Դեկտեմբեր 23, 2024
exclusive
37222 դիտում

Ռոբերտ Էմմիյանի Եվրոպայի ռեկորդը. ինչպես դա եղավ


Ռոբերտ Էմմիյանը
Ռոբերտ Էմմիյանը
Իգոր Տեր-Հովհաննիսյանը եւ Ռոբերտ Էմմիյանը Արցախում 2018 թվականին
Իգոր Տեր-Հովհաննիսյանը եւ Ռոբերտ Էմմիյանը Արցախում 2018 թվականին

Լուսանկարը` Արցախպրես

Ռոբերտ Էմմիյանը՝ Բարի կամքի խաղերում
Ռոբերտ Էմմիյանը՝ Բարի կամքի խաղերում

Լուսանկարը` ՏԱՍՍ

Ռոբերտ Էմմիյանը
Ռոբերտ Էմմիյանը

Լուսանկարը` Աշոտ Լեւոնյանի


Ռոբերտ Էմմիյանի 8,86 մ ցատկը, որը նա կատարեց 1987 թվականի մայիսի 22-ին  Ծաղկաձորում Աթլետիկայի համամիութենական մրցումներում՝ սահմանելով Եվրոպայի ռեկորդ, մինչ օրս չի գերազանցվել:

Սա աշխարհում երրորդ արդյունքն է՝ ամերիկացիներ Ռոբերտ (Բոբ) Բիմոնի 8,90 մ (1968թ.) եւ Մայք Փաուելի` 8,95 մ (1991թ.) ցատկերից հետո:

Միգուցե 22-ամյա Էմմիյանին հաջողվեր գերազանցել իր հայտնի անվանակցի ռեկորդը, եթե նա մարզումների ժամանակ չցատկեր 8 մետրից ավելի:

«Այ տղա, ի՞նչխ կենես»,- Լենինականի բարբառով բղավեց Ռոբերտի անփոխարինելի մարզիչ Մկրտիչ Կարապետյանը:

Բանն այն է, որ մարզումների ընթացքում մարզիկը պետք է միայն տաքացնի մկանները՝ ցատկելով կես ուժով:

«Ես շատ էի ուզում գոհացնել հայրենակիցներիս՝ առաջին անգամ Հայրենիքում
ելույթ ունենալով նման կարեւոր մրցաշարում: Հետեւաբար` անմիջապես անցա պայքարի»,- ավելի ուշ ժպտալով կասի Ռոբերտը:

Հանդիսատեսն ու մասնագետները եկել էին Ծաղկաձոր՝ ԽՍՀՄ գլխավոր Օլիմպիական բազայի աթլետիկայի հրապարակ: Ռոբերտ Էմմիյանը հանդես էր գալիս 3-րդ համարով: Մարզադաշտը պահել էր շունչը:

Սրընթաց վազքաթափ, հզոր հրում, եւ մարզիկը, կարծես, սառչում է օդում... Բոլորի համար պարզ է դառնում՝ նրանք բացառիկ ցատկի ականատես դարձան: Ռոբերտը զուսպ ժպտում է ՝ դեռեւս չհասկանալով, որ դարձել է պատմական ցատկի հեղինակ:
Մարզիչ Մկրտիչ Կարապետյանն արտաքուստ հանգիստ է, բայց կարելի է կռահել, թե ինչ գնով է նրան հաջողվում պահպանել զսպվածությունը: Մրցավարներն էլ չեն թաքցնում իրենց հուզմունքը եւ, գիտակցելով պահի ողջ պատասխանատվությունը, առանձնահատուկ ճշգրտությամբ մի քանի անգամ չափումներ են կատարում:

Ժամանակը սողում է շատ դանդաղ, եւ մրցավարը վերջապես հայտարարում է ցնցող արդյունքի մասին՝ 8 մ 86 սմ:



Ռոբերտն արժանանում է երկրպագուների ծափերին, բայց վերադառնում է սեկտոր՝ մրցումները դեռ չեն ավարտվել, առջեւում եւս հինգ փորձ կա:

Երկրորդ փորձը չեն հաշվում՝ խախտում կա, երրորդը եւ վեցերորդը կրկին հաջող են՝ 8 մ 61 սմ եւ 8 մ 53 սմ:

Ռոբերտ Էմմիյանը Ռոբերտ Էմմիյանը

Լուսանկարը` Աշոտ Լեւոնյանի


Ելույթից անմիջապես հետո Ռոբերտը եւ ես նստեցինք նստարանին: Ինձանից եւ Հայկական հեռուստատեսության մարզական մեկնաբան Համլետ Ղուշչյանից բացի Ծաղկաձորում այլ լրագրողներ չկային:

Շնորհավորանքներիս Էմմիյանը պատասխանեց.

«Շնորհակալություն: Առաջին անգամն էր, որ ինձ հաջողվեց այդքան հաջող հանդես գալ Հայաստանում՝ հայրենակիցներիս առջեւ: Ուրախ եմ եւ՛ ինձ, եւ՛ նրանց համար՝ չէ՞ որ նրանք իմ հաջողության ականատեսը դարձան:

Եթե մրցաշարն անցկացվեր իմ հարազատ Լենինականում, Բիմոնի ռեկորդը հաստատ չէր դիմանա, - կատակեց Ռոբերտը: - Բայց եթե անկեղծ, այսօր այդպիսի նպատակ չէի դրել՝ կարծում եմ, որ ինձ համար դեռ վաղ է մտածել նրան գերազանցելու մասին, բայց փորձել անպայման պետք է»:
Ռոբերտ Էմմիյանը՝ Բարի կամքի խաղերում Ռոբերտ Էմմիյանը՝ Բարի կամքի խաղերում

Լուսանկարը` ՏԱՍՍ


«Ես գիտեի, որ Ռոբերտը հեռու է ցատկելու,- ասաց մարզիչ Մկրտիչ Կարապետյանը, - եւ հույս ունեի, որ նա կթարմացնի Բարի կամքի խաղերում գրանցած Եվրոպայի իր իսկ ռեկորդը (8 մ 61 սմ):



Մրցելույթից առաջ ամեն կերպ փորձում էի հանգստացնել ու զսպել նրա եռանդը, որ ժամանակից շուտ «չհանգչի»: Կարծում եմ, որ Բիմոնի ռեկորդը հազիվ թե դիմանար, եթե Էմմիյանն իր առաջին մարզումների եռանդը պահեր մեկնարկի համար»:

Արդեն Երեւանից զանգահարեցի Մոսկվա եւ խնդրեցի ԽՍՀՄ աթլետիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզչին, Եվրոպայի 8-ակի ռեկորդակիր, 1960 եւ 1964 թվականների Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ եւ վաստակավոր մարզիչ Իգոր Տեր-Հովհաննիսյանին հայտնել իր կարծիքը:
Իգոր Տեր-Հովհաննիսյանը եւ Ռոբերտ Էմմիյանը Արցախում 2018 թվականին Իգոր Տեր-Հովհաննիսյանը եւ Ռոբերտ Էմմիյանը Արցախում 2018 թվականին

Լուսանկարը` Արցախպրես


«Էմմիյանի ցատկն ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Անկեղծ ասած, ցնցված եմ ու ապշած: Կարծում եմ, այս արդյունքը սպորտային աշխարհում ամենաակնառու իրադարձությունն է վերջին տասը տարվա ընթացքում: Ես հպարտ եմ իմ հայրենակցով, ուրախ, որ դա հաջողվեց հենց նրան»,-ասաց նա:

Աշոտ Լեւոնյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին