Դեկտեմբեր 28, 2024
exclusive
30952 դիտում

Նոել Միքայելյանի պրոֆեսիոնալ դառնալու ուղին ու ԱՄՆ տեղափոխությունը


Լուսանկարը` Նոել Միքայելյանի Ինստագրամի էջից

Լուսանկարը` Նոել Միքայելյանի Ինստագրամի էջից

Լուսանկարը` Նոել Միքայելյանի Ինստագրամի էջից

Լուսանկարը` Նոել Միքայելյանի Ինստագրամի էջից

Լուսանկարը` Նոել Միքայելյանի Ինստագրամի էջից

Լուսանկարը` Նոել Միքայելյանի Ինստագրամի էջից

Լուսանկարը` Նոել Միքայելյանի Ինստագրամի էջից


WBO երիտասարդական ու WBO International վարկածներով Աշխարհի նախկին չեմպիոն Նոել Միքայելյանը մեծ նվաճումների է ցանկանում հասնել:

Հայաստանում ծնված, Գերմանիայում մեծացած ու հիմա ԱՄՆ-ում բնակություն հաստատած մարզիկը Mediamax Sport-ին պատմել է իր անցած ուղու, դժվարությունների ու սպորտում անելիքների մասին:


Միքայելյանն իր կյանքն առանց բռնցքամարտի չի պատկերացնում: Նա միշտ սիրել է մենապայքարային մարզաձեւերն ու մի օր որոշել է ինքն էլ զբաղվել սպորտով:

Երբ նոր ես սկսում առաջին քայլերդ կատարել, սպորտը ձեւավորում է բնավորությունդ ու օգնում կայանալ: Պարզապես պետք է պատրաստ լինել սովորել, համբերատար մնալ, կարգապահ ու համեստ:

Պրոֆեսիոնալ ռինգում բռնցքամարտիկը 26 մենամարտ է անցկացրել, որոնցից 24-ում առավելության է հասել մրցակիցների նկատմամբ: Նա ոգեւորվել է հաղթանակներից ու դասեր քաղել պարտություններից:

Համարյա բոլոր մենամարտերում ուժեղ եմ եղել մրցակիցներից: Ամենադժվարն ինձ համար այն էր, որ թիմս եւ մենեջմենթս հոգ չտարան իմ մասին ու փաստորեն վաճառեցին 2 կարեւոր հաղթանակներս:

Հասկացել եմ, որ շատ կարեւոր է քեզ շրջապատել մարդկանցով, որոնք նույն նպատակներն ու հետաքրքրություններն ունեն: Իհարկե, նաեւ մարզումների ժամանակ պետք է պատրաստ լինել շատ բան զոհաբերել, բայց հենց դա էլ կազմում է խաղի բաղկացուցիչ մասը:

Լուսանկարը` Նոել Միքայելյանի Ինստագրամի էջից


Պրոֆեսիոնալ դառնալու ուղին այդքան էլ հեշտ չի եղել, բայց Միքայելյանին դա չի խանգարել կայանալ: Նա պարբերաբար մոտիվացրել է իրեն եւ հիշեցրել, որ հայ տղամարդ է, ոչինչ չի կարող իրեն խանգարել լավագույնը դառնալ: Նա արդեն մի քանի նվաճումների է հասել, սակայն դրանցով սահմանափակվել չի պատրաստվում:

Երիտասարդների Աշխարհի չեմպիոն եմ եղել, ինչպես նաեւ նվաճել International WBO գոտին: Ըստ էության World Boxing Series-ին մասնակցելու ընթացքում հաղթել եմ նաեւ WBC Diamond Belt-ը, բայց այդ գոտին շատ դաժան կերպով գողացել են ինձնից: Բոլորն էլ տեսել են ինչպես եմ ելույթ ունեցել:

Չեմ ուզում խոսել Sauerland-ի հետ իմ համագործակցության մասին, քանի որ հենց նրանց պատճառով են եղել պարտությունները: Անհրաժեշտ պահին թիմը չի աջակցել ինձ: Հակառակ դեպքում գործող չեմպիոնը հենց ես կլինեի: Երկու անգամ այդ փրոմոութերական ընկերության հետ պայմանագիրս խզել եմ: Առաջին անգամից հետո խոստացել էին, որ հետագայում ավելիին կհասնեմ, բայց հակառակն է տեղի ունեցել: Դրա համար էլ հեռացել եմ ԱՄՆ: Չնայած այդ ամենին`լավատեսորեն եմ նայում ապագային ու գիտեմ, որ ամեն ինչ դեռ առջեւում է:

Լուսանկարը` Նոել Միքայելյանի Ինստագրամի էջից


Բռնցքամարտիկը նախկինում ապրել ու մարզվել է Գերմանիայում, սակայն տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ նոր մարզչի գլխավորությամբ պատրաստվում է առաջիկա մենամարտերին:

Միշտ առանձնակի հարգանք եմ տածել ԱՄՆ-ի մարզիկների ու, հատկապես, բռնցքամարտիկների նկատմամբ: Բացի այդ էլ սիրում եմ Մայամիի եղանակը, արեւի ու վիտամին D-ի կարիք ունեմ: Այստեղ բոլորն էլ շատ ակտիվ մարզվում են, անգամ տատիկներն են բռնցքամարտով զբաղվում կամ ֆիթնես ակումբ գնում, որպեսզի առողջ մնան: Այդ մտածելակերն ինձ դուր է գալիս:

Հիմա պարապում եմ կուբացի Պեդրո Դիասի գլխավորությամբ, նա մարզել է Ֆելիքս Սավոնին ու շատ այլ կուբացի չեմպիոնների: Նա է եղել նաեւ Միգել Կոտտոյի մարզիչը, երբ նա մենամարտում էր Ֆլոյդ Մեյվեդերի հետ: Մենեջերս էլ Մայամիից է, դրա համար ինքս էլ որոշեցի տեղափոխվել այստեղ: Երկար ժամանակ էլ Լոս Անջելեսում եմ մնացել, այն եւս շատ եմ հավանել:

Լուսանկարը` Նոել Միքայելյանի Ինստագրամի էջից


Նախկինում բռնցքամարտիկը հանդես էր գալիս Նոել Գեւոր անունով, սակայն հետագայում նախընտրել է իր հայկական ազգանունը: Այդ առիթով նա այս բացատրությունն ունի:

Գեւոր ազգանունով էի հանդես գալիս, քանի որ խորթ հայրս ու մարզիչս՝ Խորեն Գեւորն էր այդպես խորհուրդ տվել: Երիտասարդ ու միամիտ էի, դրա համար էլ այդ անունն էի ընտրել: Իսկ հիմա ուզում եմ իմ իսկական ազգանունով հանդես գալ: Խորեն Գեւորի հետ լավ ենք աշխատել, բայց եկավ մի պահ, երբ ես պետք է առաջ շարժվեի: Հիմա էլ շարունակում եմ շնորհավորել նրա ծննդյան օրերը:

Միքայելյանը ծանր քաշային կարգի առաջին համարն է: Նրա թիմը փորձում է ԱՄՆ-ում կազմակերպել WBC գոտու համար մենամարտ: Հստակություն կլինի կորոնավիրուսը հաղթահարելուց հետո, երբ ամեն ինչ կվերադառնա բնականոն կյանքին:

Նպատակս է դեռ մենամարտել այս քաշային կարգում, իսկ հետո հնարավոր է անցնեմ սուպեր ծանր քաշային կարգ:

Լուսանկարը` Նոել Միքայելյանի Ինստագրամի էջից


Հայաստանի մասին էլ բռնցքամարտիկը չի մոռանում, թեեւ վերջին անգամ մայրիկի հետ հայրենիքում եղել է 2013 թվականին: Խոստովանում է, որ շատ է սիրում մեր լեզուն, մշակույթը, խոհանոցն ու հայկական կոնյակը:

Բնությունն այնքան հիասքանչ է, ամեն ինչ`պատմական ու մարդկային: Անհամբեր սպասում եմ, թե երբ նորից կվերադառնամ:

Միքայելյանը շատ է սիրում ճանապարհորդել, տարբեր երկրների խոհանոցը փորձել, ծանոթանալ նոր մարդկանց ու մշակույթների հետ:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին