ նվաճել չկարողացան: Ինչի շնորհիվ մեզ դա հաջողվե՞ց, իհարկե, չհանձնվելու ու մեր ուժերին հավատալու»:

Իսկանդարյանը վայելել է կարիերայի բոլոր յուրահատուկ պահերը, առանձնահատուկ զգացել հավաքականի մի մասը լինելու կարեւորությունը, ուրախացել ու տխրել բոլորի հետ, սովորել մյուսներից, ձգտել ավելիին ու պայքարել անդադար:

Լուսանկարը` Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիա


«Որքան էլ շատերի համար կարող է տարօրինակ թվալ, բայց պաշտում էի մարզումային պրոցեսը, դուր էր գալիս երեւակայությանը մեծ տեղ տալ, հնարքների մեծ զինանոց ունեի, որոնք հետո ոչ ես էի կրկնում, ոչ էլ՝ մյուսները: Ստեղծագործ ըմբիշ էի, իսկ դրանում ինձ մեծ երեւակայությունն էր օգնում: Յուրաքանչյուր դիրքից հնարք էի անում, անհնարին ոչինչ չկար ինձ համար»:

Հիմա Իսկանդարյանը բնակվում է Ռուսաստանում ու աշխատում այդ երկրի մարզիկների հետ: Հայաստանում վերջին անգամ 2021 թվականի աշնանն է եղել, այցելել իր հարազատ քաղաք ու հանդիպել մարզական հին ընկերներին, որոնց հետ երկար ճանապարհ են անցել ու նվաճումների հասել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին